11/20/2018

Ի՞նչ է կատարվում Ծավում

Ի՞նչ է կատարվում Ծավում

Ծավը մարզի այն համայնքներից է, որ 2013թ. փետրվարի 18-ին «ոչ» ասաց Սերժ Սարգսյանին: Նման դիրքորոշում արտահայտելու համար համայնքը, ըստ էության, ծանրակշիռ պատճառներ ուներ: Դրանցից մի քանիսը` ահավասիկ: 50 ընտանիք այդ գյուղում 1968թ. երկրաշարժից հետո (55 տարի շարունակ) բնակվում է փայտյա (մի մասը` վաղուց փտած եւ նեխած) տնակում: Մեղրի-Կապան այլընտրանքային ավտոմայրուղու կառուցման ժամանակ (ճանապարհը շահագործման հանձնվեց 2007-ին) 25 ընտանիքի սեփական հողամաս (վարելահող) օգտագործվեց պետական կարիքների համար եւ մինչեւ հիմա դրանցից 21 ընտանիքի փոխհատուցում չի տրվել: Գրեթե մեքենահարմար չէ Ծավ-Շիշկերտ ներհամայնքային 6կմ երկարությամբ ճանապարհը: «Գ.Արշակյան» ՍՊԸ-ն (սեփականատեր` Սիլվա Համբարձումյան), անգամ դատական ատյանների վճիռներից հետո, Ծավ համայնքին չի վճարում հողի վարձակալության 8 մլն դրամ գումարը: Գյուղաբնակն այնտեղ ունի գոյապահպանության պարզագույն խնդիր, ինչի պատճառով միայն վերջին հինգ տարում 25 ընտանիք է (80 բնակիչ) արտագաղթել հայրենի բնօրրանից, իսկ 20-30 հոգի (միջին թվով) ամեն տարի արտագնա աշխատանքի է մեկնում: Պարզվում է, որ անգամ Արցախյան պատերազմի տարիներին դրսում ապրող ծավեցիներից բազմաթիվ ընտանիքներ վերադարձել են հայրենի գյուղ, իսկ հիմա, երբ խաղաղություն է, մարդիկ թողնում են գյուղն ու հեռանում: Մազրայում երկրաբանական-հետախուզական աշխատանքների դադարի պատճառով եւս 15 հոգի պարապուրդի է մատնվել, թեեւ այնտեղ հանքարդյունահանում կազմակերպելու հեռանկարը ոչ միանշանակ է ընդունվում համայնքում: Ծավն էլ սյունիքյան այն համայնքներից է, որտեղ հողն այլեւս արտադրամիջոց չէ, գոյապահպանության միջոց չէ (նաեւ գյուղմեքենաներ չլինելու պատճառով):

Եվ այսպիսի հիմնախնդիրներով ծանրաբեռ Ծավը, անկեղծ լինենք, ինչո՞ւ պետք է քվեարկեր հօգուտ գործող նախագահի, մանավանդ որ նախընտրական քարոզի օրերին ոչ ոք ՀՀԿ-ի ընտրական շտաբից եւ ՀՀԿ-ի անվամբ ծպտվածներից չեկավ գյուղ ու մարդկանց չասաց` եկեք քվեարկենք Սերժ Սարգսյանի օգտին: Միգուցե գային, մարդկանց բացատրեին, խնդրեին, համոզեին… 2012թ. մայիսի 6-ին մի անլեզու եկավ Ծավ` նախկինում տված մի քանի մետր խողովակով փքված, եւ այդ գյուղում ստացավ 105 քվե ու դարձավ ԱԺ պատգամավոր: Սերժ Սարգսյանն էլ (իբր մի ամբողջ պետություն եւ մի իշխող կուսակցություն թիկունքին) 83 քվե ստացավ (այն էլ, ինչպես գյուղաբնակներն են վկայում, գյուղապետ Սեյրան Զաքարյանի (լուսանկարում) խնդրանքով ու հորդորով): Իսկ Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին քվեարկած 117 հոգին (դարձյալ ըստ գյուղաբնակների) գործող վարչախմբից հիասթափվածներն են եւ ընտրություններից հետո երկրում փոփոխություններ ակնկալողները:

Եվ այսպիսի քվեարկությունից երկու օր անց` փետրվարի 20-ին, գյուղի հետ կապված մի իրադարձություն տեղի ունեցավ, որը, անկախ կատարվածի բուն եւ իրական պատճառներից, հայտնի դարձավ ողջ հայ ժողովրդին ու համարվեց իշխանության արձագանք` Ծավի դրսեւորած ոչ ստանդարտ ընտրական վարքագծին: Սյունիքի մարզի դատախազությունում հարուցվեց քրեական գործ` այդ համայնքի ներկա եւ նախկին ղեկավարներ Սեյրան Զաքարյանի եւ Արարատ Մարտիրոսյանի կողմից դիտավորությամբ հողամասերի ինքնակամ զավթումը, շինության ինքնակամ կառուցումը չկասեցնելու, «Էներգացանցշին» ԲԲԸ (այս ընկերությունը «Ծավ» ՓՀԷԿ-ի սեփականատերն է) ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ: Րաֆֆի Հովհաննիսյանն էլ հետընտրական հանրահավաքներում քանիցս հնչեցրեց «Ծավի կենացը» եւ հայտնեց այն միտքը, որ քրեական գործի հարուցմամբ իշխանությունը փորձում է պատժել գյուղի ներկա եւ նախկին գյուղապետերին` իշխանության թեկնածուի օգտին անհրաժեշտ քվեներ չապահովելու համար: Գյուղապետ Սեյրան Զաքարյանը (ով այս քրգործի թիրախներից մեկն է), մինչդեռ, կարծում է, որ պատահական զուգադիպությամբ են ընտրության ավարտն ու քրեական գործի հարուցումը (երկու օր տարբերությամբ) համընկել իրար: Գյուղապետը, սակայն, չի կարողանում պատասխանել հարցին, թե ինչու «Ծավ» հէկի գլխամասային կառույցի զբաղեցրած հողատարածքի շուրջ երկու-երեք տարի շարունակվող տարաձայնությունների առիթով քրեական գործ է հարուցվում միայն հիմա: Սեյրան Զաքարյանը, բնականաբար, չի պատասխանում հարցին, թե ինչու Սյունիքի հակակոռուպցիոն կենտրոնի կողմից մարզի դատախազությանը 2012թ. նոյեմբերի 15-ին ներկայացված հաղորդմանը (հակառակ «Քրեական դատավարության օրենսգրքի» պահանջի) ընթացք է տրվել միայն ամիսներ անց:

Քրեական գործի հարուցման շարժառիթները համայնքի որոշ բնակիչներ տարակուսելի են համարում մեկ այլ պատճառով եւս: Իբր մի քանի տարվա բանակցություններից եւ դատական վիճաբանությունից հետո հողի սեփականատերն ու հէկի սեփականատերը հազիվհազ եկել են ընդհանուր հայտարարի եւ հողի զավթման խնդիրը, որպես այդպիսին, այլեւս, կարծեք, գոյություն չունի: Այլ ընկալում եւ իմաստ կունենար քրեական գործը, եթե այն հարուցվեր մինչեւ հողատիրոջ ու հէկի սեփականատիրոջ միջեւ համաձայնության կնքումը:

Ոմանք էլ ոչ երկրորդական են համարում հարցը, թե ինչպե՞ս, ի՞նչ հիմունքով է գործել «Ծավ» ՓՀԷԿ-ը, եթե հէկի գլխամասային կառույցն իրոք ապօրինի է: Կամ` եթե գլխամասային կառույցն ապօրինի է շինվել եւ վերջնականապես չի ընդունվել պատկան մարմինների կողմից, ապա ինչո՞ւ մի քանի տարի շարունակ այդ խնդրի շուրջ լռություն են պահպանել Սյունիքի մարզպետարանի համապատասխան վարչությունը (Արշակ Ուստաբաշյան) եւ ՀՀ քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժինը (պետ` Լեւոն Ներսիսյան):

Ծավում շրջանառվում է նաեւ մեկ այլ վարկած` իբր այդ ամենը փոքր հէկի բաժնեմասերի համար մղվող պայքարի մի նոր դրսեւորում է, ինչը կավարտվի «Ծավ» ՓՀԷԿ-ը «Էներգացանցշին» ԲԲԸ-ից առանձնանալով եւ իբրեւ ինքնուրույն իրավաբանական անձ (կոնկրետ բաժնետերերով) գրանցվելով: Եվ այդ ժամանակ կերեւա, թե ովքեր էին ստվերից ուղղորդում այս խառնաշփոթը:

 Բոլոր այդ հարցերին, ինչպես եւ բուն խնդրին` «Ծավ» հէկի կառուցման ժամանակ թույլ տրված օրինախախտումներին, մենք կանդրադառնանք: Իսկ առայժմ ընթերցողին ենք ներկայացնում Սյունիքի մարզի դատախազության մամլո հաղորդագրությունը` հարուցված քրեական գործի վերաբերյալ, ինչպես եւ Սյունիքի հակակոռուպցիոն կենտրոնի հաղորդումը (15 նոյեմբերի 2012թ.), որը հիմք է հանդիսացել քրեական գործ հարուցելու համար:

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: