09.20.2018
USD-483.62   EUR-565.59   RUB-7.22  

«Ամենատխուր օրս այն է եղել, երբ թողել եմ դպրոցը»

«Ամենատխուր օրս այն է եղել, երբ թողել եմ դպրոցը»

«Դպրոցն իր էությամբ ավանդապահ կառույց է, բայց վերջին երկու տասնամյակում այն դառը փորձությունների շատ ենթարկվեց, խարխլվեցին դպրոցի հիմքերը: Խորհրդային դպրոցը լավագույններից մեկն է եղել աշխարհում, աշակերտին բազմակողմանի կրթություն է տվել, նպաստել նրա ստեղծագործական կարողությունների զարգացմանը, ինքնուրույնության բացահայտմանը: Դա` իմ դասավանդած ժամանակ, իսկ հիմա` չգիտեմ», - իր մտորումներն է հայտնում Կապանի կրթության եւ դաստիարակության երախտավորներից մեկը` Վանյա Գալստյանը: Լրացել է վաստակաշատ մանկավարժի 80-ամյակը, եւ հոբելյանը պատեհ առիթ է արժեւորելու նրա կյանքի ուղին, որում ուսանելի եւ ընդօրինակելի բազում պահեր կան:

Հայրենի Մալդաշի (այժմ` Քաշունի), ապա Տանձավերի դպրոցներում է ստացել յոթնամյա կրթությունը: Մասնագիտական կրթություն ստանալու ձգտումը նրան Գորիսի մանկավարժական ուսումնարան տարավ: Դա 1948-ին էր, իսկ կրթօջախը գերազանցությամբ ավարտեց 1952 թվականին: Հեռավոր այդ տարիներին ստացած ուսման, ուսումնարանում դասավանդողների մասին տեղեկություններ ենք քաղում նրա նոթատետրից. «Գորիսն ուրիշ միջավայր էր, որ ուսման ծարավ գյուղական պատանիներիս տվեց խորը գիտելիքներ, համակողմանի զարգացում: Այդ ամենի համար մեծապես պարտական եմ ուսումնարանի խորագիտակ ուսուցիչներիս` Արամայիս Սարգսյան, հետագայում` ակադեմիկոս, Աշոտ Թելունց, հետո դարձավ «Լենինյան ուղիով» ամսագրի խմբագիր, Աշխեն եւ Սերոբ Բարխուդարյաններ, Անդրանիկ Բուդաղյան, Ռուբեն Գիչունց, Արտավազդ Յոլյան, ուրիշներ: Հատկապես պաշտել եմ Թելունց Աշոտին, ով տրամաբանություն եւ հոգեբանություն էր դասավանդում` իր միտքը հաստատելու համար օրինակներ բերելով եվրոպական գրականությունից: Առաջին անգամ նրանից եմ լսել Բալզակի անունը, գնացել Գորիսի քաղաքային գրադարան, որ ընթերցելու համար Բալզակի որեւէ գիրք տան: Ինձ հրամցրին «Հայր Գորիո» վիպակը: Եվ այսպես տեղի է ունեցել իմ ծանոթությունը եվրոպական գրականության հետ»:

Ուսումնարանն ավարտելուց հետո վերադարձել է տուն, մայրն ասել է` բավական է սովորես, հիմա էլ աշխատիր: Բայց Վանյան անդրդվելի էր, հիշում էր` մանկության տարիներին ինչպես էր հայրն ասում` թե կենդանի լինեմ, փափախս ծախելու եմ, քեզ բարձրագույն կրթության տամ: Այս անգամ էլ բուհավարտ դառնալու նկրտումը նրան նավթագործների քաղաք` Բաքու տարավ, ավելի ստույգ` այդ քաղաքի մանկավարժական ինստիտուտ: Նախապես ցանկություն ուներ տեխնիկական կրթություն ստանալ, բայց բուհի հայ դասախոսներից մեկի հորդորով ընտրեց բանասիրության բաժինը: Բուհը եւս ավարտել է գերազանցությամբ, կրթօջախի ղեկավարությունը երաշխավորել է ուսումը շարունակել ասպիրանտուրայում, սակայն ընտանեկան պայմաններն այլ բան էին հուշում: Եվս մեկ անգամ եմ թերթում նրա նոթատետրը.

«Հորիցս զրկվել եմ, երբ չորրորդ դասարանում էի սովորում, այդ օրվանից էլ ընտանիքի հոգսերի մի մասը ծանրացավ ուսերիս: Սովորելու տարիներին` ամառային արձակուրդի օրերին, աշխատել եմ կոլտնտեսությունում, կատարել ամեն տեսակի աշխատանք. հոտաղ եմ եղել, անասնապահ, հնձվոր, տրանսպորտի աշխատող: Սեփական ուժերով եմ կյանքիս ուղին հարթել: Ոչ մի բարեկամ կամ բարի քեռի ինձ չի հովանավորել»:

Կաթնառատի յոթնամյա դպրոցն է եղել նրա մանկավարժական գործունեության առաջին հանգրվանը, նախ` որպես մայրենիի ուսուցիչ, ապա` մեկ տարի աշխատելուց հետո` կրթօջախի տնօրեն: Լավագույն կադրին, որքան էլ ցավալի է, գյուղում երկար չեն պահում: 1962-ին տեղափոխում են Ողջիի միջնակարգ դպրոց, որտեղ իր խոստովանությամբ շատ բան է սովորել երջանկահիշատակ Ռուբեն Թադեւոսյանից (ՀԽՍՀ վաստակավոր ուսուցիչ): 1965-ին Քաջարանի Աջափնյակ թաղամասում նոր դպրոց հիմնվեց: Տնօրեն Արտաշես Կարապետյանը (հետագայում` Ղափանի կուսշրջկոմի քարտուղար) հրավիրեց դպրոց` որպես ուսմասվար: Երկամյա գործունեությունից հետո նշանակվեց եւ մինչեւ 2003-ը ղեկավարեց Քաջարանի Եղիշե Չարենցի անվան միջնակարգ դպրոցը: Առաջին քայլն է եղել կրթօջախը համալրել ունակ կադրերով, եւ դա հաջողվել է: Նաեւ եղել է Երեւանի դպրոցներում, ուսումնասիրել մայրաքաղաքի դպրոցների տնօրենների աշխատանքի փորձը, դասավանդման փորձի փոխանակման նպատակով եղել Ռիգայում եւ Տալլինում: «Ոմանց թվում է, թե կոպիտ եմ, ինչն իրականում այդպես չէ: Շատ զգայուն մարդ եմ, պարզապես միշտ զայրանում եմ, երբ ուսուցիչը զլանում է իր պարտականությունները հստակ կատարել, գլուխ է պահում, ինչպես կոլտնտեսության դաշտում աշխատելիս: Սիրում եմ մանկավարժի աշխատանքն ու իմ մասնագիտությունը: Ինձ համար գրավիչն այն է, որ աշակերտներիցս շատերի մեջ սեր ու հետաքրքրություն եմ առաջացրել հայոց լեզվի եւ գրականության, հատկապես պոեզիայի հանդեպ», – սա եւս մի պատառիկ է նրա նոթատետրից: Մեր զրույցի ընթացքում այս կամ այն միտքը հաստատելու համար անցնում էր ասմունքի, իր ասելով` իրեն ավելի սրտամոտ է Համո Սահյանի քնարերգությունը: Այնուհետեւ տեղեկանում ենք, որ նրա սաներից մի քանի տասնյակն ընտրել է հայոց լեզվի եւ գրականության ուսուցչի մասնագիտությունը, նրա երեք զավակից երկուսը եւս ընտրել է մանկավարժությունը:

Նրա ձայնը հնչել է նաեւ հանրապետության մանկավարժական ընթերցումների ժամանակ, արժանացել է ՀԽՍՀ մանկավարժական ընկերության ամենամյա մրցանակի, «Անբասիր աշխատանքի համար» մեդալի, «ԽՍՀՄ լուսավորության գերազանցիկ» եւ «Ստեղծագործական աշխատանքի համար» կրծքանշանների, ՀՀ կրթության եւ գիտության նախարարության շնորհակալագրին եւ այլ պարգեւների: Քաջարան քաղաքի պատվավոր քաղաքացի է (1999 թվականից): Թերթում եմ հանրապետության մանկավարժական ընկերության կազմակերպած ընթերցումների նյութերի ժողովածուն, որում տեղ է գտել Վանյա Գալստյանի հոդվածը` «Դպրոցի, ընտանիքի եւ հասարակայնության համագործակցությունը սովորողների կարգապահության ամրապնդման գործում»:

Չի կարելի ասել, թե մանկավարժի վաստակն աննկատ է մնացել: 1986-ին «Աշխատանքային կարմիր դրոշի» շքանշանով պարգեւատրվելուց հետո Աշտարակում բնակվող իր երբեմնի գործընկեր Արծրուն Ալեքսանյանը մի կարճ, բայց գնահատանքի խոսքերով լի նամակ է հղել. «Մեծարգո գործընկեր Վանյա Գալստյան: Խոնարհվում եմ վաստակիդ առջեւ, ի սրտե ցանկանում եմ անսպառ եռանդ, չխամրող բանականություն: Թող որ ստացածդ բարձր պարգեւի` «Կարմիր դրոշի» առիթով քեֆ սարքես, ինձ հեռակա թամադա համարիր: Դու մանկավարժական-ստեղծագործական բեղմնավոր ճանապարհ անցար, ինչպես նաեւ «Գանձասարում» ու «Բաղաբերդում» անքուն գիշերներ, որ անվտանգ, ռոմանտիկայով հագեցած լինի քո հարյուրավոր սաների ճամբարային առօրյան: Իրոք, իսկապես, ի ծնե մանկավարժ ես: Երիցս փառք քեզ, քո անցած երամ-երամ օրերին, որոնք պատմության էջեր կդառնան»:

Ի դեպ, քանի որ նամակում նշվեց «Գանձասարի» եւ «Բաղաբերդի» մասին, տեղին է ասել, որ մանկավարժ, տնօրեն, ստեղծագործող Վանյա Գալստյանի կյանքի մի զգալի մասը, ավելի ստույգ` 1963-ից 1991-ը կապված է եղել պիոներական ճամբարի հետ, 1968-ից աննշան ընդմիջումներով եղել է ճամբարի պետ, որ օրինակելիներից մեկն է եղել հանրապետությունում: «Երբ հանրապետական սեմինարի էի մասնակցում, առաջարկում էին պատմել, թե մեր ճամբարում ինչպես է հաջողվում ռոմանտիկ միջոցառումներ կազմակերպել, նրանք նաեւ չգիտեին, որ ճամբարում երկար տարիներ աշխատել եմ Ռոբերտ Գրիգորյանի (Էջանանցի) հետ, ով ճամբարականների հետ ռոմանտիկայով լի միջոցառումներ կազմակերպելու եւ անցկացնելու անփոխարինելի նախաձեռնողն ու ջատագովն էր: Իսկ մի հերթափոխի ժամանակ ճամբարային կյանքին մոտ 500 դպրոցական է մասնակցել, ովքեր վրաններում էին տեղավորվել, բայց ռոմանտիկայի պակաս չկար»:

Եվ այս ամենից հետո մեր հոդվածի հերոսը վաստակավորի կոչում չունի: Անսանք իր խոսքին. «Երկու անգամ անձնական թղթերս պահանջեցին հանրապետության վաստակավոր մանկավարժի կոչում շնորհելու համար: Առաջին անգամ շատ տարիներ առաջ էր, շրջանի ղեկավարությունն ասաց, թե այս անգամ կոչումը տանք ադրբեջանցու (այդպես էին խորհրդային ժամանակներում երկու հարեւան ազգերի միջեւ «հավասարակշռություն» պահպանում), հետո քեզ կներկայացնենք: Մյուս անգամ էլ Սյունիքի մարզպետարան ներայացրի թղթերս, երբ կոչում ստանալու ժամանակը եկավ, ասացին` թղթերդ կորել են: Սա է ինձ վաստակավորի կոչում շնորհելու ոդիսականը»:

– Եթե Ձեր կյանքը նորից սկսեիք, որ սխալը կսրբագրեիք, – դավադիր շեշտեր կրող հարց եմ ուղղում զրուցակցիս:

– Շատ բանի համար չեմ զղջում: Միշտ մտածել եմ դպրոցի մասին: Պատահել է` գիշերը մնացել եմ դպրոցում: Եթե նորից սկսեմ գործունեությունս, էլի ուսուցիչ կլինեմ:

– Այսպիսի մի ասույթ կա. «Մարդն այնքան տարիք ունի, որքան ինքն է զգում»: Ո՞ր տարիքում եք զգում Ձեզ:

– Որքան էլ չցանկանամ, ծերության տարիքում եմ զգում:

Ասում է եւ արտասանում Սիլվա Կապուտիկյանից.

Հարձակման է արդեն անցնում ծերությունը.

Սեւ մազերի սեւ գիշերում գաղտագողի

Ճերմակ դեսանտ է իջեցնում ծերությունը,

Շրջափակում սվիններով կնճիռների,

Աչքի լույսերն է հանգցնում ծերությունը:

– Մանկավարժության մեջ ո՞րն է եղել Ձեր հավատամքը, – անցնում եմ անմիջական հարցերի:

– Ես սիրում եւ հարգում եմ նրանց, ումից պահանջում եմ աշխատանք եւ կուլտուրա: Հայտնի մանկավարժ Մակարենկոյի խոսքերն են: Միշտ սիրել եմ մանկավարժներին, բայց նաեւ պահանջել եմ:

– Այսպիսի մի կարծիք կա, մանկավարժներ կան, ովքեր դպրոցի մոտով անցնելու իրավունք չունեն:

– Եթե ուսուցիչն իր մատուցած նյութով չի կարողանում գրավել դասարանը, նա իրավունք չունի դասասենյակ մտնելու: Ուսուցիչը շարունակում է խոսել, իսկ երեխան նրան չի ունկնդրում, ինչի՞ է նման:

– Ո՞րն է եղել Ձեր կյանքի ամենատխուր եւ ամենաուրախ օրը:

– Կյանքիս ամենատխուր օրն այն է եղել, երբ թողել եմ դպրոցը: Իմ կյանքի ուրախ օրերը միշտ կապված են եղել երեխաների կրթության եւ դաստիարակության հետ` դպրոցում, պիոներական ճամբարում, հեռավոր էքսկուրսիաների ժամանակ (Մոսկվա, Լենինգրադ, Կիեւ, Մինսկ, Բրեստ): Տեսարժան վայրերում ենք եղել, Մոսկվայում` Տրետյակովյան պատկերասրահում, Բորոդինոյի ճակատամարտի շրջապատկերը դիտել, Լենինգրադում այցելել ենք Էրմիտաժ, Պետրապավլովյան ամրոց, «Ավրորա» հածանավի վրա եղել, Բրեստում` հայտնի ամրոցում, որտեղ նաեւ կապանցիներ են մարտնչել: Այս ամենը տեսնելով, իմ սաներն անչափ տպավորվել են:

– Եղե՞լ է, որ պատժել եք աշակերտին, եւ ի՞նչ բնույթի է եղել պատիժը:

– Աշակերտին խստորեն պատժելու կողմնակից չեմ, պատիժը եղել է նկատողությունների տեսքով կամ դպրոցի երգիծական «Խայթ» թերթում արատավոր երեւույթի մասին մի հումորային ոտանավոր տպագրելով: Աշակերտի թույլ տված անկարգապահությունը երգիծանքի եւ հումորի միջոցով եմ փորձել վերացնել…

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: