11/21/2018

Ի՞նչ է կատարվում Հալիձորում

Ի՞նչ է կատարվում Հալիձորում

Ըստ այդ գյուղից ստացվող տեղեկությունների` ս.թ. ապրիլի կեսից անհայտ բացակայում է Հալիձորի գյուղապետ Սամվել Ասրյանը: Ոչ սովորական այս իրողության իսկությունը ճշտելու ճանապարհին հանդիպեցինք առավել արտառոց փաստի. Սյունիքի մարզպետարանի ղեկավարները չգիտեն, որ գյուղապետը երկու ամիս շարունակ աշխատանքի չի ներկայանում: Դրանում համոզվեցինք Սյունիքի փոխմարզպետ Վաչե Գրիգորյանի ու մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Ռազմիկ Ղազարյանի հետ հանդիպելուց հետո: Անտեղյակությամբ աչքի ընկան նաեւ մարզպետարանի տեղական ինքնակառավարման հարցերը համակարգող վարչության աշխատակիցները (ի դեպ, այդ վարչության գլխավոր խնդիրներից մեկը գյուղապետարանների ու քաղաքապետարանների հետ կապի ապահովումն է): Վարչության աշխատակից Գրիշա Խաչատրյանի օգնությամբ մեզ հաջողվեց պարզել միայն Հալիձորի գյուղապետարանի մյուս աշխատակիցների անունները եւ հեռախոսահամարները:

Սամվել Ասրյանի անհայտ բացակայման փաստը մեզ հետ ունեցած հեռախոսազրույցում հաստատեցին Հալիձորի գյուղապետարանի աշխատակիցներ Սոֆյա Գեւորգյանը, Հասմիկ Ղարագյոզյանը:

Անշուշտ, շատ տարօրինակ եւ արտառոց երեւույթ է` գյուղապետն անհետացել է: Բայց, կրկնում ենք, առավել արտառոց է, որ այդ մասին անտեղյակ են մարզպետարանի ղեկավարները: Մինչդեռ մարզպետարանն առաջին հերթին պետք է արձագանքեր կատարվածին ու փորձեր գտնել Սամվել Ասրյանին, միգուցե մարդը հիվանդացե՞լ է ինչ-որ տեղ, միգուցե մարդը դժբախտության մե՞ջ է հայտնվել եւ աջակցության կարի՞ք ունի: Մարզպետարանին պետք է հետաքրքրեր նաեւ հարցը` արդյո՞ք գյուղապետի անհայտ բացակայմամբ գյուղապետարանն աշխատում է, թե` ոչ: Մեր ուսումնասիրությունը, ի դեպ, ցույց տվեց, որ գյուղապետարանի աշխատանքը գրեթե կազմալուծված է:

Մինչ այդ, սակայն, Հալիձորում շրջանառվում են տարաբնույթ ասեկոսեներ Սամվել Ասրյանի անհայտ բացակայման շուրջ: Ասեկոսեներից մեկը, որ հատկապես մտահոգող է, կապված է գյուղի 12 բնակելի շենք գրավադրելու եւ վարկ ստանալու հետ. իբր Սամվել Ասրյանն է վարկը վերցրել, իսկ տնատերերը չեն կարողանում վարկի տոկոսադրույքները վճարել, ինչի համար էլ բնակելիներից մեկն արդեն իսկ վաճառքի է հանվել բանկի կողմից…. Այդ եւ մյուս ասեկոսեների հավաստիությունը, անշուշտ, ճշտելու կարիք ունի, որից հետո միայն կարող ենք եզրակացություն անել: Նախեւառաջ պետք է ճշտել` որտե՞ղ է Սամվել Ասրյանը, եւ վերականգնել Հալիձորի գյուղապետարանի աշխատանքը:

ՆՈՒԲԱՐ ԴԱՎԹՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: