09.20.2018
USD-482.44   EUR-564.6   RUB-7.28  

Իշխանությունն այդպես էլ չի կամենում իմանալ, թե ինչ է կատարվում Կապանում ու Քաջարանում

Իշխանությունն այդպես էլ չի կամենում իմանալ, թե ինչ է կատարվում Կապանում ու Քաջարանում

Ապրիլի 1-ին` ժամը 14-ի սահմաններում, Սիսիանի Սիսակ Նահապետի անունը կրող հրապարակում ավարտվեց Րաֆֆի Հովհաննիսյանի սյունիքյան հերթական այցելությունը: Նա Սիսիան էր ժամանել Գորիսից, որտեղ բնակիչները, փետրվարի 27-ի այցի համեմատ, ավելի ակտիվ ու անկաշկանդ էին Րաֆֆի Հովհաննիսյանի հետ շփումներում: «Յոթ աղբյուր» հուշարձանի մոտ մի խումբ երիտասարդներ «Բարեւ Հայաստան» կարգախոսով եւ «Հայաստան», «Գորիս, հաղթանակ» բացականչություններով դիմավորեցին Րաֆֆի Հովհաննիսյանին: «Ժառանգության» առաջնորդը, ինչպես նախորդ այցի ժամանակ, քայլում էր քաղաքի փողոցներով եւ մարդկանց ողջունում ու ողջագուրվում նրանց հետ: Գորիսեցիներից մեկը Րաֆֆի Հովհաննիսյանին հրավիրեց իրենց տուն, որի բակն էլ հըթանցս դարձավ նրա ասուլիսի վայր:

Րաֆֆի Հովհաննիսյանի սյունիքյան ներկա այցելությունը մեկնարկել էր մարզկենտրոնից: Ինչպես եւ հայտարարվել էր նախօրոք, Կապանի կենտրոնական հրապարակում տեղի ունեցավ նրա հետընտրական երրորդ հանրահավաքը: Առիթը լրագրող Սեդա Սավյանի հարցազրույցում, որ տեղի էր ունեցել փետրվարի 27-ին` Րաֆֆի Հովհաննիսյանի Կապան կատարած հետընտրական առաջին այցի ժամանակ, Սուրեն Խաչատրյանի մի քանի` այլեւս հայտնի արտահայտություններն էին: Հանրահավաքը վարում էր Զարուհի Փոստանջյանը, ով նախեւառաջ հայտարարեց, որ ոստիկանությունը (մարզային վարչության պետ Վախթանգ Ավագյանի հանձնարարությամբ) նկարահանումներ է կատարում, նկարում է մարդկանց դեմքը` հետագայում նրանց զրույցի հրավիրելու եւ վախեցնելու նպատակով: Բանախոսը կոչ արեց ոստիկանության ղեկավարին` զերծ մնալ նման քայլերից: Այնուհետեւ ելույթ ունեցան ոչ անհայտ Արկադի Վարդանյանը, կապանցի Հասմիկ Քոթանջյանը: Վերջինս հայտարարեց. «Ապրիլի 9-ին ինքս էլ` իմ երեխաների հետ գնալու եմ Երեւան` մասնակցելու նոր Հայաստանի ծննդին: Կոչ եմ անում, որ բոլորդ մասնակցեք այդ արարողությանը»: Այնուհետեւ ելույթ ունեցավ Րաֆֆի Հովհաննիսյանը, ում հարյուրավոր կապանցիներ դիմավորեցին ծափողջույններով (հանրահավաքին, փետրվարի 27-ի համեմատությամբ, ավելի քիչ մարդ էր մասնակցում. որոշ տեղեկություններով` մոտ 500 մարդ): Նա մասնավորապես հայտարարեց. «Պարոն մարզպետ, ես այստեղ եմ, եկեք Ձեր անելիքն արեք, ինչ հայտարարել էիք Ձեր հարցազրույցում»: Սուրեն Խաչատրյանը, իհարկե, չէր մասնակցում հանրահավաքին: Բայց դա չխանգարեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանն ու Զարուհի Փոստանջյանը նրան մի քանի հորդոր եւս ուղղեն: Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ ինքը փետրվարի 18-ին Սյունիքում ավելի շատ ձայն է ստացել, քան ներկայացված է պաշտոնական տեղեկատվությամբ:

Օրվա գլխավոր բանախոսը համերաշխություն հայտնեց բնապահպան Եղիա Ներսիսյանին, ում «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲ ընկերությունը դատի է տվել ընկերության մասին սուտ եւ վիրավորական արտահայտություններ տարածելու համար: Րաֆֆի Հովհաննիսյանն անդրադարձավ նաեւ «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերության գործունեությանը եւ մասնավորապես նշեց. «Աշխատավորների ստրկացում` աշխատատեղեր ստեղծելու անվան տակ, իսկ հիմա էլ աշխատավարձերի չվճարում. ահա թե ինչով են զբաղված այդ ձեռնարկությունում»:

Անդրադառնալով սյունիքյան բարքերին` բանախոսն ասաց. «Նժդեհի իրական ժառանգորդները նրա կենացը խմողները չեն, այստեղ ստում են` Նժդեհ ասելով, կեղծում են` Նժդեհ ասելով, թալանում են` Նժդեհ ասելով»:

Վերջում Րաֆֆի Հովհաննիսյանը կոչ արեց հավաքվածներին (նաեւ Գորիսի ու Սիսիանի հանդիպումներում). «Ապրիլի 9-ին, ժամը 11-ին մասնակցել նոր Հայաստանի երդմնակալության արարողությանը»:

Րաֆֆի Հովհաննիսյանի կապանյան հանրահավաքը կարող էր եւ ավարտվել միջադեպով, եթե ոստիկանները ժամանակին չկասեցնեին հրահրվող սադրանքն ու քաշքշոցը: Մի խումբ երիտասարդներ եւ անհայտ մի կին (ում կապանցիները կարծեք չէին ճանաչում, եւ ներկայացել էր որպես զոհված ազատամարտիկի մայր) բացականչում էին` «Րաֆֆի, հեռացի՛ր», ինչը տհաճությամբ ընդունեցին Րաֆֆի Հովհաննիսյանի կողմնակիցները: Դրանից հետո միայն ոստիկանության ներկայացուցիչը զգուշացրեց հանրահավաքի անօրինական լինելու մասին ու կոչ արեց հավաքվածներին` հեռանալ հրապարակից:

Կապանում, ինչպես եւ Սիսիանում, հանրահավաքներին զուգահեռ անց էր կացվում ստորագրահավաք: Բազմաթիվ մարդիկ դրանով իրենց համերաշխությունն էին հայտնում Րաֆֆի Հովհաննիսյանին: Դա էր նաեւ պատճառը, որ Րաֆֆի Հովհաննիսյանը մարզկենտրոնի հանդիպման վերջում հայտարարեց. «Կապանում մեռելոցը վեր ածվեց հարության տոնի»:

Րաֆֆի Հովհաննիսյանի սյունիքյան հետընտրական այցելությունները, այդ բոլորով հանդերձ, պարզագույն հարցերի առջեւ են կանգնեցնում մեզ: Այդ ինչպե՞ս է ստացվում, որ «Ժառանգության» մի ներկայացուցչի հրավեր-կոչով հարյուրավոր կապանցիներ են հավաքվում քաղաքի կենտրոնական հրապարակում եւ բուռն օվացիայով արձագանքում իշխանությունների հասցեին հնչող քննադատական ամեն մի խոսքի: Այդ ինչպե՞ս է ստացվում, որ Սերժ Սարգսյանի սյունիքյան թիմում չգտնվեց գոնե մեկը, որ գա, կանգնի Րաֆֆի Հովհաննիսյանի կամ Զարուհի Փոստանջյանի կողքին, դեմ առ դեմ բանավիճի նրանց հետ, ապացուցի հնչող քննադատությունների սնանկությունը (եթե, իհարկե, սնանկ են դրանք): Ի վերջո փետրվարի 18-ից հետո Կապանում տեղի ունեցած երեք հանրահավաքն էլ հետընտրական տրամաբանության դրսեւորում են, ուրեմնեւ՝ ո՞ւր են Սերժ Սարգսյանի սյունիքյան եւ կապանյան շտաբերի ղեկավարները: Մի՞թե այդ մարդիկ միայն լավ, խաղաղ օրերի, վայելքի պահերի համար են շտաբի պետ: Եվ, իհարկե, վերջին հարցը՝ ինչո՞ւ իշխանությունն այդպես էլ չի կամենում իմանալ, թե ինչ է կատարվում Կապանում ու Քաջարանում:

ԱՂՎԱՆԻ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: