09.20.2018
USD-483.62   EUR-565.59   RUB-7.22  

Քաջարանի ճակատում զինադադարը խախտվում է

Քաջարանի ճակատում զինադադարը խախտվում է

Գյուղապետ Ռաֆիկ Աթայանը փոխհատուցում է պահանջում Զանգեզուրի պղնձամոլիբդենայինից` համայնքին եւ համայնքի բնակիչներից յուրաքանչյուրին տարիներ շարունակ եւ այսօր պատճառվող վնասի դիմաց:

 

 

Հանրապետության կառավարությունը, շնորհիվ քաջարանցիների հետեւողական ու արժանապատիվ դիմադրության, չկարողացավ կյանքի կոչել 2011թ. ապրիլի 28-ին իր իսկ ընդունած N627-Ն որոշումը, որի համաձայն Քաջարան գյուղի վարչական տարածքից 181.7հա հողատարածք, հանքարդյունահանման նպատակով, պետք է տրվեր «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲԸ-ին: Կառավարության այդ որոշման կատարման համար երկու անգամ ժամկետ սահմանվեց, երկու անգամ էլ Քաջարանի գյուղապետը հրաժարվեց հողատարածքը հանձնելու փաստաթուղթ ստորագրել, երկու դեպքում էլ գյուղացիները ոտքի ելան ու գյուղի տարածքից հեռացրին երկրաբանական աշխատանքներ կատարելու համար այնտեղ բերված ու տեղակայված մեքենասարքավորումները:

 

Ի՞նչ է լինելու հետո, չէ՞ որ կառավարության որոշումը «ՀՀ Սյունիքի մարզի Քաջարանի, Արծվանիկի, Սեւաքարի, Աճանանի, Չափնիի եւ Սյունիքի համայնքների վարչական սահմաններում որոշ տարածքներում բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու եւ հողերի նպատակային նշանակությունը փոխելու մասին» որոշումը դեռեւս ուժը կորցրած չի համարվել:

 

Այդ եւ գյուղի ներկա կացությանն առնչվող մի քանի հարցերի վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար զրուցեցինք Քաջարանի գյուղապետ Ռաֆիկ Աթայանի հետ:

 

 

– Պարոն Աթայան, ընդունեք մեր շնորհավորանքը գյուղի Սբ Հակովբ եկեղեցու հիմնանորոգումն ավարտելու կապակցությամբ: Փայլուն աշխատանք եք կատարել, եկեղեցին ու նրա մերձակայքը գյուղի ամենալուսավոր, ամենահաճելի վայրն են դարձել եւ, որ կարեւոր է, եկեղեցին փրկվել է կործանումից:

 

– Շնորհակալ եմ, եկեղեցու հիմնանորոգումն իսկապես վերջին տարիներին ամենանշանակալից եւ ուրախալի իրադարձությունն է գյուղի կյանքում: Սբ Հակովբի նորոգ տեսքը քաջարանցիներին լավատեսություն է ներշնչում եւ հավատ` վաղվա օրվա հանդեպ: Սբ Հակովբի վերահառնումը եւս մեկ վկայություն է այն բանի, որ դարերի խորքից եկող Քաջարան գյուղը ոչ ոք չի կարող վերացնել:

 

– Դուք վստահ եք խոսում, բայց չեն դադարում խոսակցություններն այն մասին, որ Կապանի երբեմնի մսի կոմբինատի տարածքում Քաջարան գյուղի բնակիչների համար տներ են կառուցվելու, որպեսզի մարդիկ տեղափոխվեն այնտեղ, գյուղի տարածքը մաքրվի, ու սկսեն գյուղի ընդերքի արդյունահանումը:

 

– Նոր զրույց չէ դա, որը մեզ չի հետաքրքրում: Մի քանի անգամ արդեն առիթ ենք ունեցել նաեւ Ձեր թերթում ասելու, որ 2012թ. ապրիլի 16-ին կարճ զրույց եմ ունեցել Կապան այցելած Սերժ Սարգսյանի հետ: Նա բառացիորեն հետեւյալն է ասել` «Ոչ մեկը չի կարող գյուղդ քանդել, մեջքիդ կանգնած եմ…»: Քաջարան գյուղի բնակիչները հավատում են հանրապետության նախագահին, նա իր խոսքը գործ դարձրեց, ինչի համար բնակչության անունից շնորհակալություն եմ հայտնում նրան:

 

– Գոնե դրանից հետո Քաջարանի կոմբինատը փոխե՞ց իր վերաբերմունքը գյուղի հանդեպ:

 

– Չէ, ի՞նչ եք ասում: Անցած ամռանը կոմբինատն անգամ մեքենա չտվեց իր գյուղաբնակ աշխատակիցներին` դաշտից խոտը տեղափոխելու համար: Հայտնի իրադարձություններից հետո Քաջարան գյուղի բնակիչներին աշխատանքի չեն վերցնում կոմբինատում: Մի քանի երիտասարդի տնօրենն ուղղակի հարց է տվել` դուք էլ ե՞ք մեր տրակտորների աշխատանքին խանգարել, գնացեք գյուղապետից աշխատանք ուզեք: Նկատի ուներ այն տրակտորները, որ կոմբինատը մտցրել էր մեր տարածք, իսկ մենք դուրս շպրտեցինք:

 

– Իսկ աշխատանքային, գործնական հարաբերություններ… Չէ՞ որ նույն տարածքում եք համարյա թե ապրում եւ գործում:

 

– Ոչ մի հարաբերություն: 3 հա հող ունենք վարձակալությամբ կոմբինատին տված: Այդ հողում պոմպակայանն է` Ողջի գետից ջուր են վերցնում եւ մատակարարում կոմբինատին: Դրա դիմաց 22 հազար դրամ գույքահարկ են տալիս տարեկան, 19 հազար դրամ էլ` հողի հարկ: Դրանով ամեն ինչ ավարտվում է:

 

– Դուք ասում եք` կոմբինատը չի օգնում, բայց, ինչպես տեսնում ենք, 20 մլն դրամ է հատկացվել եկեղեցու հիմնանորոգման համար:

 

– Դա բարեգործություն չէ եւ ոչ էլ բարի կամքի դրսեւորում: Եկեղեցին քանդվելու սպառնալիքի առաջ է հայտնվել մի քանի հարյուր մետր հեռավորության վրա` բաց հանքում ամեն օր կատարվող պայթեցումների հետեւանքով: Եվ կոմբինատն էլ պետք է մտածեր իր պատճառած վնասը վերականգնելու մասին:

 

– Իսկ չե՞ք կարծում, որ գյուղի ու կոմբինատի միջեւ «զինադադարը» ժամանակավոր էր` պայմանավորված ԱԺ եւ նախագահական ընտրություններով: Դուք բացառո՞ւմ եք, որ կոմբինատը նորից կվերսկսի գրոհը գյուղի հողատարածքների հանդեպ, չէ՞ որ կառավարության որոշումը դեռ ուժի մեջ է:

 

– Կառավարության որոշման կատարման ժամկետներն անցել են, այդ որոշումն այլեւս ուժից դուրս է, քանի որ սահմանված ժամկետներում չի իրագործվել: Հիմա ոչ ոք չի կարող գալ եւ այդ որոշմամբ հողատարածք ուզել Քաջարան գյուղից: Կառավարությունը նման դեպքում նոր որոշում պիտի ընդունի: Բայց քիչ հավանական եմ համարում (համարյա բացառում եմ), որ կառավարությունը նոր որոշում ընդունի: Կառավարության շատ ներկայացուցիչներ եկել են գյուղ ու հասկացել, որ սահմանային Քաջարանի թուլացումը հակապետական ու հակաազգային քայլ կլինի…

 

– Դուք եւ Մաքսիմ Հակոբյանը չեք շփվում, կոմբինատը գյուղն անտեսում է, բայց մի՞թե դրանով ավարտված եք համարում ամեն ինչ, չէ՞ որ անձնական համակրանքներից ու հակակրանքներից առաջ նաեւ պետական շահ գոյություն ունի:

 

– Ամեն ինչ ոչ թե ավարտված ենք համարում, այլ նոր-նոր ենք սկսում: Ամեն օր ժամը 17.00-ին բաց հանքում պայթեցումներ են կատարվում, ամեն մի պայթյուն 3-4 բալանոց երկրաշարժի հավասարազոր է: Դրանք վնասում են մեր շենք-շինությունները, ենթակառույցները, եւ մենք ստիպված ու անընդհատ նորոգումներ ենք կատարում, միջոցներ ծախսում: Ամեն մի պայթեցումից հետո մենք փոշի ենք շնչում ու ապրում անընդհատ աղտոտվող միջավայրում: Կոմբինատը պարտավոր է պարբերաբար փոխհատուցել մեզ` ե՛ւ 131 ընտանիքից յուրաքանչյուրին, ե՛ւ համայնքին:

 

– Չե՞ք կարծում, որ գրեթե անլուծելի խնդիր եք առաջադրում:

 

– Ամենեւին: Դուք պիտի իմանաք, որ մեր գյուղի պատմական տարածքից ժամանակին 500հա է տրվել կոմբինատին: Ամբողջ հանքն այդ տարածքում է գտնվում: Այն ժամանակ ընդհանուր, համաժողովրդական սեփականություն էր, եւ հասկանալ կարելի էր: Բայց այսօր դա մի քանի ընտանիքի հարստացմանն է ծառայում նախեւառաջ: Դա նշանակում է, որ պետք է վերանայվեն Քաջարան գյուղ-Քաջարանի կոմբինատ հարաբերությունները: Մեզ նաեւ այլ հարց է հետաքրքրում` ե՞րբ է պետությունը Քաջարանի կոմբինատում, մեր գյուղի տարածք համարվող հանքավայրում կատարվող հեքիաթային թալանի առաջն առնելու: Մեր աչքի առաջ մեր գյուղի ընդերքը թալանում են: Չգիտենք էլ, թե ինչ է դրանից պետությանը հասնում: Լսե՞լ եք հայտնի խոսքը` ախորժակն ուտելիս է բացվում: Այդ մարդկանց ախորժակը ոչ միայն բացվում է անընդհատ, այլ նորանոր սահմաններ նվաճում, այդ մարդիկ չեն կշտանում, վերցնում են ամեն ինչ, քանի դեռ հնարավոր է (իրենք շատ լավ գիտեն, որ դա ժամանակավոր է): Կարծում եք պատահակա՞ն էր քաջարանցիների դիրքորոշումը փետրվարի 18-ին…

 

– Իսկապես, ինչո՞ւ Քաջարան քաղաքում Սերժ Սարգսյանն այդքան դժվարությունների հանդիպեց եւ քիչ տարբերությամբ հաղթանակ ձեռք բերեց:

 

– Ձեր հարցադրումն այնքան էլ ճիշտ չէ: Փետրվարի 18-ին Քաջարանում Մաքսիմ Հակոբյանի ընտրությունն էր եւ ոչ թե Սերժ Սարգսյանի: Ընտրողները, որոնց 90%-ը կոմբինատի աշխատողներ էին, գնացին ու «ոչ» ասացին կոմբինատի տնօրենին: Դա է իրականությունը… Մարդիկ վիրավորված են նաեւ աշխատավարձերի շուրջ անընդհատ տեղի ունեցող խաղերից, իրենց թայֆայի մարդկանց ու սովորական լեռնագործների աշխատավարձերի աներեւակայելի տարբերությունից: Առանց ամաչելու հայտարարեցին, թե Քաջարանում ամսական միջին աշխատավարձը 400 հազար դրամ է: Բա կարելի՞ է այդպես դաժանաբար ստել: Եթե մարդիկ այդչափ աշխատավարձ ստանային` կգնային ու կքվերակեին Մաքսիմ Հակոբյանի օգտին, որովհետեւ փետրվարի 18-ի ընտրությունը, կրկնում եմ, նրա ընտրությունն էր Քաջարանում եւ ոչ թե Սերժ Սարգսյանի:

 

– Վերջին հարցը` ինչպե՞ս եք պատրաստվում կոմբինատից փոխհատուցում ստանալու ծրագիրը կյանքի կոչել:

 

– Առաջիկայում համայնքը նամակ կհղի հանրապետության վարչապետին: Նախ` պետք է համապատասխան մասնագիտական հանձնաժողովի միջոցով հաշվարկել, թե ինչպիսի վնասներ է ամեն օր կրում գյուղի բնակիչը, որքան են ամենօրյա պայթեցումներից վնասվում շենք-շինություններն ու ենթակառույցները: Դրա հիման վրա պետք է ճշտել համայնքին եւ յուրաքանչյուր մարդուն պատճառվող վնասի չափը, ինչից հետո, հույս ունենք, կառավարությունը կպաշտպանի գյուղի բնակիչների արդարացի պահանջը` համապատասխան առաջարկություններ անելով կոմբինատի սեփականատերերին: Վստահ եմ` Քաջարան գյուղը կհասնի այդ խնդրի դրական լուծմանը:

 

Հարցազրույցը` ՆՈՒԲԱՐ ԴԱՎԹՅԱՆԻ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: