11/21/2018

«Սիսական» հկ նախագահը նամակ է հղել Սերժ Սարգսյանին

Հայաստանի  Հանրապետության նախագահ
Սերժ Սարգսյանին

Պարոն նախագահ

Ինչպես լրատվական միջոցները, այնպես էլ հասարակության լայն շրջանները, նույնիսկ Ազգային ժողովը քննարկման-խոսակցության նյութ են դարձրել Սյունիքի մարզի եւ Իրանի Իսլամական Հանրապետության Արեւելյան Ատրպատական նահանգի գյուղատնտեսական ինչ-որ ընկերությունների եւ կոոպերատիվների միջեւ կնքված համաձայնագրերը, որոնցով նախատեսվում է ավելի քան 50 հազար հեկտար տրամադրել նրանց՝ որպես արոտավայր եւ առանձին տարածք՝ բնակկենցաղային նպատակների համար։ Այդ գործարքով, մեր կարծիքով, վտանգվում են երկրի հարավային դարպասի անվտանգությունն ու ծանր վիճակի մեջ հայտնված բնապահպանությունը։

Ինչպես Սյունիքի ողջ բնակչությունը, այնպես էլ մենք զարմացած ու տարակուսանքի մեջ ենք. դեռեւս պատերազմի ու շրջափակման մեջ գտնվող երկիրը, որին թշնամին առավոտից երեկո հոխորտում է պատերազմը վերսկսելու սպառնալիքով, ինչպե՞ս կարող է իրեն թույլ տալ սեփական տարածքներն ուրիշ երկրի վարձակալությամբ տրամադրել, թեկուզ այդ երկիրը լինի հարեւան Իրանը։ Բոլորին հայտնի է, թե ովքեր են Արեւելյան Ատրպատականի բնակիչները։ Բավական է մի քանի տասնյակ վրան, էլ չենք ասում շինություններ, որպեսզի «հոտը» մեկ-երկու տասնամյակում ծավալի իր «ոչխարային» առաքելությունը։ Այդ ո՞վ պետք է մեկ-երկու տասնամյակ հետո «հարեւան» խաշնարածներին դուրս հրավիրի իրենց «հիմնած» տուն ու տեղից։ Երկրորդը՝ այդ արոտավայրերն անհրաժեշտ են մի բռաչափ մեր երկրին, մնում է կարողանալ կազմակերպել դրանք սեփական ձեռքերով տնօրինելու՝ գուցե ոչ այնքան դյուրին գործը, որ պարտավոր են ձեռնարկել մարզի ղեկավարները եւ բնակիչները։ Թույլ տալ այդ գործարքի իրականացում՝ նշանակում է հաշտվել Սյունիքի մարզը վտանգելու մտքի հետ։ Հայոց մարզերին գործելու  ինքնուրույնություն  տալը,  անշուշտ,  լավ է, եթե խնդիր է դրվում մարզի շենացումը, աշխատատեղերի ստեղծումը։ Սակայն մեկ այլ բան է, որ այդ հնարավորությունը վեր է ածվում կասկածելի եւ անհեռանկար, էլ չենք ասում վտանգավոր գործարքների, որոնք առնչվում են արտերկրի, առավել եւս ազերիների հետ:

Մեր երկրի բոլոր մարզերն էլ իրենց առանձնահատկություններն ու առավելություններն ունեն։ Սյունիքը նրանց շարքում իր արժանի տեղն է գրավում։ Սյունիքն ուրիշ է. ուզում Ենք հիշեցնել մեր ոչ հեռավոր անցյալի լուսավոր դեմքերից մեկի՝ Մորուս Հասրաթյանի խոսքերը. «...Սյունիքը հայոց մի այնպիսի նշանավոր նահանգ է, որը շուրջ 2,5 հազար տարի հայոց աշխարհի բռունցքն է եղել, երկրի կրծքավանդակը հանդիսացող Արարատյան աշխարհի եւ պորտը դարձած Մուշի ու Վասպուրականի պահպանության համար սեղմված։ Մի նահանգ, որը 15 նահանգ ունեցող պատմական Հայաստանի բանակի գրեթե մի քառորդն է հանել պատերազմի դաշտ...»։ Մեր ժամանակների նժդեհյան Սյունիքը, Արցախի ազատամարտերի մասնակից Սյունիքն իր կյանքով ու պայքարով լիովին արժանացել է իր նախապապերի իրավահաջորդը լինելու պատվին։ Մնում է հուսալ, որ Ձեր կտրուկ միջամտությամբ վերջ կտրվի այն անհասկանալի երեւույթներին, որոնք ի հայտ են գալիս մեր մարզում՝  կապված արոտավայրերի հետ։

Սույն «Նամակն» ընդունվել է «Սիսական» հայրենակցական հասարակական կազմակերպության վարչության ընդլայնված նիստում։

Ժորա Խուրշուդյան
«Սիսական» հասարակական կազմակերպության նախագահ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: