09.18.2018
USD-484.37   EUR-565.5   RUB-7.15  

«Մենք այստեղ մեզ լավ ենք զգում»

«Մենք այստեղ մեզ լավ ենք զգում»

Լրանում է 30 տարին, ինչ գործում է «Հայաստանի կույրերի միավորման Կապանի ուսումնաարտադրական ձեռնարկություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, մասնագիտացված մի ձեռնարկություն, որն ի սկզբանե մարդասիրական առաքելություն ուներ` հանրօգուտ աշխատանքում ներգրավել տեսողությունից տարբեր կարգի հաշմանդամ մարդկանց: Կլոր տարեթիվն առիթ է փոքր-ինչ հետադարձ հայացք ձգելու նրա անցած ուղուն: Հիմնադրման տարում ձեռնարկությունն արտադրում էր մեկ-երկու արտադրատեսակ` ճոճացանցեր, որոնց առաքման աշխարհագրությունը շատ ավելի ընդգրկուն էր` Խորհրդային Միության 30-ից ավելի քաղաք, բանվորական ձեռնոցներ, միայն Ռոստովի մարզի գյուղատնտեսության համար` ամսական 34 հազար զույգ ձեռնոց էին կարում: Այնուհետեւ ձեռնարկությունը տարեցտարի թարմացրեց տեսականին` դրա թիվը հասցնելով տասը-տասներկուսի:

1985-ին ձեռնարկություն ոտք դրեց Գարսեւան Եղիազարյանը, անցավ արտադրության ղեկավարման սանդղահարթակի աստիճաններով, արդեն 17-րդ տարին է, ինչ ղեկավարում է կոլեկտիվը: «Սկզբում չափազանց դժվար էր, հարկավոր էր խորաթափանց ու նրբանկատ լինել, առողջությունը, մանավանդ տեսողությունը կորցրած մարդկանց համոզել, վստահություն ներշնչել, որ կարող են զբաղվել հանրօգուտ աշխատանքով», – վերհիշում է տնօրենը: Դժվարությամբ, բայց ստացվեց: Բայց ավելի վատթարը հետո պիտի գար: 1990-ական թվականների սկզբին փլուզվեց Խորհրդային Միությունը, դրա հետ էլ Հայաստանի ձեռնարկությունների` խորհրդային հանրապետությունների հետ ունեցած տնտեսական կապերը: Բացի այդ, երկաթուղու, ընդհանրապես հաղորդակցության ուղիների բացակայության պայմաններում հանրապետությունից դուրս արտադրանք արտահանելու եւ իրացնելու հավանականությունը հավասարվել էր զրոյի: Դժվարին օրեր ապրեց (եւ ոչ սակավ) այս ձեռնարկությունը, որն իր արտադրական հզորությունների մի փոքր մասն էր օգտագործում, բայց երբեք չփակեց դարպասները կամ չուշացրեց բանվորի աշխատավարձը: Եվ խոչ ու խութեր հաղթահարելով` այժմ հանրապետության մեկուկես տասնյակից ավելի նախկինում գործող համանման ձեռնարկություններից լիարժեք գործողներից մեկն է:

Մեր զրույցում տնօրենը նախ նշեց, որ արտադրության գործընթացում 20-25 մարդ է ընդգրկված, ապա` ներկայացրեց թողարկվող արտադրանքի տեսականին, դրանք են` բանվորական արտահագուստներ, սավաններ, ձեռնոցներ, խալաթներ, քսակներ (հանքաքարի նմուշների համար, «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲ ընկերության պատվերն է), մի խոսքով` այն ամենը, ինչ կապված է կարելու պրոցեսի հետ: Հումքի հայթայթման ու արտադրության կազմակերպմանն առնչվող խնդիրներ չեն ծագում, նեղ օղակն արտադրանքի իրացումն է: Բայց այս օղակում ուշագրավ մի հանգամանք կա` թողարկվող արտադրանքը ձեռնարկության պահեստում չի մնում: Հիմա կհարցնեք` ինչպե՞ս: Տնօրենի նախաձեռնության ու ձեռներեցության շնորհիվ: Սկզբունքն այն է, որ նախ` պատվիրատուներ են գտնում, հետո` արտադրում: Գ.Եղիազարյանը ցույց է տալիս գրառումներով լի քրքրված մի գրքույկ, որում հասցեներ եւ հեռախոսահամարներ են. «Ամեն շաբաթ բոլորի հետ հեռախոսազրույց եմ ունենում: Մենք ոչ մեկից դրամական ակնկալիք չունենք, օգնություն մի անգամ խնդրեցիր, երկու անգամ, մինչեւ ե՞րբ: Տարածաշրջանի հիմնարկ-ձեռնարկությունները մեզ օգնած կլինեն, եթե պարզապես պատվերներ տան, նաեւ հավաստիացնում եմ, որ որակի հարցում թող չկասկածեն: Առիթը բաց չեմ թողնում նշել այն կազմակերպություններին, որոնք հնարավորության սահմաններում պատվեր են տալիս` «Թունել» ԲԲԸ, «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ եւ այլն: Նաեւ հայտնեմ, որ կառավարությունը պահուստային ֆոնդից ձեռնարկությանը ֆինանսական հատկացում է անում, ինչը հնարավորություն է ստեղծում մեր արտադրանքի համար փոքրիշատե հարմար գին սահմանել»:

Տնօրենն անդրադարձավ նաեւ սերնդափոխության խնդրին, ակնարկելով, թե ձեռնարկության «հնաբնակներին» փոխարինելու ժամանակը մի օր զգալ է տալու իր մասին: Բայց նաեւ ցավ հայտնեց, որ երիտասարդներին ավելի ձգում է հեշտ ու հանգիստ աշխատանքը, քան կար ու ձեւ անելը կամ նյութական բարիքներ ստեղծելը. «Մարդիկ հետ են վարժվել աշխատելուց, բոլորն էլ ցանկանում են առանձնասենյակում աշխատել, երբ ուզեն` աշխատանքի ներկայանան ու տուն գնան, որ աշխատատեղում անհրաժեշտ ջերմություն լինի, այդ ամենին գումարած` բարձր աշխատավարձ ստանան, այդպես ո՞նց կլինի», – զարմանք է հայտնում գիտակցական կյանքն արտադրությունում անցկացրած մարդը:

«Կույր հաշմանդամությունը բոլորովին այլ բան է: Եթե մի հաշմանդամ տեղում նստած կարող է կոշիկ նորոգել կամ արեւածաղիկ վաճառել եւ մի կերպ գլուխը պահել, տեսողությունը կորցրած հաշմանդամը դա էլ չի կարող անել: Բայց ճիշտ ուղղություն տալով, վստահություն ներշնչելով` նրանց կարելի է ներգրավել հանրօգուտ աշխատանքի մեջ», – իր մտորումներն է հայտնում ձեռնարկության տնօրենը, եւ հավելում իրենց աջակցողների անունները: «Word Wision» բարեգործական կազմակերպության Կապանի տարածքային զարգացման ծրագիրը (ղեկավար` Սերգեյ Արզումանյան), նույն կազմակերպության Սիսիանի կառույցի ղեկավար Էմմա Կաջոյան, ով օգնություն է հատկացրել Սիսիանի եւ Գորիսի առաջին կարգի հաշմանդամներին, հայ ավետարանչական ընկերության Սյունիքի մարզային կառույցը (ներկայացուցիչ` Սարգիս Օչինյան, Կապանի կառույցը` ղեկավար Մհեր Շարբաթյան): Տնօրենն առանձնապես իր երախտագիտությունը հայտնեց «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության երկաթգծային արտադրամասի տնօրինությանը (տնօրեն` Մարտուն Հակոբյան), ով լուծել է ձեռնարկության աշխատակիցների տեղափոխության խնդիրը:

Լսեցինք նաեւ երկարամյա ու փորձառու աշխատողների խոսքը:

ՆԱԴԵԺԴԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ (տեսողությունից առաջին կարգի հաշմանդամ). «30 տարի առաջ էր, անսահման մեծ էր ուրախությունս, երբ տեղական ռադիոն հայտնեց, որ մեզ մոտ կույրերի եւ թույլ տեսնողների համար ձեռնարկություն է ստեղծվել, իսկույն անդամագրվեցի կոլեկտիվին: Աշխատանքում հիմնականում ներգրավված էին իմ ճակատագրի մարդիկ` տեսողությունից առաջին եւ երկրորդ կարգի հաշմանդամները: 1985թ. աշխատում եմ Գարսեւան Եղիազարյանի հետ, եւ ոչ միայն ես, այլեւ տեսողությունը վաղաժամ կորցրած մյուս աշխատողներն իրենց բնավ էլ լավ չէինք զգա, եթե մեր կողքին չլիներ բոլորիս հոգսերով եւ հուզող խնդիրներով ապրող նման մի մարդ»:

ԿԱՐԻՆԵ ԱՎԱԳՅԱՆ (տեսողությունից առաջին կարգի հաշմանդամ). «Գարսեւան Եղիազարյանը միշտ նեցուկ է եղել մեզ մեր ամենանեղ օրերին, զգայուն ու բարեհամբույր անձնավորություն է: Նրա նույնիսկ ամեն մի հեռախոսազանգը մեզ ուրախություն է պատճառում: Միշտ մեր ցավն իրենն է համարել եւ մեր հանդեպ գործել սրտի եւ խղճի մտոք: Մենք ձեռնարկությունում մեզ լավ ենք զգում, որովհետեւ ջերմ, մարդկային, նաեւ աշխատանքային մթնոլորտ է տիրում»:

Մի հանգամանքի մասին եւս չենք կարող չնշել, Հայաստանի կույրերի միավորումը տրամադրում է բրայլյան գրատիպով գրքեր ու ձայներիզներ, որոնցից օգտվում են կույր հաշմանդամները, արտաքին աշխարհի հետ նրանց հաղորդակցության միջոցներից մեկը:

Ձեռնարկությանը նվիրված մեր նախորդ հրապարակման մեջ («Արտադրության հետ նաեւ ուսուցում» («Սյունյաց երկիր», 30 հուլիսի` 2009թ.) գրել էինք, որ նախատեսվում է ձեռնարկությունում երեկոյան դպրոց բացել, որտեղ կուսուցանվեին հանրակրթական դպրոցներում դասավանդող առարկաները, բայց ավելի մատչելի տարբերակով, ընդ որում կույր հաշմանդամներն ուսուցում կստանային առանց տարիքային սահմանափակման` մինչեւ 55 տարեկան անձինք հնարավորություն կունենային լրացնելու ուսման պակասը: Այս անգամ լինելով ձեռնարկությունում` տնօրենից հետաքրքրվեցինք, թե մտահղացումն ինչ ընթացք ստացավ: Խնդիրը դրական լուծում չի ստացել, բայց նաեւ օրակարգից չի հանվել: Հույս ունեն, որ մի օր մտահղացումն իրականություն կդառնա:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

Հ.Գ. Տեղեկացանք, որ մարտի 16-ին լրացավ ձեռնարկության տնօրեն Գարսեւան Եղիազարյանի ծննդյան 55-ամյակը, ինչի առիթով «Սյունյաց երկիր» թերթի խմբագրակազմը սրտանց շնորհավորում եւ ամուր առողջություն, ընտանեկան ջերմություն եւ աշխատանքային հաջողություններ է մաղթում նրան:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: