09.20.2018
USD-482.44   EUR-564.6   RUB-7.28  

Միայն թե հույսը չմարի

Միայն թե հույսը չմարի

Թեման հուշեց ընթերցողը, առաջարկեց ակամա` չպատկերացնելով անգամ, որ հենց ինքն էլ դառնալու է հոդվածիս «մինի» հերոսը:

…70-ամյա ամուսիններ են, կենսաթոշակառուներ: Հարցրի որպիսությունները, եւ ի պատասխան` գնում ենք… մե՛նք էլ… Փորձեցի գոնե արտաքուստ ցույց չտալ զարմանքս, բայց չգիտես ինչու, ինձ թվաց` մեղքի զգացում կար երկու հատիկ բառի մեջ` գնում ենք… Չէ, չփորձեք գուշակել` ովքեր են ակնարկածս հերոսները, որովհետեւ նրանց կարելի է հանդիպել ամեն քայլափոխի, մեր երկրի տարբեր անկյուններում: Իսկ երբ հանդիպեք նրանց, նրանք առանց հրավերի ձեզ կմատուցեն «մեղք գործելու» պատճառները. «Մի կյանք ենք ապրում, կարոտում ենք երեխաներին, թոռներին, ինչքան կարելի է միայնակ ապրել»:

Արտագաղթ` ասել է թե ամենակուլ, ավերիչ չարիք, որը «հրեշ» կերպարանքով իր ճիրաններում է պահում միլիոնավոր մարդկանց ճակատագրերը: Այն կաթվածահար է անում երկիր-հայրենիքը բառի լայն իմաստով:

Ու գնում են, գնում են միայնակ, զույգերով, խմբերով, ընտանիքներով… ընտանիք… Կարծում եմ` այսօր ավելի քան արդիական են ընտանիքներն արժեւորող հետեւյալ տողերը. «Ազգերի զորությունն ընտանիքների մեջ է, զորավոր է այն ազգը, որն ունի զորավոր ընտանիքներ…»:

Իսկ քանի՜-քանի՜ ընտանիքներ են կուլ գնում արտագաղթի մագիլներին: Ինչու հարցին` քայքայված ընտանիքները մի պատասխան ունեն` լավ օրից չէ… Իսկ լավ օրվա ծայրը, ավա՜ղ, այդպես էլ չի երեւում:

Հետեւե՞լ եք` ազդագրային վահանակներին որքան են շատացել «Վաճառում եմ բնակարան» հայտարարությունները:

Ա՜խ, այդ գայթակղիչ հեռուները…
…Գնալու որոշում կայացնելն այնքան էլ հեշտ չէր, բայց անհրաժեշտ էր, երեխաներն ավարտում էին դպրոցը, ուսման հարց պետք է լուծեին:

Ու գնաց, որովհետեւ չգնալ չէր կարող, բայց… Մի քանի ամիս անց նրան բերեցին, բերեցին, որովհետեւ ինքն այլեւս գալ չէր կարող…

Անցել են տարիներ, առաջին հայացքից այսօր ամեն ինչ լավ է այդ ընտանիքում, բայց կարեւոր, մի շա՜տ կարեւոր բան պակասում է ընտանիքի լիակատար երջանկությանը` հա՜յրը:
Երկար եմ մտածել, որպեսզի արդարացում գտնեմ, հետ պահեմ նրանց` ճանապարհ ընկնելուց առաջ, խորհուրդ տալ (որն այնքա՜ն հեշտ է), եւ ի պատասխան` «աշխատանք տուր խորհրդի փոխարեն», «դառը դատել, դատարկ նստել ենք», «կուշտը սովածի հալը ո՞նց կիմանա», «օրերս լավ տեղ չմթնեց»…

Բավակա՛ն է, բավակա՛ն է…

…Մայրենիի դասաժամ էր հինգերորդցիների մոտ: Դասի թեման Գ.Սարյանի «Կարոտ» բանաստեղծությունն էր: Հարց ուղղեցի աշակերտներիս. Ի՞նչ է կարոտը, դուք երբեւէ ապրե՞լ եք կարոտի զգացումը:

- Ես անչափ կարոտել եմ Մոսկվայում ապրող մորաքրոջս երեխաներին:

- Իսկ ես երազում եմ, որ Ամերիկայից մեզ հյուր գա հորաքրոջս ընտանիքը, հորեղբորս ընտանիքը` Ռոստովից, էլ չեմ ասում, որ օրերս Ռուսաստան մեկնեց հայրս, - հուզմունքը հազիվ զսպելով` կարոտի զգացումն այսպես ներկայացրեց 10-ամյա աղջնակը:

- Իսկ ես կարոտել եմ…

Մի քանի րոպեում ցավալի, ողբալի վիճակագրություն արձանագրեցի` 25 աշակերտից 17-ը կարոտում էր արտերկրում ապրող հարազատ-բարեկամին:

Իսկ կեսդարյա կյանքի ընթացքում չեմ կարողանում հիշել որեւէ ժամանակահատված, երբ հայն իր երկիր-հայրենիքը լքի հենց այնպես, քանզի հայի տեսակն այնպիսին է, որ մշտապես նախընտրել է իր դրախտավայր երկիրը, գերադասել է «քարից հաց քամել», բայց ապրել համայնքում: Գաղտնիք չէ, որ հայն ի վերուստ իր հողին, իր բնից կառչած, ծնողասեր, գերեզման սրբացնող է, ուրեմն` այնքան է դառնացել, որ կարողացել է «դավաճանել» սրբությունները:

Աստված քարե համբերություն, փորձություններին դիմակայելու, դիմադրելու անսահման կամք ու կորով է տվել հային, բայց այսօր նա այնքա՜ն անզոր է, որ այդ քարե համբերությունն անգամ ի զորու չէ, անկարող է նեցուկ լինել իրեն: Հավատա՞նք, որ քարե թմբիրից կարթնանան քարե սրտեր, եւ ցավերի շղթայում կպակասեն ցավ օղակները: Մասնակցելով բյուրավորների տրտմությանը` առաջին անգամ զգացի` բառապաշարս շա՜տ է աղքատիկ` հուսադրելու, հուսավառելու նրանց` բյուրավորներին…

Երեւի մեկ անգամ եւս փորձեմ հասկանալ գնացող-հեռացող-փախչող-լքողներին` ներումի հույսը փայփայած, փորձեմ հասկանալ նրանց, ում համբերության բաժակն այլեւս լցվել է պռնկեպռունկ:
Չեմ պատրաստվում դատել գնացող-չդիմացող-չհամբերողներին, եւ ոչ էլ հերոս-հայրենասերներ հռչակել մնացող-դիմացող-համբերողներին:

Չեմ փորձելու ապահովագրել շատերի մեկնումը, հեռացումը, փախուստը, ազատվելը (?), փրկվելը (?), քանզի ուզում եմ մեկ անգամ էլ «պեղել»` «որտեղ հաց, էնտեղ կաց» փիլիսոփայությունը:
Գնում-փախչում-ազատվում են հռհռուն դիմակով օլիգարխներից, անհոգի, խղճակորույս իշխողներից ու իշխանիկներից, ուրիշի ցավը չզգացողներից, «ինձնից հետո թեկուզ ջրհեղեղ» նշանաբանով առաջնորդվողներից, գնում են…

Էլի՞ թվեմ… Օգուտն ի՞նչ…
Իսկ ո՞վ, ովքե՞ր են աճեցնում անորոշության մշուշը…

Ի վերջո, արտագաղթի ահագնացող հերթական ալիքը խթանելու համար ո՞վ կամ ովքե՞ր են պատասխանատու: Ժամանակը չէ՞` իշխանությունը լսի ժողովրդի ճշմարիտ (ճշմարտությունը` մե՞րկ է), թեկուզ դառնացնող խոսքերը, քան օլիգարխ-օլիգարխիկների «շռայլ» գովեստները, ժամանակը չէ՞` իշխանությունն ըմբռնի մի պարզ ճշմարտություն, որ յուրաքանչյուրն էլ ունի սխալվելու իրավունք, անսխալական մարդ չկա, յուրաքանչյուրն ունի թերություններ (ոչ ոք անթերի չէ), փորձի շտկել թերացումները, կյանքի կոչել խոստումները` ի շահ, բարօրություն ժողովրդի…
Ոչ ոք ապահովագրված չէ արտագաղթի ճահճուտում հայտնվելու վտանգից, ուստի հորդոր-խնդրանք Հայաստանի իշխանությանը` վերից վար:

Ժամանակին ժողովրդի հետ շփվելու, ժողովրդի կարծիքն իմանալու մի լավ, ըստ իս, շա՜տ լավ հնար-միջոց կար: Թագավորը (իշխանավորը) փարաջայով ծպտվել, շրջել է երկրով մեկ, իմացել, տեղեկացել է` ի՞նչ է մտածում ժողովուրդն իր մասին, հավաստիացել, թե ինչ դարդ ու ցավ ունի սեփական ժողովուրդը:

Իշխանության պատվարժան այրեր, երբեմն-երբեմն իջեք ձեր «բարձունքներից, ականջալուր եղեք ժողովրդի ձայնին… նաեւ հետընտրական ժամանակահատվածում: Մի՛ զլացեք ձուլվել ժողովրդին, մի՛ վախեցեք բարձրաձայնել. «Մենք ժողո-վո՜ւրդ ենք…»:

Մի բանում ավելի քան համոզված եմ, թեկուզ մեր հայրենակիցներից շատերը թակում են օտարի դուռը (զարմանալի ժողովուրդ ենք` օտարը նկատում է մեր հանճարը, տաղանդը, առավելությունները, մենք` ոչ), բայց մշտապես կարոտում են հայրենիքը, իսկ կարոտի ու սիրո շաղախը, անշուշտ, տունդարձի ճանապարհ է դառնալու ու պարարտ հող:

ԷՎԵԼԻՆԱ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Սիսիան

Հ.Գ. Հոդվածը պատրաստ էր տպագրության, երբ տեղեկացա (ոչ պաշտոնական աղբուրներից), որ մեր հայրենակիցներից մեկը (սիսիանցի) նախաձեռնել է խթանել տրիկոտաժի արտադրությունը, որն իր առաջին քայլերն է անում: Ասել է թե` մի քանի տասնյակ մարդ ներգրավվելու է աշխատանքում, մի քանի ընտանիք ունենալու է ապրուստի միջոց եւ զերծ է մնալու օտար ափերում հաց վաստակելու ապարդյուն ու անորոշ փնտրտուքից:

Իսկ ես հերթական անգամ կփորձեմ հաղթահարել ճակատագրի մեզ բաժին հասած այսերթն ու բախտը: …Թեեւ այս պահին կոկորդս կրկին թուլությունն է սեղմում, բայց ես լիահույս եմ, որ գալու է արթանցումի պահը, օգնելու է, որպեսզի պարզաջրեմ հոռետես տողերս, պայծառաջրեմ մտքերս ու բարձրաձայնեմ. «Ապրենք հույսով, քանի որ հույսը վերջինն է մեռնում»:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: