09.18.2018
USD-484.37   EUR-565.5   RUB-7.15  

Մեղրու ավագանին ուղերձ է հղել ՀՀ նախագահին

Մեղրու ավագանին ուղերձ է հղել ՀՀ նախագահին

Ս.թ. հունվարի 25-ին Մեղրու ավագանին ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին: Ավագանին այդ որոշումն ընդունելիս ղեկավարվել է «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածով եւ հիմք ընդունել Մեղրի քաղաքի մի խումբ բնակիչների կողմից համայնքի տեղական ինքնակառավարման մարմիններին ուղղված դիմումը: Ավագանին, ըստ որոշման, հնարավոր բոլոր միջոցներով իր հերթին կնպաստի տարածաշրջանի բնապահպանական վիճակի բարելավմանը:

ՀՀ նախագահին հղած ուղերձի տեքստը՝ ստորեւ:

ՈՒՂԵՐՁ

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին

Հարգելի պարոն նախագահ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» ՀՀ օրենքի հոդված 11-ով, Ձեզ ենք հղում սույն ուղերձը՝ Մեղրու շրջանի բնակչությանը սպառնացող բնապահպանական տագնապալից խնդրի վերաբերյալ:

Մեղրի քաղաքի 70 բնակիչ 2012թ. դեկտեմբերի 27-ին դիմում են հղել համայնքի տեղական ինքնակառավարման մարմիններին: Դիմումի մեջ մասնավորապես ասված է. «Վերջերս մեզ հայտնի դարձավ, որ Սյունիքի մարզի Լիճքի եւ Վարդանիձորի գյուղապետարաններում տեղի են ունեցել հասարակական լսումներ՝ այդ համայնքների տարածքում գտնվող պղնձի եւ մոլիբդենի հանքավայրերի շահագործման խնդրի շուրջ: Այդ իրողությունը մեզ ավելի քան անհանգստացրել է, թեկուզեւ այն պատճառով, որ տնտեսվարող սուբյեկտները խուսափել են նման լսումներ կազմակերպել նշված հանքավայրերին մոտ գտնվող Մեղրի քաղաքում եւ ազդակիր մյուս համայնքներում:

Ինչպես գիտեք, Մեղրու տարածաշրջանը բնապահպանական լուրջ մարտահրավերների առջեւ է կանգնած: Ձեզ հայտնի է նաեւ, որ տարածաշրջանի հիմնական հանքավայրերը դժբախտաբար գտնվում են բնակավայրերից զգալիորեն բարձր նիշերում, որտեղ ջրագոյացման եւ ջրաբաշխման  համակարգերն ու ջրահավաք ավազաններն են՝ ինչպես խմելու, այնպես էլ` ոռոգման ջրի: Արդեն իսկ գործող հանքերը (Տերտերասար, Լիճքվազ-Թեյ, Ագարակի պղնձամոլիբդենային) տարածաշրջանում աղետալի իրավիճակ են ստեղծել: Եվ ընդհանրապես՝ պետք է հաշվի առնել, որ Մեղրու շրջանի բոլոր հանքավայրերում որպես ուղեկցող էլեմենտ հանդես են  գալիս ուրանը, ինչպես նաև թորիումը: Դրանց պարունակությունը հատկապես մեծ է Լիճքի, Տաշտունի, Լիճքվազ-Թեյի հանքավայրերում /քարտեզը կցվում է/: Բացի նշված եւ ներկայումս  շահագործվող հանքավայրերից, արտոնագրեր են տրված՝ բազմաթիվ նոր հանքավայրերի ուսումնասիրության եւ շահագործման համար: Փաստորեն տարածքը կանգնած է լուրջ փորձության առջեւ: Ավելորդ չէ հիշեցնել, որ Մեղրի գետը, սկիզբ առնելով մոտ 3100մ բարձրությունից՝ խիստ մեծ թեքությամբ, հասնում է ծովի մակերեւույթից 500-600 մետր բարձրության վրա գտնվող Մեղրու տարածք՝ առանց որեւէ խոչընդոտի իր հետ բերելով հազարավոր տարիներ իրենց խիստ թունավոր հատկությունները չկորցնող նյութեր՝ վարակելով բնակավայրերի հողն ու ջուրը: Այժմ արդեն հանքերից եւ պոչամբարներից տարածվող փոշին` ծանր մետաղներով եւ վտանգավոր այլ նյութերով, աղտոտում է մեր տարածքի օդը, հողը, ջուրը:  Տեսանելի է, որ գործարար աշխարհը՝ տիրապետելով ժամանակակից գերհզոր տեխնոլոգիաների, չունենալով պատշաճ խիղճ եւ պատասխանատվություն, անձնական շահը գերադասելով ազգային ու պետական շահից, քանդելով մեր սարերն ու լեռները՝ երկրամասը կարող է դարձնել մարդու կյանքի համար անպիտանի: Նույնիսկ այսօր, երբ դեռեւս հանքարդյունաբերությունն իր կանխատեսելի ծավալներից շատ հեռու է, արդեն անզեն աչքով, առանց հետազոտությունների տեսանելի է, որ տարածքում համատարած է աղեստամոքսային, հիպերտոնիկ, շնչուղիների եւ այլ հիվանդությունների աճը: Մարդիկ դժգոհում-գանգատվում են գլխացավերից, հոդացավերից, հոգնածության զգացողությունից: Ակնհայտորեն ավելացել են օնկոլոգիական (ուռուցքային) հիվանդությունները, խիստ տարածված է արյան բարձր խտությունը: Տարեցտարի անկում է ապրում հողի բերրիությունը, փոխվում է հողերի տեսքը, չորանում են ծառերը, բանջարեղեն գրեթե չի աճում, գյուղատնտեսությամբ զբաղվելը դառնում է անիմաստ:

Դատարկ ապարները, որոնք նույնպես թունավոր շատ նյութեր են պարունակում, ծածկում են շրջակա ձորերն ու կիրճերը եւ լեռնային գետակների զորությամբ լցվում Մեղրի գետը, այսինքն` ոռոգման համակարգ: Տնտեսվարող սուբյեկտները, համապատասխան գերատեսչությունների թույլտվությամբ հասարակությունից ուղղակի գաղտնի մտնում են նաեւ ուրանի, թորիումի նախկինում հայտնաբերված տարածքներ (Լիճք, Տաշտուն, Լիճքվազ-Թեյ) եւ գունավոր մետաղների հավելյալ հետախուզական-որոնողական աշխատանքներ իրականացնում՝ ապագայում դրանց արդյունահանման նպատակով:     Տեղեկատվության բացակայությունը լուրջ ռիսկեր է ստեղծում ինչպես հանքերում աշխատող, այնպես էլ ազդեցության գոտում գտնվող  բնակավայրերում ապրող մարդկանց համար, ովքեր հիմնականում աղքատ են եւ կարիք ունեն աշխատատեղերի, իսկ նշված ընկերությունների խոստումները սոցիալական ոչ բարվոք վիճակի համապատկերի վրա գայթակղիչ են: Եթե մեր տարածաշրջանի նկատմամբ վարվող քաղաքականությունը չփոխվի, ապա կասկածից վեր է, որ դրա  հետեւանքով Մեղրու շրջանը մեկ-երկու տասնամյակ անց կվերածվի անապատի` աղտոտված գետերով, թունավորված հողով, իսկ երեխաները կծնվեն հիվանդ եւ արատավոր, ինչի նշաններն արդեն իսկ երեւում են:

Մեղրու ավագանին գտնում է, որ մեղրեցիների այդ մտահոգությունն արդարացի է ու հիմնավոր: Եվ քանի որ խնդիրն ունի վճռորոշ նշանակություն՝ Մեղրու տարածքի հետագա զարգացման ու բնակչության առողջության պահպանման համար, խնդրում ենք Ձեզ՝ Մեղրու տարածքում ստեղծված բնապահպանական վիճակն, ինչպես նաեւ տարածաշրջանում գործող եւ արտոնագրեր ստացած նոր հանքավայրերի շահագործման ու դրանից բխող հրատապ խնդիրները քննարկել ՀՀ կառավարությունում եւ գիտությունների ակադեմիայում, նախապես Մեղրիում անցկացնելով իրավիճակի մասնագիտական եւ բազմակողմանի քննություն:

Սույն ուղերձն ընդունվել է Մեղրու ավագանու 2013թ. հունվարի 25--ի նիստում (ավագանու 9 անդամից նիստին մասնակցում էր  9 հոգի, որից ուղերձին  կողմ քվեարկեց 9 հոգի):

Մեղրու ավագանու անդամներ՝

Ադամյան Կարեն,. Բեգլարյան Մակար, Հայրապետյան Սուրեն, Հարությունյան Համիկ, Հովհաննիսյան Ալեքսան, Հովհաննիսյան Հարութ, Մարտիրոսյան Կոստանտ, Սարգսյան Շուշանիկ, Օհանյան Միքայել

Արշավիր Հովհաննիսյան, Մեղրու քաղաքապետ

25 հունվարի 2013թ.

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: