09.18.2018
USD-484.37   EUR-565.5   RUB-7.15  

«ԲԱՄՕ Մետալը» դո՞ւրս էր մղվել Սյունիքից

«ԲԱՄՕ Մետալը» դո՞ւրս էր մղվել Սյունիքից

Ըստ CIVILNET-ի` ինչպես հայտնում է ռուսական Life News լրատվականը, հունիսի 11-ին Մոսկվայում անհայտ անձի կողմից դանակահարվել եւ սպանվել է հայտնի գործարար Հովիկ Մուրադյանը: Վերջինս Իրաքում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Մուրադ Մուրադյանի եղբայրն է: Սպանությունը տեղի է ունեցել Lotte Plaza հյուրանոցում, ուր Հովիկ Մուրադյանը գնացել էր հանդիպման: Հայտնի է, որ Մուրադյան եղբայրները 1992-ին հիմնադրել էին «ԲԱՄՕ» միջազգային շինարարական կազմակերպությունը եւ հանդիսանում էին «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի բաժնետերեր:

Հ.Գ. Մուրադյանների ընտանիքին պատկանող «ԲԱՄՕ Մետալ» ՍՊԸ-ն Սյունիքում հայտնի ընկերություն էր մեկ տարի առաջ, ինչն էլ տեղի ունեցած ողբերգության հանդեպ մարզում առաջացած հետաքրքրության պատճառն է: «ԲԱՄՕ Մետալ» ՍՊԸ-ի սյունիքյան գործունեությունը սկսվում է 2007թ. օգոստոսի 8-ից, երբ այդ ընկերությունը ստացավ լիցենզիա` ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքից դեպի հյուսիս-արեւմուտք գտնվող Գեղի գետի ավազանի տարածքում (պղինձ-մոլիբդեն) որոնողական-գնահատողական աշխատանքներ կատարելու համար:

«ԲԱՄՕ Մետալը» 2008թ. հոկտեմբերի 10-ի պայմանագրով, չորս տարի ժամանակով, 336.6հա հողատարածք էր վարձակալել Գեղիի համայնքում: Ընկերությունն այդ ժամանակ 234հա տարածք էլ վարձակալեց Նոր Աստղաբերդ համայնքում (դարձյալ չորս տարի ժամանակով): Սակայն ո՛չ լիցենզիայի գործողության ժամկետը, ո՛չ էլ Գեղի ու Նոր Աստղաբերդ համայնքների հետ կնքած պայմանագրերի ժամկետը չերկարաձգվեց: Ասել է թե` «ԲԱՄՕ Մետալը» 2012թ. աշնանից դուրս մղվեց Սյունիքում ընդերքի համար մղվող պայքարից, թեեւ նախորդ չորս տարում որոշակի աշխատանք էր կատարել նշված տարածքներում: Գեղի համայնքում այդ ընկերության վարձակալած տարածքը հետագայում տրվել է «Գեղի գոլդ» ՍՊԸ-ին, իսկ Նոր Աստղաբերդում դեռեւս նոր վարձակալ չի հայտնվել: «ԲԱՄՕ Մետալի» շուրջ Կապանում աղմուկ բարձրացավ 2012թ. հուլիսի 14-15-ին տեղացած հորդառատ անձրեւից հետո, երբ աղտոտվել էր Կապանին մատակարարվող խմելու ջուրը` այդ ընկերության կողմից ջրահավաք ավազանում կատարվող հողային աշխատանքների պատճառով: Դրան հաջորդել էր «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի եւ «ԲԱՄՕ Մետալ» ՍՊԸ-ի միջեւ 2012թ. օգոստոսի 10-ին պայմանագրի ստորագրումը, որի նպատակն էր կանխարգելել Կապան քաղաքի ջրամատակարարման «Գեղի» մաքրման կայանի ջրընդունիչ կառուցվածքներից վերեւ երկրաբանական, հետախուզական աշխատանքների կատարման հետեւանքով գետի ջրի աղտոտման տեխնիկական հնարավորությունը:

Պատրաստեց Նուբար Դավթյանը

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: