11/19/2018

Քաղաքապետն անհիմն է համարում իր հրաժարականի մասին փետրվարի 18-ից հետո սկիզբ առած խոսակցությունը

Քաղաքապետն անհիմն է համարում իր հրաժարականի մասին փետրվարի 18-ից հետո սկիզբ առած խոսակցությունը

Փետրվարի 20-ին լրացավ Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանի պաշտոնավարման 100 օրը, ինչի առիթով փետրվարի 26-ին կազմակերպեց մամուլի ասուլիս, որի ընթացքում ամփոփեց քաղաքապետարանի կատարած աշխատանքը եւ խոսեց առաջիկա անելիքների մասին: Կատարված աշխատանքը, ըստ քաղաքապետի, հետեւյալ պատկերն ունի:

– 2012թ. նոյեմբերի 13-ի դրությամբ Կապան քաղաքային համայնքի բյուջեի գծով պարտքը կազմել է 81մլն 124 հազ. դրամ, որից ընթացիկ ծախսերի գծով` 66 մլն 543 հազ. դրամ, շինաշխատանքների գծով` 14մլն 581 հազ. դրամ: Դեկտեմբերի 28-ի դրությամբ մարվել է 44 մլն 364 հազ. դրամ, որից ընթացիկ ծախսերի գծով` 40մլն 258 հազ. դրամ, շինաշխատանքների գծով` 4 մլն 106 հազ. դրամ:

– Համայնքային բյուջեի եկամուտները նոյեմբերի 13-ի դրությամբ կազմել են 157 մլն 560 հազ. դրամ, կամ նախատեսվածի 65,3 տոկոսը: Մասնավորապես, հարկերի եւ տուրքերի գծով եկամուտները կազմել են 72 մլն 910 հազ. դրամ, կամ նախատեսվածի 67,3 տոկոսը: Ընթացիկ տարվա հունվարի 1-ի դրությամբ բյուջեի եկամուտները կազմել են 209 մլն 68 հազ. դրամ, որը կազմում է նախատեսվածի 88,3 տոկոսը: Մասնավորապես, հարկերի եւ տուրքերի գծով եկամուտները կազմել են 107 մլն 77 հազ. դրամ, կամ նախատեսվածի 98,9 տոկոսը:

2012թ. Կապան քաղաքային համայնքի բյուջեի եկամուտների գծով պլանավորումը կատարվել է ոչ ճիշտ: Որոշ եկամուտների պլանավորման ցուցանիշներն ուռճացված են, ինչն էականորեն ազդել է եկամուտների հավաքման ցուցանիշների վրա: Օրինակ` այլ եկամուտների գծով պլանը կազմել է 259,5 մլն դրամ, որի դիմաց հավաքվել է 168,2 մլն դրամ կամ նախատեսվածի 64,8 տոկոսն այն դեպքում, երբ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի վարձակալության եւ կառուցապատման իրավունքի տրամադրման առանձին պայմանագրերով նախատեսված գումարները` գանձումն անհուսալի համարելով, ավագանու որոշմամբ պակսեցվել են 4,2 մլն դրամով:

– Ուսումնասիրվել եւ համայնքի զարգացման 2013–2016թթ. քառամյա ծրագրում ներառվել են համայնքի բնակիչների համար առաջնահերթ լուծում պահանջող եւ համայնքի զարգացման հեռանկարն ապահովող հիմնախնդիրները:

– Իրականացվում է 28,6 մլն դրամ արժողության 4 ծրագիր` N12 ՆՈՒՀ-ի դահլիճի եւ խմբասենյակի (5,6 մլն դրամ), N6 ՆՈՒՀ–ի խոհանոցային բլոկի (8,8 մլն դրամ), N8 ՆՈՒՀ-ի ննջասենյակի եւ դասասենյակի (4,2մլն դրամ), N13 ՆՈՒՀ-ի ավագ խմբի ննջասենյակի, դասասենյակի եւ սանհանգույցի (9,9 մլն դրամ) նորոգման աշխատանքներ: Ծրագրերը հովանավորում է «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ-ն: Ընթացքի մեջ են նաեւ «Վորլդ վիժն» բարեգործական կազմակերպության միջոցներով իրականացվող Բաղաբերդ թաղամասի N2 ՆՈՒՀ-ի դահլիճի նորոգման աշխատանքները:

– «Կապան» բարեգործական հիմնադրամի միջոցներով` 5,5 մլն դրամ, տեղադրվում են քաղաքի մուտքը խորհրդանշող լուսային վահանակներ:

– Պետբյուջեից տրամադրված գումարներով նորոգվել են Վահանավանք տանող ճանապարհը (30 մլն դրամ) եւ քաղաքի Երկաթուղայինների փողոցը (95 մլն դրամ), նաեւ ներհամայնքային որոշ ճանապարհներ (53 մլն դրամ): «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի աջակցությամբ ընթացքի մեջ են քաղաքի ներհամայնքային ճանապարհների, բակերի հիմնանորոգման եւ ասֆալտապատման աշխատանքները: Պետբյուջեի միջոցներով (50 մլն դրամ) նախատեսված է նորոգել Կապան քաղաքի 6 բազմաբնակարան շենքի տանիք` ցինկապատ թիթեղով (Մ.Պապյան 8, 16, 22 շենքեր, Թումանյան 18 շենք, Ռ.Մելիքյան 6 շենք, Գ.ՆԺդեհ 20 շենք): Տանիքների նորոգման նախագծանախահաշվային աշխատանքներն արդեն ավարտվել են:

– Նորոգվել են մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի սանհանգույցները` 2,9 մլն դրամ գումարով, որից 1,9 մլն դրամ տրամադրվել է համայնքային բյուջեից, 1 մլն դրամը` «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ-ի կողմից:

– Համայնքի տարածքում բացահայտվել եւ արձանագրվել է ինքնակամ շինարարության 15 դեպք: Դրանք կանխարգելելու, կասեցնելու եւ հետեւանքները վերացնելու նպատակով կիրառվել է 6 վարչական տուգանք, մյուսների նկատմամբ վարչական վարույթ կիրառելու գործընթացը շարունակվում է:

– Նախապատրաստական աշխատանքներ են կատարվել Դավիթ Բեկ հրապարակի հարակից կամրջից մինչեւ Հ.Ավետիսյան փողոցի կամուրջ հատվածում մայթերի նորոգման, ծառատնկման եւ կանաչապատման համար: Իրականացվելիք ծրագրի նախահաշվային արժեքը մոտ 150 մլն դրամ է, որից 13,12 մլն դրամը կտրամադրվի պետբյուջեից, մնացածը` համայնքային բյուջեից եւ դոնոր կազմակերպությունների կողմից:

– Համաձայնություն է ձեռք բերվել «Քաունթերփարթ» միջազգային կազմակերպության հետ` համատեղ իրականացնել 3 ծրագիր: Դրանք են`

քաղաքապետարանում «Մեկ պատուհան» սկզբունքի եւ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության ներդրում (14.0 մլն դրամ),

Կապանի գեղարվեստի մանկապատանեկան դպրոցի համար ձեռք բերել մեկ հատ թրծման վառարան (3.9 մլն դրամ),

մարմնամարզության մարզադպրոցի պատուհանների նորոգում (14.0 մլն դրամ):

Ծրագրերից առաջին երկուսն արդեն հաստատվել են:

– Բնակիչների խնդրանքով Կապանում գործարկվել է միկրոավտոբուսային երկու նոր երթուղի` N9 եւ N10, որոնք իրականացնում են համապատասխանաբար Բաղաբերդ թաղամասի N2 ՆՈՒՀ-ի հարակից տարածքից մինչեւ «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ վարչական շենք եւ Շինարարների թաղամասի N2 շենքի հարակից հրապարակից մինչեւ Գործարանային փողոցի սկզբնամաս ուղերթերը:

– Գազիֆիկացվել է քաղաքի Վաչագան թաղամասը: Անհատական տներով բնակեցված այս թաղամասի համար դոնոր կազմակերպության միջոցներով դեռեւս 2010 թվականից կառուցվել էր գազատարը, սակայն տեխնիկական թերությունների պատճառով գազը մինչեւ թաղամաս չէր հասել: Աշխատանքները երեք տարի հետո ավարտին հասցվեցին Մոսկվայում գործող «Դավիթ-Բեկ» հայրենակցական միության ֆինանսական աջակցությամբ:

– Գիշերային լուսավորության բարելավման աշխատանքներ են կատարվել Մելիք-Ստեփանյան փողոցում` ավելացվել է գործող լապտերների թիվը: Բացի դրանից, Բաղաբուրջ թաղամասում անցկացվել է գիշերային լուսավորության համակարգ` տեղադրվել է 5 հատ նոր լապտեր:

– Բնակիչներից ստացված դիմումների համապատասխան քաղաքում հատվել է 20-ից ավելի ծառ, որոնք վտանգ էին ներկայացնում շենքերի, շինությունների համար: Հատումներից ստացված փայտը տրամադրվել է քաղաքապետարանին դիմած զոհված ազատամարտիկի կամ սոցիալապես անապահով 10 ընտանիքի` յուրաքանչյուրին 2 խոր. մետր: Ծառահատման աշխատանքներն ընթացքի մեջ են, որոնք կատարվում են բնապահպանների հետ համատեղ:

– Իրականացվում են թաղամասերից շինարարական աղբի հեռացման աշխատանքներ: Առայժմ աղբատարներն օրական կատարում են երկու ուղերթ: Մարտի 1-ից այդ գործընթացն ավելի ինտենսիվ կազմակերպելու նպատակով քաղաքապետարանը վարձակալել է մեկ աղբատար մեքենա եւս:

– Քաղաքի բարձրահարկ շենքերում առկա 157 վերելակից այսօր գործում է 135-ը: Ընթացիկ նորոգումներից (մինչ այժմ 3 հատ) բացի քաղաքապետարանը նախատեսել է հիմնանորոգել տասնյակ տարիներ շարունակ չաշխատող 22 վերելակ եւս: Այդ աշխատանքների համար ձեռք է բերվել եռակողմ պայմանավորվածություն` քաղաքապետարանի, համատիրության եւ «Վերելակ» արտադրական կազմակերպության միջեւ: Հստակեցվելու են նաեւ վերելակից օգտվելու համար բնակիչներից վճարների գանձումները: Նախատեսվում է ունենալ շրջիկ վերելակավարներ: Քաղաքապետարանի պատվերով վերելակները կենթարկվեն տեխնիկական զննման եւ կստանան շահագործման թույլտվություն:

– Քաղաքապետարանի ենթակայության «Կապանի վթարային-վերանորոգման ծառայություն» ՓԲԸ-ն կատարել է 675 հազ. դրամի աշխատանք` համայնքի ենթակառույցներում, բազմաբնակարան շենքերում, բնակարաններում:

– Քաղաքապետի մոտ կազմակերպվել է համայնքի բնակիչների անձնական հարցերով 2 ընդունելություն, որին մասնակցել է 76 քաղաքացի:

– Քաղաքապետարանը քաղաքացիներից ստացել է դրամական օգնություն ցուցաբերելու 185 դիմում, որից 153-ին տրվել է դրական պատասխան:

– Աշխատանքի տեղավորման նպատակով բնակիչներից ստացվել է 60 դիմում:

– Կազմակերպվել ու անցկացվել է համայնքային ծառայողի հերթական ատեստավորում, որին մասնակցած քաղաքապետարանի 22 աշխատակցից յուրաքանչյուրը համապատասխանել է իր զբաղեցրած պաշտոնին եւ շարունակում է աշխատել:

– Կազմակերպվել եւ անցկացվել են մի շարք մշակութային եւ սպորտային միջոցառումներ: Մասնավորապես, փետրվարի 15-ին համայնքը 5 անվանակարգում մասնակցել է Վանաձորում կայացած միջհամայնքային մշակութային երկրորդ ցուցահանդեսին` ArtExpo-ին, որտեղ «Կապանի ակումբագրադարանային միավորում» ՀՈԱԿ-ը «Լավազույն գրադարան» անվանակարգում արժանացել է առաջին մրցանակի:

Զեկույցի ավարտից հետո քաղաքապետը պատասխանեց լրագրողների հարցերին:

Խոսվեց նաեւ Կապանի օդանավակայանի հնարավոր շահագործման, Վահանավանք վանական համալիրի շրջակա տարածքը հանգստի գոտի դարձնելու, ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատման ծրագրերի մասին: Համայնքի զարգացման քառամյա ծրագրում ընդգրկվել են համայնքի բնակիչներին հուզող առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները. «Քառամյա զարգացման ծրագրում ընդգրկվել են այն խնդիրները, որոնց լուծումը ավելի տեսանելի ու ավելի օրախնդիր է, որոնք եղել են նաեւ իմ նախընտրական ծրագրում», – ասաց Ա.Հայրապետյանը: Աշխատանքի ընդունման խնդրով քաղաքապետարան է դիմել 60-ից ավելի բնակիչ, աշխատանքով ապահովվել է 17 մարդ:

Անդրադառնալով մեր այն հարցին, թե ինչպես է քաղաքապետը վերաբերում քաղաքապետարանի կողմից սոցիալապես անապահով բնակիչներին տրված դրամական օգնության նպատակահարմարությանը, այն դեպքում, երբ դրամական օգնության խնդրանքով դիմողները միջին տարիքի առողջ մարդիկ են, ովքեր կարող են աշխատել եւ գումար վաստակել, քաղաքապետը նշեց. «Իհարկե, որպես քաղաքացի, համաձայն եմ Ձեր կարծիքին, որ այդ 10 կամ 20 հազար դրամը ոչինչ չի փոխի, բայց որպես քաղաքապետ չեմ կարող այդպես մտածել: Եթե մարդը գալիս-հասնում է քաղաքապետարան` նշանակում է վիճակն արդեն իսկ լուրջ է: Հավելեմ նաեւ, որ ֆինանսական օգնություն տրամադրելու դիմումները քննարկվում են սոցիալական հանձնաժողովի նիստում»:

Իր հրաժարականի մասին ս.թ. փետրվարի 18-ից հետո սկիզբ առած խոսակցությունը քաղաքապետը համարեց անհիմն:

ԱՂԱՎՆԻ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: