11/18/2018

Հավատանք, որ փոխենք

Հավատանք, որ փոխենք

ԸՍՏ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՄԱՄՈՒԼԻ

Ապրիլի 9-ին նոր Հայաստանի երդմնակալության արարողությունից եւ երեկոյան հանրահավաքից հետո Րաֆֆի Հովհաննիսյանն առաջնորդեց ժողովրդին` մեկ դեպի Պռոշյան փողոցում գտնվող նախագահական ամառանոց, մեկ` դեպի Բաղրամյան 26: Իսկ այդ ընթացքում Երեւանի փողոցներում ու բակերում բազմապատկվում էր ոստիկանների, մասնավորապես` հատուկջոկատայինների, ոստիկանության ներքին զորքերի ներկայացուցիչների թիվը: Տասնյակ ավտոբուսներով էին նրանց տեղափոխում: Դիմակներով, մահակներով ու վահաններով զինված ոստիկաններին տեղափոխելու համար օգտագործվում էին նաեւ մայրաքաղաքի երթուղիներում սպասարկող տասնյակ ավտոբուսներ:

Արդեն երեկոյան, Ազատության հրապարակից մարդկային հոսքը տեղաշարժվեց դեպի Բաղրամյան պողոտա: Առաջին շարքում Րաֆֆի Հովհաննիսյանն էր` ընտանիքի եւ կուսակցական ընկերների հետ շղթա կազմած: Մի քանի հրմշտոց եղավ ոստիկանական զորքերի եւ միտինգավորների միջեւ: Մինչ այդ ոստիկանությունը զգուշացրել էր, որ երթն ապօրինի է, քաղաքացիները խախտում են հասարակական կարգը, ինչի համար կարող են պատժվել: Մարդկային ալիքը կանգնեցնել չհաջողվեց: Իսկական բախումը տեղի ունեցավ արդեն երթի վերջնակետում: Որքան էլ քաղաքացիները հորդորեցին ոստիկաններին` ձեռք չբարձրացնել քաղաքացիների վրա, ժողովրդին սկսեցին հրել: …Ջարդը թափ առավ:

Իրավիճակը վերահսկելու համար պողոտա եկավ անձամբ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Նրա եւ Րաֆֆի Հովհաննիսյանի միջեւ երկար բանակցություն տեղի ունեցավ: Այդ ընթացքում ոստիկաններն անհարկի կերպով, գերազանցելով օրենքով իրենց տրված լիազորությունների սահմանը, արգելում էին լրագրողների տեղաշարժը: Մի քանի անգամ էլ հրեցին լրագրողներին: Ի դեպ, հրահրողների թվում նաեւ քաղաքացիական հագուստով ոստիկաններ էին: Մի քանի րոպե տեւած բանակցություններից հետո ոստիկաններից եւ քաղաքացիական անձանցից կազմված երթը` Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Վովա Գասպարյանի առաջնորդությամբ, շարժվեց դեպի Ծիծեռնակաբերդ` մոմավառության, այնտեղից էլ հետ` Բաղրամյան պողոտա:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: