09.20.2018
USD-483.62   EUR-565.59   RUB-7.22  

«Մի սիրո պատմություն»

«Մի սիրո պատմություն»

Վերջերս հանրապետության վետերանների միությունում տեղի ունեցավ երկրորդ աշխարհամարտի ակտիվ մասնակից, մարտական ծառայությունների համար մի քանի շքանշանների եւ մեդալների արժանացած Արտավազդ Մաթեւոսյանի «Մի սիրո պատմություն» գրքի շնորհանդեսը:


Վեպն իրական հենքի վրա հյուսված մի պատմություն է, որն ընթերցվում է հետաքրքրությամբ:
Գրքում նկարագրված գործողությունների մի մասը տեղի է ունենում Հայրենական մեծ պատերազմի
տարիներին: Միջոցառումը կազմակերպվել էր պոեզիայի եւ արձակի մեծ սիրահար, ՀՀ վետերանների միության նախագահ Սիմոն Եսայանի անմիջական նախաձեռնությամբ եւ նվիրված էր հոբելյարի մեծարմանը, ում 90-ամյակը նոր էր լրացել: Հոբելյանի առթիվ հուշանվերով հոբելյարին էին այցելել ՀՀ ազգային ժողովի պատգամավորների խումբը` խորհրդարանի նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանի ղեկավարությամբ, Շենգավիթի համայնքապետ Արմեն Սարգսյանը, տեղական վետերանական կազմակերպության խորհրդի նախագահ Յուրի Ղազարյանը:


Իսկ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր վերաբերմունքն արտահայտեց նրանով,
որ Արտավազդ Մաթեւոսյանին հրավիրեց պաշտպանության նախարարություն, շնորհավորեց հոբելյանի առթիվ, նրան նվիրեց Հայաստանի զինված ուժերի մասին իր հեղինակած գիրքը եւ դրամական պարգեւ:


«Մի սիրո պատմություն» գրքի հեղինակը նկարագրում է ֆաշիստների դեմ մղած ծանր
մարտերը, «լեզու» բռնելը, պատմում երեք խփված տանկի, Խորհրդային Միության տարբեր ազգության զինվորների բարեկամության մասին, ովքեր միասին իրենց ուսերին տարան պատերազմի դժվարությունները եւ չարչարանքները: Գրում է այն մասին, թե ինչպես էին սնվում մի կաթսայից, խրամատում կիսում մի պատառ հացը:


Հետաքրքրական ու հարուստ է 90-ամյա վետերանի կյանքը: Նա ծնվել է բարձրադիր
Քաջարան գյուղում: 304-րդ Ժիտոմիրյան հրաձգային դիվիզիայի 560-րդ հրետանային գնդի կազմում մարտական երկար ուղի է անցել: Ազատագրել է Կուբանի Սլավյանսկը, Թամանը, Տեմրյուկը, քաղաքներ` Ուկրաինայում եւ Լեհաստանում, նվաճել Բեռլինը: Հատկապես հպարտանում է «Խիզախության համար» երկու մարտական մեդալով, որոնցից մեկը Հայրենական մեծ պատերազմի երկրորդ աստիճանի շքանշանի հետ պատերազմի ավարտից 37 տարի անց նրան հանձնել է Խորհրդային Միության հերոս, գեներալ-մայոր Աշոտ Ղազարյանը:

Զորացրվելով 1953 թվականին, Արտավազդ Մաթեւոսյանն ընդունվեց Մոսկվայի էկոնոմիկայի
ինստիտուտը: Երեք տարի ուսանելուց հետո ընտանեկան հանգամանքներից ելնելով` տեղափոխվեց
Երեւանի պետհամալսարան, որը հաջողությամբ ավարտեց 1958 թվականին: Մի քանի տասնամյակ
աշխատանքային կենսագրություն է հյուսել ժողովրդական տնտեսության տարբեր բնագավառներում:


Անկեղծությամբ եւ ջերմությամբ հոբելյարի եւ նրա գրքի մասին խոսեցին պատերազմի
եւ աշխատանքի վետերանները եւ անմոռաց հանդիպման պատվավոր հյուրերը:

Դրվատանքի խոսքեր են ասել գրքի խմբագիր Ռոբերտ Թադեւոսյանը, տեխնիկական գիտությունների
թեկնածու, ճարտարագետ-կիբեռնետիկ Գեւորգ Թափլաղալցյանը, «Մշակույթ» հիմնադրամի անդամ
Ժաննա Շաքարյանը, աշխատանքի վետերան, մոտ քառորդ դար «Քաջարանշին» տրեստի գլխավոր ինժեներ աշխատած Սեդրակ Ղազարյանը եւ ուրիշներ: Ամփոփելով հոբելյարի մեծարումը եւ գրքի քննարկումը` վետերանների միության նախագահ Սիմոն Եսայանն Արտավազդ Մաթեւոսյանին հանձնեց պատվոգիր եւ դրամական պարգեւ: Միջոցառման ավարտին Արտավազդ Մաթեւոսյանը երախտագիտություն հայտնեց ջերմ խոսքերի եւ անկեղծ գնահատականների համար, նաեւ շնորհակալություն հայտնեց հանրապետության վետերանների խորհրդի նախագահ Սիմոն Եսայանին` միջոցառումը կազմակերպելու համար:


ՄԻԽԱՅԻԼ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Պաշտոնաթող գնդապետ, ՀՀ վետերանների միության նախագահի տեղակալ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: