09.20.2018
USD-482.44   EUR-564.6   RUB-7.28  

Տաշտունում գողեգող կառուցվում է ոսկու արդյունահանման ձեռնարկություն

Տաշտունում գողեգող կառուցվում է ոսկու արդյունահանման ձեռնարկություն

Տաշտուն գյուղի անմիջական հարեւանությամբ (այդ գյուղի վարչական տարածքում) ինչ-որ «ԱՏ-Մետալս» ՍՊ ընկերություն ձեռնարկություն է կառուցում: Այնտեղ աշխատողները հավաստիացնում են, թե կառուցվում է ոսկու արդյունահանման ֆաբրիկա` նորագույն տեխնոլոգիաներով:

Մեղրիում էլ մեզ հավատացնում են, որ Տաշտունի տարածքում գերազանցապես ուրանի պաշարներ են եւ խոսք կարող է լինել միայն ուրանի արդյունահանման մասին: Տարակարծությունները, սակայն, այդ հարցերում չեն միայն: Տաշտունի բնակիչների դիրքորոշումն էլ երկփեղկված է: Ոմանք գտնում են, որ այդ ձեռնարկության կառուցմամբ գյուղում զբաղվածության խնդիր կլուծվի, ոմանք էլ կտրուկ դեմ են գյուղի տարածքում հանքարդյունաբերական ձեռնարկություն հիմնելուն: Գյուղի բնակչուհի Անահիտ Փարսադանյանը, օրինակ, կարծում է, որ այդ ֆաբրիկայի գործարկմամբ Տաշտունում լուրջ սպառնալիքի տակ կհայտնվեն մարդկանց կյանքն ու առողջությունը:

Գյուղաբնակներից մի քանիսն էլ պատմեցին, որ ձեռնարկության հիմնադրման առիթով գյուղում կազմակերպված հանրային լսումն ավելի քան կեղծ է եղել, գյուղի բնակիչների կարծիքը հաշվի  չեն առել, հիմք է ընդունվել բացառապես գյուղապետի թայֆայի կարծիքը:

Մեղրի քաղաքի բնակիչներն էլ անհանգստանալու իրենց պատճառներն ունեն: Նախ` շրջակա միջավայրի ու օդային ավազանի աղտոտվածությունը տարածքում նոր` ավելի վտանգավոր սահմանագծի կհասնի: Երկրորդ` հերթական անգամ Մեղրու բնակչության կարծիքը ոչ ոքի չի հետաքրքրել: Երրորդ` ձեռնարկության կառուցման ընթացքում առաջացած հողային շերտն ու դատարկ ապարները թափվում են Տաշտուն գետի մեջ (ավտոմայրուղի-Տաշտուն ճանապարհի կամրջի տարածքում), իսկ Տաշտուն գետը միախառնվում է Մեղրի գետին, որի ջրերը Մեղրի քաղաքում օգտագործվում են ոռոգման նպատակով:

Ի՞նչ է, այնուամենայնիվ, կատարվում Տաշտունում եւ ովքե՞ր են պատասխանատուները:
Պարզագույն այս հարցերի պատասխանը գտնելու համար  «Սյունյաց երկրի» ստեղծագործական խմբին հուլիսի 17-ին չհաջողվեց հանդիպել համապատասխան մարդկանցից գոնե մեկի հետ: Նախ` աշխատանքային այդ օրը գյուղապետարանը փակ էր: Գյուղապետը հեռախոսազանգերին չէր պատասխանում: Տնեցիները չգիտեին, թե որտեղ է Հենրիկ Գաբրիելյան գյուղապետը: Մեծ դժվարությամբ հանդիպեցինք գյուղապետարանի Արթուր անունով քարտուղարին (աշխատակազմի ղեկավարին): Հրաշք անհատականություն էր Արթուր անուն քարտուղարը: Մեր բոլոր հարցերին նա նույն պատասխանը տվեց` չգիտեմ:  Ամբողջ օրը մեզ չհաջողվեց հանդիպել նաեւ «ԱՏ-Մետալս» ընկերության պատասխանատուներին: Գյուղացիները մեզ խորհուրդ տվեցին ավելորդ չփնտրել ո՛չ գյուղապետին, ո՛չ էլ «ԱՏ-Մետալս» ընկերության ներկայացուցիչներին, նրանք գյուղում են, բայց թաքնվում են, երբ շահագործման պատրաստվող հանքավայրի հանդեպ հետաքրքրություն ունեցող մարդիկ են գյուղ ժամանում:

Այդ ամենով հանդերձ մի քանի հարց ունենք ե՛ւ գյուղապետին, ե՛ւ «ԱՏ-Մետալս» ընկերության ծպտված սեփականատիրոջն ու ղեկավարներին:

Նախ` ի՞նչ է կատարվում Տաշտունի մերձակայքում` ոսկո՞ւ, թե՞ ուրանի արդյունահանում է նախատեսվում:

Արդյո՞ք գյուղապետը Տաշտունի տարածքը չի շփոթում հայրական կալվածքի հետ: Ո՞ւմ թույլտվությամբ է կասկածելի պարունակությամբ հողաշերտը թափվում Տաշտուն գետի մեջ:
Արդյո՞ք մեր բնապահպանության նախարարությունը չգիտի, որ շահագործման պատրաստվող հանքավայրը Մեղրու ոռոգելի ջրի ջրահավաք ավազանում է գտնվում:

Կա՞ երաշխիք, որ Տաշտունում ու գյուղի մերձակայքում նորից ճառագայթային ֆոնը սահմանվածից չի բարձրանա, ինչպես 1962-63թթ. ու մարդկանց կայնքի եւ առողջության համար վտանգ չի ներկայացնի:

Եվ, ի վերջո, ինչո՞ւ գյուղապետը, «ԱՏ-Մետալս» ընկերության պատասխանատուները բացատրություն չեն տալիս հանրությանը, թե ինչ է կատարվում այդ տարածքում, ինչո՞ւ հանրային լսումներ չեն կազմակերպվում Մեղրի քաղաքում, չէ՞ որ կատարվող աշխատանքներն ամենամեծ ազդեցությունն ունենալու են (Տաշտունից հետո) Մեղրի քաղաքի վրա:

…Մեղրուց վերադառնալիս տեղեկություն ստացանք, որ Մեղրի համայնքի բնապահպանության հանձնաժողովի անդամները (հուլիսի 16-ի թվագրությամբ) դիմում են հղել մարզի դատախազ Նորայր Հակոբյանին` խնդրելով միջամտություն` դադարեցնելու Տաշտունում կատարվող աշխատանքները, քանի դեռ այդ աշխատանքների օրինականությունը հիմնավորող փաստաթղթերը չեն ներկայացվել Մեղրու հանրությանը:

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Հ.Գ. Հուլիսի 18-ին «Էկոլուրը» տարածեց մի տեղեկատվություն, որի մեջ մասնավորապես նշված է` «Հիշեցնենք, որ «Ատ-Մետալս» ՍՊԸ-ն պատրաստվում է շահագործել Սյունիքի մարզի Մեղրասարի հանքավայրը, որի հանքաքարից ոսկի եւ արծաթ է կորզելու: Այդ նպատակով էլ հենց կառուցում է բազմամետաղների մշակման արտադրամասը: Բացի այն, որ ընկերությունը բազմամետաղների մշակման արտադրամասի կառուցման համար չունի բնապահպանական փորձաքննության դրական եզրակացություն, այն նաեւ շինարարական թույլտվություն էլ չունի: Համահայկական բնապահպանական ճակատի անդամ Լեւոն Գալստյանի հարցմանն ի պատասխան ՀՀ քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական պետական գլխավոր  տեսուչ Ս.Հայրապետյանը տեղեկացրել է. «ՀՀ Սյունիքի մարզի Տաշտուն համայնքի տարածքում «Ատ-Մետալս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից առանց քաղաքաշինական եւ իրավական փաստաթղթերի ձեւակերպման, փաստորեն` ինքնակամ, իրականացվում են բետոնապատման եւ հողային աշխատանքներ»:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: