11/19/2018

ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին

ՌՈԲԵՐՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ (ԷՋԱՆԱՆՑԻ)

Հանրակրթության բնագավառում, խորհրդային կրթական համակարգի` տակավին համառորեն գոյատեւող հետնախորքի վրա, բարեփոխումներն ու նորամուծություններն ուրվագծել են մեր նորացող երկրի կրթահամակարգի ուրույն համապատկերը: Նոր ժամանակներում դպրոցի եւ ընտանիքի համագործակցության պահանջարկը, ակներեւ, առաջնահերթ կարեւորություն ունի, սակայն գործնականում, կարծես, անտես է առնվել: Երեխայի իրավունքն ու պարտականությունը համամարդկային ըմբռնում ու չափանիշ են, սակայն դրանք ընտանիքի ու դպրոցի փոխհարաբերություններում իրավական-փաստաթղթային կոնկրետ արտացոլում չունեն: Թեպետ հանրակրթության օրենքի 26, 28 հոդվածները տարփողում են սովորողների եւ ծնողների իրավունքներն ու պարտականությունները, դրանց իրացման ու գործադրման եղանակներն ապրիորի են ու չեն կոնկրետացված: Դպրոցն ու ընտանիքը` երկուստեք, կողմնորոշվում են ազգային-ժողովրդական մանկավարժության ավանդույթներով: ԿԳ նախարարության երբեւէ մշակած` դաստիարակության վերաբերյալ հայեցակարգը նոր ժամանակներում քննություն չի բռնում:Դպրոցի ու ընտանիքի համագործակցության չափորոշիչները, անորոշ լինելով, ի ցույց չեն դնում աշխատանքի արդյունավետությունը: Ավելին. ի հայտ է եկել հակադպրոց երեւույթը` կան ընտանիքներ, որոնք դժկամում կամ հրաժարվում են կրթօջախի հետ համագործակցությունից: Մինչդեռ գիտունակ սերունդ դաստիարակելու առաքելությունը դպրոցն առանց ընտանիքի կենսագործել ի զորու չէ:Խնդիրը տարողունակ է, եւ լուծումը, հարկավ, ապագայի մեջ է: Խորհում եմ, որ դպրոցի եւ ընտանիքի համագործակցության մշակույթ արարելու համար կարելի է ընդլայնել ԿԳ նախարարության գործունեության տիրույթը` այն վերակազմակերպել որպես կրթության, ընտանիքի եւ գիտության նախարարություն:Ձերդ գերազանցություն, այս դիտարկումը նախապատրաստել էի մեր Քաջարանամերձ գյուղում, որտեղով անցաք Դուք ուղեկցողներով: Գյուղաբնակի շփոթվածությամբ չկողմնորոշվեցի` ո՞ւմ հանձնել: Շարասյանը հետեւող լրագրողական խումբը` մեր «Սյունյաց երկիր» թերթից, փարատեց իմ երկչոտությունը:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: