09.18.2018
USD-484.37   EUR-565.5   RUB-7.15  

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի հայտարարությունը

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի հայտարարությունը

Հարգելի խորհրդարան

Զանգվածային լրատվամիջոցները հրապարակել են երկու փաստաթուղթ: Մեկ հուշագիր եւ մեկ համաձայնագիր` ստորագրված Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի եւ մեր բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության Ատրպատական նահանգի ներկայացուցիչների կողմից:

Ըստ դրանց` նախատեսվում է Սյունիքի մարզից 52.000 հեկտար վարձակալության տալ իրանական կողմին` անասուններ տեղափոխելու եւ արածեցնելու նպատակով: Ժամկետը 5-ից 10 տարի է: Մեկ հեկտարի վարձավճարը սկզբում անհայտ է, հետագայում աճելով` մինչեւ 25 դոլար: Գոնե հայերեն տարբերակում` կիսագրագետ, դասական ուղղագրությամբ, բազմաթիվ հարցական-անորոշություններով փաստաթղթեր են:

Մենք վաղը Ազգային ժողովում կփորձենք պարզաբանումներ ստանալ կառավարությունից: Դաշնակցության Սյունիքի մարզային կոմիտեն արդեն իսկ հանդես է եկել հայտարարությամբ` իր մտահոգություններն ու տարակուսանքը հայտնելով: Սոցիալական ցանցերում խնդիրն ակտիվորեն քննարկվում է:

Ի՞նչ է սա նշանակում: Ի վերջո, հարցը պետության տարածքի մի մասը վարձակալությամբ տալուն է վերաբերում: Որքանո՞վ է տեղին տարածքային մարմինների նման` չակերտավոր ինքնագործունեությունը: Եթե կայանա, այդ գործարքից ի՞նչ է շահելու մեր պետությունը, շահելո՞ւ, թե՞ կորցնելու են այդ տարածքների հարակից գյուղացիական տնտեսությունները, ի՞նչ է լինելու քաղաքական, հոգեբանական, բնապահպանական հետեւանքը:

Ես չեմ անդրադառնում վարձակալության համար սահմանված անորոշ գումարին. ինչ գումար էլ սահմանված լինի, նախ պետք է հաշվի առնել խնդրի ռազմավարական նշանակությունը եւ մեր երկրին սպառնացող ռիսկերը:

Ի վերջո, հարց է առաջանում, եթե այս վարձակալությունը ձեռնտու է իրանական կողմին, եւ մենք ունենք նման մասշտաբի ազատ արոտավայրեր, ինչո՞ւ ինքներս չենք սուբսիդավորում կամ ցածր տոկոսադրույքով վարկեր տրամադրում մեր գյուղացիներին, ինչո՞ւ պետությունը չի ապահովում մսամթերքի եւ կաթնամթերքի երաշխավորված իրացում, ինչո՞ւ մեր գյուղացին կամ տնտեսավարողներն իրենց ուժերով չեն կարող զարգացնել անասնապահությունը: Ինչո՞ւ չենք ուզում երկիրը լքել ցանկացող գյուղացու փոխարեն սոցիալապես ավելի ապահով բնակչություն եւ զարգացած անասնապահություն ունենալ:

Այդուհանդերձ, կա հարցերի հարցը` միջազգային հարաբերություններն ինչպե՞ս կարող են նման կիսագրագետ ու սիրողական մոտեցումներով դրսեւորվել: Կիսաթաքուն այս գործելաոճը որքանո՞վ է համապատասխանում իրավական, ժողովրդավարական պետության մեր կարգավիճակին:

Սրանք հարցերն են: Գնահատականը` կառավարության պարզաբանումներից հետո:

05.02.2013թ.

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: