09.26.2018
USD-481.66   EUR-566.58   RUB-7.32  

Ինչո՞վ է պայմանավորված գարնանային զորակոչի անդրանիկ հավաքի ուշացումը

Ինչո՞վ է պայմանավորված գարնանային զորակոչի անդրանիկ հավաքի ուշացումը

2013թ. Հայաստանի զինված ուժերի գարնանային թարմացման գործընթացը սկսվելու է սովորականից բավականին ուշ: Այդ, ինչպես եւ զինակոչիկների առողջական վիճակի, պատրաստվածության եւ գաղափարական դաստիարակության ու գարնանային զորակոչին առնչվող մյուս հիմնախնդիրների մասին է զրույցը Կապանի զինկոմ, փոխգնդապետ Լեոնիդ Գրիգորյանի հետ:

– Պարո՛ն Գրիգորյան, գարնանային նախորդ զորակոչերի հետ համեմատ այս անգամ զորակոչն ուշ է սկսվելու, անդրանիկ հավաքը տեղի է ունենալու հունիսի 13-ին: Ինչո՞վ է դա պայմանավորված:

– Այս գարնանային զորակոչի սովորականից ուշ մեկնարկը պայմանավորված է տասներկուամյա կրթական համակարգով, հնարավորություն է ընձեռվում պատանիներին իրենց ուժերը չափել բուհ ընդունվելու համար, այսինքն` նրանք պետք է օգտվեն կրթություն ստանալու՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ ամրակայված (տվյալ դեպքում՝ բարձրագույն) իրենց իրավունքից:

– Ըստ Ձեզ դպրոցական նստարանից նոր-նոր բաժանված  եւ 18 տարին երեկ լրացած պատանին կարո՞ղ է իր փխրուն ուսերին տանել բանակային կյանքի դժվարությունները, գաղափարապես տակավին չհասունացած պատանին կարո՞ղ է կատարել հայրենիքի պաշտպանի իր դերը: Դպրոցն ավարտելուց  տասը օր հետո շրջանավարտը կարո՞ղ է զորակոչվել բանակ:

– Ոչ թե կարող է, այլ պարտադիր զորակոչվելու է: Զինակոչիկի գաղափարական պատրաստվածությունը պայմանավորված է նաեւ դպրոցում ստացած կրթությամբ ու դաստիարակությամբ: Դպրոցում դասավանդվում է նաեւ «Նախնական զինվորական պատրաստություն» առարկան: Բարձր դասարանցիների հետ անցկացվում է կրակային պատրաստություն, հրաձգարանում պատանիները կրակում են ինքնաձիգով: Գաղափարական պատրաստվածության մյուս մասը կապում եմ զանգվածային լրատվամիջոցների քարոզչության, հասարակական կազմակերպությունների աշխատանքի, ընտանիքի հետ:

– Քանի որ խոսվեց դպրոցի մասին, ավարտենք թեման հարցով՝ արդյո՞ք Ձեզ բավարարում են «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի դասագիրքը, առարկայի դասավանդման դրվածքը:

– Դասագրքի բովանդակությունն ինձ բավարարում է, այլ խնդիր է, թե այդ գիրքն ով է օգտագործում: Կարող է նույն թեման ընթերցեն երկու  մարդ, եւ յուրաքանչյուրը յուրովի ընկալի ու մեկնաբանի դա: Մեկը գործնականում այդ թեման կարող է կիրառել մի ձեւով, մյուսը` մի այլ ձեւով: Սա է խնդիրը: Դասագիրքը հրապարակի վրա է, համապատասխանում է ժամանակակից պահանջներին, խնդիրը դպրոցի եւ զինղեկի վերաբերմունքն է առարկայի եւ դրա դասավանդման հանդեպ: Եվ ընդհանրապես դպրոցում ռազմահայրենասիրական դաստիարակությունը պատշաճ մակարդակի վրա պիտի լինի: Անչափ կարեւոր է այն հանգամանքը, թե պատանին ինչ մթնոլորտի մեջ է ձեւավորվում եւ ինչ արժեհամակարգի մեջ հասակ առնում:

– Բժշկական հանձնաժողովի զննումների արդյունքում արտացոլվում է զինակոչիկների հիվանդացության պատկերը: Ո՞ր հիվանդություններն են առավել տարածված հայրենիքի ապագա պաշտպանների շրջանում: Բավարար չափով բացահայտվո՞ւմ եւ ախտորոշվո՞ւմ են այդ հիվանդությունները:

– Բավականին մեծ տոկոսով բացահայտվում են, բայց լինում են հիվանդություններ, որոնց մասին ոչ միայն ծնողները, այլեւ զինակոչիկները տեղյակ չեն լինում: Բժշկական հանձնաժողովը հայտնաբերում է հիվանդություն, որն անակնկալ է լինում զինակոչիկի ծնողի համար: Լինում են դեպքեր, երբ զինակոչիկը խուսափում է հիվանդության մասին հայտնել ծնողին: Լինում է այնպես, որ հիվանդությունը բավականին ուշ է հայտնաբերվում, եւ բանը հասնում է վիրահատական միջամտության կամ տեւական բուժման: Այս զորակոչին փոփոխություն է  կատարվել, վերջին տարիներին, զինակոչիկների շրջանում սիրտանոթային հիվանդությունների աճով պայմանավորված, ատամնաբույժի պարտականությունը կատարում է քիթ-կոկորդի մասնագետը, իսկ ատամնաբույժի հաստիքը հատկացրել են սրտաբանին: Եղավ մի պահ, երբ Կապանի եւ Գորիսի բժշկական կենտրոնները կառավարության որոշմամբ  զրկվեցին հետազոտություն կատարելու իրավունքից, այս զորակոչից արդեն որոշ ախտորոշումներն իրականացվում են նշված բժշկական կենտրոններում: Սա ոչ միայն նախազինակոչային եւ զինակոչային պատանիների ընտանիքների հոգսը որոշակիորեն թեթեւացնում է, այլեւ նպաստում է  պատանիների կցագրման պրոցեսին, նախազինակոչային տարիքի պատանիների առողջական վիճակի գնահատման, եղած շեղումները վաղ շրջանում հայտնաբերելու առումով: Երբեմն հետազոտության համար 15-ամյա պատանուն պիտի ուղարկենք Երեւան: Տեղում էլ որոշ հետազոտություններ են արվում, եւ կարողանում ենք զինակոչիկի անձնական գործում ճիշտ գրանցում կատարել: Բայց հիմնականում կարեւոր բուժզննումներն իրականացվում են մայրաքաղաքում:

– Իսկ հնարավոր չէ՞ այդ ամենը մարզում իրականացնել, քանի որ ծախսերի հետ է կապված:

– Բժշկական մասնագիտական խմբեր հնարավոր է հրավիրել, բայց բժշկական նորագույն սարքավորումներ կան, որոնք միայն մայրաքաղաքում են առկա, եւ դրանք դյուրին չէ (եթե ոչ անհնար) տեղափոխել մարզեր: Բայց այլ ելքեր կան: Կարծում եմ՝ սիրտանոթային  արատներ ունեցողներին կարելի է հետազոտել Գորիսի նորաբաց սրտաբանական կենտրոնում: Եթե չեմ սխալվում, մինչեւ անցյալ տարի Մեղրիում ֆլյուրոգրաֆիական ապարատ չկար, մարդն իր թոքերը ստուգելու համար պիտի հասներ Կապան: Ես այդ մասին բարձրաձայնել եմ մի 5-6 տարի առաջ: Բայց այդ ապարատը ոչ միայն զինակոչիկների, այլեւ Մեղրու տարածաշրջանի բնակչության հետազոտության համար է  հարկավոր:

– Ցավոտ խնդիր է շարունակում մնալ բուժզննման նպատակով մայրաքաղաք մեկնող զինակոչիկներին անհրաժեշտ գումարով ապահովումը:

– Այդպես է, զինակոչիկին հատկացնում ենք վեց հազար դրամ՝ գնալ-գալու համար: Այն հիվանդանոցը, ուր գործուղվում է զինակոչիկը, պարտավոր է նրան ապահովել գիշերելու տեղով եւ սննդով, իսկ այդ նպատակով հատկացվում է 700 դրամ` մեկ օրվա համար, ինչպես ասում են` մեկնաբանություններն ավելորդ են:

– Անցնենք զորակոչին առնչվող մի կարեւոր խնդրի. գարնանային այս զորակոչից խուսափողներ կա՞ն, եւ ի՞նչ է ձեռնարկվում նախորդ զորակոչերից խուսափողների հանդեպ:

– Խուսափողներ, բնականաբար, կան: Կոնկրետ այս զորակոչից խուսափողներն այն պատանիներն են, ովքեր վաղ տարիքում ծնողների հետ տեղափոխվել են արտերկիր: Բայց կան այնպիսիք, ովքեր վերադառնում են: Եթե մարդ ծնվել է Հայաստանում եւ արտերկրում (կոնկրետ՝ Ռուսաստանում) դժվար է այդ երկրի քաղաքացիություն ստանալ (խոսքը նախեւառաջ զինակոչային տարիքի պատանու մասին է), ապա ճարահատյալ վերադառնում է Հայաստան՝ ծառայելու բանակում, որպեսզի զինգրքույկ եւ անձնագիր ստանա: Կոնկրետ այս զորակոչին  Ռուսաստանից երեք հոգի եկել են ծառայելու: Այլապես խնդիրներ են ունենում տվյալ երկրի իրավապահ մարմինների ու այլ կառույցների հետ:

– Իսկ նախորդ զորակոչերից խուսափողներ շատ կա՞ն, թե՞ դա գաղտնիք է:

– Որեւէ գաղտնիք չկա, շատ են, բայց այդ շատի մեջ մի մասի 27 տարեկանը լրացել է, նրանք այլեւս զորակոչի ենթակա չեն:

– Իսկ կա՞ն այնպիսիք, ովքեր վերադառնում եւ սահմանված գումարը՝ յուրաքանչյուր զորակոչի համար 100 հազար դրամ մուծելով՝ ազատվում են քրեական պատասխանատվությունից:

– Այո՛, այդիսիք էլ կան։ Այդ հարցը կարգավորվում է «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքով։

– Տարեկան մի քանի անգամ անցկացվում են վարժահավաքներ: Ի՞նչ դժվարություններ կան այդ ոլորտում: Հաջողվո՞ւմ է Ձեզ կազմակերպված անցկացնել դրանք:

– Բնականաբար, ոչ  մեկը չի գալիս հոժարակամ, թե՝  ես գնում եմ վարժական հավաքի: Բայց բոլորը պիտի մասնակցեն դրանց, որովհետեւ մեր ժողովրդի խաղաղությունը դրանով է պայմանավորված, իսկ ով խուսափում է վարժական հավաքից, կնշանակի նա չի սիրում իր հայրենիքը, ընտանիքը: Ի՞նչն է խանգարում զինապարտին, որ նա մեկ-երկու օրով մասնակցի վարժահավաքի: Կարծում եմ՝ տարրական պատասխանատվության բացակայությունը: Կցանկանայի, որ համայնքի ղեկավարները, համատիրության նախագահները վարժահավաքների խնդրում անհրաժեշտ սրտացավություն դրսեւորեն, նաեւ գիտակցեն, որ յուրաքանչյուր վարժահավաք մեր տարածաշրջանում խաղաղության ամրապնդման հավելյալ գրավական է:

– Իսկ ի՞նչ կասեիք պայմանագրային զինծառայության մասին:

– Այդ մասին կարեւոր եմ համարում խոսելը, քանզի մենք պարտադրված ենք գնալ պայմանագրային զինծառայության՝ ելնելով մեր զորակոչային ռեսուրսների սակավությունից: Այս ոլորտում էլ կան խնդիրներ: Կարծում եմ՝ ժամանակի հետ դրանք կլուծվեն, քանզի սոցիալական բնույթի են՝ աշխատավարձ, կենցաղային ոչ բարվոք պայմաններ եւ այլն: Ըստ իս՝ պայմանագրային զինծառայողը, ով մարտական հերթապահություն է իրականացնում դիրքերում, համոզված պիտի լինի, որ իր թիկունքում ընտանիքն ապահովված է, հանապազօրյա հոգսերը հասցված են նվազագույնի:

– Նաեւ զինկոմիսարիատների վրա՞ է դրված ռազմական ուսումնարանները կադրերով ապահովելու խնդիրը:

– Ցավոք, ռազմական ուսումնարաններում սովորել ցանկացողների թիվը գնալով նվազում է: Կար ժամանակ, երբ 25-30 պատանի էինք  շրջանից տանում մայրաքաղաք, նույնիսկ մի ավտոբուսը չէր բավականացնում, իսկ հիմա… Այս խնդրում ամենաստույգ  քարոզչությունն այն է, որ հասարակությունը տեսնի, որ զինվորականի ընտանիքը բարեկեցիկ կյանքով է ապրում, գտնվում է պետության հոգածության ներքո, զինվորականը հասարակության մեջ հարգանք ու պատիվ ունի:

– Մասնագիտության բերումով մշտապես հետեւում ենք աշխարհի անցուդարձին, օրվա լուրերի թողարկումներին, մի քիչ շատ չէ՞ պատերազմի քարոզը մեզանում: Անընդհատ, ամեն օր հիշեցնում են (եթե ուրիշ մեկը չհիշեցնի, «Հայլուր» լրատվական ծրագիրը հիշեցնում է), որ իրավիճակը սահմանում լարված է, որ Ադրբեջանը հոխորտում է: Անընդհատ, կարծեք, հիշեցնում են, որ մեզ պատերազմ է սպասվում:

– Ես միանշանակ ասում եմ՝ նման գործելակերպը սխալ է: Մենք ոչ թե պիտի խոսենք, մենք պետք է մշտապես պատրաստ լինենք պատերազմի: Առանց այդ մասին տարփողելու կամ պարզապես հիշեցնելու: Այսպիսի մի ձեւակերպում կա, չէ՞, եթե ուզում ես խաղաղություն, պատրաստվիր պատերազմի: Եթե մեր հակառակորդը մի քանի տարի առաջ պատերազմի մասին մեզ նախազգուշացնում էր, ապա հիմա բացահայտորեն պատերազմը վերսկսելու սպառնալիքներ է տեղում: Մենք պիտի պատրաստվենք գիշեր-ցերեկ, ամեն օր, ամեն ժամ, ամեն վայրկյան: Դա պիտի լինի պետական քաղաքականության եւ քարոզչության մի բաղկացուցիչ մասը: Եթե մի օր մեր երկրին վտանգ սպառնա, մենք պիտի ազգովին պատրաստ լինենք: Սա է խնդիրը:

– Եվս մի հարց է մեզ հուզում: Մի քանի օր առաջ նշվեց հաղթանակի եւ խաղաղության տոնը: Չե՞ք կարծում, որ այդ հաղթանակի եւ խաղաղության ու Շուշիի ազատագրման տոնակատարություններն իրարից պիտի առանձնացնենք: Ինչքան էլ նույնացնենք, դրանք նույնը չեն: Խառնվում են մեծ հաղթանակի օրը եւ Շուշիի ազատագրումը: Դրանք մեր պատմության տարբեր ժամանակաշրջանների իրադարձություններ են նշանավորում, գուցե դրանք առանձնացնե՞նք:

– Մայիսի 8-ին մասնակցում էի Մեղրու սահմանապահ ջոկատի միջոցառմանը: Նաեւ ելույթ ունեցա եւ այն միտքը հայտնեցի, որ Ձեր նշած երկու իրադարձությունը պարզապես զուգադիպել են: Նաեւ բանաստեղծական տողեր հիշեցրի. «Եթե նորից մրրիկ բարձրանա, մայիսի 9-ով պիտի վերջանա»: Գուցե այդ զուգադիպման մեջ դեր խաղաց այն հանգամանքը, որ Շուշիի ազատագրումը ձեռնարկած զորահրամանատարները՝ Կոմանդոսը (Արկադի Տեր-Թադեւոսյան), պաշտպանության ներկայիս նախարար Սեյրան Օհանյանը, այլ զորահրամանատարներ, ռազմական այդ օպերացիան հենց մայիսի 8-ին են նախատեսել սկսել, նաեւ աչքի առաջ ունենալով, որ հայերիս համար մայիսը հաղթանակների ամիս է, Բեռլինում Գերմանիայի կապիտուլյացիայի փաստաթուղթն էլ ստորագրվեց մայիսի 8-ին, մայիսի 9-ին պարզապես տոնում էին հաղթանակը: Բայց այդ երկու իրադարձությունը համատեղելը լավագույն տարբերակը չէ: Իմ խոսքում ես ասացի, որ փաստորեն հակառակորդը ցանկանում էր մեզ հիշեցնել ապրիլի 24-ը, մենք էլ ցանկացանք ապացուցել, որ կարող ենք հաղթել մայիսի 9-ին, քանի որ այդ հաղթանակի օրը մեր մեջ ամուր է նստել:

– Նորից դառնանք զորակոչի թեմային: Բնականաբար,  Դուք պատասխանատվություն չեք կրում բանակում ծառայող զինվորի համար, բայց, այնուամենայնիվ, զինկոմիսարիատ-զորամաս կապը գործո՞ւմ է: Տեղեկություն ունե՞ք, թե ինչպես է ծառայում Կապանի զինկոմիսարիատից զորակոչված զինվորը:

– Զինկոմիսարիատը շնորհակալական նամակներ է ստանում որոշ զինվորների օրինակելի ծառայության մասին, եւ, հակառակը, լինում են դեպքեր, երբ որոշակի հանցանքների համար զինվորը դատապարտվում է, այդ մասին էլ ենք տեղյակ լինում: Կամ էլ, երբ բանակում զինվորը որեւէ խնդիր է ունենում, ծնողը մեզ է դիմում, գտնում ենք զորամասի հրամանատարի հեռախոսահամարը, փորձում օգտակար լինել: Այսքանը:

Վերջում կուզեի հավաստիացնել, որ Կապանի զինկոմիսարիատը, մարզային եւ տեղական իշխանությունների, իրավապահ մարմինների հետ համագործակցած, հնարավորինս ամեն ինչ անելու է հանրապետության զինկոմիսարիատի կողմից իջեցված պլան-առաջադրանքը կատարելու համար, իսկ զորակոչված երիտասարդներին մաղթում եմ խաղաղ ծառայություն եւ բարի վերադարձ։

Զրւյցը՝ ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆԻ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: