11/20/2018

Փոփոխություններ` միտված ոլորտի բարելավմանը

Փոփոխություններ` միտված ոլորտի բարելավմանը

Հարցազրույց ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Սյունիքի տարածքային ստորաբաժանման ղեկավար Գագիկ Աղախանյանի հետ

– Պարոն Աղախանյան, մեր զրույցն սկսենք Ձեր ղեկավարած ոլորտին առնչվող մի շատ առօրեական հարցով: Ի՞նչ ասել է անշարժ գույք:

– Անշարժ գույք են համարվում հողամասերը, անտառները, այգիները, շենքերը, շինությունները, անշարժ գույք հանդիսացող ընդերքի մի մասը, մեկուսի ջրային օբյեկտները, բազմամյա տնկիները` ստորգետնյա եւ վերգետնյա, այդ թվում նաեւ` կառուցվող շենքերը, շինությունները, այն ամենը, ինչն անհնար է առանց դրանց անհամաչափ վնաս հասցնելու անջատել հողից: Դրանց նկատմամբ իրավունքների պետական գրանցումը տիրոջը տալիս է պետության կողմից երաշխավորված սեփականության իրավունք, այդ սեփականությունից լիարժեքորեն օգտվելու իրավունք, ներառյալ գույքի վաճառքը, նվիրատվությունը, կտակումը, գրավադրումը, փոխանակումը եւ այլն:

– 2011թ. հունիսի 23-ին ՀՀ Ազգային ժողովը որոշեց փոփոխություններ կատարել «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում, որով անշարժ գույքի կադաստրի ոլորտում բարեփոխումների հիմքեր դրվեցին: Ի՞նչ տվեցին այդ բարեփոխումները:

– Ինչպես հայտնի է, 2012-ի հունվարից անշարժ գույքի կադաստրի համակարգում իրականացվել են համալիր արմատական փոփոխություններ, որոնք միտված են ոլորտում իրականացվող գործառնությունների թափանցիկության ավելացմանը, վարչարարության պարզեցմանը, ինչպես նաեւ մատուցվող ծառայությունների սպասարկման որակի բարելավմանը:

Իրականացված բարեփոխումների շնորհիվ սկզբունքորեն նոր մոտեցում ձեւավորվեց նաեւ անշարժ գույքի նկատմամբ գործարքների իրավական ձեւակերպման հետ կապված իրավահարաբերությունների կարգավորման ոլորտում, մասնավորապես վերացվեց ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված անշարժ գույքի գործարքների պարտադիր նոտարական վավերացման պահանջը (բացառությամբ միակողմ գործարքների) եւ այդ մասով ներմուծվեց կադաստրի համակարգերի կողմից ստորագրությունների իսկության ճանաչմամբ գործարքների կնքման ինստիտուտը, որը կիրառվում է բոլոր գրասենյակներում: Նշված գործարքները կադաստրի համակարգում իրականացվում են անվճար: Նաեւ փոփոխություն կարելի է համարել այն, որ եթե նախկինում գույքի գրանցման համար նախատեսվում էր գանձում ըստ շինության մակերեսի, ապա այժմ յուրաքանչյուր անշարժ գույքի գրանցման համար գանձվող վճարը նույնն է` 25 հազար դրամ` անկախ մակերեսի չափից: Բացի այդ, գրանցման համար սահմանվել են արագացված գործակիցներ: Մեր աշխատանքում երբեմն խոսում են քաշքշուկի մասին: Ուզում եմ փոքրիկ պարզաբանումներ տալ. եթե անշարժ գույքը պիտի գրանցել, անհրաժեշտ է պահանջվող փաստաթղթերը հավաքել: Քաղաքացիները երբեմն ասում են, թե քաշքշուկի մեջ են ընկնում: Բայց դա այդպես չէ. դա օրենքի պահանջն է: Նոր գույք գրանցելու համար քաղաքացին պիտի համայնքի հետ առնչվի, եթե անհրաժեշտություն կա, դիմի արխիվի ծառայությանը, նոտարական գրասենյակին եւ այլն: Իսկ եթե անշարժ գույքը գրանցված է, առանց քաշքշուկի կարելի է յուրաքանչյուր գործարք իրականացնել` բնակարանի առքուվաճառք, նվիրատվություն, գրավադրում եւ այլն: Յուրաքանչյուր գրասենյակում այս ամենի մասին տեղեկատվություն փակցված է մատչելի տեղում` ինչքան ժամանակում կարելի է կատարել գործարքը, ինչ վճարում կատարել եւ այլն:

– Իսկ ո՞րն եք համարում ոլորտի հիմնական ձեռքբերումը:

– Այն, որ յուրաքանչյուր քաղաքացի` անկախ գտնվելու վայրից, կարող է մտնել անշարժ գույքի կադաստրի գրասենյակ, դիմում ներկայացնել եւ ստանալ տեղեկատվություն իր ունեցած անշարժ գույքի վերաբերյալ: Եթե անշարժ գույքը Կապանում է, ինքը Երեւանում է տվյալ պահին, պարտադիր չէ այցելել այստեղ, ինքը կարող է հարցում անել մեր ստորաբաժանմանը եւ պատասխանը ստանալ: Կամ մարդը տանը նստած, կարող է մեզ համակարգչով դիմում ներկայացնել: Ստեղծվել է նաեւ կադաստրի վեբկայք` E-cadastre.am, որի միջոցով բնակիչները կարող են դիմում ներկայացնել ու հետեւել իրենց դիմումի ընթացքին: Կամ էլ պարզապես ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն անշարժ գույքի վերաբերյալ: Ինչ վերաբերում է կառուցվածքային փոփոխություններին:

Սյունիքի մարզի նախկին շրջկենտրոններում մինչեւ 2011թ. գործում էին տարածքային ստորաբաժանումներ, որոնք սպասարկում էին տվյալ տարածաշրջանին: 2012-ի հունվարից տարածքային բաժինները միավորվել են` դառնալով մարզային կառույց, իսկ նախկին շրջկենտրոններում գործում են գրասենյակներ, որտեղ քաղաքացիները ներկայացնում են իրենց դիմումները:

– Եթե գաղտնիք չէ, 2012-ին ի՞նչ գործարքներ է իրականացրել Սյունիքի մարզային ստորաբաժանումը:

– 2012-ին իրականացվել է գյուղատնտեսական նշանակության հողերի օտարման 309, հասարակական տարածքների օտարման` 264, բնակելի տների օտարման` 872, համայնքից օտարման` 326 գործարք:

– 2012-ին ստեղծված մարզային ստորաբաժանումը քանի՞ աշխատող ունի:

– Այսօրվա դրությամբ ունենք 23 աշխատող, քաղծառայողներ են, ըստ հաստիքացուցակի մասնագետներ` գլխավոր, առաջատար, կրտսեր: Համակարգի փոփոխության պատճառով աշխատողներ չեն կրճատվել, նախկին շրջկենտրոններում գործող գրասենյակների աշխատակիցներից ոմանց աշխատանք է առաջարկվել մարզային կառույցում: Կան մարդիկ, ե՛ւ Սիսիանից, ե՛ւ Գորիսից, համաձայնել են եւ աշխատում են մեզ մոտ: Իսկ ոմանք, ընտանեկան հանգամանքերից ելնելով, չկարողացան տեղափոխվել մարզային կառույց:

– Իսկ ինչպիսի՞ն են անշարժ գույքի շուկայում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների գները, ի՞նչ միտումներ են նկատվում:

– 2013թ. հունվարին մարզի քաղաքներում վաճառված բազմաբնակարան բնակելի շենքերի առուվաճառքների (պայմանագրային) գների եւ առաջարկվող գների վերլուծության արդյունքում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների մեկ քառակուսի մետր մակերեսի հաշվարկով ձեւավորվել են հետեւյալ շուկայական միջինացված գները: 2012թ. հունվարին Գորիսում վաճառված բնակարանի մեկ քառակուսի մետր մակերեսի գինը եղել է 110 հազար 339, 2013թ. հունվարին կազմել է 117 հազար 100 դրամ, Կապանում 88 հազար 903, կազմել է 90200 դրամ, Քաջարանում բնակարանի մեկ քառակուսի մետրի գինը 2012-ի հունվարի համեմատ (106.302 դրամ) իջել է` կազմելով 94300 դրամ, Սիսիանում որոշակի աճ է գրանցվել. 2012թ. հունվարին եղել է 79784 հազար դրամ, այս տարվա հունվարին` 85050 դրամ: Ագարակում եւ Մեղրիում եւս բնակարանների վաճառքի գնի աճ է արձանագրվել, 2012թ. հունվարին Մեղրիում` 68500, 2013-ի հունվարին կազմել է 76.200, Ագարակում 2012թ. հունվար` 39700 հազար դրամ, 2013թ.` 44200 դրամ: Գնային ինդեքսների ուսումնասիրությունը թույլ է տալիս եզրակացնել, որ այս տարվա հունվարին հանրապետության քաղաքներում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների մեկ քառակուսի մետրի շուկայական միջին գները 2012թ. դեկտեմբերի համեմատ աճել են 0,5 տոկոսով:

Միաժամանակ ուզում եմ նշել, որ 2012թ. հունվարի համեմատ այս տարվա հունվարին հողերի առքուվաճառքի գործարքների քանակը նվազել է 14.9 տոկոսով: Ընդ որում` գյուղատնտեսական նշանակության հողերի նկատմամբ առքուվաճառքի գործարքների քանակը նվազել է 16.7 տոկոսով, բնակավայրերի հողերի նկատմամբ նվազել է 14.9 տոկոսով, արդյունաբերական օբյեկտների հողերի նկատմամբ աճել է 85.7 տոկոսով: Ըստ ուսումնասիրությունների` Սյունիքում եւ Տավուշում գյուղատնտեսական նշանակության հող գնողները քիչ են մյուս մարզերի հետ համեմատ:

 ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: