09.18.2018
USD-484.37   EUR-565.5   RUB-7.15  

Սերժ Սարգսյանին խաբել են. Քաջարանում ամսական միջին աշխատավարձը 400 հազար դրամ չէ

Սերժ Սարգսյանին խաբել են. Քաջարանում ամսական միջին աշխատավարձը 400 հազար դրամ չէ

Մարտի 18-ին լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձ է կատարել նաեւ Քաջարան քաղաքում փետրվարի 18-ի քվեարկության արդյունքներին:

Նա մասնավորապես նշել է. «Ես կարող եմ բերել Քաջարանի օրինակը. Քաջարանում ես հաղթել եմ ձայների շատ քիչ տարբերությամբ: Քաջարանում միջին աշխատավարձը 400 հազար դրամից ավելին է: Այսինքն, գրեթե երեք անգամ ավելի, քան հանրապետության միջինն է: Քաջարանում գրեթե բոլորն աշխատանք ունեն: Քաջարանում շատ չեն քանդված փողոցները: Ի՞նչն է պատճառը: Ինչո՞ւ: Ուրեմն, այստեղ էլ այլ խնդիրներ կան: Այսինքն, այս ամբողջ ուսումնասիրություններն անելու համար անհրաժեշտ է ժամանակ, անհրաժեշտ են մարդկային ռեսուրսներ, անհրաժեշտ են մասնագետներ: Եվ մենք այդ ուսումնասիրությունը կատարելու ենք»: Թե ինչու Քաջարանում Սերժ Սարգսյանի քաղաքականությունը հավանության չի արժանացել՝ այդ հարցին արդեն պատասխանել ենք «Սյունյաց երկրի» 2013թ. փետրվարի 28-ի համարում տպագրված հոդվածում՝ «Կապանը մերժեց Սերժ Սարգսյանին, իսկ Քաջարանն ու Սիսիանը կասկածի տակ առան նրա սյունիքյան գործելակերպը»: Անհասկանալի է սակայն, թե ինչի՞ հիման վրա է հանրապետության նախագահը Քաջարանի միջին աշխատավարձը համարում 400 հազար դրամ: Ինքը՝ Մաքսիմ Հակոբյանն ամիսներ առաջ է հայտարարել. «Մեր միջին աշխատավարձն էսօր 237 հազար դրամ է», թեեւ դա էլ խիստ չափազանցված է: Առհասարակ Քաջարանի կոմբինատում ավանդաբար աղավաղում են ամսական միջին աշխատավարձի հաշվարկը՝ հանրությանը խաբելու համար, որպեսզի չերեւա կլանի ու ձրիակերների գվարդիայի անդամների՝ ամսական մի քանի մլն դրամի հասնող աշխատավարձի եւ իսկական լեռնագործների ցածր աշխատավարձի անտրամաբանական ու աներեւակայելի տարբերությունը: Այնպես որ Քաջարանի հանքագործների ամսական աշխատավարձը շատ ցածր է տնօրենի (էլ չենք ասում ՀՀ նախագահի) հայտարարած թվից: Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ ՀՀ նախագահի ընտրության նախօրյակին որոշ չափով կրճատվել է իսկական հանքագործների աշխատավարձը, ինչը դժգոհության հավելյալ պատճառ է հանդիսացել այդ համայնքում:

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: