09.26.2018
USD-481.66   EUR-566.58   RUB-7.32  

Փլուզվել է Սեւաքարի եկեղեցին

Փլուզվել է Սեւաքարի եկեղեցին

Մարտի 9-ին մոտ ժամը 14.20-ի սահմաններում փլուզվել է Սեւաքար գյուղի եկեղեցին` Սբ Հռիփսիմեն, որը կառուցվել էր 1901թ. ու դրանից հետո մինչեւ օրս ոչ մի անգամ չէր վերանորոգվել: Մինչ փլուզվելը եկեղեցին մեծ ճաք է ունեցել, այնուհետեւ, տանիքի ձյունը հալվելուց հետո, խոնավությունից եկեղեցին ամբողջովին փլուզվել է: Տարիներով եկեղեցու տանիքը խոտածածկ է եղել, նույնիսկ թփեր են աճել, ու ոչ ոք այդ փաստին ուշադրություն չի դարձրել: Սեւաքարի գյուղապետ Արշավիր Հակոբյանը նշեց, որ քանի դեռ եկեղեցին միայն ճաքեր ուներ, վերանորոգելու համար դիմել է պատկան մարմիններին, բայց գրեթե բոլորն էլ պատասխանել են, որ պետք է հովանավոր լինի, որպեսզի եկեղեցին վերանորոգվի: «Փորձել եմ հովանավոր գտնել տարբեր ճանապարհներով, դիմել եմ մեր գյուղի հարուստ մարդկանց, բայց դրական պատասխան չեմ ստացել, ժամանակն էլ իր գործն արել է, հիմա արդեն վերանորոգելու կարիք չկա, եկեղեցու 80 տոկոսը փլուզվել է»,- ասում է Ա.Հակոբյանը: Եկեղեցու փլուզման հետեւանքով վնասվել են նաեւ մերձակայքում գտնվող տան դարպասը եւ ցանկապատը:

Մարտի 13-ին Սեւաքար գյուղ էր եկել ՀՀ մշակույթի նախարարության պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության հանձնաժողովը` հուշարձանների վերականգնման բաժնի պետ Դորվարդ Առուշանյանի ղեկավարությամբ: Հանձնաժողովում կային ներկայացուցիչներ ե՛ւ քաղաքաշինության նախարարությունից, ե՛ւ արտակարգ իրավիճակների նախարարությունից: «Պետք է վթարված հատվածներին ժամանակավոր ամրացում տանք, հետո հենակներ տեղադրենք, իհարկե, մասնագետների ներկայությամբ եւ նրանց խորհրդով, - ասաց Դ.Առուշանյանը: -Այնուհետեւ եկեղեցու քանդված բեկորները պետք է առանձնացվեն, համարակալվեն, չափագրվեն, պատվիրվի եկեղեցու վերականգնման նախագիծ»: Ի դեպ, մշակույթի նախարարության ներկայացուցիչը նշեց, որ իրենք տեղյակ էին եկեղեցու ճաքի մասին, բայց Հայաստանում կա 25 հազար 600 հուշարձան, որից 5-6 հազարը եկեղեցի, որոնց 80-90 տոկոսը գտնվում է անմխիթար վիճակում: Դա է պատճառը, որ հերթը Սբ Հռիփսիմե եկեղեցուն չհասավ, քանի որ պետությունը չունի այդքան միջոցներ, որպեսզի կարողանա վերանորոգել անմխիթար վիճակում գտնվող մեր պատմական հուշարձաններն ու եկեղեցիները:

Ի դեպ, գյուղացիների հավաստմամբ եկեղեցին մինչ փլուզվելը գործում էր, քահանա էին հրավիրում, ու գյուղի միջոցառումները հենց իրենց եկեղեցում էին կատարվում: Սբ Հռիփսիմե եկեղեցին վերականգնելու համար, ինչպես Դորվարդ Առուշանյանն է նշում, անհրաժեշտ է մոտ 100-150 մլն դրամ:

ԶԱՐԻՆԵ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: