09.26.2018
USD-481.66   EUR-566.58   RUB-7.32  

Բացառիկ հնարավորություն. մեր նախագահը կարող է եւ պետք է բոլորիս նախագահը լինի

Բացառիկ հնարավորություն. մեր նախագահը կարող է եւ պետք է բոլորիս նախագահը լինի

Եվ եղավ այնպես, որ Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրության շեմին երկրի քաղաքական դաշտն ամայացած-անապատացած գտանք ու հիմնական քաղաքական դերակատարներին` երկրի թիվ 1 պետական ու քաղաքական իրադարձությունից օտարված, հեռացած, իրենց հետեւորդներին ու հավատացողներին անորոշության մատնած:
Նաեւ այնպես եղավ, որ նախագահի պաշտոնին երկրորդ անգամ հավակնող Սերժ Սարգսյանի հետ նախագահի թեկնածու առաջադրվեց եւս յոթ հոգի, ովքեր ոչ մի չափանիշով (ընտրական ռեսուրսի առումով) մրցակից չեն գործող նախագահին, ովքեր առաջադրման առաջին իսկ րոպեներից հորինովի-հնարովի թեկնածուի-մրցակցի հորջորջում ստացան: Նրանցից ոմանք, որքան էլ տարօրինակ է, ընտրությունից դեռեւս մեկ ամիս առաջ հայտարարեցին (ու շարունակում են հայտարարել), որ իրենք չեն հաղթելու, հաղթելու է Սերժ Սարգսյանը, որ իրենք քարոզարշավի դուրս չեն գալու` դրանով իսկ հավաստելով անլուրջ վերաբերմունքն իրենց նոր կարգավիճակի ու համապետական այդ կարեւոր միջոցառման հանդեպ: Թեկնածուներից ոմանք էլ, ակնհայտորեն ունենալով ընտրողների նվազագույն աջակցություն, շարունակում են հայտարարել, որ անպայման հաղթելու են` դրանով իսկ հավաստելով բեմական գործչի իրենց` վաղնջական ժամանակներից եկող կարգավիճակը եւ դառնալով ծիծաղելի (եթե ոչ ողորմելի):

Սովորական խեղկատակի տպավորություն թողեցին այն թեկնածուները, ովքեր առաջադրվելուց հետո միայն հիշեցին, որ նախընտրական գրավ պետք է վճարել:
Եվ այնպես եղավ, որ իշխող կուսակցությունը, պետական-իշխանական քարոզչամեքենան փորձեցին նախընտրական մրցակցության եւ մրցակցային դաշտի առկայության պատրանք ստեղծել երկրում:

Շիվար վիճակում հայտնվեցին տեղական իշխանական գվարդիան ու ՀՀԿ-ական նոմենկլատուրան: Անկախության տարիների նախագահական բոլոր ընտրությունները (ե՛ւ Լեւոն Տեր-Պետրոսյանի, ե՛ւ Ռոբերտ Քոչարյանի, ե՛ւ Սերժ Սարգսյանի առաջին ընտրությունը) նրանք հաջողությամբ ծառայեցրել էին անձնական դիրքի ամրապնդմանը, սեփական ունեցվածքի բազմապատկմանը, անձնական հակառակորդների ոչնչացմանն ու վարկաբեկմանը: Եվ այդ մարդիկ հիմա հայտնվել են արտառոց վիճակում` գործող նախագահը վերընտրվում է` չունենալով իրենց օգնության կարիքը: Չկարողանալով կողմնորոշվել նոր իրավիճակում` նրանցից շատերը շարունակում են խաղեր տալ հին, մերժված հնարքներով, ինչի արդյունքում, բնականաբար, վերընտրվող նախագահի համակիրների շարքը չի ստվարանում (եթե ոչ հակառակը):

Քարոզչամիջոցները, քաղաքական մեկնաբաններն ու վերլուծաբաններն էլ իբր քննարկում են պատճառները, թե ինչու քաղաքական խոշոր ուժերը հայտնվեցին մեռյալ վիճակում` խուսափելով իրերն իրենց անունով կոչելուց, խուսափելով բարձրաձայնել, որ այդ ուժերի ակտիվ ջանքերով է նաեւ վերջին տարիներին հյուսվել քաղաքական դաշտի ամայացած-անապատացած ներկա վիճակը: Հանրության զգալի մասը, մինչդեռ, մնում է ստույգ կարծիքի` քաղաքական ուժերից առաջատարը տարիներ առաջ հորինվել է հենց այն նպատակով, որ վճռական պահերին ընտրողներին հնարավորինս առաջնորդի անորոշության հունով, ինչպես եւ անում է: Մյուս առաջատար ուժն էլ հորինվել է, որ հանրության անկեղծ պոռթկումը վճռորոշ պահերին հօդս ցնդեցնի, ինչպես եւ արեց: ԲՀԿ-ն մի փոքր այլ դերակատարություն եւս ստանձնեց. իշխանության մեջ գտնվող ԲՀԿ-ականները պետք է աշխատեին (եւ աշխատում են) ՀՀԿ-ի թեկնածուի ընտրական շտաբերում: Սիսիանի եւ Կապանի ԲՀԿ-ական առաջնորդներն այդ մասին արդեն հասցրել են հայտարարություններ անել:
Պաշտոնական քարոզչության առաջին փուլն էլ ցույց է տալիս, որ իշխանական ուժերը շարունակում են կառչած մնալ վաղուց բորբոսնած իրենց պատկերացումներին: Ըստ այդ մարդկանց` Սերժ Սարգսյանն իրենց թիմի առաջնորդն է` դրանով իսկ հանրությունը բաժանելով թիմերի, Հայաստանը բաժանելով երկու Հայաստանի` իրենց եւ մյուսների Հայաստանի: Երկիրը տասը տարի ղեկավարած անձը մեզ կրկին բաժանեց ղարաբաղցիների եւ հայաստանցիների: Սյունիքում էլ ոմանք շարունակում են հորդորել, թե Սերժ Սարգսյանին ձայն պիտի տանք, քանի որ ինքը սյունեցի է` դրանով իսկ հայ հանրությունը բաժանելով սյունեցիների եւ ոչ սյունեցիների:

Հատկապես երկրի վերնախավում շարունակում է իշխող մնալ այն թյուր եւ անհեթեթ կարծիքը, թե իբր ներքեւներում մարդիկ իրենց հողն ու ջուրը սիրում են բացառապես տեղական իշխանավորների ու օլիգարխի խոհեմ գործելակերպի շնորհիվ, թե իբր իշխանության թեկնածուին հայ ընտրողը ձայն է տալիս տեղի իշխանավորի, օլիգարխի ջանքի ու տառապանքի շնորհիվ:

Դրանք ժանգոտած պատկերացումներ ու հնարքներ են, որոնց արդյունքում իշխանավորներին ու օլիգարխներին հաջողվում է մեր նախագահին մեզանից ավելի հեռացնել ու օտարել: Դրանք պատկերացումներ են, որոնց տրամաբանությամբ նախագահը դիտվում է ոչ թե ամբողջ Հայաստանի, այլ իրենց թիմի, իրենց բաժին Հայաստանի առաջնորդ:
Մի հարցում էլ իշխանական թիմը ոչ պակաս թյուրիմացության մեջ է: Եթե ընդդիմադիր համարվող քաղաքական ուժերն ընտրությանը չեն մասնակցում, եթե Հայաստանում լուրջ ընդդիմադիր ուժ այսօր չկա, ապա նրանց կարծիքով հանրապետության բնակչության մեջ չկա եւ լուրջ ընդդիմություն: Իրականում, մինչդեռ, երկրի քաղաքացիները գործող իշխանության հանդեպ ընդդիմադիր են լինում ոչ թե այս կամ այն ընդդիմադիր ուժին անդամակցելով, այլ սրտով ու հոգով: Եվ ուրեմն` որքա՞ն են այն հայաստանցիները, ովքեր սրտով ու հոգով մերժում են գործող իշխանության գործելակերպը: Այնպես որ ընտրությանը մասնակցող-չմասնակցող ուժերի դասավորությամբ չէ, որ պատկերացում պիտի կազմել հանրության մեջ իշխող տրամադրությունների մասին:

Արդյունքում` ՀՀ նախագահի առաջիկա ընտրության հանդեպ ունենք քաղաքացիների աննախադեպ պասիվություն, անտարբերություն: Այդ պասիվությունն ու անտարբերությունն առավել ակնհայտ են դառնում, երբ փորձում ենք ներկա մթնոլորտը համեմատել թեկուզեւ մի քանի ամիս առաջ տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների օրերին իշխող մթնոլորտի հետ:
Վերը շարադրվածով հանդերձ` մենք հայտնվել ենք մի իրավիճակում, որ սպասված, փնտրված, նույնիսկ երանելի կարելի է համարել ինչ-որ առումով, ինչը չենք ունեցել անկախության տարիներին անցկացված որեւէ համապետական ընտրության ժամանակ:
Գործող նախագահի վերընտրման հավանականությունն այնքան անվիճելի է, որ իշխանական թիմը կարող է ընտրության արդյունքներին առնչվող ինչ-որ թվեր, տոկոսներ ապահովելու խնդիր չառաջադրել: Առաջին անգամ իշխանական թիմը կարող է վարչական ռեսուրսը մեր ընտրական կառքին լծելու խնդիր չառաջադրել: Առաջին անգամ իշխանական թիմը կարող է վհուկների որս, թշնամիների ու հակառակորդների փնտրտուքի խնդիր չդնել: Իշխանական թիմը կարող է կտրուկ արգելք դնել ընտրակաշառքի բաժանման վրա: Առաջին անգամ իշխանական թիմը կարող է չքաջալերել բանսարկուների, «ստուկաչների» ծառայությունը, թեեւ մեծ թվով մարդիկ դրա արդյունքում կզրկվեն ֆինանսական մուտքերից: Առաջին անգամ իշխանական թիմը կարող է չխրախուսել գործող նախագահին արջի ծառայություն մատուցողներին: Առաջին անգամ իշխանական թիմը կարող է խույս տալ Հայաստանի նախագահի լեգիտիմության հարցը (առնվազն նախկին հնչեղությամբ) շահարկման առարկա դարձնելուց, եթե անգամ փետրվարի 18-ին ընտրողներն ունենան պասիվ մասնակցություն: Բայց քանի դեռ ժամանակ ունենք, պետք է գոնե հստակություն մտցնենք ընտրացուցակներում եւ իմանանք, թե ընտրողներից ովքեր են բացակայում երկրից եւ ովքեր մասնակցեցին փետրվարի 18-ի քվեարկությանը:

Այդ խնդիրները լուծելու, նշված ակնկալիքներն իրականացված տեսնելու դեպքում, համոզված ենք, բացառիկ հնարավորություն կընձեռվի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին` փետրվարի 18-ից հետո լինելու ոչ միայն իր թիմի, այլ բոլորիս նախագահը (նման հնարավորություն չեն ունեցել ո՛չ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ո՛չ Ռոբերտ Քոչարյանը եւ ո՛չ էլ ինքը` Սերժ Սարգսյանը 2008-ի ընտրությունից հետո): Եվ եթե բացառիկ այդ հնարավորությունն ունենալով հանդերձ, Սերժ Սարգսյանը փետրվարի 18-ից հետո չդառնա բոլորիս նախագահը, ապա ուրեմն նրա անխուսափելի ու վերահաս հաղթանակը (արդեն իսկ ընտրությունից մի քանի ամիս անց) ճշմարտացիորեն կընկալվի իբրեւ պարտություն բոլորիս համար: Այնպես որ պատմական ընտրության շեմին ենք: Եվ ուրեմն բուն ընտրական գործընթացը հետաքրքրելուց ավելի մեզ հետաքրքրում են հետընտրական գործընթացները` կառավարության ձեւավորում, ազգի ունեցվածքը գողանալու գնով օլիգարխ դարձած բիրդանաղաների հանդեպ վերաբերմունքի վերանայում, իշխանության ու սեփականության տարանջատում, մեծամասնական ընտրակարգի վերացում եւ ընտրության միջոցով իշխանության ձեւավորման հնարավորության հաստատում, դատական իշխանության անկախացում, տնտեսության մեջ մենաշնորհների վերացում, հանրապետության այս կամ այն տարածքը որեւէ ընտանիքի (ընտանիքների) տնօրինությանը հանձնելու ավանդական գործելակերպից հրաժարում, մեզ համար եւ ոչ թե մեր դեմ (մեզ վրա) աշխատող իրավապահ համակարգի ստեղծում…

Սյունիքում ապրողներիս համար շատ հետաքրքիր է, թե հետընտրական շրջանում Սերժ Սարգսյանն ու նրա նորացված կառավարությունն ինչպիսի քաղաքականություն են վարելու մեր երկրամասում: Արդյո՞ք պահպանվելու են վերջին տարիների մոտեցումները: Արդյո՞ք Սյունիքը շարունակելու է դիտվել իբրեւ հանքահումքային բազա մի քանի հոգու համար: Արդյո՞ք մարդկանց կյանքին ու առողջությանը վաղուց սպառնացող բնապահպանական ռիսկերը շարունակելու են արհամարհվել: Արդյո՞ք բնապահպանական հարցերն ու պատմամշակութային արժեքները, սահմանային բնակավայրերը կրկին զոհաբերվելու են հանքարդյունաբերությանը: Արդյո՞ք սյունիքյան իրականությանը դարձյալ դիտելու ենք մի քանի ընտանիքի շահերի պատուհանից: Արդյո՞ք շարունակելու ենք կույր ձեւանալ ու չտեսնել, որ սյունիքյան գյուղերը սրընթացորեն մեռնում են: Արդյո՞ք…

Մի խոսքով, մեզ հետաքրքրում են հետընտրական գործընթացները, ինչից հետո միայն պարզ կդառնա` արդյո՞ք Սերժ Սարգսյանը բոլորիս նախագահը դարձավ, արդյո՞ք Սերժ Սարգսյանի փետրվարի 18-ի հաղթանակը բոլորիս հաղթանակն է, թե՞…

Սակայն ուզում ենք առաջ անցնել եւ լավատեսություն հայտնել, որի պատճառներից առնվազն մեկ-երկուսը հիշատակման արժանի են: Երբ 2008-ին Սերժ Սարգսյանն առաջադրվեց ՀՀ նախագահի թեկնածու, մեզ շատ հետաքրքրեցին նրա մարդկային ու քաղաքական ակունքները: Այցելեցինք Ստեփանակերտ, եղանք նրա ծնողների բնակարանում, հանդիպեցինք նրա դպրոցական, մարտական ընկերների, ուսուցիչների հետ: Այս անգամ` 2013թ. հունվարի 11-ին, նույն առաքելությամբ կրկին այցելեցինք ԼՂՀ մայրաքաղաք եւ բազմաթիվ հանդիպումներ ունեցանք (հանդիպումներից երեքի մասին հրապարակումները կներկայացնենք թերթի հաջորդ համարում): Ե՛վ 2008-ին, ե՛ւ այս անգամ չէր կարելի չնկատել, որ մեր նախագահի մարդկային ու քաղաքական ակունքներն անաղարտ են: Այդ բնութագրումը հավաստեցին նույնիսկ Սերժ Սարգսյան նախագահի ներկա գործելակերպից դժգոհ մարդիկ: Հատկապես ծնողների հետ ծանոթանալուց եւ հանգամանալից զրուցելուց հետո անհնարին էր չեզրակացնել, որ այդ ծառի պտուղը չի կարող դառը լինել (որքան էլ հակառակ փաստարկներ բերվեն): Եվ այդ չաղարտված արմատներն են հիմքը, նախեւառաջ, որից լավատեսություն եւ հույս է ծորում:

Ստեփանակերտյան վերջին այցելության ընթացքում հաճելիորեն լսեցինք ՀՀ նախագահի մանկության եւ պատանեկության տարիների ընկերների, ուսուցիչների անկեղծ դիտարկումն այն մասին, որ հայաստանյան իրականության մեջ մի շարք մտահոգություններ կան: Բոլոր այդ թերությունների մեղավորը նրանք համարում են Սերժ Սարգսյանի շրջապատի մարդկանց, ինչը մեզ հիշեցրեց լավ ու բարի ցարի եւ վատ բոյարների մասին հյուսիսային կայսրությունում ժամանակին իշխող մտածելակերպը, ինչի հետ միշտ չէ, որ կարելի է համաձայնել: Հաճելի էր նկատել, այդուհանդերձ, որ նույն այդ մարդիկ Սերժ Սարգսյանին մաղթում են ուժ ու կորով` ավգյան ախոռները մաքրելու հույժ պետական ու ազգային գործում:
Մենք Արցախում չեղանք պաշտպանական առաջին գծում, բայց զինվորականության ներկայացուցիչները հավաստեցին, որ Լեռնային Ղարաբաղի սահմանների պաշտպանությունը վերջին տարիներին էականորեն բարելավվել է եւ հուսալի դարձել, որ Արցախի պաշտպանության բանակն արդիականացվել է, որի ապացույցներից մեկն էլ ամիսներ առաջ Ստեփանակերտում անցկացված զորահանդեսն էր: Այդ ամենն Արցախում պայմանավորում են Սերժ Սարգսյանի քաղաքականությամբ, նրան, իբրեւ ՀՀ զինված ուժերի գլխավոր հրամանատար, համարում Արցախի անվտանգության ապահովման երաշխավորներից մեկը:

Ո՞րն է, այդ բոլորով հանդերձ, մեր` շարքային քաղաքացիներիս խնդիրը: Անպայման մասնակցել փետրվարի 18-ին կայանալիք քվեարկությանը եւ անել հնարավորը (յուրաքանչյուր ոք իր տեղում եւ իր կարելիությունների չափով), որպեսզի Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրությունն իրականացվի բոլորիս եւ յուրաքանչյուրիս կամքի ազատ արտահայտմամբ:

Հ.Գ. Սերժ Սարգսյանի սյունիքյան այցը, որ տեղի ունեցավ հունվարի 22-23-ին, որոշ ճշգրտումներ կատարեց մեր պատկերացումներում: Նախագահի թեկնածուի եւ ընտրողների անմիջական, բաց, հրապարակային առնչությունը դահլիճային հանդիպումներով փոխարինելը (բացի մարզկենտրոն Կապանից) ամենեւին էլ նպաստավոր հանգամանք չէր նախագահի թեկնածուի համար: Դահլիճային հանդիպումներին միայն տեղական պաշտոնյաներին ու ՀՀԿ-ական նոմենկլատուրայիններին հրավիրելը յուրօրինակ սեպ էր` նախագահի թեկնածուի եւ ընտրողների լայն զանգվածի միջեւ դրվող: Դահլիճային հանդիպումներին հնչած հարցերից էլ կարելի էր տպավորություն ստանալ, որ Սյունիքում այլեւս մտահոգող հարց ու մտածող մարդ չկա: Դրանից զարմացել էր նույնիսկ Սերժ Սարգսյանը` Գորիսում բացականչելով` «Մի՞թե մի լուրջ հարց չունեք ինձ տալու»: Սերժ Սարգսյանի այդ դիտարկմանը, սակայն, չենք ուզում համաձայնել, քանզի դրանից րոպեներ առաջ Գորիսի քաղաքապետ Նելսոն Ոսկանյանը ՀՀ նախագահին էր ուղղել Գորիս քաղաքին առնչվող ամենահրատապ հարցը` «Պարոն նախագա՛հ, ինչպե՞ս է լուծվելու Սիրիայի հայերի հարցը»:

Վիճակն ավելի արհեստական էր Սիսիանում: Նախագահի թեկնածուն նույնիսկ հորդորեց ոչ թե իրեն գովաբանել-փառաբանել, այլ հիմնախնդիրներ մատնանշել: Համայնքի իշխանությունը, մինչդեռ, չէր պատկերացրել երկրի գործող նախագահի այցի կարեւորությունը եւ ոչ մի էական հարց հանդիպմանը գրեթե չբարձրացրեց:
ՀՀ նախագահի սյունիքյան այցը երիցս հաստատեց, որ Սերժ Սարգսյանի եւ շարքային ընտրողների միջեւ կա ահռելի ջրբաժան: Այդ ջրբաժանը ՀՀԿ-ական նոմենկլատուրան է, իշխանավորների տեղական գվարդիան: Վերջիններս, ըստ էության, չեն կարող թույլ տալ (եւ թույլ չեն տալիս), որ շարքային ընտրողն առանց որեւէ միջնորդության, ինքնաբուխ հավատա, հարգի, սիրի իր նախագահին: Այդ կաստան կարծում է (եւ դրա համար ամեն ինչ անում է), որ շարքային ընտրողը երկրի նախագահին պետք է հավատա, հարգի եւ սիրի իր միջոցով (միայն իր միջոցով), որպեսզի նախագահին զորակցելն ու նրա հետ հույս կապելը բացառապես համարվեն այդ կաստայի ծառայության, քրտնաջան աշխատանքի արդյունք: Նաեւ այդ սառույցը ջարդելով Սերժ Սարգսյանը կդառնա բոլորիս նախագահը:

Սյունիքյան այցի ընթացքում Սերժ Սարգսյանը, այնուամենայնիվ, անդրադարձավ մարզի հիմնախնդիրներից մի քանիսին: Նախ` որոշակիություն մտցրեց Մեղրու շրջանի գազիֆիկացման հարցում` դրա կատարման վերջնաժամկետ սահմանելով 2014-ի առաջին կեսը: Այնուհետեւ` նա այլեւս ոչ թույլատրելի համարեց մոտեցումը, երբ ամեն գնով (նաեւ բնապահպանական ոլորտում զոհողությունների գնով) կարելի է ընդլայնել հանքարդյունաբերության ծավալները: Ըստ էության օրակարգ մտցվեց նաեւ Կապանի օդակայանը վերագործարկելու խնդիրը, որն ավելի դյուրին կդարձնի մայրաքաղաքի հետ շփումը:

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: