09.20.2018
USD-482.44   EUR-564.6   RUB-7.28  

Արտագաղթ. միտումները եւ հաղթահարման ուղիները

Գ. Ա. ՂԱՐԻԲՅԱՆ

ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր,
ՀՀ գիտության վաստակավոր գործիչ,
ԵՊՀ տնտեսագիտության տեսության ամբիոնի պատվավոր վարիչ

Արտագաղթը Հայաստանի պատմության անբաժանելի մասն է: Դա համընդհանուր եւ ծանր բնույթ ընդունեց, երբ Հայաստանն անվերադարձ կորցրեց իր անկախ պետականությունը եւ բաժանվեց Թուրքիայի եւ Պարսկաստանի միջեւ: Արեւմտյան Հայաստանից հայերի արտագաղթը զանգվածային բնույթ ընդունեց 1915թ. ցեղասպանության հետեւանքով: Ձեւավորվեց հայրենիքից դուրս հայկական սփյուռքը, որում այսօր ապրում է 10 մլն հայից 7 միլիոնը: Ահա հայ ժողովրդի ժողովրդագրության այսօրվա տխուր ու դառը պատկերը: Այդ իրավիճակը չէր կարող հենց այնպես անհետ անցնել: Հայը դարձավ գաղթական` ներառելով հաղթելով ապրելու ազգային հոգեբանություն: Ճիշտ է, Խորհրդային Հայաստան 1921թ. մինչեւ 1973թ. ներգաղթեց 200 հազարից ավելի մարդ, բայց հայրենադարձությունը հետագա զարգացումներ չունեցավ: Ընդհակառակը, տարբեր պատճառներով, տարբեր ժամանակներում, տարբեր չափերով նորից տեղ գտան հակառակ միտումները:

Դեռեւս Խորհրդային Հայաստանում ռեսուրսների սակավության պատճառով Ռուսաստանի եւ այլ հանրապետությունների այսպես կոչված «խամ ու խոպան» տարածքներում երկար տարիների ընթացքում ձեւավորվեց եւ կայացավ (հատկապես գյուղական շրջաններից) ժամանակավոր արտագնա աշխատանքային միգրացիան: Այդ պրոբլեմի մասնագետ Ռ. Ստեփանյանի հաշվարկներով` խամ ու խոպան հողերից հանրապետության բնակչության ստացած տրանսֆերտները կազմել են` 1960թ.` 486 հազար ռուբլի, 1966թ.` 6039 հազար ռուբլի, իսկ 1969թ.` 10433 հազար ռուբլի: Նշանակում է, որ Խորհրդային Հայաստանը նույնպես զերծ չէր արտագնա աշխատանքային միգրացիայից:

Հայաստանում բնակչության արտագաղթի, ներգաղթի եւ աշխատանքային միգրացիոն հոսքերի նոր զարգացումներ դրսեւորվեցին 1988թ. Սպիտակի երկրաշարժի, ԽՍՀՄ փլուզման, Հայաստանի տնտեսական շրջափակման եւ երկրի տրանսֆորմացիոն հանցավոր վերափոխումների, ինչպես եւ Արցախյան պատերազմի ու երկրի սոցիալ-տնտեսական խորը ճգնաժամի հետեւանքով:

Սպիտակի 1988թ. երկրաշարժը խլեց շուրջ 25 հազար հայի կյանք: Շուրջ 200 հազար աղետյալներ (հիմնականում կանայք եւ երեխաներ) տեղափոխվեցին ԽՍՀՄ այլ հանրապետություններ, որոնցից 150 հազարը վերադարձավ Հայաստան, իսկ 50 հազարը կորցրինք: Հետեւաբար` երկրաշարժի հետեւանքով Հայաստանն ունեցավ 25 հազար զոհ եւ 50 հազար անվերադարձ արտագաղթած (ընդհանուր` 75 հազար) մարդ: Այդ տարիներին ունեցանք նաեւ Ադրբեջանից ու ԽՍՀՄ այլ տարածքներից մոտ 420 հազար փախստականի ներհոսք (360 հազար Ադրբեջանից) եւ 170 հազար հայաստանաբնակ ադրբեջանցիների արտահոսք: Դժբախտաբար` Ադրբեջանից Հայաստանում հայտնված փախստականների մեծ մասը 90-ական թվականների Հայաստանի սոցիալ-տնտեսական եւ բարոյահոգեբանական ծանր պայմանների պարագաներում արտագաղթեց Ռուսաստանի Դաշնություն եւ այլ երկրներ:

Արտահոսքի ծավալներն աճեցին հատկապես 1992-1994թթ.: Երկրաշարժի ավերածություններին գումարվեց ատոմակայանի եւ «Նաիրիտ» արտադրական միավորման հանցավոր փակումը: Դա կաթվածահար արեց երկրի տնտեսությունը, փակվեցին բազմաթիվ ձեռնարկություններ, հազարավոր մարդիկ դարձան գործազուրկ` ապրելով ցրտի եւ մթի պայմաններում: Հայաստանի բնակչության համար սոցիալական մեծ աղետ էր բանկերում եւ խնայդրամարկղներում կուտակված շուրջ 11 մլրդ ԱՄՆ դոլարին համարժեք` ընտանիքների ավանդների սառեցումը: Սա Հայաստանի բնակչության աննախադեպ ունեզրկում էր, որի պատճառով միջին դաս, փոքր եւ միջին ձեռնարկատիրություն չկայացավ, իսկ սեփականաշնորհումից ստացած վաուչերները բնակչությունը չնչին գներով, որպես հացի փող, վաճառեց հին ու նոր սերտաճած նոմենկլատուրային: Բնակչության հարստության եւ եկամուտների բաշխման բեւեռացումն ահռելի չափեր ընդունեց: Ըստ 1998-1999թթ. ՀՀ ազգային վիճակագրական ծառայության իրականացրած տնային տնտեսությունների հետազոտության արդյունքների` 20 տոկոս ամենաշատ եւ 20 տոկոս ամենաքիչ ապահովված բնակչության եկամուտների տարբերությունը հասավ 32 անգամի (Ռուսաստանի Դաշնությունում ընդամենը 16 անգամի դիմաց, իսկ եվրոպական զարգացած երկրներում` շատ ավելի փոքր): Տնտեսական խոր ճգնաժամը, զանգվածային գործազրկությունը, բնակչության ավանդների սառեցումը, նոմենկլատուրային անարդար սեփականաշնորհումը եւ եկամուտների բեւեռացումը բնակչության 56 տոկոսին աղքատացրին, եւ ընդամենը երեք տարում շուրջ մեկ միլիոն մարդ արտագաղթեց երկրից, նրանցից միայն 370 հազարը վերադարձավ: Արտագաղթածներից ավելի քան 610 հազար մարդ կամ երկրի 5 բնակչից մեկը չվերադարձավ: Դա ազգային աղետ էր, երբ ակտիվ տարիքի, միջինից բարձր կրթամակարդակի տղամարդիկ եւ կանայք հայտնվեցին ԱՊՀ երկրներում, հիմնականում Ռուսաստանի Դաշնությունում, Եվրոպայում եւ ԱՄՆ-ում: Իր հետեւանքներով դա ժողովրդագրական ճգնաժամ էր, որը բնութագրվում է կանանց եւ տղամարդկանց բնականոն հարաբերակցության խաթարումով, ամուսնության եւ ծնելիության անկումներով, բնակչության ծերացումով, ամուսնալուծությունների աճով: Զանգվածային այդ արտագաղթից եւ ժողովրդագրական այդ մեծ խաթարումներից մինչեւ այսօր երկիրը խելքի չի գալիս:

2008-2011թթ. սոցիալ-տնտեսական ճգնաժամային իրավիճակից դուրս գալու եւ զարգացման միտումներ արձանագրելու շնորհիվ բնակչության միգրացիոն ակտիվությունը նվազեց, կայունացման միտումներ դրսեւորվեցին: Բացասական արտագնա գործոնները նվազեցին, եւ տնտեսական աճի ու դրսից ստացվող տրանսֆերտներից բնակչության կենսամակարդակը սկսեց բարձրանալ, կայունացման ու զարգացման միտումներ նկատվեցին մանր եւ միջին ձեռնարկատիրության ոլորտում: Միգրացիայի բացասական մնացորդները սկսեցին նվազել, ինչը պարզ երեւում է կից ներկայացվող աղյուսակից:

Արտագաղթը եւ աշխատուժի արտագնա միգրացիան հատուկ է ժամանակակից աշխարհին եւ ոչ միայն Հայաստանի Հանրապետությանը: Անգամ անսահման տնտեսական ռեսուրսներ եւ զարգացման մեծ հնարավորություններ ունեցող Ռուսաստանի Դաշնությունն ԱՊՀ երկրներից, այդ թվում նաեւ Հայաստանի Հանրապետությունից ոչ միայն մեծ ծավալով աշխատանքային միգրանտներ ընդունող երկիր է, այլեւ մեծ չափով միգրանտներ արտահանող երկիր: Այդպես, արդեն 2010թ. Ռուսաստանի բնակչությունը կրճատվեց ավելի քան 10 մլն մարդով` մեկնողների եւ վերադարձողների բացասական հաշվեկշռով, իսկ Ռուսաստանի Դաշնության միգրացիոն ծառայության հաշվարկներով` 2011թ. Ռուսաստանից դուրս է եկել 7,7 մլն միգրանտ: Ընդ որում` ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ներկայումս Ռուսաստանի Դաշնությունից մեկնում են նաեւ որակյալ մասնագետներ եւ երիտասարդներ: Ավելին, ժողովրդագրության մասնագետները կանխատեսել են, որ մինչեւ 2025թ. Ռուսաստանից կհեռանա եւս 10 միլիոն մարդ: Դա Ռուսաստանում ժողովրդագրական ճգնաժամի նախադուռն է: ՄԱԿ-ի հաշվարկներով` Ռուսաստանի համար առաջիկա 25 տարում տարեկան 500-600 հազար դրսից եկող միգրանտ է անհրաժեշտ, որպեսզի իր ժողովրդագրական եւ սոցիալ-տնտեսական սրված խնդիրը լուծի: Բացի վերը նշվածից ավելացնենք` խիստ աճել է սոցիալական լարվածությունը: Կյանքի միջին տեւողությունն իջել է մինչեւ 63 տարի: 2010թ. Ռուսաստանի կանանց թիվը 10,7 միլիոնով ավել էր, քան տղամարդկանցը: 2002թ. ամուսնացած զույգերի թիվը նվազեց մեկ միլիոնով, աճեց ամուսնալուծվածների թիվը: Այդ պատճառով ժամանակակից Ռուսաստանը դարձել է միգրացիոն կախվածության երկիր, իսկ նրա տնտեսությունը` միգրացիոն կախվածության տնտեսություն:

Ժողովրդագրական նման բնույթի ոչ ցանկալի զարգացումները բնորոշ են նաեւ ԱՊՀ համարյա բոլոր երկրներին` իրենց առանձնահատկություններով: Անգամ շատ թե քիչ սոցիալ-տնտեսական նորմալ զարգացում ունեցող մերձբալթյան հանրապետություններում նույնպես առկա են նման բնույթի միգրացիոն զարգացումներ: Հատուկ մասնագիտական հարցումներով պարզվել է, որ ժամանակակից Լիտվայի հարցվողների 80-90 տոկոսը պատրաստակամություն է հայտնել աշխատանքի մեկնել արտասահման: Երեք միլիոնից քիչ ավելի բնակչություն ունեցող Լիտվայի համար դեպի դուրս միգրացիոն մեծ հոսքերը վտանգավոր չեն, քանի որ չունի ագրեսիվ թշնամի հարեւաններ եւ, հետեւաբար, ազգային անվտանգության խնդիրներ: Այլ է այսօրվա Հայաստանի Հանրապետության վիճակը: Որպես ինքնուրույն եւ անկախ երկիր` գոյատեւելու համար երեք միլիոնից քիչ ավելի բնակչությունը կրճատվելու իրավունք չունի: Ուստի դա մեր ազգային անվտանգության ամենասուր խնդիրն է, լինել-չլինելու հարցն է: Այլընտրանք չունենք: Արտագաղթի կանխման ժամանակակից չափերը եւ միտումները պետք է լուծեն պետությունը, ողջ ժողովուրդը, աշխարհի ողջ հայությունը: Դա ոչ միայն Հայաստանի, այլեւ սփյուռքի ողջ հայության հայ մնալու խնդիրն է: Սփյուռքն ունի 7 միլիոն հայ` շուրջ 2,5 անգամ շատ, քան Հայաստանը, միեւնույն է, Աստված մի արասցե, Հայաստան չլինելու դեպքում շատ կարճ ժամանակահատվածում նրանք կդադարեն հայ լինելուց: Իսկ հայը պետք է ոչ միայն մեզ, այլեւ աշխարհին: 1987թ. Բեյրութում մի ընդունելության ժամանակ դաշնակցական լիդերներից մեկը նուրբ շեշտադրումով ասաց. «Հայը մարդկության աղն է»: Պետք է այդ ճշմարտությունը հասցնել աշխարհին: Մենք ունենք դառը փորձ, աշխարհը կարող է երեք ժամով «ուշանալ» եւ ամեն ինչ կորած տեսնել: Ուստի մեր գլխի ճարը մենք պետք է տեսնենք: Պետք է ամեն ինչ անենք` նախ` կանխելու արտագաղթը եւ ավելացնելու բնակչությունը, ինչպես բնական, այնպես էլ մեխանիկական աճի խթանումներով: Դա է Հայաստանի փրկությունը:

Միաժամանակ ուզում եմ ավելացնել` չարտագաղթելու համար պետք է նաեւ շատ սիրել Հայաստանը, պետք է սիրել Կոմիտասի, Հովհաննես Թումանյանի, Չարենցի, Բակունցի, Ալեքսանդր Թամանյանի, Ավետիք Իսահակյանի, Մարտիրոս Սարյանի, Հովհաննես Շիրազի, Պարույր Սեւակի, Համո Սահյանի, Վիլյամ Սարոյանի, Արամ Խաչատրյանի եւ ազգային հերոսներ Անդրանիկի ու Նժդեհի նման:

Այսօր մեր ժողովուրդը, մասնավորապես երիտասարդությունը, արդյո՞ք ստանում է համապատասխան հայրենասիրական դաստիարակություն եւ հոգեբանություն:

Խմբագրության կողմից

«Սյունյաց երկիր» թերթի համար գրված այս հոդվածում, որ ուշագրավ վիճակագրություն է պարունակում Հայաստանից բնակչության արտագաղթի վերաբերյալ, հարգարժան հեղինակին չի հաջողվել մատնանշել արտագաղթի հաղթահարման ուղիները: Հայրենասիրությունն այն գործոնը չէ, որով կարելի է կանգնեցնել արտագաղթը: Եվ, ի վերջո, ի՞նչ ասել է «շատ սիրել Հայաստանը»: Հայաստանը շատ սիրելու խնդիր (եթե, իհարկե, դա գործոն է) ունեն բոլոր նրանք, ովքեր (պաշտոնի բերումով) չեն վերացնում արտագաղթի ակնհայտ պատճառները, ովքեր նպաստում են (իրենց բարոյականությամբ ու գործելակերպով) արտագաղթի աճին: Տեղին չենք համարում նաեւ այդ հարցում Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ զուգահեռների անցկացումը:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: