11/21/2018

Մի ընտրախաղի պատմություն

Մի ընտրախաղի պատմություն

Խոսքն այս անգամ Սիսիանի թերատ մարզահամալիրի մասին է, որ պիտի կառուցվեր շատ կարճ ժամանակամիջոցում (այդպես էին խոստացել): Սակայն… Դա 2012 թվականի ամռանն էր, առջեւում ՏԻՄ ընտրություններ էին: Կրկին քաղաքապետ ընտրվելու հայտ ներկայացրած Աղասի Հակոբջանյանը ծանր վիճակում էր: Նախորդ չորս տարում ԲՀԿ-ի կողմից Սիսիանի հանդեպ ցուցաբերած անտարբերությունը ԲՀԿ-ական քաղաքապետն ու այդ կուսակցության ղեկավարությունը փորձում էին ջնջել մարդկանց հիշողությունից: Եվ ի լուր աշխարհի հրապարակվեց Սիսիանում մարզահամալիր կառուցելու մասին այդ կուսակցության որոշումը: Արագ տեմպերով ինչ-որ կոնստրուկցիաներ բերեցին Երեւանից, ինչ-որ շինանյութեր թափեցին ապագա կառույցի մերձակայքում… Սեպտեմբերի 9-ը եկավ ու անցավ, ԲՀԿ-ական Աղասի Հակոբջանյանը վերստին նշանակվեց Սիսիանի քաղաքապետ: Մարզահամալիրի կառուցումը դադարեցվեց ու մինչեւ հիմա դադարեցված է, ավելի ճիշտ` հիմա այդ տարածքն աղբակույտ է հիշեցնում:

Նախընտրական այդ օրերին, մինչդեռ, աննախադեպ եռուզեռ էր ֆուտբոլի մարզադաշտի հարեւանությամբ գտնվող պարարվեստի դպրոցի բակում: Տեսնել էր պետք, թե ինչպես է «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը (այդպես գիտեմ) 42X18.5մ չափսերով մարզահամալիր կառուցում «բախտավոր» սիսիանցիներիս համար: Ի դեպ, Գագիկ Ծառուկյանն այդ մարզահամալիրի կառուցման խոստումը տվել էր 2007-ի ԱԺ ընտրությունների ժամանակ:

Սիսիանցիները, իհարկե, դասեր կքաղեն դրանից եւ այսուհետ հնարավորինս զուսպ կվերաբերվեն կուսակցությունների նախընտրական խոստումներին, մանավանդ ԲՀԿ-ի սիսիանյան խոստումներին: Բայց հիմա դա չէ խնդիրը: Խնդիրն այն է, թե աղբանոցի վերածված այդ կիսակառույցի տարածքը մինչեւ երբ է աղավաղելու Սիսիանի դեմքը: Հարցը, իհարկե, Աղասի Հակոբջանյանին չենք ուղղում, նրա հետ չի կարելի այդպիսի լուրջ հարցեր քննարկել: Հարցն ուղղում ենք ԲՀԿ առաջնորդին. պարոն Ծառուկյան, կամ մարզահամալիրի կառուցումն ավարտին հասցրեք, կամ էլ Սիսիանն ազատեք Ձեր իսկ նախաձեռնությամբ ստեղծված աղբակույտից: Հավատացեք` սա հազարավոր սիսիանցիների պահանջն է, ուստի եւ ակնկալում ենք գործնական ու լուրջ վերաբերմունք: Մի խոսքով` տեր կանգնեք Ձեր խոսքին:

ՍԱՄՎԵԼ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: