11/19/2018

«Դինո գոլդի» նոր ղեկավարը նոր աշխատաոճ է որդեգրում

«Դինո գոլդի» նոր ղեկավարը նոր աշխատաոճ է որդեգրում

Ապրիլի 22-ին «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ տեղեկատվական կենտրոնում տեղի ունեցավ ձեռնարկության նորանշանակ գլխավոր տնօրեն Հրաչ Ջաբրայանի (պաշտոնավարում է ապրիլի 8-ից) մամուլի ասուլիսը: «Ուրախ եմ ոչ թե պաշտոնի, այլ ձեռնարկության առաջին հայ տնօրենը լինելու համար նրա սեփականաշնորհումից հետո: Անկեղծ ասած` իմ մտքով չէր անցնում, որ տնօրեն կլինեմ, քանզի այստեղ եկել էի երեք տարվա պայմանագրով, բայց այսուհետ այստեղ կմնամ այնքան, որքան կցանկանա «Դանդի փրեշըլզի» սեփականատեր խումբը: Սա ասում եմ` լռեցնելու Կապանում շրջող այն խոսակցությունները, ըստ որոնց` երկու-երեք տարով է այս պաշտոնը վստահվել ինձ», - ասաց բանախոսը եւ ներկայացրեց տեղի ունեցած փոփոխությունները` ֆինանսական տնօրեն է նշանակվել Նորայր Վարդանյանը, վարչական տնօրեն` Վահե Վարդանյանը, իսկ Դավիթ Թովմասյանը կշարունակի պաշտոնավարել որպես արտադրության տնօրեն:

Հայտարարելով, որ «Դինո գոլդը» որդեգրել է թափանցիկ աշխատաոճի քաղաքականություն, Հրաչ Ջաբրայանը կրկին ներկայացրեց նախորդ` մարտի 12-ին կայացած մամուլի ասուլիսում հրապարակած թվերը. վերջին մեկուկես տարում ձեռնարկությունը կրել է 22 մլն դոլարի վնաս, ընթացիկ տարվա առաջին եռամսյակում ֆինանսական ճեղքվածքը կազմում է 5.5 մլն դոլար, ինչը ձեռնարկությանը ոչ միայն դժվարին կացության առջեւ է կանգնեցրել, այլեւ ստիպել, որ անցնեն կրճատումների: Ընդ որում` ժամանակավորապես դադարեցվել են հետախուզական աշխատանքները եւ դրանցում ընդգրկված 34 աշխատակից ու ձեռնարկության լաբորատորիայի 30 աշխատակից կկորցնեն իրենց աշխատանքը: Բանախոսը շտապեց հուսադրել, որ 34 նոր աշխատատեղ է ստեղծվել հանքի, շարժակազմի եւ այլ բաժիններում, եւ հանքահետախուզությունում աշխատանքը կորցրածների մի մասը կտեղափոխվի հանքում աշխատելու:

Հետախուզական աշխատանքների դադարեցումը բանախոսը պայմանավորեց բյուրոկրատական քաշքշուկով, որ գոյություն ունի ՀՀ բնապահպանության եւ էներգետիկայի ու բնական պաշարների նախարարությունների միջեւ: Բացի այդ, հետախուզական աշխատանքներն ամսական 800 հազար դոլար են պահանջում, չհաշված այդ ոլորտում ընդգրկված աշխատակիցների աշխատավարձը: Եվ այս ամենին հավելած ոսկու շուկայում ազնիվ մետաղի գներն ընկել են (մեկ ունցիայի գինը 1700-1800 դոլարից իջել է 1300-1400-ի)` լրջորեն անդրադառնալով ձեռնարկության ֆինանսատնտեսական գործունեության վրա:

Իր պաշտոնավարության առաջին քայլերից մեկը տնօրենը համարեց «Դինո գոլդում» հավելավճարի ծրագրի վերանայումը. «Ներկա բոնուսային ծրագիրը հաստատված էր նախկին տնօրինության օրոք, որի որոշ կետերի հետ համամիտ չեմ: Պիտի մշակենք նոր բոնուսային ծրագիր, որն ավելի տեսանելի լինի ձեռնարկության բոլոր աշխատակիցների համար, բացի դրանից արտադրական պլանները կատարելու դեպքում ոչ միայն հանքի, այլեւ կոլեկտիվի մյուս անդամները վարձատրվեն, ինչպես ընդունված է մյուս երկրների համանման ձեռնարկություններում: Մայիսի 13-17-ը կլինեմ Հյուսիսային Կանադայի չորս հանքում, կծանոթանամ այդտեղ կիրառվող բոնուսային ծրագրին, եւ կփորձեմ պարզել, թե ինչ կարելի է քաղել այդ ծրագրերից եւ ներդնել այստեղ: Կանադայում կհանդիպեմ «Դանդի փրեշլզի»` ղեկավարության հետ եւ գնում եմ երկաթե շերեփով, այլ ոչ թե թղթե շերեփով, ինչպես Խրիմյան Հայրիկը, որ կարողանամ հարիսայից ինչ-որ բաժին բերել մեր ժողովրդի համար»: Ահա այսպես պատկերավոր ներկայացրեց իր առաջիկա այցն օվկիանոսից այն կողմ, ավելի ստույգ` Տորոնտո, որտեղ ձեռնարկության սեփականատեր խմբի նստավայրն է:

Անդրադառնալով ձեռնարկության ընդհանուր մթնոլորտի բարելավման խնդիրներին` բանախոսը կարեւորեց ձեռնարկության աշխատողների ըստ ամենայնի խրախուսումը: Այս համատեքստում նա հատկապես նշեց, որ նախորդ տարում սահմանվել է «Լավագույն աշխատող» անվանակարգը եւ լավագույնը ճանաչված հորատողներից մեկը պարգեւատրվել է 2 մլն դրամով եւ շնորհակալագրով: Երկրորդ տեղը զբաղեցրած եւս հինգ հոգի 400 հազար դրամ պարգեւ են ստացել: Այս տարի որոշակի նորամուծություն է մտցվել այդ անվանակարգում, հաղթողը կստանա 3 մլն դրամ, ընդ որում մեկ մլն դրամը տնօրենը կհատկացնի իր անձնական խնայողություններից: Եթե «Դինո գոլդը» շահույթով փակի տարին, ապա «Լավագույն աշխատող» կոչմանն արժանացածը կստանա հարմարավետ բնակարան, իսկ ձեռնարկության աշխատողները` 13-րդ աշխատավարձ:

Ասուլիսում չէր կարող անդրադարձ չլինել վերջերս կայացած դատին: «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ընկերությունը դատական հայց էր ներկայացրել բնապահպանական ակտիվիստ Եղիա Ներսիսյանի դեմ` մեղադրելով նրան զրպարտության մեջ: Բանն այն է, որ վերջինս 2012թ. դեկտեմբերին ԱՄՆ-ում` հայ համայնքի հետ հանդիպումների ժամանակ բարձրաձայնել էր իրեն հասած տեղեկություններ, ըստ որի` ընկերությունն իր աշխատակիցների նկատմամբ էլեկտրաշոկ է կիրառել: Հրաչ Ջաբրայանը մամուլի ասուլիսի մասնակիցներին տեղեկացրեց, որ իր` երկու տարի Կապանում գտնվելու եւ «Դինո գոլդում» աշխատելու ժամանակ շփվել է տեղացիների եւ ձեռնարկության աշխատողների հետ, բացի այդ ուսումնասիրել ընկերության գրագրությունը եւ պարզել, որ աշխատակիցների նկատմամբ էլեկտրաշոկ չի կիրառվել, այլ ընդամենը նախկին տնօրինությունը ցանկացել է էլեկտրաշոկ ձեռք բերել, որ պահակային ծառայությունն օգտագործի «գիշերային ներխուժումների» եւ գողերի դեմ: Ասվածից ենթադրելով` արատավորվել է ձեռնարկության բարի համբավը, ինչի համար էլ տնօրինությունը հայց է ներկայացրել դատարան: Ինչեւէ, կայացել է դատական առաջին նիստը, որ պարզություն չի մտցրել խնդրում:
Հրաչ Ջաբրայանն իր խոսքի ավարտին պատասխանեց ասուլիսի մասնակիցների հարցերին, որոնք առնչվում էին ընկերության տնօրինություն-արհեստակցական կազմակերպություն փոխհարաբերությանը, մարզի հանքարդյունաբերության հարուցած բնապահպանական խնդիրներին եւ ոլորտին առնչվող այլ հարցերի:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: