09.26.2018
USD-481.66   EUR-566.58   RUB-7.32  

Ողբերգություն Գորիսում

Ողբերգություն Գորիսում

Հունիսի 4-ին Գորիսը հրաժեշտ տվեց Ավետիք Բուդաղյանին, ով մահացել էր հունիսի 1-ին, ժամը 23.30-ի սահմաններում տեղի ունեցած կրակոցներից ստացած հրազենային վնասվածքից: Տեղի ունեցածի վերաբերյալ շրջանառվող վարկածներից հիշենք ոստիկանության առաջին պաշտոնական տեղեկատվությունը. «Հունիսի 1-ին` ժամը 23.40-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Գորիսի բաժնում ահազանգ է ստացվել, որ Գետափնյա թաղամասից լսվել են կրակոցներ: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հունիսի 1-ին` երեկոյան, Դավիթ-Բեկի փողոցի թիվ 1 հասցեում գտնվող առանձնատան դիմացի հատվածում տեղի են ունեցել կրակոցներ, ինչի արդյունքում 1970թ. ծնված Ավետիք Բուդաղյանը ստացած հրազենային վնասվածքներից տեղում մահացել է, իսկ 1971թ. ծնված Արտակ Բուդաղյանը եւ 1975թ. ծնված Նիկոլայ Աբրահամյանը հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հ.Հունանյանը, քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Ա.Զաքարյանը եւ Սյունիքի մարզային վարչության պետ Վ.Ավագյանը: Փաստի առթիվ հունիսի 2-ին ոստիկանության Գորիսի քննչական բաժանմունքում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (սպանություն) եւ 235 հոդվածի 1-ին մասով (ապօրինի զենք, զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ոստիկանություն են բերման ենթարկվել եւ հրավիրվել դեպքին մասնակից, ականատես հնարավոր վկաները, ովքեր հարցաքննվում են: Կան ձերբակալվածներ: Կատարվում է նախաքննություն»: Նշվում է նաեւ, որ դեպքը տեղի է ունեցել Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի առանձնատան դիմաց, իսկ կրակոցները հնչել են «Բերետա» տեսակի եւ որսորդական հրացաններից:

 1970թ. ծնված Ավետիք Բուդաղյանն աշխատում էր «Վարարակն» ՓԲԸ տնօրեն: Դեռեւս 2003թ. նա մասնակցեց Գորիսի քաղաքապետի ընտրություններին եւ ստացավ մոտ 2000 ձայն: Թեեւ անկուսակցական էր, բայց այդ ժամանակ ստացավ որոշ կուսակցությունների զորակցությունը: Ավետիք Բուդաղյանը 2010թ. կրկին առաջադրվեց Գորիսի քաղաքապետի թեկնածու: Հունիսի 20-ին տեղի ունեցած քվեարկության արդյունքներով ստացավ 3138 ձայն (37.3%): Վերջին ընտրություններն անցան գերլարված պայմաններում, ինչը նկատելի էր ամբողջ նախընտրական շրջանում: Պատահական չէ, որ 2010թ. հունիսի 15-ին Ավետիք Բուդաղյանն ինքնաբացարկ ներկայացրեց N 37 ԸԸՀ: Հանձնաժողովը, սակայն, մերժեց ինքնաբացարկի դիմումը` նկատի ունենալով, որ դրա համար օրենքով սահմանված ժամկետը սպառվել է: Ավետիք Բուդաղյանը շարունակեց պայքարը. նրա թիմին հաջողվեց իր շուրջը հավաքել տեղական այն ուժերին, որոնք դժգոհ էին քաղաքային ու տարածքային իշխանություններից: Ընտրության օրը, սակայն, տեղի ունեցավ մեկ այլ արտառոց պատմություն եւս: Նրա եղբայր Արտակ Բուդաղյանը, ով այդ ժամանակ Գորիսի զորամասի հրամանատարն էր, մեղադրվեց եղբոր օգտին աշխատանքներ կատարելու մեջ, ինչի համար էլ ընտրությունից չորս օր անց` հունիսի 24-ին, ազատվեց հրամանատարի պարտականություններից: Այդ ամենը, սակայն, մոռացության էր մատնվել, եւ Սյունիքի մարզպետի ու Բուդաղյանների գերդաստանի հարաբերությունները վերադարձել էին նախկին` դրական հուն: Վերականգնվել էին երկու ընտանիքի բարեկամական շփումները, չէ՞ որ Սուրեն Խաչատրյանն Ավետիք Բուդաղյանի քավորն էր:

 Հունիսի 1-ի ողբերգության ժամանակ հրազենային վնասվածքով վիրավորվել եւ Երեւանի կենտրոնական կայազորային հոսպիտալ է տեղափոխվել Արտակ Բուդաղյանը: Մինչ այդ` հունիսի 1-ի միջադեպից անմիջապես հետո, նրան տեղափոխել են Գորիսի բժշկական կենտրոն: Այնուհետեւ, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության արագ հակազդման բաժնի օպերների ուղեկցությամբ, շտապ օգնության մեքենայով նրան տեղափոխել են Երեւան: Հունիսի 5-ին հոսպիտալի վիրաբուժական բաժանմունքի ավագ կոորդինատոր Սեւակ Շահբազյանը լրագրողներին ներկայացրել է տեղեկություններ Արտակ Բուդաղյանի առողջական վիճակի մասին: Ըստ նրա` «Ունենք չնչին, բայց դրական դինամիկա, այնուամենայնիվ, ներկա պահին Արտակ Բուդաղյանի վիճակը գնահատվում է կայուն ծանր: Հիվանդի գիտակցությունը պարզ է, նա շփվում է մարդկանց հետ: Բայց, ինչպես ցանկացած ռեանիմացիոն բաժանմունքի հիվանդի պարագայում, Արտակ Բուդաղյանի մոտ եւս իրավունք ունեն մտնելու ռեանիմացիոն անձնակազմի աշխատակիցները, մասնագետները` բժիշկները, ովքեր կոմպետենտ են հիվանդով զբաղվելու համար: Իսկ հարազատներից, իմ տեղեկություններով, նրա մոտ միայն կինն է մտնում»: Գնդապետ Արտակ Բուդաղյանի առողջական վիճակը ծանր կայուն է գնահատել նաեւ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը. «Գնդապետի գիտակցությունը տեղն է, ֆիզիկական վիճակը` կայուն, կյանքին վտանգ չի սպառնում: Ավելին` նա կարողանում է շփվել հարազատների եւ բժիշների հետ, սակայն դեռեւս այն վիճակում չէ, որ կարողանա ցուցմունք տալ»: Ասատուրյանի խոսքով` երբ Բուդաղյանի առողջական վիճակը ծանր կայունից բարելավվի մինչեւ միջին ծանրության, նրան վերակենդանացման բաժնից կտեղափոխեն ընդհանուր բաժին:
Արտակ Բուդաղյանը ծնվել է 1971թ. դեկտեմբերի 16-ին, Գորիս քաղաքում: Ավարտել է տեղի N4 միջնակարգ դպրոցը, Երեւանի պետական գյուղատնտեսական, Մոսկվայի Մ.Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիաները։ 1990թ. կամավորագրվել է հայրենիքի պաշտպանությանը, մասնակցել ՀՀ հարավարեւելյան սահմանների համար մղված պաշտպանական, Կուբաթլուի, Լաչինի շրջկենտրոնների ու դրանց մի շարք գյուղերի ազատագրման մարտերին։ 1995թ. հոկտեմբերին ծառայության է զորակոչվել ՀՀ զինված ուժեր։ Եղել է վաշտի հրամանատարի տեղակալ, հրամանատար, զորամասի օպերատիվ բաժնի ավագ սպա, տեղակալ։ 2003թ. նշանակվել է ՀՀ ՊՆ զորամասի հրամանատար, 2007թ. հուլիսից զբաղեցրել է ՀՀ ՊՆ մեկ այլ զորամասի հրամանատարի պաշտոնը։ 2010 թվականից ԼՂՀ տարածքում տեղաբաշխված մեկ այլ զորամասի հրամանատար է: Ա.Բուդաղյանն իրեն դրսեւորել է որպես կարգապահ, քաջ, պահանջկոտ, ուժեղ բնավորության ու կամքի տեր, իր զորամասի առջեւ դրված խնդիրները բարձր պատասխանատվությամբ կատարող սպա-հրամանատար։ Պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի, «Մարտական ծառայության» համար եւ ՀՀ ՊՆ կողմից «Գարեգին Նժդեհ», «Վազգեն Սարգսյան», «Անբասիր ծառայության համար» 1-ին, 2-րդ աստիճանի եւ ԼՂՀ «Մայրական երախտագիտություն» մեդալներով, «Սյունյաց արծիվներ», «Լեռնահայաստանի արծիվ» ոսկյա հուշամեդալներով։

 Հունիսի 1-ի միջադեպից մի քանի ժամ առաջ Գորիսի մերձակայքում գտնվող «Սդղի լիճ» անվանյալ վայրում, ըստ տարածված տեղեկությունների, խնջույք է եղել, որին մասնակցել են ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, Ավետիք Բուդաղյանը, Մաքսիմ Հակոբյանը, Գորիսի քաղաքապետ Նելսոն Ոսկանյանը: Վարկածներից մեկի համաձայն` խնջույքի ժամանակ վեճ է ծագել, որը շարունակվել է ժամեր հետո Սյունիքի մարզպետի տան մոտ: ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը պարզաբանել է, որ Բակո Սահակյանի մասնակցությամբ կերուխում չի եղել: «Աշխատանքային այցով Բակո Սահակյանը հունիսի 1-ին եղել է Սյունիքի մարզում, ունեցել հանդիպումներ, պայմանավորվածություններ, քննարկել զարգացման ծրագրեր: Երեկոյան` հետդարձին, թեթեւակի հաց են կերել ու շարունակել ճանապարհը: ԼՂՀ նախագահի անունը կապել ինչ-որ ճաշկերույթի հետ, սենսացիայի անհաջող փնտրտուք է»: Իսկ «Ազատություն» ռադիոկայանին Դավիթ Բաբայանը հետեւյալ պատասխանն է տվել. «Այդպիսի մի բան չի եղել, մենք նման խնջույքների չենք մասնակցել, եկել ենք սիմվոլիկ նստել, հաջողություն ասել, գնացել: Հիմա, այդ դեպքը եղել է դրանից, ինչքան գիտեմ, մի հինգ-վեց ժամ հետո: Ես Արտակին չեմ ճանաչում, Ավետին Ճանաչում եմ, տեսել եմ, հա, բայց որեւէ այնպիսի բան չի եղել այնտեղ, նորմալ ուղղակի եկել ենք, մասնակցել ենք: Ոչ մի բան չի եղել այնտեղ, եղել են Սյունիքի պատասխանատուները, գործարարները… մենք ընդհանրապես ոչ մի բան չենք տեսել, ընդհանրապես, չենք էլ ճանաչում այդ մարդկանց: Առավոտյան ենք իմացել, որ այդպիսի դեպք է եղել` լրատվամիջոցներից: Որեւէ բան չենք նկատել այնտեղ, որ թշնամանք լինի, ինչ-որ բան լինի..»: Այդուհանդերձ Գորիսում չեն դադարում ասեկոսեները խորհրդավոր այդ ճաշկերույթի մասին: Մինչդեռ ԼՂՀ նախագահի ու Սյունիքի մարզպետի աշխատակազմերը դեռեւս պաշտոնապես չեն հրապարակել տեղեկատվություն ԼՂՀ նախագահի Սյունիք կատարած այցի ընթացքի եւ արդյունքների մասին. չէ՞ որ այցը, ինչպես ասում են, պաշտոնական էր: Շատ տարօրինակ է նաեւ, որ պաշտոնական այցով Սյունիք ժամանած ԼՂՀ նախագահի այցի մասին չէին իրազեկվել մարզի լրատվամիջոցները:

 2013թ. հունիսի 1-ին` ժամը 23:00-ի սահմաններում, Գորիս քաղաքում, Սյունիքի մարզպետ Ս. Խաչատրյանին պատկանող առանձնատան դիմաց տեղի ունեցած վիճաբանության ընթացքում Ավետիք Բուդաղյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում երկու անձի` Տիգրան Խաչատրյանին եւ Զարզանդ Նիկողոսյանին մեղադրանք է առաջադրվել: Նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների հիման վրա Տ.Խաչատրյանին եւ Զ.Նիկողոսյանին հունիսի 3-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 112-րդ եւ 235-րդ հոդվածների 1-ին մասերով, համապատասխանաբար` շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության, դիտավորությամբ մեկ ուրիշի առողջությանը ծանր մարմնական վնասվածք պատճառելու եւ ապօրինի զենք-ռազմամթերք ձեռք բերելու եւ պահելու համար: Նույն օրը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Զ.Նիկողոսյանի եւ Տ.Խաչատրյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին նախաքննական մարմնի միջնորդությունը եւ նրանք տեղափոխվել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:

 Հունիսի 2-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ նույն վարչության արագ հակազդման բաժնի օպերները, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության եւ նույն վարչության հատուկ նշանակության ջոկատի աշխատակիցները ոստիկանության Սյունիքի մարզային վարչության եւ ոստիկանության Գորիսի, Սիսիանի եւ Կապանի բաժինների ծառայողների հետ Սյունիքի մարզում` մի խումբ անձանց տներում, հայտնաբերել են մեծ քանակի զենք-զինամթերք: Հայտնաբերված ամբողջ զենք-զինամթերքը քննչական խմբի կողմից ընթերակաների ներկայությամբ առգրավվել, փաթեթավորվել եւ կնիքվել են, ուղարկվել ոստիկանության փորձագիտական վարչություն, որպեսզի պարզվի, թե արդյո՞ք նշված հրազեններն օրինական են, թե՞ ոչ, եւ այն օգտագործվե՞լ է հունիսի 1-ի միջադեպի ժամանակ:

 Հունիսի 2-ին լրատվամիջոցները տարածեցին մի հաղորդագրություն, ըստ որի` Սյունիքի մարզպետի տան բակում տեղադրված տեսախցիկները նկարահանել են միջադեպը, եւ ոստիկանները ձայնագրությունն առգրավել են: Որոշ տեղեկությունների համաձայն` առգրավված տեսաժապավենները նախապես հանվել էին, որի պատճառով սկզբում հնարավոր չի եղել պարզել միջադեպի մասին իրականությունը: Սակայն ավելի ուշ Գորիս ժամանած ՀՀ զինդատախազը տեսախցիկներից առգրավել է հիշողության քարտերը, որի շնորհիվ պարզ են դարձել որոշ հանգամանքներ եւս:

 Նախաքննության ընթացքում պարզված համարելով, որ տեղի ունեցած փոխհրաձգության մասնակիցներից Արտակ Բուդաղյանը հանդիսանում է պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնում ծառայություն իրականացնող անձ, 02.06.2013թ. որոշում է կայացվել քրեական գործն ըստ քննչական ենթակայության ՀՀ ՊՆ քննչական ծառայություն ուղարկելու մասին, նույն օրը գործը վարույթ է ընդունվել ՀՀ ՊՆ ՔԾ ՀԿԳ քննչական բաժնում: Քանի որ նախաքննության ընթացքում հայտնաբերվել եւ առգրավվել են մեծ քանակի զենք, որոշումներ են կայացվել դատաբժշկական, դատաձգաբանական փորձաքննություններ նշանակելու մասին, կատարվել են խուզարկություններ եւ այլ անհետաձգելի քննչական գործողություններ:

 Հունիսի 5-ին Սյունիքի մարզպետարանի աշխատակազմը տարածել է մի հայտարարություն, որի մեջ ներկայացվել է հունիսի 1-ի երեկոյան տեղի ունեցած արյունահեղության տեսագրության բովանդակությունը, որը նկարահանվել է մարզպետի տան բակում դրված երկու տեսախցիկի միջոցով: Նույն օրը երեկոյան լրատվամիջոցների եւ քաղաքական գործիչների ու փորձագետների կողմից հարց էր առաջադրվել` որքանո՞վ էր օրինական Սյունիքի մարզպետարանի կողմից հաղորդագրության տարածումը, որով ներկայացվում է Սյունիքի մարզպետի տան մոտ տեղի ունեցած հայտնի դեպքի տեսագրության նկարագրությունը: Ի պատասխան հարցմանը` ՀՀ գլխավոր դատախազի մամլո խոսնակ Սոնա Տռուզյանը հայտնել է. «Փորձաքննության փուլում գտնվող տեսագրության բովանդակության վերաբերյալ չլիազորված պետական մարմնի կողմից պաշտոնական հաղորդագրության տարածումն անթույլատրելի է»: Նա հիշեցրել է նաեւ, որ տվյալ դեպքով տեսագրությունը դեռ փորձաքննության փուլում է, եւ դրա ավարտից հետո է միայն հնարավոր խոսել դրա ամբողջականության եւ բովանդակության վերաբերյալ, ինչի վերաբերյալ լիազորված են խոսել վարույթն իրականացնող մարմինն ու դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը: Բուդաղյանների հարազատները տեսագրության բովանդակությունը կեղծված են համարել եւ առաջ են քաշել իրենց վարկածը:

 Ըստ MediaMall-ի` Տիգրան Խաչատրյանի եւ Զարզանդ Նիկողոսյանի պաշտպանությունն ստանձնել են փաստաբանների պալատի փաստաբաններ Կարմեն Սահակյանը եւ Մարտին Զիլֆուղարյանը: Հնարավոր է նրանց միանա նաեւ փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը:
«Սյունյաց երկիր»

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: