09.20.2018
USD-482.44   EUR-564.6   RUB-7.28  

Ինչո՞վ էին զբաղված մեր պատգամավորներն անցած մեկ տարում

Ինչո՞վ էին զբաղված մեր պատգամավորներն անցած մեկ տարում

Մեկ տարի առաջ` 2012թ. մայիսի 6-ին, տեղի ունեցած ընտրություններում Սյունիքի մարզն ընդգրկող N37 եւ N38 ընտրատարածքներում Ազգային ժողովի պատգամավոր ընտրվեցին Հայկ Գրիգորյանն ու Վահե Հակոբյանը: Թե ինչու իշխանությունը հենց նրանց ցանկացավ տեսնել խորհրդարանում ու ամեն ինչ արեց, որ նրանք ստանան պատգամավորի մանդատ` թողնենք մի կողմ, մանավանդ որ ժամանակին այդ հարցերը հանգամանալից ու հրապարակավ քննարկվել են:

Բայց կյանքը շարունակվում է, եւ հետաքրքիր է իմանալ, թե մեր պատգամավորներն ինչպես են (որքանով են) Սյունիքի մարզի, իրենց ընտրողների շահերը ներկայացնում (պաշտպանում) խորհրդարանում, ինչպես են կատարում պատգամավորի իրենց պարտականությունները: Եվ այդ հարցերի պատասխանն իմանալն ընտրողների սահմանադրական իրավունքն է: Պատգամավորներն էլ պարտավոր են իրենց գործունեությունն ավելի թափանցիկ դարձնել ու ժամանակ առ ժամանակ ընտրողներիս հաշվետվություն տալ իրենց կատարածի ու չկատարածի մասին: Սրանք պարզագույն կանոններ են` օրենքով ամրագրված, որը հաշվի կառնենք ընտրաշրջանի մնացյալ չորս տարում:
Առաջնորդվելով այդ տրամաբանությամբ` հետընտրական շրջանում առաջին դիմումն ենք հղում N37 եւ N38 ընտրատարածքների պատգամավոր Հայկ Գրիգորյանին ու Վահե Հակոբյանին:

Պարոնա՛յք պատգամավորներ, հիմք ընդունելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը, խնդրում ենք ներկայացնել հաշվետվություն պատգամավորական մեկամյա գործունեության, նախընտրական ծրագրի (խոստումների) կատարման, սյունիքյան հիմնախնդիրների հանդեպ ձեր կողմից պահպանվող լռության պատճառների մասին` թերթի ընթերցողներին ներկայացնելու համար:

Իհարկե, մենք ունենք մեր դիտարկումներն այդ հարցերի վերաբերյալ, սակայն գերադասում ենք առաջ չընկնել եւ ձեր գործունեության մասին լսել ձեր իսկ շուրթերից:

Չենք կարծում, որ դրա համար պետք է դիմեինք ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին կամ ձեր ընտրությունը երաշխավորած ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանին` նկատի ունենալով, որ նրանք դեմ չեն լինի պատգամավորի գործունեության թափանցիկության ու ընտրողների հետ կապի ապահովմանը:

Ձեր պատասխանն ակնկալում ենք ստանալ տասը օրվա ընթացքում, որը, առանց որեւէ միջամտության, կներկայացնենք ընթերցողին: Չպատասխանելն էլ պատասխան է, բայց դա չի նշանակում, որ օրակարգից կհանվի սյունեցի պատգամավորների գործունեությունը թափանցիկ դարձնելու մեր մտադրությունը:

«ՍՅՈՒՆՅԱՑ ԵՐԿԻՐ»

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: