11/21/2018

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԸ

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԸ

24 ապրիլի 2013թ., Կապան

Մոտ մեկ դար է մեզ բաժանում 1915-ի ողբերգական իրադարձություններից, բայց դրանց պատճառած վերքը տակավին չի սպիանում: Ապրիլյան այդ օրը` 24-ին, Հայաստանում եւ ի սփյուռս համայն աշխարհի հայությունը ոգեկոչում է Մեծ եղեռնի զոհերի հիշատակը: Մարզկենտրոն Կապանում ժամը 10-ից հարյուրավոր մարդիկ մեծ ու փոքր խմբերով բարձրանում էին Բաղաբուրջի հուշահամալիր: Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի պատվանդանին ծաղկեպսակներ դրվեցին մարզային եւ քաղաքային իշխանությունների, հասարակական-քաղաքական կազմակերպությունների, հիմնարկ-ձեռնարկությունների կողմից:

Ապրիլի 24-ը կապանցիների հիշողության մեջ զուգորդվում է պատերազմական իրողության հետ, 21 տարի առաջ պատերազմը մտավ կապանցու տուն, այդ օրն առաջին անգամ հրետակոծվեցին Կապան քաղաքն ու մերձակա գյուղերը, եղան անմեղ զոհեր: Խորհրդանշական է, որ մերօրյա պատերազմի զոհերն ամփոփված են 1915թ. նահատակների հիշատակը հավերժացնող հուշարձանի հարեւանությամբ:

Սգերթի մասնակիցները ծաղիկներ դրեցին մերօրյա պատերազմի զոհերի շիրիմներին, Անհայտ զինվորի խաչքարին եւ երկրորդ աշխարհամարտում ընկած կապանցիների հիշատակը հավերժացնող հուշարձանի պատվանդանին: Իսկ մեկ օր առաջ` ապրիլի 23-ին Կապանում կազմակերպվել էր ավանդական ջահերթ, որ մեկնարկեց ՀՅԴ «Արամ Մանուկյան» կոմիտեի գրասենյակի մոտից:

Ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման արարողություններ տեղի ունեցան նաեւ Գորիսում, Սիսիանում, Մեղրիում, Ագարակում, Քաջարանում եւ մարզի գյուղերում:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: