11/21/2018

Կապանը մերժեց Սերժ Սարգսյանին, իսկ Քաջարանն ու Սիսիանը կասկածի տակ առան նրա սյունիքյան գործելակերպը

Կապանը մերժեց Սերժ Սարգսյանին, իսկ Քաջարանն ու Սիսիանը կասկածի տակ առան նրա սյունիքյան գործելակերպը

Սյունիքի մարզկենտրոն Կապանը, որ Հայաստանի հարավ-արեւելքի ամենախոշոր քաղաքն է, որ Հայաստանի հանքարդյունաբերության մայրաքաղաքն է, փետրվարի 18-ին մերժեց Սերժ Սարգսյանին: Նրա օգտին քվեարկեց 7274 հոգի (42.1%), Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին` 9375 հոգի (54.3%): Փաստորեն առաջին անգամ (անկախության տարիներին) երկրի գործող նախագահը պարտություն կրեց Սյունիքի մարզկենտրոնում: Սերժ Սարգսյանի կապանյան պարտությունն ավելի ցայտուն է դառնում, երբ նրա օգտին տրված ձայների քանակը համեմատում ենք, ասենք, 2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր Վահե Հակոբյանի հավաքած ձայների հետ: Վերջինս Կապան քաղաքում հավաքել էր 11299 ձայն` 19943 ընտրողից: Քաղաքապետ Աշոտ Հայրապետյանն էլ 2012թ. սեպտեմբերի 9-ին ավելի շատ ձայն ունեցավ (10261` 17365 մասնակցից), քան Սերժ Սարգսյանն այս տարվա փետրվարի 18-ին:

Ինչո՞ւ այդպես ստացվեց. պատճառները շատ են, բայց առանձնացնենք մի քանիսը:

Նախ` փետրվարի 18-ի ընտրությունը, կարելի է ասել, համաժողովրդական յուրօրինակ հանրաքվե էր, որ պետք է պատասխան տար սկզբունքային մի հարցի` որքանո՞վ է մարզկենտրոնը վստահում տեղական իշխանություններին: Եվ Կապանը շատ հստակ պատասխանեց, որ չի վստահում տեղական իշխանություններին: Իմիջիայլոց, այդ անվստահությունը միանգամից չէ, որ ձեւավորվել է: Անկախության տարիներին Կապանը մի քանի անգամ հիշեցրել էր (հատկապես քաղաքական ու համապետական միջոցառումների ընթացքում), որ չի կարելի իր հետ անհարգալից լինել: Կապանն իշխող կուսակցությանը լրջորեն զգուշացրեց նաեւ 2012թ. մայիսի 6-ի ընտրություններին: Այդ ժամանակ ՀՀԿ-ին Կապան քաղաքում բաժին ընկավ 7435 ձայն (39%): Դա էլ այն դեպքում, երբ քվեարկությանն ավելի շատ մարդ էր մասնակցել` 19178 հոգի` առանց զինվորների: Իսկ դա նշանակում է, որ դեռեւս մեկ տարի առաջ ՀՀԿ-ն մարզկենտրոնի քաղաքական դաշտում զրկված էր մենաշնորհից: Իշխանությունները, սակայն, այդ հիշեցումներն ու իրողություններն արհամարհեցին եւ նոր սխալներ թույլ տվեցին:

Մարզպետարանի ստեղծման առաջին իսկ օրվանից, որքան էլ անհավատալի է, որդեգրվեց սատանայական մի կարգախոս` Սյունիքին (այդ թվում` Կապանին) անհրաժեշտ է «ուժեղ ձեռք»: Եվ այդ կարգախոսով (ու այդ կարգախոսի յուրօրինակ ընկալումով) առայսօր կառավարվում է Սյունիքը, այն Սյունիքը, որ ի սկզբանե եւ դարեր շարունակ խարսխվել էր հոգեւոր հենքի, քրիստոնեական արժեքների վրա: Իսկ ի՞նչ էր նշանակում «ուժեղ ձեռքի» քաղաքականություն Կապանում, եթե փորձենք հետադարձ հայացք ձգել մեր անցած ճանապարհին: Դա նշանակում էր` ա) պղծել անգամ քաղաքին մատակարարվող խմելու ջուրը (քանի որ այդ ջրով կարելի էր փող աշխատել), բ) քաղաքի անմիջական մերձակայքում ուրանի հանքեր որոնել, գ) շրջանի գյուղերը (ընդերքում հարստություն պարունակելու դեպքում) դարձնել հանքավայր, եթե նույնիսկ գյուղը սահմանադուռ է, ե) մարզկենտրոնը տարիներ շարունակ զրկել ԱԺ-ում պատգամավոր ունենալու հնարավորությունից, զ) մարզկենտրոնը զրկել սեփական կամքով քաղաքապետ ընտրելու հնարավորությունից, Է) հանրակրթական դպրոցները դարձնել ընտրական տեղամասերի օժանդակ հաստատություն, իսկ դպրոցի տնօրենների գնահատման միակ չափանիշը դարձնել ընտրական գործընթացներին նրանց մասնակցությունը, ը) ջրահավաք ավազանները (ե՛ւ խմելու, ե՛ւ ոռոգելի ջրերի), քրիստոնեական սրբավայրերը ծառայեցնել հանքարդյունաբերությանը…

«Ուժեղ ձեռքով» կառավարվող Սյունիքում ու հատկապես Կապանում, Քաջարանում ու Մեղրիում բնակչության շրջանում ժամանակի ընթացքում սկսեց նկատվել մի քանի հիվանդության աճ` մարդկանց մահացության աճին նպաստող, ծնելիության անկում, հաշմանդամության աճ, գյուղական բնակավայրերի հոգեվարք, արտագաղթ (դրանց վերաբերյալ քանիցս ներկայացվել են վիճակագրական տեղեկություններ):

Սյունիքի հանքարդյունաբերությունը, որ կազմում է մարզի տնտեսության մոտ 80%-ը, ամբողջովին հակադրվեց մարզի բնականոն զարգացմանը: Գործի դրվեց հարկահավաքության եւ շահույթի բաշխման այնպիսի համակարգ, որ հանքարդյունաբերական ձեռնարկություններից մարզի համայնքներում կատարվող ամենաչնչին ներդրումն անգամ հայտարարվեց սեփականատերերի բարի կամեցողության, հայրենասիրության, վեհանձնության դրսեւորում:

Եվ այդ ամենին զուգահեռ Սյունիքին տարիներ շարունակ պատվաստվում էր միանգամայն նոր արժեհամակարգ, սերմանվում էր միանգամայն նոր ավանդակարգ: Ինչպես քանիցս ենք նշել, երկրի բարձր իշխանավորները մարզին (նաեւ Կապանին) նայում էին բացառապես մի քանի ընտանիքի շահերի պատուհանից: Սյունիք ժամանելիս երկրի վարիչները բավարարվում էին Մաքսիմ Հակոբյանի կովերի, մեղվափեթակների, ոչխարի հոտերի, երշիկի, կաթի, քարի արտադրամասերի հաստոցների ֆոնին լուսանկարվելով, Քաջարանի պրոֆիլակտորիայում եւ մարզպետարանում նույն մարդկանց հետ ինչ-որ քննարկումների պատրանք ստեղծելով:

Կապանը ծաղրելու պետական քաղաքականությունը գագաթնակետին հասավ 2012-ի ՏԻՄ ընտրությունների ժամանակ: Կապանի գործող քաղաքապետ Արտուր Աթայանը, առայսօր անհայտ հանգամանքների դրդմամբ, զրկվեց համայնքի ղեկավարի ընտրությանը (որպես համայնքի ղեկավարի թեկնածու) մասնակցելու հնարավորությունից, ինչը դժգոհության աննախադեպ ալիք առաջացրեց: Հազարավոր մարդկանց համար (դրանից հետո) առաջին անգամ (այսպիսի սրությամբ) Կապանի արժանապատվության համար պայքարը դարձավ գերակա խնդիր:

Այդ ամենից հետո (թեեւ պատճառների թվարկումը կարող ենք շարունակել) պարզագույն հիմարություն կլիներ Կապանից ակնկալել հարգալից վերաբերմունք գործող վարչախմբի հանդեպ:

Ստեղծված վիճակը (որ կանխատեսելի էր բոլորի համար) չկարողացավ սթափ գնահատել միայն Սերժ Սարգսյանի տեղական ընտրական շտաբը, որի ձեւավորումն իսկ կատարվել էր կապանյան իրողություններն անտեսելով: Շտաբի կառավարումը վստահվեց Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանին, ով ընդամենը մի քանի ամիս առաջ խնդիրներ էր ունեցել կապանցի ընտրողի հետ, ինչի մասին հիշողությունը թարմ էր: Ըստ էության ինքը` Աշոտ Հայրապետյանը, չպետք է ստանձներ այդ դերակատարությունը եւ պետք է հասկանար, որ հաջողության դեպքում իրեն չի հասնի հաղթանակի դափնու մի շյուղ անգամ, իսկ պարտության դեպքում քավության նոխազի համար ինքն ամենահարմար թեկնածուն է լինելու, ինչպես եւ եղավ:

Կապանի (եւ ոչ միայն Կապանի) նախընտրական գործընթացների վրա դրական որեւէ ազդեցություն չունեցավ գործող նախագահի մարզային շտաբը: Մերժվածների եւ ծույլերի մի հսկա թանգարան հիշեցնող այդ կառույցն անգերազանցելի դեր խաղաց գործող նախագահին հանրությունից հեռացնելու, օտարելու անբարո գործում: Մարզային շտաբի պետ Մաքսիմ Հակոբյանը, բանսարկուների եւ զոմբիացված վարձկանների, յաբուների ու կարիերիստների բույլով շրջապատված ու շրջափակված, լավագույնս ապացուցեց, որ ինքը (այդպիսի գործելակերպով) սյունիքյան քաղաքական դաշտում այլեւս ոչինչ է ու չպահանջված: Իհարկե, նա կարող էր այդպիսին չլինել, ինչն ապացուցել էր նախորդ բազում ընտրություններում, բայց… Ընտրությունների նախապատրաստման ամենաթեժ օրերին լրատվամիջոցներին տված բոլոր հարցազրույցներից երեւում էր, որ նա ընդամենը մեկ հոգս ունի քաղաքական այդ թոհուբոհում. ապացուցել, որ իր եւ մարզպետի «բարեկամությունը» անկեղծ է ու հավերժական, ինչը, խոստովանենք, ոչ մեկին շատ վաղուց չէր հետաքրքրում: Դե համ էլ դա Վահեի ընտրությունը չէր, այլ` Սերժ Սարգսյանի…

Մոտ 120 աշխատակից ունեցող մարզպետարանն էլ ցույց տվեց, որ ինքը քաղաքական վճռական պահերին (առնվազն Կապանում) գործոն չէ: Կամ, միգուցե, մարզպետարանի աշխատակիցներն էլ այլեւս համաձայն չեն նախագահի սյունիքյան գործելակերպին:

Սերժ Սարգսյանի սյունիքյան (նաեւ կապանյան) թիմը նախընտրական քարոզչության օրերին զարմացրեց իր խեղճությամբ ու մտավոր սահմանափակությամբ: Չգտնվեց գոնե մեկը, որ դուրս գա հարթակ (նկատի ունենք հարթակի բոլոր տարբերակները) ու պարզ, մատչելի հայերենով ընտրողներին բացատրի-համոզի, թե ինչու պետք է փետրվարի 18-ին քվեարկել գործող նախագահի օգտին: Եվ այն ժամանակ, երբ հանրապետությունում առաջին անգամ բախվեցինք նախընտրական քարոզի ոչ ստանդարտ, ոչ ավանդական ձեւերի, Սերժ Սարգսյանի տեղական թիմը չկարողացավ ժամանակի հետ համահունչ քայլել: Նախընտրական պայքարի մեթոդները մնացին նույնը, ինչ ունեինք նախորդ 10-20 տարիներին. դպրոցի տնօրենին, գյուղապետին, սպիտակ խալաթից վաղուց օտարված բժշկին կանչում էին մարզպետարան, տնտեսվարող սուբյեկտների ղեկավարներին` Մաքսիմ Հակոբյանի կապանյան գրասենյակ, մանկապարտեզների վարիչներին` քաղաքապետարան… Եվ արդյունքում, գործող նախագահը, քաղաքական առումով, մնացել էր մենակ: Ապշեցնող էին իբր Սերժ Սարգսյանի օգտին քարոզչություն անողներից շատերի մտքերը: Օրինակ, Երեւանից Գորիս ժամանած մի դեգեներատ (ՀՀԿ կենտրոնական շտաբի գլխավոր քարոզիչներից էր) Գորիսի թատրոնի դահլիճում հավաքված հարյուրավոր ընտրողների այսպիսի կոչ արեց. «Ես ձեզ չեմ ասում գնացեք ու քվեարկեք Սերժ Սարգսյանի օգտին, ես ձեզ կոչ եմ անում` գնալ եւ մասնակցել քվեարկությանը, քվեարկեք` ինչպես կամենում եք, մնացյալի հետ դուք գործ չունեք»: Քարոզչական տեխնոլոգիաների նման «փայլատակումներ» երեւացին նաեւ Կապանի ու Սիսիանի երկնակամարում:

Անկախության տարիներին տեղի ունեցած նախագահական ընտրություններում առաջին անգամ Քաջարան քաղաքի ընտրազանգվածն այսչափ երկփեղկվեց: Գործող նախագահի գլխավոր մրցակիցն առաջին անգամ ստացավ այդ համայնքի քվեների 45.7%-ը: Սերժ Սարգսյանը Րաֆֆի Հովհաննիսյանին գերազանցեց 257 ձայնով եւ ստացավ վավեր քվեների 52.53%-ը: Սերժ Սարգսյանը, միաժամանակ, երեք տեղամասից մեկում պարտություն կրեց: Քաջարանում փետրվարի 18-ին տեղի ունեցածն առնվազն նշանակում է, որ կոմբինատի սեփականաշնորհման անվան տակ 2004թ. տեղի ունեցած կողոպուտից հետո ունեզրկված քաջարանցիներն առաջին անգամ արթնության նշաններ են ցույց տալիս: Քաջարանցիները 2008-ից ի վեր հույս էին փայփայում, որ Սերժ Սարգսյանը հետ կվերադարձնի մի քանի հոգու կողմից իրենցից գողացած 20% բաժնեմասը, բայց նրանց սպասելիքներն ի դերեւ եղան: Ընդհակառակը` Քաջարանի ասպատակներն ինտեգրվեցին նոր վարչախմբի հետ եւ ստացան նորանոր ինդուլգենցիաներ, որոնք, ի վերջո, ծառայեցվեցին ընդդեմ Սյունիքի: Անշուշտ, Քաջարանն իր վերջնական խոսքը դեռ ասելու է, քանի դեռ գողոնը չի վերադարձվել… Եվ այսպիսի տրամադրություններ ունեցող համայնքում, բնականաբար, չէր կարելի հարգալից վերաբերմունք ակնկալել իշխանությունների հանդեպ: Քաղաքապետ Վարդան Գեւորգյանի գլխավորած նախընտրական շտաբն էլ, եթե նույնիսկ շատ ցանկանային շտաբ հնարողները, չէր կարող որեւէ կապ ունենալ իրական Քաջարանի ու քաջարանցիների իրական մտահոգությունների հետ:

Իրադարձություններն ավելի դրամատիկ ընթացք ունեցան Սիսիանում: Այնտեղ, ըստ էության, Սերժ Սարգսյանի թիմակիցները պայքարում էին ոչ թե գործող նախագահի հաղթանակի, այլ միմյանց վարկաբեկելու համար: Եվ դա նրանց հաջողվեց: Սիսիանում այդպես էլ չգտնվեց մեկը, ում կարելի էր վստահել գործող նախագահի նախընտրական շտաբի ղեկավարումը: Ըստ որոշ սիսիանցիների` Սերժ Սարգսյանը Սիսիանում կարող էր 70%-ից ավելի ձայն ստանալ, եթե այնտեղ ընդհանրապես ընտրական շտաբեր չձեւավորվեին: Իսկապես, Սիսիանի բախտը ՀՀԿ-ի նախընտրական շտաբերի առումով չի բերում: 2012թ. մայիսի 6-ի ընտրությունների ժամանակ էլ ՀՀԿ-ի տեղական շտաբը փայլուն կերպով ապահովեց այդ կուսակցությունից մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորի թեկնածուի պարտությունը, ինչի համար շտաբի պատասխանատուն փետրվարի 18-ի քվեարկությունից առաջ ստացավ հերթական մեդալը: Մեդալների մասին… Սիսիանում լարվածությանը հավելյալ սրություն հաղորդեց քվեարկության նախօրյակին այնտեղ իրականացված մեդալների շաբաշը: Բանը նրան հասավ, որ ԵԿՄ-ի մեդալ տրվեց մի պսպղուն դասալիքի եւ ինքն իրենով լցված դատարկության: Դե իսկ արոտավայրերի շուրջ բռնկված աղմուկն էլ սիսիանցիներին ստիպեց էլ ավելի վերապահումով մոտենալ գործող իշխանությունների գործելակերպին: Նման պայմաններում նույնիսկ հաջողություն պետք է համարել իրողությունը, որ Սերժ Սարգսյանը կարողացավ յոթ տեղամասից գոնե չորսում հաղթանակ արձանագրել եւ ստանալ վավեր քվեների 51.6%ը (3690 քվե` 7295 մասնակցից): Փետրվարի 18-ի նախօրյակին սիսիանցիները չէին մոռացել (եւ չեն մոռանա) այն մանիպուլյացիան, որ տեղի ունեցավ 2012թ. սեպտեմբերի 9-ի ՏԻՄ ընտրությունների նախօրյակին: Այդ համայնքում, փաստորեն, ՀՀԿ-ն ԲՀԿ-ին վաճառեց քաղաքապետի պորտֆելը եւ թույլ չտվեց, որ արժանավոր սիսիանցիներն առաջադրվեն քաղաքապետի թեկնածու: Ի դեպ, ԲՀԿ-ի սիսիանյան մասնաճյուղի ղեկավարի ՀՀԿ-ամետ ակտիվությունը սովորական բլեֆ էր, ինչի վկայությունը շարքային ԲՀԿ-ականների մերժողական վերաբերմունքն էր Սերժ Սարգսյան թեկնածուի հանդեպ (ապացույցը` քվեարկության արդյունքները): ԲՀԿ-ական շարքերը նույն պահվածքն ունեցան նաեւ Կապանում, որի տեղական լիդերը նախընտրական օրերին հրապարակավ էր հավատարմության երդում տվել ՀՀԿ-ի մարզային շտաբին (այդ մասին գրվել է «Սյունյաց երկրի» 2013թ. հունվարի 31-ի համարում):

Սերժ Սարգսյանը պարտություն կրեց նաեւ Շաքե, Եղվարդ, Ծավ, Շրվենանց համայնքներում:

Մարզում որոշակի անակնկալներ գրանցվեցին ընտրողների եւ քվեարկության մասնակիցների թվաքանակում: Այսպես` 2012թ. մայիսի 6-ի ԱԺ ընտրություններում Սյունիքի մարզի ընտրողների թիվը 121636 էր, քվեարկությանը մասնակցածների թիվը` 87932 (72.09%): 2013թ. փետրվարի 18-ի ընտրությանը մարզի ընտրողների ընդհանուր թիվը դարձավ 109713, քվեարկությանը մասնակցածների թիվը` 71985 (ընտրողների ընդհանուր թվի 65.6%): Դա նշանակում է, որ 11923-ով պակասել էր ընտրողների թիվը, 15947-ով` քվեարկությանը մասնակցածների թիվը: Արտառոց այս թվերի վերաբերյալ ոչ ոք դեռեւս բացատրություն չի տվել: Հատկապես անհասկանալի է ընտրողների թվի նման նվազումը: Հարցի վերաբերյալ շատ թե քիչ հիմնավոր պարզաբանումներ չտվեցին նաեւ մարզի տարածքն ընդգրկող N37 ԸԸՀ-ի նախագահ Արմեն Ստեփանյանն ու N38 ԸԸՀ-ի նախագահ Սերգեյ Սարգսյանը: Լավատեղյակ որոշ աղբյուրներ, մինչդեռ, վկայում են, որ մարզում ընտրողների ընդհանուր թվի եւ քվեարկությանը մասնակցածների թվաքանակի էական նվազումը պայմանավորված էր զինվորականների մասնակցության սահմանափակմամբ: Քվեարկությանն այս անգամ մասնակցել են միայն մարզի տարածքում տեղաբաշխված զորամասերի զինվորականները, ինչը խրախուսելի քայլ պիտի համարել:

Այդ բոլորով հանդերձ` Սերժ Սարգսյանը փետրվարի 18-ին, համեմատած մյուս թեկնածուների, մարզում հավաքեց առավել շատ ձայներ` 45734 քվե (65.02%): Առավել բարձր ցուցանիշներ արձանագրվեցին գյուղական համայնքներում եւ Գորիս, Մեղրի, Ագարակ քաղաքներում: Գորիս քաղաքում քվեարկությանը մասնակացած 10505 ընտրողից (ընտրողների ընդհանուր թվի 62.2%) 71.5%-ը (7250 հոգի) քվեարկեց Սերժ Սարգսյանի օգտին: Մեղրիում քվեարկության մասնակիցների 67.72%-ը (1787 հոգի) նույնպես քվեարկեց հօգուտ գործող նախագահի: Մարզի քաղաքներից գործող նախագահի օգտին ամենաբարձր ցուցանիշը գրանցեց Ագարակը` 84.27% (2925 ընտրող): Գորիսում եւ Ագարակում ամեն ինչ, կարծեք, հասկանալի էր: Իսկ Մեղրիում… Մեղրին երկրորդ անգամ վստահեց քաղաքապետ Արշավիր Հովհաննիսյանին` ակնկալելով, որ նա համայնքի ու տարածաշրջանի ծով հիմնախնդիրներից գոնե մեկ-երկուսը կկարողանա լուծման հանգրվան հասցնել: Այո՛, անկախության բոլոր տարիներին իշխող քաղաքական ուժերի համար անհասանելի-աննվաճելի Մեղրին գիտակցական քայլ կատարեց: Մնում է սպասել, որ իշխանությունը, գոնե այս անգամ, անկեղծորեն կզբաղվի մեղրեցիների մտահոգություններով: Այդ սպասումների դրոշակակիրը պետք է լինի Արշավիր Հովհաննիսյանը…

Ահա այսպիսի իրողություններ արձանագրվեցին Սյունիքում 2013թ. փետրվարի 18-ին: Անշուշտ, Սերժ Սարգսյանը կարող է եւ ուշադրություն չդարձնել դրանց, ինչպես եւ վարվել է նախորդ տարիներին: Բայց անտարբերությունը, եթե շարունակություն ունենա, էլ ավելի կխորացնի իշխանություններից սյունեցիների օտարման բնական եւ օրինաչափ պրոցեսը, ինչի արդյունքում սյունիքյան հողը վերջնականապես կհոսի Սերժ Սարգսյանի ոտքերի տակից: Խոսքը, ըստ էության, կադրային փոփոխությունների մասին չէ սոսկ, այլ (նախեւառաջ) Սյունիքի հանդեպ պետական նոր քաղաքականություն որդեգրելու մասին:

Սերժ Սարգսյանը, ըստ էության, պարզագույն մի ճշմարտություն էլ պիտի իմանա: Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին հիմնականում քվեարկել են ոչ թե նրա գաղափարակիցներն ու զինակիցները, այլ գործող վարչախմբի հանդեպ ատելությամբ լցվածները: Եվ ուրեմն խնդիրը Ստեփան Դեմիրճյանի, Լեւոն Տեր-Պետրոսյանի, Գագիկ Ծառուկյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի մեջ չէ: Խնդիրը մի քանի հարյուր հազար ընտրողների մեջ է, որոնց արդարացի մտահոգությունների հետ պետք է լրջագույնս, անկեղծորեն եւ առանց հապաղելու հաշվի նստել:

Հ.Գ. …Որքա՜ն կուզենայինք, որ Սերժ Սարգսյանը փետրվարի 19-ին շնորհակալություն հայտներ ոչ թե իր թիմին, այլ բոլորիս` ամբողջ հայ ժողովրդին. չէ՞ որ երկրի առաջնորդի թիմն ամբողջ հայ ժողովուրդը պետք է լինի:

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: