09.20.2018
USD-483.62   EUR-565.59   RUB-7.22  

Սերժ Սարգսյանը երկրորդ անգամ ստանձնեց ՀՀ նախագահի պաշտոնը

Սերժ Սարգսյանը երկրորդ անգամ ստանձնեց ՀՀ նախագահի պաշտոնը

ՆՈՐԸՆՏԻՐ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԱՏՈՒԿ ՆԻՍՏՈՒՄ ՍՏԱՆՁՆԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԸ

Նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 9-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացած ՀՀ Ազգային ժողովի հատուկ նիստում ստանձնել է Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը` ժողովրդին տրված հետեւյալ երդմամբ. «Ստանձնելով Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը` երդվում եմ. անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները` հարգել մարդու եւ քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, ապահովել Հանրապետության անկախությունը, տարածքային ամբողջականությունը եւ անվտանգությունը` ի փառս Հայաստանի Հանրապետության եւ ի բարօրություն Հայաստանի Հանրապետության ժողովրդի»:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական օրհնանքի խոսքից եւ աղոթքից հետո նախագահ Սերժ Սարգսյանը հանդես է եկել ելույթով:

Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը երդմնակալության արարողության ժամանակ

Վեհափա՛ռ Տեր,

Մեծարգո նախագա՛հ Քոչարյան,

Արցախի Հանրապետության մեծարգո՛ նախագահ,

Մեծարգո նախագա՛հ Ղուկասյան,

Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,

Սիրելի՛ հայրենակիցներ,

Հարգելի՛ հյուրեր, բարեկամներ,

Շնորհակալություն եմ հայտնում մեր քաղաքացիներին նախագահական ընտրություններին ակտիվ մասնակցելու համար: Շնորհակալ եմ նրանց, ովքեր վստահել են ինձ շարունակել աշխատանքը Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում:

Նաեւ շնորհակալ եմ նրանց, ովքեր իրենց ձայնը տվել են այլ թեկնածուների: Դրանով նրանք արտահայտել են իրենց դժգոհությունը երկրում առկա խնդիրների վերաբերյալ: Դրանով նրանք իշխանություններին հղել են հստակ ուղերձ` ավելի արդյունավետ աշխատելու պահանջ: Համոզված եղեք, որ բոլոր ուղերձները տեղ են հասել:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօրվա երդման արարողությամբ ես կրկին ստանձնեցի մեծ պատասխանատվություն, որի գիտակցումը անցած հինգ տարիների ընթացքում ինձ չի լքել ոչ մի վայրկյան: Վեհամոր ավետարանը, որի վրա ես երդվեցի, հազար տարվանից էլ հին է: Նման պատմական ու մշակութային հենք ունեցող ազգի ղեկավար կարգվելը բացառիկ պատիվ է: Այս հանդիսավոր պահին ես խոստանում եմ այդ պատիվը բարձր պահել:

Որեւէ նախագահի համար Սահմանադրությամբ նախատեսված երկրորդ ժամկետն ունի ե՛ւ իր առավելությունները, ե՛ւ իր բարդությունները: Հիմնական առավելությունը, իհարկե, կուտակված փորձն է, որ նման աշխատանքի դեպքում խիստ արժեքավոր է: Լրացուցիչ բարդությունները կապված են ժողովրդի ավելի մեծ ակնկալիքների եւ ավելի բարձր պահանջների հետ: Ես անելու եմ ամեն ինչ` այդ ակնկալիքներն ու պահանջները կյանքի կոչելու համար:

Առաջիկա հինգ տարիներին մեր պետության եւ ժողովրդի առաջնահերթ խնդիրն եմ համարում տնտեսական առաջընթացը: Հայաստանի հիմնախնդիրների մի ողջ փաթեթ այս հարթությունում է: Կառանձնացնեմ երեք հիմնականը` արտագաղթ, գործազրկություն, աղքատություն: Դրանց լուծումները նույնպես այս հարթությունում են: Արդյունավետ եւ վերելքի ճանապարհը բռնած տնտեսություն. ահա հաջողության մեր բանաձեւը:

Երկրորդ առաջնահերթությունը իրավունքի գերակայության ապահովումն է: Բոլորի հավասարությունը օրենքի առջեւ պարտադիր պայման է մեր թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական զարգացման համար:

Երրորդ առաջնահերթությունը, որն ամենաուղղակի կերպով կապված է նախորդի, այսինքն` իրավունքի գերակայության հետ, ժողովրդավարության խորացումն է: Համեմատե՛ք հինգ տարի առաջվա Հայաստանը այսօրվա Հայաստանի հետ եւ կտեսնեք տարբերությունը: Համեմատե՛ք խոսքի, մամուլի, հավաքների ազատության մակարդակները: Համեմատե՛ք հասարակական կազմակերպությունների եւ ընդհանրապես քաղաքացիական հասարակության կայացածության մակարդակները: Խոստանում եմ, որ եղածով չենք բավարարվելու, կանգ չենք առնելու: Հինգ տարի հետո մենք ունենալու ենք ժողովրդավարության բոլորովին նոր` անհամեմատ բարձր մակարդակ: Դա ես միայնակ չեմ անելու, դա անելու ենք միասին, սիրելի՛ հայրենակիցներ:

Արտաքին քաղաքականության ասպարեզում Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորումը մնում եւ մնալու է մեր առաջնահերթությունն այնքան ժամանակ, քանի դեռ չենք հասել վերջնական լուծման: Միաժամանակ մենք հետեւողականորեն աշխատելու ենք մեր անվտանգության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ: Այստեղ մենք չենք թերագնահատում միջազգային որեւէ գործոն, մենք շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր օժանդակում են տարածաշրջանում կայունության ապահովմանը, բայց մենք պարտավոր ենք առաջին հերթին ապավինել մեր ուժերին: Հնարավոր բացասական զարգացումների դեպքում հակառակորդին զսպելու եւ խաղաղությունը պահպանելու կարեւորությունը քննարկման առարկա չէ:

Մենք երբեք չենք ահաբեկել սեփական ժողովրդին պատերազմով: Առավել եւս չենք օգտագործել այդ հարցն իբրեւ պատրվակ` լռեցնելու համար ընդդիմադիրների ձայնը: Բայց մեր պարտքն ենք համարել անկեղծորեն եւ իրատեսորեն ասել, որ նման վտանգ գոյություն ունի:

Պատերազմ չտեսած եւ անպատասխանատու մարդիկ կարող են դրա հնարավորությունը դարձնել ցինիկ եւ ստորաքարշ շահարկումների առարկա: Ես նրանցից չեմ. ես գիտեմ ե՛ւ ընկերոջ կորստի, ե՛ւ հաղթանակի բերկրանքի գինը, դողացել եմ զինվորի կյանքի համար, նաեւ հայրենիքի յուրաքանչյուր թիզ հողի համար: Ուստի Հայաստանի ժողովրդից ստացած վստահության քվեի ուժով հայտարարում եմ` մենք պատերազմ չենք ցանկանում, սակայն, միաժամանակ, պատրաստ ենք դիմագրավելու յուրաքանչյուր մարտահրավերի: Ընդգծում եմ չըմբռնողների համար` յուրաքանչյուր մարտահրավերի:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Պարտադրանք, բռնություն, ահաբեկում, պատերազմ` սրանք են իրականության վերաբերյալ մեր հակառակորդի պատկերացումները: Այն իրողությունները, որ նրանք պարտադրում են սեփական ժողովրդին, նաեւ ցանկանում են պարտադրել մեզ:

Մենք նրանց այդ պայմանները մերժել ենք, եւ դրանք երբեք չենք ընդունելու: Մենք այլ իրականություն ենք կերտում. ինչպես արդեն ասացի` տնտեսական վերելք, օրենքի գերակայություն, ժողովրդավարության ամրապնդում: «Հայաստան» անունն առաջին հերթին պետք է զուգորդվի սրա՛նց հետ: Հենց սրանք են մեր հակափաստարկները, որ ներկայացնում ենք ինչպես մեր հակառակորդներին, այնպես էլ ողջ աշխարհին:

Մենք մեր հարեւաններին առաջարկել ենք համամարդկային արժեքների վրա խարսխված արժանապատիվ խաղաղություն: Բայց անցած տարիների փորձը ցույց տվեց, որ նրանք պատրաստ չեն ընդունելու այդ առաջարկը: Որքան ավելի բարդ պայմաններ են նրանք, իրենց կարծիքով, ստեղծում մեզ համար, այդքան ավելի ուժեղ ենք մենք դառնում: Եվ դա ավելի տեսանելի է լինելու:

Այսօր որքան անհավասար են մեր արտահանման պայմանները, այդքան ավելի ջանք մենք պետք է ներդնենք` հավելյալ արժեք պարունակող ապրանքներ ստանալու համար: Ներդնենք, որպեսզի ստանանք համաշխարհային շուկայում մրցունակ արտադրանք ու ծառայություններ:

Մեր հիմնական առավելությունը մեր ժողովրդի, մեր մարդկանց նախաձեռնողականությունն ու տաղանդն է: Ժամանակակից տեխնոլոգիաների բնագավառում աշխատող մեր տղաներն ու աղջիկները մեր զինվորների պես ամուր են պահում մեր երկրի անվտանգությունը: Իսկ նրանց հետ` նաեւ յուրաքանչյուր մարդ, ով ազնիվ աշխատում եւ արդյունք է տալիս:

Մեր հիմնական խնդիրն է` ավելացնել այդպիսի մարդկանց համար դրսեւորվելու ուղիները: Տա՛նք մարդկանց հնարավորությունը` մնացած ամեն ինչ նրանք ինքնուրույն կանեն, կարարեն, կստեղծեն, կզարգացնեն:

Նաեւ այդ նպատակով մենք պետք է ապահովենք Հայաստան-սփյուռք գործակցության դինամիկ զարգացումը: Ես վստահ եմ` մենք միասին կարող ենք շատ ավելին անել: Մենք պետք է առավելագույնս ներգրավենք սփյուռքի ներուժը, առաջին հերթին` մարդկային կապիտալը: Մրցունակ եւ զարգացման տանող յուրաքանչյուր ներդրումային ծրագիր կստանա Հայաստանի Հանրապետության իշխանությունների աջակցությունը:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Ընտրարշավի ժամանակ մենք բոլորս խոսելու եւ մեր ծրագրերը ներկայացնելու լայն հնարավորություններ ունեցանք: Միաժամանակ, մեզնից յուրաքանչյուրը մտահոգված էր նրանով, որ իր ասելիքը հնարավորինս մանրամասն եւ ամբողջական կերպով տեղ հասնի: Ընտրություններով ոչինչ չի ավարտվում, այլ սկսվում է նոր փուլ: Այժմ եկել է տքնաջան ու հետեւողական աշխատանքի փուլը: Այժմ ժամանակն է խոսքից գործին անցնելու, խոսքերը գործերով ամրագրելու:

Ուրեմն` ի գործ:

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը:

Փառք հայ ժողովրդին:

9 ԱՊՐԻԼԻ 2013թ.

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: