09.20.2018
USD-483.62   EUR-565.59   RUB-7.22  

Հին ու միշտ նորոգ բարեկամության գեղեցիկ դեմքը...

Հին ու միշտ նորոգ բարեկամության գեղեցիկ դեմքը...

Գագիկ Դավթյանի գրքերի շնորհանդեսը Թբիլիսիում

Հայ-վրացական բազմադարյա բարեկամության ոսկե մատյանը համալրվեց եւս մեկ էջով եւ այն այս անգամ էլ, ինչպես շատ հաճախ, զարդարվեց մեր ժողովուրդների գրական օրավուր զարգացող առնչությունների մի գեղեցիկ դրվագով:

Մարտի 22-ին, Թբիլիսիում, Վրաստանի մշակույթի եւ հուշարձանների պահպանության նախարարության հանդիսությունների դահլիճում կայացավ հայ անվանի բանաստեղծ, թարգմանիչ, մի շարք գրական մրցանակների դափնեկիր Գագիկ Դավթյանի վրացերեն «Բաց նամակ» բանաստեղծական ժողովածուի եւ իր թարգմանությամբ «Ուղեկիցներս Քարթլոսի տնից» վրացական արդի պոեզիայի նոր անթոլոգիայի շնորհանդեսը:

Ներկա էին Վրաստանի մշակույթի եւ հուշարձանների պահպանության նախարար Գուրամ Օդիշարիան, պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Վրաստանում ՀՀ արտակարգ ու լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը, Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Վրաստանի նախագահի խորհրդական, «Վրաստան» հայալեզու թերթի խմբագիր Վան Բայբուրթը, երկու երկրի գրողների միության նախագահներ Մաղվալա Գոնաշվիլին ու Լեւոն Անանյանը, հայ եւ վրացի գրողներ, մտավորականության ու հոգեւոր դասի ներկայացուցիչներ, լրագրողներ:

Շնորհանդեսը բացեց ու Գագիկ Դավթյանի ստեղծագործական ուղու, վրաց գրողական ընտանիքի հետ նրա սերտ ու բարեկամական կապերի մասին խոսեց Վրաստանի մշակույթի նախարար, բանաստեղծ Գուրամ Օդիշարիան` կարեւորելով նման հրատարակությունների, հանդիպումների, շփումների դերը ազգերի մերձեցման, փոխճանաչողության, ավանդույթների պահպանման, դրանք սերունդներին կտակելու գործում: «Ավանդույթները շարունակվում են, եւ հաճելի է, որ այս ուղղությամբ համագործակցում են մեր գրողների միություններն ու նախարարությունները, եւ արդյունքում ծնվում ու իրագործվում են ոչ մեկ կամ մի քանի ծրագրեր ու նախագծեր: Այսօրվա բազմամարդ շնորհանդեսը պոեզիայի ու բարեկամության տոն է, եւ անուրանալի հավատչյան այս ամուր կապի», – ընդգծեց նա` երախտիքի իր խոսքը հղելով Գագիկ Դավթյանին, ժողովածուի թարգմանիչներին (Մ. Գոնաշվիլի, Գ.Շահնազար, Բ.Արաբուլի, Վ.Խարչիլավա, Վ.Խորնաուլի, Գ.Պիրվելի, Մ.Կեզուա), «Մերանի» հրատարակչությանը, ինչպես նաեւ Վրաստանի գրողների միությանը` ծրագրին ու տպագրությանն աջակցելու համար:

Վրաստանում ՀՀ դեսպանը բարձր գնահատեց գրականության դերը ժողովուրդների մերձեցման գործում, ընդգծելով, որ Գագիկ Դավթյանի թե վրացերեն գիրքը, թե վրացական պոեզիայի իր նոր անթոլոգիան խոսուն վկայությունն են այդ իրողության ու իսկապես արժանի են մեծ գնահատանքի: Նա հատուկ շնորհակալություն հայտնեց Վրաստանի մշակույթի նախարարությանն ու գրողների միությանը:

Օրվա խորհրդին ջերմորեն անդրադարձան ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, հռչակավոր արձակագիր Ռեվազ Միշվելաձեն, Վրաստանի մշակույթի փոխնախարար Մարիմնա Միզանդարին:

ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանը հանգամանալից ներկայացրեց Գագիկ Դավթյան տաղանդավոր բանաստեղծին, հիանալի թարգմանչին ու տոհմիկ հայորդուն` մեջբերելով Մեծն Պարույր Սեւակի խոսքերը` «Եկեք հիշենք Գագիկ Դավթյան անուն-ազգանունը (այսինքն` կարդանք նրա գրածները) եւ դրանով իսկ ստիպենք շնորհալի երիտասարդին արդարացնելու իմ եւ ձեր հույսերը», հավելելով, որ վաղուց արդեն նա իր արժանի տեղն ունի արդի հայ գրականության մեջ: Նա նշեց նաեւ այն հեղինակներին, ում թարգմանել է Դավթյանը. Լիվադիտիս, Թագոր, Դիկտոնիուս, Բյոռնս, Պուշկին, Լերմոնտով, Ֆետ, Բլոկ, Բիտով, Լյուբիցա Միլետիչ... ավելի քան 50 հեղինակ, որից երեսունը` վրացի... «Այս շնորհանդեսին էլ, - ասաց Լ.Անանյանը, - Գագիկը դատարկ ձեռքերով չի եկել. նա բերել է «Ուղեկիցներս Քարթլոսի տնից» անթոլոգիան, որում տեղ է գտել արդի վրացական պոեզիայից իր թարգմանությունների մի փոքր մասը` սքանչելի հայերենով»:

Հուզիչ էր Վրաստանի գրողների միության նախագահ, վրացերեն գրքի առաջաբանի հեղինակ ` բանաստեղծուհի Մաղվալա Գոնաշվիլու խոսքը: Նա ջերմորեն շնորհավորելով հին ու մտերիմ գրչընկերոջը, ով նաեւ իր «Արեւի արցունքը» հայերեն գրքի թարգմանության հեղինակն է, հույս հայտնեց, որ Գագիկ Դավթյանի ժողովածուի բանաստեղծական «նամակները» կհասնեն վրաց ընթերցողների սրտերին, կդյութեն ու նաեւ խորհել կտան մեր կյանքի շատ ու շատ անցանկալի հիմնախնդիրների շուրջ:

Ռուսթավելու ընկերության նախագահ, գրող Դավիթ Շեմոքմեդելին Գագիկ Դավթյանին հանձնեց ընկերության Դավիթ Գուրամիշվիլու անվան մրցանակը` հայ եւ վրաց մշակույթների դարավոր կապերի ամրապնդման գործում մեծ վաստակի համար:

Բանաստեղծի տասնամյակների գործունեությունը բարձր գնահատեց անվանի թարգմանիչ Գիվի Շահնազարը, ով հանգամանալից խոսեց Դավթյանի քաղաքացիական նկարագրի, նրա բարձրարվեստ բանաստեղծական ու թարգմանական աշխարհի մասին` ընթերցելով հատվածներ գրքից:

Վերջում, ներկաներին իր շնորհակալության ու երախտիքի խոսքը հղեց Գագիկ Դավթյանը: Գեղեցիկ ու հուզիչ էր նրա խոսքը` իսկական բարեկամի, սրտացավ, նվիրյալ հարազատի խոսք, նվիրում, որի ակունքները գալիս են հեռավոր 80-ականներից, երբ ինքն առաջին անգամ այցելեց Վրաստան` որպես պոեզիայի համամիութենական փառատոնի մասնակից, արժանացավ Վ.Մայակովսկու անվան մրցանակին, ծանոթացավ իր վրացի գրչընկերների հետ ու սիրեց նրանց, նրանց խոսքն ու գիրը, նրանց պատմությունն ու սքանչելի երկիրը: «Ես դեռ չէի հասցրել ուշքի գալ, – ասաց Դավթյանը, – երբ Թբիլիսիում լույս տեսավ իմ առաջին վրացերեն գիրքը: Եվ սկսվեց մեր գրական ֆուտբոլը: Ես հրատարակեցի վրաց իմ սերնդակիցների առաջին հայերեն անթոլոգիան` «Սիրո ժառանգորդները»...Հետո էլի հայերեն գրքեր եւ հիմա էլ ` ահա իմ երկրորդը` վրացերեն ...Մեր հաշիվն այսօր 4:4 է.. Հաջորդ գոլը ով կխփի, անհայտ է, սակայն պարզ է` այս ֆուտբոլը կշարունակվի...»:

Բարձր գնահատելով վրաց արդի պոեզիան, եւ օրը երջանիկ համարելով ոչ միայն իր համար, Գագիկ Դավթյանը խոսքն ավարտեց` հրապարակելով 25-ամյա վաղեմության մի ջերմ նամակ, որի հեղինակը Վրաստանի մշակույթի նորանշանակ նախարար, բանաստեղծ Գուրամ Օդիշարիան է...Այն գրվել է հայոց երկրաշարժից մի քանի օր անց եւ ավելի քան խոսուն է` ճշմարիտ ու հին բարեկամությունը երբեք չի խամրում...Ահա այն.

«Իմ սիրելի Գագիկ ...Քո ժողովրդի ցավն իմ ժողովրդի ցավն է ... Հենց իմացա Հայաստանին պատուհասած ողբերգության մասին, ես անմիջապես քեզ հիշեցի, սակայն չգիտես ինչու, վախենում էի գրել: Հուսամ, որ այն սարսափելի օրը` դեկտեմբերի 7-ին, դու մտերիմ ազգականներ, ընկերներ չես կորցրել, սակայն եթե դա այդպես է, ապա իմացիր, այնտեղ, ուր հեղվում են քո արցունքները, այնտեղ ես էլ եմ լալիս: Պինդ կաց, արիացիր: Եթե որոշես, արի Սուխումի... Հիշիր,այստեղ դու եղբայր ունես, որ սպասում է քեզ:

Գրկում եմ: Քո` Գուրամ Օդիշարիա: Սուխումի: 15 դեկտեմբերի, 1988»:

Հուզվեցին բոլորը եւ բոլորից ավելի` նամակի հեղինակը:

Մեկնաբանություններն, ինչպես ասում են` ավելորդ են:

ԱՆԱՀԻՏ ԲՈՍՏԱՆՋՅԱՆ
Բանաստեղծուհի, թարգմանիչ, «ԿԱՄՈՒՐՋ» տարեգրքի գլխավոր խմբագիր

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: