09.26.2018
USD-481.66   EUR-566.58   RUB-7.32  

Ագարակի քաղաքապետ Մխիթար Զաքարյանի հայտարարությունը

Ագարակի քաղաքապետ Մխիթար Զաքարյանի հայտարարությունը

Սովորաբար մենք ձգտում ենք չներքաշվել ներքաղաքական զարգացումների, գործընթացների, կուսակցական բանավեճերի մեջ եւ զբաղվել մեր անմիջական աշխատանքով: Եվ դա, կարծեք, ողջամիտ գործելակերպ է` քաղաքային մեր համայնքի համար շահեկան: Անցած չորսհինգ տարում համայնքում կատարվածը (հատկապես այն փաստը, որ Ագարակը 2012թ. արդյունքներով ճանաչվեց հանրապետության լավագույն քաղաքային համայնք) դրա վկայությունն է: Բայց վերջին շրջանում տեղի են ունենում իրադարձություններ` կապված Սյունիքի մարզի եւ մարզպետի հետ, որոնց կողքով (ինչպես եւ բազմաթիվ սյունեցիներ) չենք կարող անտարբեր անցնել ու դիրքորոշում չհայտնել, քանզի մենք ենք այս հողի վրա ապրողը, մենք ենք մարզի դժվարությունները կրողը, խնդիրների լուծման ականատեսն ու մասնակիցը: Միգուցե մեր լռությունը չխախտեինք, եթե չլիներ այսպես կոչված «Գարեգին Նժդեհ» հայրենակցական նախաձեռնության ՀՀ նախագահին օրերս հղած դիմումը` Սուրեն Խաչատրյանին Սյունիքի մարզպետի պաշտոնից ազատելու առաջարկությամբ: Միգուցե դա էլ անտեսեինք` մտածելով, որ բնական պրոցես է եւ մարդկանց մի խումբ կարող է եւ այլ կարծիք ունենալ: Պարզվեց սակայն, որ նման նախաձեռնություն ոչ մի տեղ գրանցված չէ եւ ընդհանրապես գոյություն չունի, որ այդ նախաձեռնություն կոչվածի դրոշի ներքո որեւէ կենդանի մարդ չկա, ասել է թե` այդ նախաձեռնությունը սովորական ֆիկցիա է, նրանց հրապարակած փաստաթուղթը` անոնիմկա: Ճիշտն ասած, մեզ ոչ այնքան չեղած նախաձեռնության հերյուրանքդիմումի ծպտված հեղինակներն են զարմացնում, այլ այն լրատվամիջոցները, որոնք հարթակ են ծառայում անստորագիր, անանուն դիմումը հրապարակելու համար: Մենք չենք ուզում, այնուամենայնիվ, կոչ անել այդ լրատվամիջոցներին` զերծ մնալու նման կեղծիքներ հրապարակելուց: Ամեն լրատվամիջոց ինքն է որոշում իր գործելակերպը, բայց, հավատացեք, այստեղ` ներքեւում, որեւէ մեկը լուրջ չի վերաբերում անանուն նյութերին եւ դրանք հրապարակող լրատվամիջոցներին: Եվ մենք` սյունեցիներս (առնվազն իմ ընտրողների կարծիքն է դա), շատ կզարմանանք ու կհիասթափվենք, որ իշխանության որեւէ ատյան, քաղաքական որեւէ ուժ նշանակություն տա այդ եւ նման անստորագիր թղթերի:

Ըստ էության այդ մտացածին նախաձեռնությունն ու ոչ պակաս մտացածին դիմումն այն մարդկանց հերթական ճիչն են, ովքեր հույսեր էին կապում Րաֆֆի Հովհաննիսյանի` Սյունիքի մարզպետի դեմ ձեռնարկած գրոհի հետ, բայց այդ հույսերն ապարդյուն եղան: Րաֆֆի Հովհաննիսյանի կարծիքն էլ, անշուշտ, հարգանքի արժանի է, ինչպես ամեն մի մարդու: Սակայն մեզ շատ զարմացրեց նրա` տարօրինակության հասնող պահվածքը, երբ հետընտրական գրեթե բոլոր ելույթներում տեղիանտեղի արծարծում էր Սյունիքի մարզպետի անունը: Դա ոչ միայն հիասթափություն պատճառող, այլեւ Րաֆֆի Հովհաննիսյանի գործողությունների հանդեպ կասկածանք առաջացնող հանգամանք էր: Մի՞թե նոր Հայաստան կառուցելուն զինվորագրված (իր իսկ խոսքով) Րաֆֆին այդպես է պատկերացնում նոր Հայաստանի կառուցումը` մարդկանց անվերջ վիրավորել, պիտակավորել, անհիմն մեղադրանքներ ներկայացնել, զրպարտել… Կամ, ի՞նչ իմաստ ուներ, ասենք, Վանաձորում, Գյումրիում եւ հանրապետության մյուս քաղաքներում ու գյուղերում Սյունիքի մարզպետի անձի անընդմեջ «հոշոտումը»: Ի դեպ, մենք էլ կարող էինք (եւ կարող ենք) նույն ոճով, նույն բառերով հակադարձել Րաֆֆի Հովհաննիսյանին, բայց այդպես չենք վարվում եւ ընդամենն ասում ենք` պարոն Հովհաննիսյան, Դուք անկեղծ չեք, Դուք օգտագործում եք մեր ընթացքի ներկա (հաճախ` օբյեկտիվ) դժվարությունները եւ փորձում եք Ձեզանից քաջ մարդու տեսիլք ստեղծել, հերոսանալ` նաեւ մերկապարանոց, ոչինչ չասող, ժողովրդահաճ բառերի կույտը հենարան դարձրած: Այդ ամենը, սակայն, Ձեզ ծիծաղելի դարձրեց ընդամենը: Սյունիքում կան բազմաթիվ հիմնախնդիրներ` տասնամյակներով կուտակված: Եվ եթե Ձեզ գոնե մի քիչ մտահոգում են Սյունիքի եւ սյունեցու խնդիրները, ապա դրանց լուծման ուղիները պիտի առաջարկեիք մեզ, մինչդեռ…

Անկեղծ ասած` Սուրեն Խաչատրյանին պաշտպանելու խնդիր չունենք, ոչ էլ ինքը մեր պաշտպանության կարիքն ունի, թեեւ ոմանք անպայման մեր դիրքորոշումը կհամարեն քաղաքապետմարզպետ հարաբերություններից բխող քայլ, ինչն ազնիվ չի լինի: Այդուհանդերձ չենք կարող զարմանք չարտահայտել այն իրողության կապակցությամբ, որ բազմաթիվ քաղաքական ուժեր եւ լրատվամիջոցներ այդպես էլ չեն ուզում տեսնել, որ հանրապետության ամենադժվար եւ ամենաշատ խնդիրներ ունեցող մարզում վերջին տարիներին, նաեւ Սուրեն Խաչատրյանի նախաձեռնությամբ ու ակտիվ դերակատարությամբ, բազմաթիվ հարցեր են լուծվել, էական փոփոխություններ են տեղի ունեցել: Մեզ իրավունք չենք վերապահում մարզի մյուս տարածաշրջանների օրինակը բերել, գուցե այնտեղ այլ մտահոգություններ կան: Բայց Մեղրու տարածաշրջանի եւ հատկապես Ագարակ քաղաքի օրինակով կարող ենք ասել, որ մարզպետն իսկապես ապրում է մարզի, սյունեցիների առօրյայով, սահմանն ամրացնելու, երկիրը շենացնելու հոգսով: Ի վերջո բազմաթիվ բացասական, մերժելի երեւույթներ, որ բնորոշ են հանրապետության մյուս տարածքներին, տեղ չունեն Սյունիքի մարզում: Ոչ պակաս կարեւոր մի հանգամանք եւս. չի եղել գոնե մի դեպք, որ մարզպետը չընդառաջի, չօգնի տեղերից բխող լավ, խելամիտ նախաձեռնություններին ու անձամբ չնպաստի դրանց իրականացմանը: Չի եղել մի դեպք, որ նրա գլխավորած մարզպետարանը բյուրոկրատական, չինովնիկական անհարկի արգելքներով խոչընդոտի մեր գործերին: Եւ սյունիքյան այդ իրողությունները, մարզպետի վերջին տարիների ու այսօրվա գործելակերպը մի կողմ թողած, ոմանք անընդհատ հիշում են եւ հիշեցնում տասնյակ տարիներ առաջ տեղի ունեցած այս կամ այն դիպվածը (պատերազմական օրերի իրադարձություններով պայմանավորված) եւ փորձում դրա լույսի ներքո ներկայացնել Սյունիքի մարզպետի ներկա դիմանկարը, ինչը բարոյական մոտեցում չենք համարում:

Ոչ պակաս զարմանալի է իրողությունը, որ ինչոր անհատներ կամ կազմակերպություններ երբեմն հայտարարություններ են անում ամբողջ մարզի, բոլոր սյունեցիների անունից: Մենք, իհարկե, հարգում ենք յուրաքանչյուրի կարծիքը (ինչպես արդեն նշեցինք), բայց երբեք չենք կարող հաշտվել այն մտքի հետ, որ Սյունիքում ապրողներիս փոխարեն, բոլորիս փոխարեն, ինչոր մարդիկ են (հաճախ` թաքստոցից եւ անանուն) ընդհանրական կարծիք հայտնելու վարժանքներ անում: Սյունիքի, սյունեցիների ընդհանրական կարծիքն արտահայտելու բազում ձեւեր կան, այնպես որ տեղին չենք համարում նման հնարքների կիրառումը: Եվ չի կարելի Սյունիքի անունն օգտագործելով` ինչինչ անձնական խնդիրներ լուծել, ինչինչ մարդկանց քավության նոխազ դարձնելու փորձեր անել:

Եկեք առավել ազնիվ ու անկեղծ լինենք, եւ եթե իսկապես մտահոգված ենք Սյունիքով, մարզի հիմնախնդիրներով եւ իրողություններով, ապա խոսենք, քննարկումներ ծավալենք կոնկրետ հարցերի շուրջ, առարկայական, փաստարկված եւ հրապարակավ, եւ ոչ թաքստոցներից, եւ ոչ թե մերկապարանոց: Այսպես, միայն այսպես կարող ենք օգտակար լինել Սյունիքին, ինչն ակնկալում ենք քաղաքական ուժերից, հասարական կազմակերպություններից եւ լրատվամիջոցներից:

ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ
Ագարակի քաղաքապետ
18 ապրիլի 2013թ.

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: