09.20.2018
USD-482.44   EUR-564.6   RUB-7.28  

Անավարտ մենախոսություն

Անավարտ մենախոսություն

Մարտի 13-ին Արմո Մկրտչյանը (Սանդուց) կդառնար 66 տարեկան: Վաստակաշատ մանկավարժը նաեւ ստեղծագործում էր: Ընթերցողի սեղանին է դրել պատմվածքների եւ վիպակների երեք ժողովածու` «Համր սիրահարը», «Ցավ ես ծնում, մա՛րդ արարած», «Քսան տարին ունի երեք օր»: Ստորեւ ներկայացնում ենք մի հատված նրա «Անավարտ մենախոսություն» անտիպ պատմվածքից:

Ավտոբուսի մեջ կինը մտածում է. «Վերնագիրը պարտավորեցնող է։ Տեսնես ի՞նչ կա նրա տակ»:

Տանը ոչ ոք չկար։ Խորքի սենյակներից մեկում բացեց առաջին էջը։ Մենակ դա է հիշում։ Մնացածը կախարդանք էր, որ իրեն տանում էր, հուզմունք էր, որ տակն ու վրա էր անում, տառապանք էր, որ աչքերից դառը մշուշ էր քամում, ցավ էր, որին ճանաչում էր, անկեղծություն էր, որին հավատում էր, կորուստներ, որից մարդ խենթանալ կարող է, շուռ եկած ճակատագիր` քսան տարվա ապաշխարանք, գերմարդկային համբերություն, դառը հիշողության սուր-սայր պատառիկների անվերջ դաղոց, եւ այդ բոլորի վերջում` երեք օրվա` քսան տարի սպասված գերհզոր մի սեր....

Անհնար է պատկերել մի մարդու, ով այս ամենի բովով անցած ու անաղարտ մնացած լինի, ով մարդու դեմ չարացած չլինի, ով ճակատագրի գլխին անզորությունից բռունցքի հայհոյանք թափած չլինի...

Անհնար է։ Չեմ հավատում։ Թեպետ վառ օրինակը դեմս էր։ Ո՞վ ես դու, եթե ոչ Նիցշեի նշած ճանապարհով անցած մեկը. «Բարձրագույն զգացումների տեւականությունն է ստեղծում բարձրագույն մարդկանց»:

Հե՜յ, բարձրագո՛ւյն մարդ, դու լսո՞ւմ ես ինձ, հիմա ի՞նչ ես անում, շունչդ պահած կուչ ես եկել սպասումի մեջ, խոհերիդ հետ կռի՞վ ես անում, թե վայ թե ընթերցողը չհասկանա, չհավատա, վայ թե ծիծաղի, թե քեզնից ի՞նչ գրող, մանկավարժն էլ է քեզ շատ...

Կուչ մի՛ եկ, լսո՞ւմ ես, ի՞նչ ծիծաղել, աչքերս ուռել են արտասվելուց, տառապանքդ ճանաչեցի. նախանձեցի տառապանքիդ` ամենամեծ հարստությանդ, որը չի գնվում, չի բաժանվում, չի կողոպտվում։

...Ի՞նչ են մարդու արտաքինը, նրա պահվածքը, որ որոշեն` ով է նրանց տակ թաքնված...

Ի՞նչ գաղտնիք է ճնշում սիրտդ, ի՞նչ տառապանքից է ձուլված հոգիդ։ Սովորականի պես հաճախում ես դպրոց, խոսում դպրոցական հոգսերից, բոլորի հետ ապրում, շնչում, բայց համայնքի մեջ մեն-մենակ ես, տառապանքիդ ու քսան տարվա չապրած կյանքիդ բեռի հետ` մենակ...

Ես նույնությամբ մեջբերում եմ մյուս երկու պատմվածքներիդ մասին իմ խոհերը։

«Հենց նոր ընթերցեցի մյուս երկու պատմվածքները։ Է՛լ ավելի մեծացավ զարմանքս.

Այս մարդու տաղանդը սահմաններ չունի։ Ի˜նչ զգայուն պատմվածք է. ի՞նչ հոգեբան պետք է լինի, որ հասկանա օտարված Զաբել մորաքրոջ ապրումները, խոսի նրա հոգու հետ, վերադարձնի նրան դեպի իր ակունքները, արթնացնի ներսում արյան կանչը...

Այս մարդը բժիշկ է, փրկարար... ինչպիսի˜ մեծ սեր դեպի մարդը։ Զարմանքս է՛լ ավելի մեծացավ, երբ բացեցի երրորդ գիրքը։

Ո՞վ կարող է թափանցել մարդկային հոգու խորքը, նրա գաղտնիքների մեջ, ո՞վ կհանի նրան մենությունից... Ամենեւին էլ իր մասին չէր, թեպետ ամբողջովին ապրված նյութ էր` շատ ավելի հոգեհարազատ, անկեղծ, համոզիչ, ինչպիսի՜ բարձրարժեք փիլիսոփայություն, եզրահանգումներ, առաջարկներ, ինչպիսի՜ մենախոսություն, որ կարող է մարդկային հոգու հիմն լինել` արժանի միայն բարձր հնչելու...

Ապշած էի... Եվ այս մեծ փիլիսոփան ընդամենը մի շատ սովորական դպրոցի սովորական տնօրեն է...

Ես այսօր տեսա նրա աչքերն առաջին անգամ... եւ հասկացա, որ մարդիկ կույր են։ Միշտ են կույր։ Չեն տեսնում հոգին։ Եվ այդ թերությունը ծածկելու համար է, որ արհամարհանքի հետեւում են պահվում, գոռոզամտության պատնեշ են կառուցում, իրենց չտեսնելը չնայելուն վերագրում։

Մի՛ արհամարհեք, մի՛ բարձրացրեք ձեր քթները ոչ մեկի առաջ։ Դուք դեռ չգիտեք` ով է ձեր առաջ կանգնածը` բարձրագո՞ւյն է, թե՞...

Ով էլ որ լինի, անընթեռնելի է։ Հոգու մեջ ցավեցնող գաղտնիքներ կունենա եւ գաղտնի ցավեր կունենա… ժպտացե՛ք ու անցե՛ք։ Ուղղակի մտածե՛ք, որ ժպիտը բոլորին է սազում եւ ամենքին է անհրաժեշտ…

Մարդ փորձում է բարդ երեւալ եւ իր առաջ կապանքներ է դնում եւ ամբողջ կյանքում պայքարում այդ կապանքների դեմ` փոխանակ ապրելու։ Նրա հանդեպ բարի եղե՛ք եւ կօգնեք թոթափելու ամեն կաշկանդող բան»։

Այս մարդը սովորեցնում է մարդ մնալ բոլոր ժամանակներում:

Ես հաճույքով իջա իմ սառը բարձունքներից նրա առաջարկած հովիտը եւ զգացի ինձ շատ ավելի թեթեւ, վերածնվեցի ինձ շատ ավելի հոգեհարազատ մարդու հոգեբանությամբ։

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: