09.22.2018
USD-482.44   EUR-564.6   RUB-7.28  

Մեղրիում չորանում են ընկուզենիները եւ կորիզավորները, վտանգ է սպառնում նաեւ նռնենուն ու թզենուն

Մեղրիում չորանում են ընկուզենիները եւ կորիզավորները, վտանգ է սպառնում նաեւ նռնենուն ու թզենուն

Անցյալ տարվա աշնանից նկատվող այդ երեւույթին պատկան մարմինները, այդ թվում` հանրապետության գյուղնախարարությունը, շարունակում են ուշադրություն չդարձնել: «Սյունյաց երկրի»` դրանից բխող հարցերին պատասխանում է Սյունիքի ԳԱՄԿ-ի Մեղրու տարածաշրջանի գյուղատնտեսության գծով խորհրդատու Գեւորգ Մարգարյանը:

– Պարո՛ն Մարգարյան, գարնան զարթոնքին Մեղրիում նկատվել է ընկուզենիների չորացման միտում, որը շարունակում է խորանալ: Ինչո՞վ է դա բացատրվում:
– Այո, այդպիսի երեւույթ է նկատվում Մեղրիում: Եւ դա, կարծում եմ, պայմանավորված է կլիմայի փոփոխությամբ, շրջակա միջավայրի աղտոտվածությամբ, ինչը հատկապես հանքավայրերի գիշատիչ շահագործման եւ բնապահպանական հարցերի հանդեպ անտարբերության հետեւանք է: Տերեւի գորշ բծավորությունը եւ ճյուղերի չորացումը մայիս ամսվան բնորոշ հիվանդություն են, որ կարող են առաջանալ նաեւ մի շարք այլ պատճառներով եւս (երաշտ, ցրտահարություն, սնկային եւ վիրուսային հիվանդություններ, միջատների հասցրած վնաս, ծառերի բնի եւ ճյուղերի վնաս): Եւ վարակված ու չվարակված ճյուղերն իրարից դժվարությամբ են տարբերվում:
– Կներեք, բայց Ձեր բնութագրումներն ոչ բոլոր դեպքերում են համոզիչ: Երաշտ ասվածը դեռեւս լիովին նկատելի չէ, բայց Դուք դա պատճառների շարքն եք դասում: Արդյո՞ք դա չի նշանակում, որ տեղի ունեցող երեւույթների մասնագիտական, գիտական պատճառները վերջնականապես պարզված չեն:
– Այդ երեւույթը նկատվել է 2012 թվականի աշնանից, սակայն… Աշնանը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի առաջատար մի քանի գիտնականներ այցելել են Մեղրի ու մի քանի փորձանմուշ վերցրել, բայց քանի որ եղել է բերքահավաքի շրջան, ուսումնասիրությունն ավարտին չի հասցվել, կիսատ է մնացել: Սակայն հաստատվել է (կամ առաջին տպավորությունն այն է եղել), որ այս դեպքում բակտերիալ, վիրուսային եւ սնկային հիվանդությունները համատեղված են, բայց լիարժեք ուսումնասիրությունը (հողի նմուշի եւ ծառերի բնափայտի անալիզ), կրկնում եմ, դեռ չի ավարտվել, ընթացքի մեջ է, որն ավարտելու համար որոշակի ժամանակ եւ ֆինանսական միջոցներ են անհրաժեշտ:
– Արդյո՞ք նախորդ տարիներին նույնպես նման երեւույթներ նկատվել են Մեղրիում:
– 2011, 2012 թվականներին` այո:
– Եւ ի՞նչ ընթացք է ունեցել այդ երեւույթը, ի՞նչ միջոցների են դիմել այն ժամանակ:
– Այն ժամանակ, բարեբախտաբար, հիվանդությունները չխորացան: Մենք էլ հողօգտագործողների համար մի շարք համայնքներում ուսուցողական, խորհրդատվական դասընթացներ ու սեմինարներ անցկացրինք…
– Ես նորից պիտի Ձեզ ընդհատեմ. մի՞թե սեմինարներով, խորհրդատվական դասընթացներով հիվանդությունների առաջն առել եք, երբ նույնիսկ չգիտեք, թե խոսքն ինչ հիվանդությունների մասին է: Իսկ մենք ստիպված ենք ենթադրել, որ 2011 եւ 2012 թթ. հիվանդությունները վերացել են ինքնըստինքյան… Լավ, ուրիշ ո՞ր ծառատեսակների մոտ են հիմա նկատվում այդ հիվանդությունները:
 – Հիվանդությունները եւ վնասատուները հիմնականում հայտնի են: Ուղղակի նրանց դեմ պայքարի ֆենոլոգիական (անցումային) փուլերի ժամկետների եւ անհրաժեշտ ու արդյունավետ թունաքիմիկատների հարցը պետք է ճշտվի գիտական կենտրոնների մասնագետների կողմից, քանի որ մեր տարածաշրջանում խորն արմատներ են գցել մելանկոնիում, բնափայտի քաղցկեղ, բնափայտի փտում, սնկային եւ արմատային քաղցկեղ, վիրուսային (բակտերիալ) արմատային հիվանդությունները: Եվ այդ հիվանդությունները սպառնում են ոչ միայն ընկուզենիներին, այլեւ բոլոր կորիզավորներին ու հնդավորներին:
– Ի՞նչ պետք է անել:
– Պետք է, նախեւառաջ, հիմնավորապես ուսումնասիրել այդ երեւույթը, ախտորոշել այն, որից հետո համապատասխան միջոցներ ձեռնարկել: Առանց հիվանդության առաջացման ստույգ պատճառներն իմանալու, առանց պետական մակարդակի աջակցության չենք կարող կանխել դա: Եթե այսպես շարունակվի, ընկուզենու գենոֆոնդը կկորցնենք, քանի որ վիճակն աստիճանաբար մոտենում է կրիտիկականին:
– Ծառերի այդ հիվանդությունները, ինչպես նշեցիք, նկատվել են մեկ-երկու ամիս առաջ, ի՞նչ է կատարվել այդ ընթացքում: Գոնե հանրապետության գյուղնախարարը տեղյա՞կ է, որ Մեղրիում մի քանի ծառատեսակներ վերանում են:
– Չեմ կարող ասել` գյուղնախարարը տեղյա՞կ է, թե՞ ոչ: Բայց ստույգ կարող եմ ասել, որ նշված հիվանդությունները բուժելու համար առայժմ որեւէ հիմնարար աշխատանք չի կատարվում, իսկ հիվանդությունները խորանում են: Կարող եմ ասել նաեւ, որ տեղական ուժերով հնարավոր չէ ինչ-որ արդյունքի հասնել:
– Կա՞ն այլ հիվանդություններ եւ վնասատուներ, որոնք այսօր սպառնում են Մեղրու շրջանի պտղատու ծառերին:
– Շատ մեծ տարածվածություն ունեն անդրկովկասյան մարմարյա բզեզը, Մեղրու կեղծ գնդաձեւ վահանակիրները, նռնենու եւ թզենու հրաթիթեռները, արեւելյան պտղակերն ու արքայանարնջի ճյուղերի չորացում վիրուսային հիվանդությունները, որոնք հատկապես վտանգ են ներկայացնում մերձարեւադարձային պտղատու կուլտուրաների եւ մասնավորապես հնդավորների ու կորիզավորների համար:
– Եվ ի՞նչ կարելի է անել այդ հիվանդությունները կանխելու համար:
– Դա կարելի է բուժել` հետեւողական լինելու դեպքում: Կան համապատասխան թունաքիմիկատներ, որոնց ձեռք բերելը խնդիր չէ: Մենք համագործակցում ենք «ԱՐՏԱԳՐՈ» ՍՊԸ-ի հետ (նաեւ միջնորդություններ ենք ներկայացնում այդ ընկերությանը), եւ այդ ընկերությունն օգնում է շատ գյուղացիական տնտեսությունների: Մնում է, որ մարդիկ ցանկություն ունենան, չծուլանան եւ ժամանակին խնամեն ծառերը, որ հիվանդություններն ու վնասատուները ծառերին վնաս չպատճառեն:

Հարցազրույցը` ՆՈՒԲԱՐ ԴԱՎԹՅԱՆԻ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: