09.22.2018
USD-482.44   EUR-564.6   RUB-7.28  

Շարունակվում է Գայանե Դավթյանի ոդիսականը

Շարունակվում է Գայանե Դավթյանի ոդիսականը

ԼԱԲԻՐԻՆԹՈՍ / 

Նրա ազատազրկման մասին դատական ակտի կատարումը չի հետաձգվի, եթե ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն այլ որոշում չընդունի

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2012թ. հոկտեմբերի 5-ի դատավճռով Սիսիան քաղաքի բնակիչ Գայանե Դավթյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ դատապարտվել չորս տարվա ազատազրկման:

Ամբաստանյալի պաշտպանի վերաքննիչ բողոքի հիման վրա քննության առնելով գործը` ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2013թ. մարտի 6-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժել է` օրինական ուժի մեջ թողնելով Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2012թ. հոկտեմբերի 5-ի դատավճիռը:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի հիշյալ որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ամբաստանյալի պաշտպան Մ.Թորոսյանը: Նա խնդրել է վճռաբեկ բողոքն ընդունել վարույթ, բեկանել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2013թ. մարտի 6-ի որոշումը եւ գործն ուղարկել նոր քննության կամ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա պատիժը պայմանականորեն չկիրառել: 2013թ. մայիսի 14-ին, սակայն, ՀՀ վճռաբեկ դատարանը որոշել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշման դեմ բողոքը վերադարձնել` նշելով, որ որոշումը վերջնական է ու ենթակա չէ բողոքարկման:

Գայանե Դավթյանի խնդրին անդրադարձել ենք «Սյունյաց երկրի» 2013թ. մայիսի 3-ի, ինչպես եւ հունիսի 1-ի համարներում: Վերջին հրապարակումը «Սիսիանում չեն հավատում, որ Գայանե Դավթյանն ազատազրկվել է հանուն Հայաստանի Հանրապետության եւ սպասում են ՀՀ նախագահի միջամտությանը» վերտառությամբ հոդվածն էր. նման եզրակացության համար հիմք էր ծառայել 3 հազարից ավելի սիսիանցիների նամակը` հղված ՀՀ նախագահին: Թե ինչ ընթացք է ունեցել նամակը` տեղյակ չենք:

Մինչդեռ Գայանե Դավթյանը մայիսի 26-ից շարունակում է մնալ հիվանդանոցում` ի հայտ եկած առողջական խնդիրների պատճառով, նախ` «Սիսիանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում, հունիս 4-ից` Երեւանի N2 բուժմիավորումում, որտեղ նրան հունիսի 10-ին ախտորոշել են «Արյան շրջանառության անբավարարության ՎԲԱ-մ տրանզիտոր իշեմիկ գրոհ նույն ավազանում: Ասթեո վեգետատիվ համ-շ» հիվանդությամբ: Եվ այս իրողությունը հաշվի առնելով` Գայանե Դավթյանի ամուսին Ներսես Խաչատրյանը դիմել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` ազատազրկման դատապարտված անձի նկատմամբ կայացված դատական ակտի կատարումը ՀՀ քրեական օրենսգրքի 431-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին մասով սահմանված կարգով հետաձգելու խնդրանքով` մինչեւ Գայանե Դավթյանի կազդուրվելը: Հունիսի 24-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը` նախագահությամբ դատավոր Նապոլեոն Օհանյանի, մասնակցությամբ դատախազ Գարիկ Դանիելյանի, դռնբաց դատական նիստում քննության է առել Ն.Խաչատրյանի ներկայացրած միջնորդությունը` դատական որոշման կատարումը հետաձգելու մասին: Որոշվել է` մերժել Ն.Խաչատրյանի միջնորդությունը` դատապարտյալ Գայանե Դավթյանի` որպես ազատազրկման ենթակա անձի նկատմամբ կայացված դատական ակտի կատարումը ծանր հիվանդության պատճառով հետաձգելու մասին: Դա նշանակում է, որ Գայանե Դավթյանի ազատազրկման վերաբերյալ որոշման կատարումը չի հետաձգվի: Սակայն այդ որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան` հրապարակվելու պահից տասնօրյա ժամկետում: Եվ, ինչպես տեղեկացրեց Ներսես Խաչատրյանը, մեղադրվող կողմը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի տվյալ որոշումն անպայման կբողոքարկի: Մի խոսքով` Գայանե Դավթյանի ճակատագիրը կրկին քննարկման առարկա կդառնա ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում:

Մեղադրվող կողմը շարունակում է հավատ չընծայել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի եւ հատկապես Սյունիքի մարզի դատախազության` հանձին դատախազի տեղակալ Հայկ Կարապետյանի, նկատմամբ, ով ի սկզբանե եղել է գործի նախաքննությունը եւ դատավարությունը հսկող դատախազ: Հունիսի 24-ի դատական նիստում դատախազության ներկայացուցիչն արդեն ոչ թե Հայկ Կարապետյանն էր, այլ Գարիկ Դանիելյանը, ինչը, սակայն, մեղադրվող կողմի վստահության դեֆիցիտը չմեղմեց: Մեղադրվող կողմը շարունակում է դատական ատյանի` գործին առնչվող յուրաքանչյուր քայլի մեջ տեսնել Հայկ Կարապետյանի ստվերը: Թե ինչու է այդպիսի անվստահություն իշխում մարզի դատախազության ներկայացուցչի հանդեպ, դա խոսակցության այլ թեմա է, որին երբեւէ պետք է անդրադառնալ: Իսկ հիմա փորձենք, վեր կանգնելով կողմերի փոխադարձ հակակրանքից, պարզել, թե ինչու, այնուամենայնիվ, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը չհամաձայնեց, որ հետաձգվի Գայանե Դավթյանի պատժի կրումը, քանի դեռ նա հիվանդանոցում է:
Խնդրո առարկա հարցը կարգավորվում է «Կալանավորված անձանց եւ դատապարտյալների բուժսանիտարական եւ բուժկանխարգելիչ օգնությունը կազմակերպելու, առողջապահական մարմինների բուժական հիմնարկներից օգտվելու եւ այդ նպատակով դրանց բժշկական անձնակազմին ներգրավելու կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 26-ի N825-Ն որոշմամբ: Դրանով հաստատվել է պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկը (հավելված 2): Այդ ցանկում մեզ հետաքրքրում է «Նյարդային համակարգի եւ զգայարանների հիվանդություններ» բաժնի 20-րդ կետի առաջին ենթակետը: Ի՞նչ է գրված 20-րդ կետում. «Գլխուղեղի եւ ողնուղեղի անոթային հիվանդություններ` արտահայտված ուղեղի կայուն օջախային խանգարումով (հեմիպլեգիա եւ պարապլեգիա, խորը հեմիպարեզներ եւ պարապարեզներ, տարածության եւ ժամանակի նկատմամբ կողմնորոշման խանգարում, ակինետիկ-ռեգիդ սինդրոմ)»: Իսկ ահա ինչ է գրված 20-րդ կետի 1-ին ենթակետում` «Ուղեղի արյան շրջանառության հեմոռագիկ, իշեմիկ կամ խառը սուր խանգարումներ»:

Պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկում այս կետն ու ենթակետը մեզ հետաքրքրում են այն պարզ պատճառով, որ «Թիվ 2 բուժմիավորում» ՓԲԸ-ի տեղեկանքում գրված ախտորոշումն այսպես է ձեւակերպված` «Արյան շրջանառության անբավարարության ՎԲԱ-մ տրանզիտոր իշեմիկ գրոհ նույն ավազանում: Ասթեո-վեգետատիվ համ-շ»:

Դատարանը գտնում է. «Նշված ախտորոշումը կարող է վկայել միայն Գայանե Դավթյանի մոտ տվյալ հիվանդության առկայության մասին: Սակայն, այդ հիվանդության ծանր լինելու եւ պատիժը կրելուն դրա խոչընդոտելու մասին դատարան ոչ մի թույլատրելի եւ բավարար ապացույց չի ներկայացվել, որպիսին կարող է լինել համապատասխան փորձագետի կամ բժշկական հանձնաժողովի եզրակացությունը եւ այլն: Վերը նշված պատճառաբանությամբ դատարանը գտնում է, որ միջնորդությունն անհիմն է եւ ենթակա մերժման»:

Դատարանի այդ փաստարկումն անհիմն է համարում միջնորդող կողմը` հայտարարելով` «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի հոդված 431-ը (Դատական որոշման կատարման հետաձգումը) չի սահմանում, որ միջնորդությունը պետք է հիմնված լինի համապատասխան փորձագետի կամ բժշկական հանձնաժողովի եզրակացության վրա: Նման եզրակացություն պահանջվում է այն դեպքում, երբ խոսվում է հոդված 432-ի մասին (Պատիժը կրելուց ազատելը հիվանդության պատճառով): Մեր պարագայում բավական է միայն հիվանդության մասին տեղեկանքը` տրված բուժմիավորման կողմից»:

Թե կողմերի փաստարկներն ու պատճառաբանությունները որքանով են ճիշտ, կպարզի ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը: Մի քանի նկատառում, այդուհանդերձ, չենք կարող չհայտնել, թեեւ հունիսի 24-ի դատական քննության վերլուծության հավակնություն չունենք:

Առաջին` Ներսես Խաչատրյանի միջնորդությանը կից ներկայացված տեղեկանքը` տրված 10.06.2013-ին «Թիվ 2 բուժմիավորում» ՓԲԸ-ի կողմից, որ պետք է որոշիչ դեր խաղար դատական քննության ընթացքում, առնվազն գրագետ չէր (այդպես են բնութագրում մասնագետները) եւ լիովին չէր համընկնում ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 26-ի N825-Ն որոշմամբ հաստատված ցանկում նշված հիվանդությանը (հավելված 2-ի 20-րդ կետ եւ այդ կետի 1-ին ենթակետ): Այսինքն` դա այն ախտորոշումը չէր, որ կարող էր համարվել ծանր հիվանդություն` պատիժը կրելուն խոչընդոտող:

Երկրորդ` դատարանը, որքան էլ զարմանալի է, իր որոշումը կայացնելիս հիմք չէր ընդունել այն իրողությունը, որ միջնորդությանը կից ներկայացված բժշկական տեղեկանքը խոցելի է ու ոչ համոզիչ: Դատարանն այլ պատճառաբանություն էր դրել որոշման հիմքում` «...ոչ մի թույլատրելի ու բավարար ապացույց չի ներկայացվել, որպիսին կարող էր լինել համապատասխան փորձագետի կամ բժշկական հանձնաժողովի եզրակացությունը եւ այլն»:
Եվս մեկ անգամ նշենք, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի հոդված 431-ը նման փաստաթուղթ ներկայացնելու անհրաժեշտություն չի նշում, ինչի համար էլ միջնորդող կողմը ներկայացրել է տեղեկանք եւ ոչ թե փորձագետի կամ բժշկական հանձնաժողովի եզրակացություն:
Եվ եթե դատարանը հենց եզրակացությունն է ցանկացել գործի հիմքում տեսնել, ապա պետք է միջնորդող կողմին որոշակի ժամանակ տար` նման փաստաթուղթ ներկայացնելու համար, այլապես միջնորդող կողմն ինչի՞ հիման վրա պետք է ենթադրեր, որ եզրակացությունն է ցանկալի հիմք դատարանի համար:

Երրորդ` յուրաքանչյուր դատավճիռ (դատական որոշում), որքանով հասկանում ենք, պետք է նախեւառաջ վստահություն եւ հավատ ներշնչի կողմերին, այլապես դրա հասարակական նշանակությունը նվազում է: Այս դեպքում դատական քննությունը, կարծում ենք, ավելի հավատ կներշնչեր, եթե... Ի վերջո կողմերը բանավիճում էին մեկ հարցի շուրջ` ներկայացված բժշկական տեղեկանքը համապատասխանո՞ւմ է կառավարության 2006թ. մայիսի 26-ի N825-Ն որոշմանը, թե՞ ոչ: Երեւի թե մասնագիտական (փորձագիտական) գնահատականն էր դատական նիստում բացակայում, որն ամեն ինչ կդներ իր տեղը, թե չէ հնչած ելույթները (նաեւ դատախազի ելույթը) առավելագույնս մերկապարանոց էին եւ խնդրո առարկային գրեթե չառնչվող: Իսկ փորձագետ կարող էր հրավիրել (կամ փորձագետի եզրակացություն պահանջել) միայն դատարանը։

Չորրորդ` հունիսի 24-ի դատական նիստը վարում էր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր, քրեական գործեր քննող Նապոլեոն Օհանյանը, ով, խոստովանենք, մի քանի տարի շարունակ արժանացել է «Տարվա լավագույն դատավոր» մրցանակին, ով որոշակի ճանաչում ունի հանրապետությունում: Այդուհանդերձ Գայանե Դավթյանի պատիժը հետաձգելու մասին միջնորդությունը քննելու առաքելությունը պետք է հանձնարարվեր (կարծում ենք) մեկ այլ դատավորի, ով միջնորդող (մեղադրվող) կողմին ավելի վստահություն կներշնչեր, մանավանդ որ մեղադրվող կողմն ի սկզբանե համաձայն չի եղել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2012թ. հոկտեմբերի 5-ի դատավճռի հետ (որի համաձայն Գայանե Դավթյանը մեղավոր է ճանաչվել), ինչի վերաբերյալ բազում դիմումներ են ուղղվել վերադաս ատյաններին: Իսկ այդ դատավճիռը կայացրել էր Նապոլեոն Օհանյանը: Ավելին` մեղադրվող կողմն առայսօր պատմում է 2012թ. դատաքննության ընթացքում տեղ գտած աղաղակող թերությունների մասին (ներկայացնելով փաստաթղթեր): Օրինակ, ըստ դատական նիստի արձանագրության (26 հուլիսի 2012թ.)` վկաներ (ովքեր ոչ շահագրգիռ անձինք էին) Արտակ Խառատյանը, Մելինե Գրիգորյանը մասնակցել են դատական նիստի (Գայանե Դավթյանի պաշտպանի միջնորդությամբ), սակայն, Ներսես Խաչատրյանի վկայությամբ, իրականում, նշված անձինք դատական նիստին չեն մասնակցել (չեն էլ ծանուցվել ու դատակոչվել): Ներսես Խաչատրյանը բերում է դատական նիստի արձանագրության աղավաղման այլ փաստեր եւս: Եվ այդ ամենից հետո Նապոլեոն Օհանյանը, դատարանի հանդեպ վստահությունը պահպանելու շահից դրդված, կարող էր եւ հրաժարվել միջնորդությունը քննելուց` այդ առաքելությունը թողնելով մեկ այլ դատավորի:

Հունիսի 24-ի դատական նիստից հետո ստեղծված վիճակում մի հարց էր ծագել` հակասական մեկնաբանությունների տեղիք տվող` ճի՞շտ են վարվում պատկան մարմինները` Գայանե Դավթյանին ազատազրկման վայր տանելով, երբ դեռ միջնորդությունը (պատժի կրումը հետաձգելու մասին) քննարկման փուլում է... Մինչ այդ հայտնի էր դարձել մի տարակուսելի հանգամանք եւս` իբր դատախազ Հայկ Կարապետյանը (տարբեր մարդկանց միջոցով) առաջարկություն է արել Գայանե Դավթյանին ու նրա ամուսին Ներսես Խաչատրյանին, թե` եկեք հրապարակավ ներողություն խնդրեք ինձանից` քանի-քանի անգամ դիմումներով ինձ վիրավորելու համար, եւ ես ճանապարհ ցույց կտամ` նոր հանգամանք բացահայտելու ճանապարհով, թե ինչպես կարելի է խույս տալ ազատազրկումից: Եվ իբր Գայանե Դավթյանը պատասխանել է` «Գերադասում եմ բանտ նստել, քան ներողություն խնդրել» (ի դեպ, առայժմ Գայանե Դավթյանը հրաժարվում է նաեւ ներում խնդրել ՀՀ նախագահից` հայտարարելով, որ ինքը որեւէ հանցանք չի գործել եւ որեւէ պատճառ չունի ներում խնդրելու համար):

Առհասարակ Սիսիանում ստեղծված մթնոլորտը պետք է մտահոգի պատկան մարմիններին: Մասնավորապես` չի կարելի թույլ տալ, որ իրավապահ մարմինների (կամ այդ մարմինների առանձին ներկայացուցիչների) գործողությունները դիտվեն իբրեւ այս կամ այն թայֆայի սպասարկմանը միտված քայլեր...

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: