09.20.2018
USD-483.62   EUR-565.59   RUB-7.22  

Մաքրել ավգյան ախոռները. ահա երկրի ներքաղաքական կյանքի գլխավոր հրամայականը

Մաքրել ավգյան ախոռները. ահա երկրի ներքաղաքական կյանքի գլխավոր հրամայականը

Իրենց ընդդիմադիր համարող քաղաքական ուժերն ու լրատվամիջոցները (քիչ բացառությամբ) տարերքի մեջ են (ավելի, քան գործող իշխանությունները)` Րաֆֆին ձախողվել է: Դրան նախորդել էր հետընտրական մի ամբողջ շրջան (փետրվարի 18-ից ապրիլի 9-ը), երբ այդ ուժերն առանձնահատուկ սարկազմով քննարկում էին, դատափետում նրա ամեն մի քայլ, ամեն մի արտահայտություն (ալեկոծված հազարավորների կողքին կանգնելու փոխարեն): Իրականում, մինչդեռ, այդ քննարկումները, ծաղրանքի շքահանդեսը չէին բխում (չեն բխում) հետընտրական շարժման ճակատագրի հանդեպ ունեցած անկեղծ մտահոգությունից: Իրականում, որքանով տեսնում ու հասկանում ենք, ընդդիմադիր ու այսպես կոչված այլընտրանքային ուժերի ծնծղաները (գրեթե անթաքույց) մի իրողության հետ չէին կարողանում (չեն կարողանում) հաշտվել` ինչո՞ւ փետրվարի 18-ին հենց Րաֆֆին ստացավ հանրության ընդդիմադիր հատվածի համակրանքը, ինչո՞ւ Րաֆֆին ստացավ ընտրության մասնակիցների 37%-ի քվեն: Հիմա նույն այդ քաղաքական ուժերը փորձում են օգտագործել մայրաքաղաքի ավագանու առաջիկա ընտրությունը եւ հնարավորինս ռեաբիլիտացվել մարդկանց աչքում, ցույց տալ, որ Րաֆֆու հավաքած 37%-ը պատահականության, հայտնի հանգամանքների արդյունք է (թեեւ անտեղի ու անհնարին է պատմության այդ էջի սրբագրումը, որ կոչվում է 18 փետրվարի 2013թ.):

Իհարկե, Րաֆֆին ինքն էլ իրեն շատ անգամ դրեց ծիծաղելի վիճակի մեջ, քանիցս ցույց տվեց, որ խոսքն իր համար այնքան էլ արժեք չունի, որ սկզբունքը կարելի է անընդհատ վերանայել: Շատ հաճախ նույնիսկ շառլատանի (ներողություն ենք խնդրում այդ բառի համար), իրականությունից կտրված մարդու, շաղակրատի տպավորություն թողեց, բայց… Հանրության ընդդիմադիր հատվածը հենց նրան կանգնեցրեց իր առաջնորդի պատվանդանին: Եվ եթե նրա որոշ քայլեր մեզ հասկանալի չէին, անտրամաբանական էին, ո՛չ քաղաքական էին, ո՛չ գաղափարական էին, ապա այդ ամենը դեռ չի նշանակում, որ ինքն իսկապես սխալ էր ու պատահականություն: Մի՞թե նրան քարկոծել կարելի է նաեւ ապրիլի 9-ի պահվածքի համար, երբ (կրիտիկական զանգվածի բացակայության պարագայում) վերահաս արյունահեղությունը կանխելու համար իր հետեւորդների մի մասի հետ Ծիծեռնակաբերդ գնաց` կամա թե ակամա կասեցնելով Բաղրամյան պողոտայում սաստկացող բախումը: Այնպես որ հակասական, վիճելի, անգամ զավեշտալի բոլոր քայլերով հանդերձ Րաֆֆին ընդդիմության (ոչ իշխանական դաշտի) ավելի վատ լիդեր չէր, քան բոլոր նախորդներն առանձին-առանձին վերցրած` 1996թ. նմուշի Վազգեն Մանուկյանից սկսած:

Հետընտրական շարժումը, որքան էլ կույր ձեւանանք, որոշակի հետեւանքներ ունեցավ: Նախ` այդ շարժումը բարոյական լուրջ վնաս հասցրեց ե՛ւ իշխող վարչախմբին, ե՛ւ երկրի ժողովրդավարական վարկանիշին: Անկեղծ չեն նրանք, ովքեր այդ ամենը չեն տեսնում կամ չտեսնելու պատրանք են ստեղծում: Հետընտրական շարժումը, կարծում ենք, կունենա (եթե արդեն չի ունեցել) քաղաքական հետեւանք, եթե, իհարկե, մեզ համար գլխավորը պետական ու ազգային շահն է: Ավելի ակնհայտ դարձավ, որ ոչ իշխանական քաղաքական ուժերը (ընդդիմադիր, այլընտրանքային) լուրջ հիվանդ են եւ իրենց գործով այնքան էլ կապ չունեն իրական Հայաստանի հետ, որ կուսակցական շահը, կուսակցապետերի անձնական ամբիցիաները վեր են ազգային ու պետական շահից: Եվ դա է պատճառը, որ այսօր ոչ իշխանական քաղաքական դաշտում չունենք գոնե մեկ լիդեր, առաջնորդ, ում կարելի է հավատալ, հետեւել, ում հետ կարելի է հույս կապել: Ավելին, այսօր Հայաստանի ընդդիմադիր դաշտը նոր գաղափարախոսության, նոր ռազմավարության ու մարտավարության, նոր որակի առաջնորդի կարիք ունի, մանավանդ որ վերջին համապետական ընտրությունը վերահաստատեց ակնհայտը` մեր ընտրական համակարգը թույլ չի տալիս ձեւավորել ժողովրդասկիզբ իշխանություն` ամենաներքեւից մինչեւ ամենավերեւ, մեր ընտրական համակարգը թույլ չի տալիս անգամ բոլորի համար վստահելի դարձնել ընտրողների եւ ընտրությունների մասնակիցների պաշտոնական թվերը. եւ այդպես քսան տարի շարունակ:

Բայց կարեւորը, ուշագրավը, ընթացիկ պահի խնդիրը Րաֆֆու ձախողումը չէ, հետընտրական շարժման ձախողումը չէ, ոչ իշխանական ուժերի տրոհված վիճակը չէ, ընտրական նոր համակարգի ստեղծման հրամայականը չէ… Ընթացիկ պահի գերխնդիրը գործող իշխանությանը փետրվարի 18-ին մերժած 600 հազար ընտրողի մտահոգություններին ու ձգտումներին ընդառաջ գնալն է, ինչը մոռացության մատնվեց ընտրության հաջորդ օրը: Իսկ այդ 600 հազարի մտահոգությունները պետք է հիշի, ի գիտություն եւ ի ղեկավարություն ընդունի նախեւառաջ գործող իշխանությունը: Եվ համայնք առ համայնք գտնի պարզագույն հարցի պատասխանը (թեեւ դա էլ ակնհայտ է)` ինչո՞ւ այդ մարդիկ դեմ քվեարկեցին գործող նախագահին, ու դրանից բխող քայլեր ձեռնարկի:

Երկրում մոտ տասը տարի միահեծանորեն իշխող ՀՀԿ-ն դեռեւս մեկ տարի առաջ` 2012թ. մայիսի 6-ի ընտրություններում, խոստացավ արմատական փոփոխություններ ու որդեգրեց հայտնի կարգախոսը` «Հավատանք, որ փոխենք»: Մեկ տարվա ընթացքում, սակայն, որեւէ էական քայլ չձեռնարկվեց խոստացած փոփոխությունը կյանքի կոչելու համար: Բայց… ՀՀԿ-ն պարտավոր է հաշվի նստել հանրության այդ ոչ փոքր հատվածի մտահոգությունների հետ եւ սկսել խոստացած փոփոխությունները (բայց ոչ կոսմետիկ), եթե առաջնորդվում է երկրի ու պետության շահով: Իսկ փոփոխությունները պետք է սկսել հայտնի ավգյան ախոռները մաքրելուց: Այո, ժամանակն է, որ Սերժ Սարգսյանը վերցնի ցախավելն ու պետական, իշխանական ախոռները մաքրի աղբից (մանավանդ որ ինքն առայժմ այդպիսի հնարավորություն ունի): Այլապես 600 հազարը կբազմապատկվի ու ավելի հեղափոխական կդառնա եւ չափավորական Րաֆֆի Հովհաննիսյանի փոխարեն առաջնորդ կկարգվի (նույն այդ բյուրավորների կողմից) արմատական որեւէ մեկը, ով երբեք եւ ոչ մի պարագայում Բաղրամյանից Ծիծեռնակաբերդ չի գնա…

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: