11/21/2018

«Եթե ջուր լիներ...»

«Եթե ջուր լիներ...»

«Սյունյաց երկիրը» շարունակում է հետամուտ լինել մարզի սահմանամերձ գյուղերի հոգսերին եւ հիմնախնդիրներին, շոշափել գյուղի զարկերակը, այն է` ինչով է շնչում ու ապրում գյուղաբնակը:

Այս անգամ երկար ճանապարհը մեզ Մեղրու տարածաշրջանի Նռնաձոր գյուղ տարավ: Մարզկենտրոնից 108 եւ Մեղրի քաղաքից 30կմ հեռավորությամբ գտնվող սահմանամերձ այս բնակավայրը վարչական տարածքով մարզի ամենախոշոր համայնքներից է: Մինչեւ 1988-ը բնակեցված է եղել ադրբեջանցիներով: Մինչեւ գյուղը մտնելը` ցույց են տալիս ասֆալտապատ ճանապարհը, որն Ադրբեջանի կողմից կառուցվել էր խորհրդային տարիներին: Եվ դեռ մտադրություն ունեին այն հասցնել մինչեւ Մեղրի եւ Նախիջեւան: Միայն Կարեն Դեմիրճյանի հեռատես քաղաքականության շնորհիվ ճանապարհի հետագա կառուցումը դադարեցվեց, քանի որ Մեղրու շրջանի ժողովրդագրական պատկերը փոխելու հեռագնա նպատակ էր հետապնդվում:

Ինչեւէ, հայ-ադրբեջանական հակամարտության հետքերը տակավին գյուղում ցայսօր մնացել են` ավերված ու կիսաքանդ տներ: Մեր «բարեկամների» հեռանալուց հետո 1989-1993 թվականներին վերաբնակեցվել է Ադրբեջանից բռնագաղթած (18 ընտանիք` Շահումյանի շրջանի հայտնի Գետաշեն գյուղից, երկուսը` Գանձակից) եւ Հայաստանի այլ բնակավայրերից եկած հայ ընտանիքներով: Նռան այգիներով նշանավոր այս գյուղը թոթափել է Նյուվադի օտարահունչ անվանումը, եւ երբ պատահաբար օգտագործում ես Նյուվադի, շատ քաղաքավարի ուղղում են` Նռնաձոր:

Այսօր փաստացի 174 մարդ է բնակվում գյուղում, հաշվառված է 144-ը, ընդհանուր առմամբ` 45 ընտանիք: Ցավոք, վերաբնակեցված համայնքից եւս արտագաղթ է լինում: Գյուղապետ Մկրտիչ Մկրտչյանը, ով պաշտոնավարում է 2006թ. օգոստոսի 1-ից, թվարկում է վերջերս Նռնաձորից հեռացածներին. երեք ընտանիք մեկնել է Բյուրեղավան, մեկը` Քաջարան, մյուսը` Ռուսաստան, եւս մեկը` Քաշաթաղի շրջան: Եվ ափսոսանք է հայտնում, որ գյուղից ծնողների հետ հեռացել են երեխաներ, ովքեր Նռնաձորի վաղվա օրը պիտի լինեին:

Համայնքը մի քանի առանձնահատկություններ ունի. նախ այն սկսվում է ծովի մակարդակից 370մ բարձրությունից եւ ավարտվում 2300մ բարձրությամբ եւ ըստ այդմ` ներառում է կլիմայական երեք գոտի` մերձարեւադարձային, արեւադարձային, ալպիական: Գյուղի մասին մի տեղեկանքում ընթերցում ենք, որ համայնքի գյուղատնտեսական գործունեության հիմնական ուղղություններն են անասնապահությունն ու դաշտավարությունը: Բայց, ինչպես ծանոթանում ենք տեղում, նռնաձորցիների հիմնական զբաղմունքը պտղաբուծությունն է, հիմնականում նուռ են արտադրում, մի քիչ էլ` թուզ ու խաղող: «Իսկ բանջարաբոստանային մշակաբույսե՞րը», – կհարցնի փոքր-ինչ ուշադիր ընթերցողը: Ոռոգման ջուրն ամռան տապին աղետալիորեն չի բավականացնում, ուստի նույնիսկ տնամերձերում մեծ խնդիր է կանաչեղեն, լոբի ու կարտոֆիլ ցանելը: Այսինքն «գարնանացան» հասկացությունն այս դեպքում կորցնում է իր նախաստեղծ իմաստը: Սերմացուի եւ դիզվառելիքի խնդիր չի ծագում, վարուցանք անող չկա: «Սերմացուի խնդիր չկա, առաջարկել եմ, ոչ ոք չի ուզում: Գարու ու ցորենի դաշտեր չկան, մեզ մոտ որակյալ տնկանյութի խնդիր կա, վառելիքն էլ լիտրը 350 դրամով տվեցին, ոչ ոք չուզեց, թանկ չէ, պարզապես ժողովուրդը չի ուզում», – իմ հարցը կանխում է համայնքի ղեկավարը:Պետությունը հատկացնում է ազոտական պարարտանյութ` պարկը` 6000 դրամ: Բայց ոչ բոլորն են շտապում այն ձեռք բերել: Այս առիթով գյուղապետը հավելում է, որ նպատակահարմար կլիներ, որ հատկացնեին նաեւ ֆոսֆորական պարարտանյութ: Քանի որ այս երկու տեսակի պարարտանյութի համադրմամբ կարելի է հողն իսկապես հարստացնել եւ լուրջ բերք ստանալ: «Թե չէ` հողից ֆոսֆորը քամել ենք», – ասում է նա:

Այնուամենայնիվ, մարտի 19-ի օրը, երբ Նռնաձորում էինք, համարյա մարդ չհանդիպեցինք: «Ամռան օրը տարի է կերակրում» ժողովրդական իմաստությունն այս դեպքում փոքր-ինչ սրբագրման կարիք ունի. «Մարտ ամսվա օրն է տարի կերակրում»: Նռնաձորցիք այգիներում էին. ով առուն է մաքրում, մյուսը բաժակափոր է անում եւ փոս փորում` նորատունկ շիվերի համար, մեկն էլ էտում, չորացած եւ ավելորդ ճյուղերն է հեռացնում: «Գիշեր-ցերեկ են անում, մարդ չես գտնի տանը, տարվա մեջ մի քանի անգամ ժողով եմ անում, լսում մարդկանց հուզող հարցերը, նրանց առաջարկները: Բայց այս օրերին ձեռնպահ եմ մնում նրանց որեւէ բանի հրավիրելուց, ո՞վ կթողնի իր ծառն ու այգին, գա գյուղապետարան», – բացատրում է համայնքապետը: Եվ գյուղի հիմնախնդիրներից առանձնացնում է երեքը` խմելու եւ ոռոգման ջուր, ճանապարհ, սառնարանային տնտեսություն:

Արդեն նշեցինք, որ վարչական տարածքով գյուղը խոշորներից է մարզում, բայց եղած հողերից ընդամենը 76հա է մշակվում` մի մասը սեփականաշնորհված է, մի մասը` վարձակալությամբ: Քանի որ խոսվեց հողի մասին, նշենք, որ Նռնաձորում է գտնվում «Գորիս» քրեակատարողական հիմնարկի Մեղրու տեղամասը, որտեղ պատիժ են կրում անզգուշությամբ հանցանք կատարածները` մեկ տասնյակից ավելի մարդ: Եվ քրեակատարողական այս հիմնարկին է հատկացվել գյուղական նշանակության 148հա հող, որից 82 հեկտարը բանջարաբոստանային եւ պտղատու այգիների հողատարածություն է, որը հնարավոր չէ լիարժեք մշակել հիմնարկի աշխատուժի միջոցով: Գյուղապետի համոզմամբ` մի հոգին կարող է մշակել 5 հազար քառակուսի մետր, եթե դրանից ավելիին է ձեռք զարկում, ուրեմն մի բան այն չի լինի: Կա նաեւ մեդալի մյուս կողմը: Քանի որ այն պետական ոչ առեւտրային կազմակերպություն է, ազատված է հողի հարկից, ինչից տուժում է համայնքը, քանի որ գյուղի մշակովի հողերը կրճատվել են, իսկ համայնքի բյուջեն դրանից միայն տուժում է: Այսօր համայնքի բյուջեն 4 մլն 700 հազար դրամ է, որ միայն բավարարում է գյուղապետարանի աշխատակազմին աշխատավարձ վճարելուն: Համայնքի ղեկավարը դիմել է հանրապետության նախագահին, ՀՀ տարածքային կառավարման նախարարին` նշված հողերը վերադարձնելու որպես համայնքային սեփականություն, քանի որ կարծում է, որ դրանից հետո դրանք լիարժեքորեն կմշակվեն եւ հատույց կտան: Եվ սա դեռ ամենը չէ:

Խնդրահարույց է մնում պետական սահմանային շերտում գտնվող 30հա հողերի մշակումը (գյուղի վարչական տարածքը սահմանակից է Իրանին): Գյուղապետի համոզմամբ` սահմանամերձ հողերի նշանակությունը պիտի փոխվի, դրանք պետք է լինեն ոչ թե հատուկ նշանակության, այլ գյուղատնտեսական նշանակության հողեր: Սրանք համայնքին վերադարձնելու խնդրանքով եւս Մ.Մկրտչյանը դիմել է վերադաս մարմիններին: Բայց, ինչպես առաջին դեպքում, դրական պատասխան չկա: «Դրանք բերքատու հողեր են, եթե մերձարեւադարձային մշակաբույսեր տնկվեն, հողի հարկ գանձելով` բյուջեի մուտքերը կավելանան, ե՛ւ պետությունը կշահի, ե՛ւ ժողովուրդը, – եզրակացնում է մեր զրուցակիցը, – չլինի այնպես, երբ գալիս է նուռը հասնելու ժամանակը, Իրանից ու Թուրքիայից ներկրում են նուռ ու արքայանարինջ, իսկ գյուղացու նույն միրգը մնում է մառանում ու փչանում կամ էլ դառնում ջրի գին: Գյուղացու միակ եկամուտը նուռն է, անցած աշնանը նռան կիլոգրամի գինն իջավ, հասավ 150 դրամի, ինչո՞վ գոյատեւի հողի վրա քրտինք թափող մարդը»:

Նռնաձորում գործում է եռաստիճան ոռոգման համակարգ (հանրապետությունում նման համակարգ գործում է մեկ էլ Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղում): Պոմպակայանները կառուցվել են անցյալ դարի 60-70-ականներին, 2000-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով բարելավվել է ջրատարի վիճակը, բայց այսօր վթարներն անպակաս են մագիստրալի մաշվածության պատճառով, նռնաձորցիներին օգնության ձեռք են մեկնում «Մեղրի» ջրօգտագործողների ընկերության աշխատողները: Նրանց մասին գյուղապետն ասում է, որ հերոս տղերք են: Շարքից դուրս են գալիս նաեւ պոմպերը` Արաքսի պղտոր ջրի պատճառով: Հիմնախնդրի լուծումը կապում են Մեղրի գետի ջուրն ինքնահոս եղանակով Նռնաձոր հասցնելու հետ, ինչպես դա եղել է տարիներ առաջ, քանզի ներկա ջրագիծը նորոգելու համար մեծ գումար կպահանջվի: Այս դեպքում, ըստ գյուղապետի, կտնտեսվի 80 մլն դրամ (հաշվի է առնում այն հանգամանքը, որ որպես լրավճար տարեկան 130 մլն դրամ է հատկացվում «Մեղրի» ջրօգտագործողների ընկերությանը` պոմպերի ծախսած էլեկտրաէներգիայի դիմաց):

Այնուամենայնիվ, մեզ հանդիպած նռնաձորցիներից միակն Ալեքսան Բոյաջյանն էր, ով նոր ընտանիք է ստեղծել, կինն ուսուցչուհի է գյուղի դպրոցում: Մեկ հեկտարից ավելի հող է մշակում, բերքահավաքի ժամանակ օգնող ձեռքի կարիք է ունենում, ընկեր-բարեկամ օգնում են, հիմնականում նուռ է աճեցնում, հեկտարից 10-12տ նռան բերք է ստանում: Եթե կարողանա կալիումական եւ ֆոսֆորական պարարտանյութով սնուցի, ծառերը մոտ 30տ բերք կտան: «Եթե գյուղը չսիրես, չես կարող մնալ այստեղ», – սա նրա հավատամքն է: Նռնաձորի նոր ճանապարհը, ըստ մեր զրուցակցի, ե՛ւ օգնում է, ե՛ւ խանգարում: Իսկ մեր զարմանքին, թե ինչու է խանգարում, առանց հապաղելու բացատրում է: «Հողածածկ ճանապարհի (նկատի ունի նախկին երկաթգծի տեղով անցնող ճանապարհահատվածը, խմբ.) փոսերը շատ են, մնացել ենք ավտոպահեստամասերի խանութում, երբեմն էլ ինքներս ենք վերացնում մեքենայի անսարքությունը: Աշխատածիս մեծ մասը ծախսվում է պահեստամասեր գնելու վրա», – վերջում մտահոգություն է հայտնում Ալեքսանը, նաեւ հույս փայփայում, որ պետությունը միջոցներ կհատկացնի այդ ճանապարհահատվածը եւս ասֆալտապատելու համար եւ սահմանադուռ, սահմանապահ, սահմանամերձ եւ ծայրամասային այս գյուղն ի վերջո Մեղրի քաղաքին կապող բարեկարգ ճանապարհ կունենա:

Իսկ ահա համայնքի բուժկետը սեփական միջոցներով են նորոգել, կառույցը ծածկ չուներ: «Համայնքի մարդիկ գոհ են բուժքրոջից, ում գիշերվա ժամը չորսին էլ զանգես, վազելով է գնում հիվանդի մոտ» , – ասում է գյուղապետը:

Գյուղն առանց դպրոցի` Շիրազի բնորոշմամբ անլեզվակ զանգակի է նման: Համայնքի միջնակարգ դպրոցում 32 աշակերտ է ուսանում, ասել է` զանգակի ղողանջները դեռ լսելի են: Օրինակելի դպրոց ունեն, խոսքը, նախեւառաջ, կահավորանքի մասին է եւ ներքին հարդարման, ինչպես նաեւ համակարգիչներով համալրված լինելու: Այս ամենին օժանդակել է Հայ առաքելական եկեղեցու պարսկահայ թեմը: Կրթօջախի ուսուցիչների (բոլորը տեղացի են) եւ սպասարկող անձնակազմի թիվը հասնում է 15-ի: Գյուղապետը տալիս է վաստակաշատ մանկավարժների անուններ` Լյուբա Մուրադյան, Սվետլանա Աբրահամյան, բայց նաեւ ավելացնում, որ երկուսն էլ առողջական խնդիր ունեն, բացի այդ եկել է նրանց վաստակած հանգստի անցնելու ժամանակը: Նոր ուստարվա շեմին Նռնաձորի կրթօջախը կադրային լուրջ խնդրի առջեւ է կանգնելու…

«Եթե ջուր լինի, ջերմոցային տնտեսություն հիմնես, տարվա բոլոր ամիսներին կարելի է բերք ստանալ», – այս միտքն առավել տպավորվել է մեջս, երբ մերադառնում էինք Նռնաձորից:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: