09.26.2018
USD-481.66   EUR-566.58   RUB-7.32  

ՀՐԱՉ ՋԱԲՐԱՅԱՆ. «Բազում են կոչեցեալք, սակավ` ընտրեալք...»

ՀՐԱՉ ՋԱԲՐԱՅԱՆ. «Բազում են կոչեցեալք, սակավ` ընտրեալք...»

Հարցազրույց «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲ ընկերության վարչական տնօրենի հետ

 

- Պարոն Ջաբրայան, նախընտրական քարոզարշավի շրջանակում հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը հյուրընկալվեց նաեւ ձեր ձեռնարկությունում: Ճշմարիտն ասած` մամուլում կցկտուր հաղորդում եղավ այդ մասին: Գուցե մի քիչ մանրամասնե՞ք այդ այցը, նաեւ ցանկալի կլիներ, որ ներկայացնեիք հանդիպման ժամանակ քննարկված հարցերի շրջանակը:

- Մամուլում այդքան մեծ արձագանք չլինելու պատճառը երեւի այն էր, որ մեր ձեռնարկություն նախագահի այցն ընտրությունների հետ կապ չուներ, դա ուղղակի աշխատանքային հանդիպում էր: Անցյալ տարվա նոյեմբերի 6-ին նամակով դիմել էի նախագահին` հրավիրելով «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲ ընկերություն: Դրանից հետո նախագահի աշխատակազմից դրական արձագանք ստացանք, նախագահն ընդունել էր հրավերը, եւ այնպես ստացվեց, որ հանդիպումը ձեռնարկության կոլեկտիվի հետ կայացավ Սերժ Սարգսյանի` Սյունիքի մարզ կատարած նախընտրական այցի շրջանակում: Ընդհանուր առմամբ` հանդիպումը կառուցողական էր, նախագահի հետ արծարծեցինք 2012 թվականին իրականացրած մեր ծրագրերը թե բուն արտադրության, թե՛ սոցիալական քաղաքականության ոլորտներում: Ինչպես նաեւ նախագահին ներկայացրեցինք մեր առաջիկա աշխատանքային եւ սոցիալական ծրագրերը: Նաեւ քննարկեցինք այն խնդիրը, թե ինչ կարելի է անել, որ կարողանանք ավելի շատ ներդրումներ անել Հայաստանում: Հանդիպման ժամանակ հարց բարձրացվեց վերագործարկելու Կապանի օդակայանը եւ նշվեցին մի քանի այլ հարցեր, որոնք ինձ համար շատ կարեւոր են եւ վստահ եմ` նաեւ նախագահի համար: Նախագահը հարցեր ուղղեց մեր աշխատավորներին, մեր աշխատավորները հարցեր ուղղեցին հանրապետության նախագահին, եւ կարծում եմ` երկուստեք գոհ հեռացան ձեռնարկությունից:

- Ինչպես նշեցիք, հանդիպման ժամանակ շատ կարեւոր հարց բարձրացվեց` Կապանի օդակայանը վերաբացել: Այդ հիմնախնդրի լուծման գործում ի՞նչ դերակատարություն կարող է ունենալ «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲ ընկերությունը:

- Այդ խնդիրը մենք քննարկել էինք նախկին քաղաքապետ Արտուր Աթայանի եւ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ: Եվ մենք պատրաստակամություն ենք հայտնել այդպիսի ծրագիր իրականացնելու դեպքում առաջնահերթ օժանդակողներից լինել` նյութապես եւ ընդհանրապես: Կապանի ամենամեծ ձեռնարկության համար շատ կարեւոր է օդանավակայանի վերագործարկումը, որովհետեւ մեր աշխատակիցներն էլ հաճախակի լինում են մայրաքաղաքում` գործուղման եւ այլ նպատակներով: Օդային կապը կլինի ամենադյուրինը Երեւան հասնելու համար, բացի դրանից օդակայանի վերագործարկումը կլինի նվեր Կապան քաղաքին եւ մեր ժողովրդին: Ես նախագահին տեղյակ պահեցի, որ խնդրի շուրջ խոսել ենք նաեւ Կապանի ներկայիս քաղաքապետ Աշոտ Հայրապետյանի հետ եւ պատրաստակամություն հայտնել օդակայանի վերագործարկման դեպքում մեծ գումար ներդնել:

- Ձեր կարծիքը հանրապետության նախագահի վարած տնտեսական քաղաքականության (հանքարդյունաբերության օրինակով) վերաբերյալ:

- Նախ` ասեմ, որ սա իմ առաջին հանդիպումը չէր հանրապետության նախագահի հետ: Մի քանի անգամ նրա հետ հանդիպման ժամանակ արծարծել եմ հանքարդյունաբերությանն առնչվող հարցեր: Ըստ իս` այսօր Հայաստանի արդյունաբերությունն այնպիսի վիճակում է, որ հանքարդյունաբերությունը շատ կարեւոր է հանրապետության տնտեսության առողջացման տեսակետից: Ինչպես կվարենք հանքարդյունաբերությունը, ինչպես կղեկավարենք արտադրությունը, դրանով է պայմանավորված մեր վաղվա օրը: Հանքարդյունաբերությունն ամենակարեւոր ճյուղերից մեկն է Հայաստանում, քանզի աշխատատեղեր է ստեղծում: Այսօրվա դրությամբ, օրինակ, մեր ձեռնարկությունում 1204 մարդ է աշխատում, եւ երկրի բյուջեի մուտքեր է ապահովում: Բացի այդ, պիտի առանձնահատուկ նշեմ, եթե հանրապետությունում ամսական միջին աշխատավարձը 127 հազար է, մեր ձեռնարկությունում 2012թ. դեկտեմբեր ամսվա կտրվածքով այն կազմել է 250 հազար, այսինքն` հանրապետության միջինից կրկնապատիկ անգամ ավելի են վաստակում մեր աշխատավորները: Ընդ որում` այդ միջինի մեջ չեն մտնում մենեջերների, արտասահմանից հրավիրված մասնագետների աշխատավարձերը, այլ միայն բանվոր դասակարգի, սրա տակ նկատի ունեմ հորատողը, մեքենավարը, հանքահարստացնողը, պահակային ծառայության աշխատակիցը եւ այլն, եւ այլն:

Շարունակեմ միտքս:

Չեմ կարող ասել` նախագահը կուզենա՞ր, որ հանքարդյունաբերությունը լիներ հանրապետության արդյունաբերության առաջատար ճյուղը: Բայց իր մոտեցումը խնդրին գիտակից մոտեցում է: Եվ պատրաստ է հանքարդյունաբերության ընկերությունների հետ համագործակցել կամ օժանդակել: Սակայն կուզեմ նշել, որ նրա համար, որքանով հասկացա, կարեւոր է, որ հանքարդյունաբերության բոլոր ձեռնարկություններն իրենց պատկանող հանքերը շահագործեն ՀՀ օրենքներին եւ միջազգային չափանիշներին համապատասխան: Այս հարցերի շուրջ մտքեր ենք փոխանակել նախագահի հետ, ինձ հայտնի են նրա տեսակետները, որոնք միանգամայն ընդունելի եւ առաջադիմական են:

- Կրկին անցնենք առաջիկա նախագահական ընտրությանը: Հետաքրքիր է իմանալ, թե Ձեր կարծիքով որո՞նք են Սերժ Սարգսյանի հիմնական արժանիքներն ու հատկանիշները, որոնք հնարավորություն կընձեռեն նրան եւս մի ընտրաշրջան ղեկավարելու հանրապետությունը:

- Շատ բարի: Նախ` որպես ձեռնարկության տնօրեն եւ սեփականատիրոջ ներկայացուցիչ, չեմ կարող որեւէ քաղաքական կամպանիայի մասնակցել կամ մասնակցություն բերել: Կուզեի հստակեցնել միտքս. ես Կանադայի քաղաքացիություն ունեմ եւ այստեղ քվեարկելու իրավունք չունեմ: Բայց ամեն ինչից զատ` ես հայ մարդ եմ, եւ ինձ համար չափազանց կարեւոր է, որ մեր երկիրն ունենա անցնցում ընթացք, կայուն զարգացում: Վերջին մեկուկես-երկու տարում, ինչ Հայաստանում եմ, նախագահի վարած ներքին քաղաքականությունն իմ տեսադաշտում է, բացի դրանից երեք-երեքուկես տարի առաջ, երբ Կանադայում էի ապրում, բնականաբար, ավելի տեղյակ էի նախագահի արտաքին քաղաքականությունից (խոսքը Սերժ Սարգսյանի պաշտոնավարման հինգ տարվա մասին է, խմբ.): Համոզումն ունեմ, որ որպես նախագահ, Սերժ Սարգսյանն այն յուրահատուկ անձնավորությունն է, ով ունակ է Հայաստանը ղեկավարելու ե՛ւ արտաքին, ե՛ւ ներքին քաղաքականության բնագավառներում: Բնականաբար, այս ամենը ներկայացնելով` կարդացողը կարող է ասել` թե ինչպե՞ս է դաշնակցականն այդպես արտահայտվում: Բոլորին կուզեի հիշեցնել, որ ինձ համար հայ լինելը բոլոր արժեքներից վեր է. կուսակցությունն ընդամենն ազգին ծառայելու միջոց է: Եվ նմանապես իմ կուսակցությունը (Հայ հեղափոխական դաշնակցություն) ազգիս ծառայելու միջոց է: Բայց եւ իմ կուսակցությանը երբեք չեմ դավաճանել, ոչ էլ կուսակցությունիցս դուրս կգամ: Սակայն այսօրվա իրողությամբ հավանում եւ ընդունում եմ Սերժ Սարգսյանին` նախեւառաջ նկատի ունենալով, որ նա հեղինակություն ունեցող անհատ է, Արցախյան ազատամարտի գործուն հրամանատարներից: Բնավ էլ այն տպավորությունը չստեղծվի, որ նրա բոլոր ծրագրերին համամիտ եմ, կամ հավանում եմ նրա բոլոր գաղափարները: Ո՛չ, ընդհանրապես ծրագրեր ունի, որոնց ես դեմ եմ, համամիտ չեմ դրանց հետ եւ երբեմն չեմ կիսում նրա կարծիքը: Բայց, երբ նա ելույթ է ունենում միջազգային ամբիոններից եւ հայտարարում, որ Արցախն այսօր մեզ համար պատվի հարց չէ, Արցախը մեզ համար ապրելու եւ գոյատեւելու հարց է, մենք բոլորս պիտի խոնարհվենք այդ մարդու առջեւ եւ ասենք, որ հայությունը պաշտպանում է իրեն: Կամ երբ հայ սպային կացնահարած ճիվաղին բանտից ազատ են արձակում եւ իր հայրենիքում որպես հերոս ընդունում, եւ մեր նախագահը միջազգային ամբիոններից խիզախություն ունի բարձրաձայնելու Ադրբեջանի տմարդի կեցվածքի մասին, մենք պիտի խոնարհվենք այդ մարդու առջեւ: Ես պատրաստակամ եմ նախագահի թիկունքին կանգնելու եւ պիտի կանգնեմ, քանզի տարակույս չունեմ, որ իր ծրագրերը կառուցողական են եւ իր բոլոր բացթողումներով հանդերձ` իրեն է վերապահված այս երկիրը ղեկավարել:

- Պարոն Ջաբրայան, այսպիսի հնարավորություն հաճախ չի ընձեռվում զրուցելու Ձեզ հետ, օգտվելով, պատեհ առիթից, կխնդրեի ներկայացնել ձեռնարկության այսօրվա ընթացքը, հեռանկարները, ձեռնարկության առջեւ կանգնած մարտահրավերները: Այս ամենը, անշուշտ, հետաքրքրում, եթե չասենք, հուզում է կապանցիներին:

- Հարցի պատասխանը սկսեմ մարտահրավերներից, որոնք, ի դեպ, շատ են: Եթե ասեմ, որ դժվարություններ չունենք, ինձ անուղղելի լավատես կհամարեն եւ ճիշտ կանեն: Դժվարությունները մարդկային հարաբերությունների ոլորտում են: Մարդ արարածը երբեմն մտածում է այսրոպեական շահի մասին: Մեր ամենամեծ դժվարությունը մեր աշխատավորներին համոզելն է մեր հեռագնա ծրագրերի ճշմարտացիության մեջ, այն, որ մենք կարողանանք լուրջ ծրագրեր իրականացնել` միտված հենց իրենց ընտանիքների բարեկեցության բարելավմանը: «Դինո գոլդը» կանադական Dundee Precious Metals-ը ձեռք է բերել 2006թ. օգոստոսին, այսինքն ` 6.5 տարի առաջ, բնականաբար, չէի ուզենա անդրադառնալ առաջին 4.5 տարվա իրադարձություններին, քանզի այն, ինչ եղել, եղել է: Ես կանդրադառնամ երկու տարվա ընթացքին եւ պիտի փաստեմ, որ առաջընթաց կա, բարելավում կա, ժողովուրդը կամաց-կամաց այն համոզման է գալիս, որ ձեռնարկության այսօրվա տնօրինությունը բոլորի լավն է ցանկանում, այսինքն` Հրաչ Ջաբրայանը կամ Իլյա Գարկովը չեն եկել այստեղ իրենց գրպանը լցնելու: «Դինո գոլդը» եկել է այստեղ եւ ծրագրեր է իրականացնում, աշխատատեղերի հարց է լուծում, հարկեր է վճարում պետությանը` ըստ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրության: Եվ ինչ վերցնում է այստեղից, ներդրողի համեստ շահն է, այն, ինչ բոլոր ներդրողները, սեփականատերերն ակնկալում են ունենալ:

- Սյունիքի մարզ կատարած նախընտրական այցի շրջանակում հանրապետության նախագահն անդրադարձավ նաեւ հանքարդյունաբերության հարուցած բնապահպանական խնդիրներին, ասելով. «Մեծ ուշադրություն է դարձվելու բնապահպանական խնդիրներին: Հանքարդյունաբերությունը լավ բան է, սակայն անցել են այն ժամանակները, երբ դա արվում էր ամեն գնով` մարդկանց առողջությունը եւ բնությունն անվերադարձ քայքայելու գնով: Այս ոլորտում որդեգրել ենք ավելի հեռատես քաղաքականություն, որը հիմնված չէ այսրոպեական շահ ապահովելու վրա: Այն նկատի է առնում մեր ունեցած բնական համեստ ռեսուրսները խելամտորեն տնօրինելու եւ շահագործելու կարեւորությունը: Մենք չենք փորձելու այսօրվա հարցերը լուծել` վտանգելով ապագան»: Այս համատեքստում հետաքրքրական է իմանալ, թե բնապահպանական ի՞նչ քաղաքականություն է որդեգրել «Դինո գոլդը»:

- Նախեւառաջ ասեմ, որ կարդացել էի նախագահի ելույթը եւ միանշանակ համաձայն եմ դրանում արծարծված դրույթների հետ: Ոչ մեկն այդ ռոմանտիկ երեւակայությունը թող չունենա, որ «Դինո գոլդի» ղեկավարությունը կույր ու համր է բնապահպանական խնդիրների հանդեպ: Եթե դու հանքարդյունաբերական ձեռնարկության սեփականատեր ես, եթե դու հանք պիտի շահագործես` վնաս հասցնելով շրջակա միջավայրին, դրա իրավունքից քեզ պարզապես պիտի զրկեն: Երկրորդ` ժողովուրդը պիտի միշտ գիտակցի, որ սփյուռքահայն իր հայրենիքի հանդեպ «փափուկ» մոտեցում ունի, այսինքն` ես որպես սփյուռքահայ բաժնետեր, միաժամանակ որպես տնօրեն, ընդհանրապես թույլ չեմ տա, որ գիտակցորեն մեկը մեր երկրում վնաս հասցնի շրջակա միջավայրին:

2008-12թթ. «Դինո գոլդը» մոտավորապես 9 մլն դոլար է տրամադրել բնապահպանական խնդրի լուծման նպատակով, այն է` Գեղանուշի պոչամբարի վիճակի բարելավում, թափուկատարի սարքինության ապահովում եւ այլն: Իսկ վերջերս 500 հազար դոլար հատկացրեցինք Արծվանիկի պոչամբարի մեր ձեռնարկության հատվածը, որ ժամանակին օգտագործել են, կարգի բերելու համար: Ծրագիրն իրականացնելու համար Անգլիայից հրավիրեցինք մասնագետներ: Նախատեսել ենք, երբ եղանակները տաքանան, լրագրողների, հասարակական եւ բնապահպանական կազմակերպությունների ներկայացուցիչների այց կազմակերպել նշված վայր` տեղում համոզվելու, որ «Դինո գոլդը» հետամուտ է շրջակա միջավայրի պահպանությանը:

- Եվ որպես վերջաբան մեր զրույցի, Ձեր խոսքը կապանցիներին, մեր թերթի ընթերցողներին, բոլոր ընտրողներին:

- Կցանկանամ նախ բոլորին հայտնել. «Դինո գոլդի» յուրաքանչյուր աշխատակից իրավասու է քվեարկել այն թեկնածուի օգտին, ում իր խիղճն է թելադրում, նման բան գոյություն չունի, որ ղեկավարությունը ստիպի կամ առաջարկի, որ իր ենթակաները քվեարկեն Սերժ Սարգսյանի կամ այլ թեկնածուի օգտին: Յուրաքանչյուրն իրավունք ունի իր որոշումն ինքնուրույն կայացնելու: Իսկ անձնական կարծիքս, ինչպես երեւաց նաեւ այս զրույցի ընթացքում, հայտնել եւ նորից կհայտնեմ: Եվ ուզում եմ, որ մարդիկ քաջ գիտակցեն, որ Սերժ Սարգսյանն ամբողջ հայության նախագահն է, այսինքն` կներկայացնի 10-11 մլն ուժեղ հայ ժողովրդին: Հուսով եմ, որ ընտրությունները կընթանան այնպիսի հունով, որ պատիվ կբերեն մեզ, յուրաքանչյուր հայ ընտրող իր քվեն կտա իր նախընտրած թեկնածուի օգտին, ով էլ լինի այդ թեկնածուն: Թող ժողովրդով ուժեղ լինի մեր նախագահը եւ պատիվ ու պարծանք բերի մեր ժողովրդին:

Զրույցը` ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆԻ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: