11/21/2018

ՀՐԱՉ ՋԱԲՐԱՅԱՆ. «Առաջնահերթը համարում ենք արտադրության անվտանգությունը»

ՀՐԱՉ ՋԱԲՐԱՅԱՆ. «Առաջնահերթը համարում ենք արտադրության անվտանգությունը»

ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ / Հունիսի 15-ին «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲ ընկերության տնօրինության նախաձեռնությամբ մի խումբ լրագրողներ եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ հյուրընկալվեցին ձեռնարկությունում: Ստորերկրյա հանքում անվտանգության տեխնիկայի կանոնների մասին անհրաժեշտ հրահանգավորում ստանալուց հետո ձեռնարկության տնօրեն Հրաչ Ջաբրայանի, ընկերության տարբեր ոլորտների պատասխանատուների հետ հյուրընկալվողները եղան Շահումյանի անվան հանքում, ամենացածր` 680-րդ հորիզոնում հաղորդակից եղան լեռնարդյունահանման աշխատանքներին, այնուհետեւ ծանոթացան փրկարարական ապաստարանների հնարավորություններին: Հանքում արտակարգ պատահար լինելու դեպքում երկու ապաստարանից յուրաքանչյուրը կարող է ընդունել 32 հանքագործի: Ապաստարանները հագեցած են թթվածնի բալոններով, ջրի եւ չոր սննդի պաշարով, կա նաեւ բիոզուգարան:

Հանքին ծանոթանալուց հետո խումբը շրջեց ընկերության տարածքում: Շարժակազմի նորոգման տեղամասում գործում է դասընթացների անցկացման սենյակ, որտեղ մեքենասարքավորումների անսարքությունների վերացման մասին նաեւ տեսական գիտելիքներ ստացան: Հաջորդ հանգրվանն ընկերության հարստացուցիչ ֆաբրիկան էր, որտեղ ձեռնարկության տեխնիկական վերազինման ծրագրի շրջանակում կարգաբերվում է նոր սարքավորում (3 մլն դոլար արժողությամբ)` հոսքային անալիզատոր: Ընկերության վարչական տնօրեն Վահե Վարդանյանը հընթացս տեղեկացրեց, որ նման տեխնոլոգիա ողջ Կովկասում չկա, բայց նաեւ հավելեց, որ սարքավորումը տակավին փորձառության շրջան պիտի անցնի: Դրան նպաստելու համար Եվրոպայից եւ Հարավային Աֆրիկայից մասնագետներ են հրավիրվել, ովքեր օգնել են նոր տեխնոլոգիայի յուրացման հարցում, «Եթե այդ տեխնոլոգիան գործի, մեր արդյունքները շատ ավելի լավ պիտի լինեն»:

Լեռնափրկարար աշխատանքներ իրականացնելու համար նորագույն տեխնիկայով ու հանդերձանքով է հագեցած ընկերության արագ արձագանքման փրկարարական խումբը: Նախավերջին եւ վերջին կանգառներն ընկերության պահեստներն էին, նախ` պատրաստի արտադրանքի, որտեղ փաթեթավորվում է վերջնական արտադրանքը` խտանյութը եւ պատրաստվում առաքման: Վերջում եղան այն դետալների, պահեստամասերի սարքավորումների եւ այլ պարագաների պահեստում, որոնց թիվը հասնում է մի քանի հազարի:

Ձեռնարկության տնօրինությունը նաեւ այց էր կազմակերպել դեպի Արծվանիկի պոչամբար, ավելի ստույգ պոչամբարի այն հատվածը, որը «Դինո գոլդը» 2004-2008թթ. պայմանագրի համաձայն շահագործել է եւ վերադարձրել տիրոջը` ԶՊՄԿ-ին: Ընդհանուր առմամբ 35 հազար խորանարդ մետր հող է տեղափոխվել ռեկուլտիվացիայի նպատակով: 2008-ից «Դինո գոլդը» շահագործում է Գեղանուշի պոչամբարը, որն աշխատում է փակ համակարգով. թափոնաջրերը մաքրում եւ կրկին մղվում են հարստացուցիչ ֆաբրիկա: Պոչամբարի նախագծային հզորությունն ավելի քան 10 մլն խորանարդ մետր է: Շահագործման տարվանից (2008թ.) օգտագործվել է հզորության 10-15%-ը: Ինչպես տեղեկացրին տեղում, Գեղանուշի պոչամբարը հանրապետության ամենաանվտանգ պոչամբարներից է, քանզի դեպի ջրային ավազաններ արտահոսք չունի:

Շրջայցից հետո ճեպազրույց ունեցանք «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Հրաչ Ջաբրայանի հետ:

«Յուրաքանչյուր ձեռնարկության առաջընթացը պայմանավորված է տեխնիկական վերազինմամբ, նոր տեխնիկայի եւ տեխնոլոգիայի ներդրմամբ, ի՞նչ կասեիք այս մասին» հարցով սկսեցինք զրույցը:

– Ընդհանուր առմամբ մեր մոտեցումն այն է, որ շարունակական առաջընթաց պիտի լինի բոլոր ոլորտներում: Չենք կենտրոնանում մի ուղղության վրա, բայց առաջնահերթը համարում ենք արտադրության անվտանգությունը: Միանգամայն բավարարված կլինենք, որ մեր աշխատավորն անվնաս վերադառնա տուն: Մեր հիմնական արժեքներից մեկը շարունակական բարելավումն է, որն իր մեջ ներառում է եւ՛ աշխատավորների սոցիալական վիճակի բարելավումը, ե՛ւ արտադրության ընդլայնումը, ե՛ւ ճանապարհների բարեկարգումը, ե՛ւ նոր տեխնիկայի ներդրումը:

Լեռնային արդյունաբերությունն ինքնին բնապահպանական խնդիրներ է հարուցում, մանավանդ լեռնահանքային ձեռնարկությունների պոչամբարային տնտեսությունը: Այս առիթով էլ գլխավոր տնօրենը տվեց հետեւյալ պարզաբանումը. «Միշտ կրկնել եմ այն միտքը, որ հանքարդյունաբերություն չի կարող լինել առանց շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցություն գործելու: Այսինքն` մենք որքան էլ լավ աշխատենք, միջազգային չափանիշներին համապատասխան, միեւնույն է` ընկերության գործունեությունն իր բացասական բաժինը եւ ազդեցությունն ունենալու է շրջակա միջավայրի վրա: Կարեւորն այն է, թե ինչպես ես հաշվի առնում յուրաքանչյուր ռիսկ: Նախկինում ասել եմ, հիմա էլ կասեմ, որ Գեղանուշի պոչամբարը մեծ մտահոգություն է ինձ համար: Նախ պիտի նշեմ, որ խորհրդային տարիներին մեծ սխալ են գործել կոմբինատի պոչամբարն այդտեղ տեղադրելով: Բայց այսօր ունենք այն, ինչ ունենք: Սա է իրողությունը: Իմ համոզմունքն այն է, որ այդ պոչամբարը չպիտի շահագործենք շատ երկար: Կարծում եմ, առավելագույնը երկու- երեք տարի շահագործելուց հետո պիտի փակենք եւ ռեկուլտիվացիա անենք: Իմիջիայլոց, մենք արդեն քայլեր ենք արել նոր պոչամբարի ստեղծման ծրագրի կազմման ուղղությամբ: Նորերս Անգլիայից մասնագետներ եկան եւ այստեղ բավականին լուրջ ուսումնասիրություններ կատարեցին: Երկու տարբերակ են մեզ ներկայացրել, թե որտեղ կարող է լինել ապագա պոչամբարի տարածքը: Մեր նպատակն այն է, որ ունենանք միջազգային չափանիշներին համապատասխան պոչամբար, որը մեր համոզմամբ չպիտի մոտ լինի որեւէ գյուղական համայնքի, գետերի կամ ջրային այլ ավազանների: Կամ էլ որեւէ բնակավայրի վերաբնակեցման հարց չպիտի ծագի: Որպես հանքարդյունաբերական ձեռնարկության տնօրեն, քաջատեղյակ եմ բնապահպանական խնդիրներից եւ կուզեի, որ մեր ձեռնարկած քայլերը չնչին չափով միայն ազդեն բնության կամ որ միեւնույն է` շրջակա միջավայրի վրա»:

Մեզ նաեւ հետաքրքրում էր ձեռնարկության որդեգրած սոցիալական քաղաքականությունն ընթացիկ տարում: Հրաչ Ջաբրայանը տեղեկացրեց, որ ընկերության ֆինանսավորմամբ նորոգվում են Կապանի N1 եւ N9 մանկապարտեզները, երկուսի նորոգման համար հատկացվել է 18մլն դրամ: Տարեսկզբից սոցիալական ծրագրեր (բնակիչների ուսման եւ բուժման ծախսերի փոխհատուցում, զոհված ազատամարտիկների եւ սոցիալապես անապահով ընտանիքներին աջակցություն եւ այլն) իրականացնելու համար «Դինո գոլդը» հատկացրել է 110մլն դրամ: Ծրագիր կա նորոգելու Գեղանուշի գյուղապետարանի դահլիճը: Ընկերության գլխավոր տնօրենի փոխանցմամբ` մինչեւ տարեվերջ սոցիալական ծրագրեր իրականացնելու համար «Դինո գոլդը» կհատկացնի երկու- երեք հարյուր միլիոն դրամ:

Ապրիլի 22-ին «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ տեղեկատվական կենտրոնում նորանշանակ գլխավոր տնօրեն Հրաչ Ջաբրայանը մամուլի ասուլիսի ժամանակ նշեց, որ ընթացիկ տարվա առաջին երկու ամսում մոտ վեց միլիոն դոլարի ֆինանսական ճեղքվածք են ունեցել: Հետաքրքրվեցինք, թե հաջողվում է փակել այդ ճեղքվածքը: Զրուցակիցս պատասխանեց, թե ինքը պաշտոնավարում է ապրիլի ութից եւ չի պատրաստվում անդրադառնալ դրանից առաջ կատարվածին, իսկ ահա վերջին երկու ամսում (ապրիլ, մայիս) ընկերությունը արտադրական պլանները կատարել է, փոխվել են ձեռնարկության աշխատակիցների տրամադրությունը, մոտեցումն աշխատանքի հանդեպ, ինչը դրական հույսեր է ներշնչում:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: