09.20.2018
USD-482.44   EUR-564.6   RUB-7.28  

Բնապահպանության նախարարությունը, այնուամենայնիվ, ուշաթափված վիճակում է

Բնապահպանության նախարարությունը, այնուամենայնիվ, ուշաթափված վիճակում է

Տեսեք` ինչ է կատարվում. Մեղրի քաղաքով հոսող Մեղրի գետի հունը համարյա թե փոխում են (գետում թողնելով ընդամենը 0.16 խմ/վայրկյան ծավալով բնապահպանական ելք), բայց բնապահպանության նախարարությունը խնդրո առարկայի վերաբերյալ հասարակական լսումներ է անում ոչ թե Մեղրի քաղաքում, այլ Շվանիձորում ու Ագարակ քաղաքում:

Ընթերցողին հիշեցնենք, որ այդ ծրագիրը, իբր, նպատակ ունի կառուցել Մեղրու ինքնահոս ոռոգման համակարգ: Ծրագիրը մշակվել է «Հայգյուղշիննախագիծ» ՍՊԸ-ի կողմից: Հիշեցնենք նաեւ, որ Մեղրի քաղաքի բնակչությունը (մոտ 1000 ստորագրությամբ) դիմում է  հղել ՀՀ նախագահին` կասեցնելու այդ ծրագրի իրագործումը: Ծրագրի վերաբերյալ բացասական կարծիք  է արտահայտել նաեւ համայնքի ավագանին: Մեղրու հավաքական ձայնը, այդուհանդերձ, ոչ ոք չի լսել, եւ հետեւողականորեն կյանքի է կոչվում Մեղրի գետի ջրի հիմնական մասն այլ ուղղությամբ տանելու ծրագիրը:

Ի՞նչ է իրենից ներկայացնում Մեղրու ինքնահոս ոռոգման համակարգի ծրագիրը (ներկայացնում ենք ըստ «Էկոլուրի» հուլիս 12-ի թողարկման):

«Ըստ նախագծի` նախատեսվում է ինքնահոս եղանակով ոռոգել Սյունիքի մարզի Մեղրիի տարածաշրջանի Մեղրի, Ագարակ, Շվանիձոր, Ալվանք, Կարճեւան, Նռնաձոր համայնքների  ընդհանուր 686 հա տարածք զբաղեցնող հողերը` վերացնելով ներկայում ազդակիր տարածքը սպասարկող 8 ջրհան կայանները եւ խնայելով տարեկան 3.89 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա: Համակարգի շահագործման համար անհրաժեշտ ջրաքանակը ոռոգվող հողատարածքների համար կազմում է 650լ/վ: Ջուրը վերցվելու է Մեղրի գետից: Պահպանվելու է  0.16խմ/վրկ ծավալով գետի բնապահպանական ելքը: Նախագծում նշված է, որ, Մեղրի գետի ջրերը, ըստ փորձաքննությունների արդյունքների, աղտոտված չեն հանքային և օրգանական աղտոտիչներով եւ չեն կարող բացասաբար անդրադառնալ ոռոգվող տարածքների 38.69 հա հողերի վիճակի վրա:
«Շինարարության ժամկետը կկազմի 15 ամիս: Շինարարական աշխատանքների ընթացքում մթնոլորտ կարտանետվեն փոշի, ածխաջրածիններ, բենզինի գոլորշի, եռակցման աերոզոլ, մանգանի օքսիդներ, ցեմենտի փոշի: Նշվում է, որ շինարարության փուլում օդի աղտոտումը կլինի սահմանային թույլատրելի կոնցենտրացիաների շրջանակներում:

Ըստ նախագծի` նախատեսվում են ծառահատումներ, բայց թե որքան ծառ կհատվի, նշված չէ: Հատվող ծառերի դիմաց սահմանվելու է նոր ծառերի տնկում` 1:3 հարաբերակցությամբ:
Տարածքում հանդիպում են Կարմիր գրքում գրանցված որոշ կենդանիներ եւ թռչուններ:
«Շինարարական աշխատանքները կարող են ուղղակիորեն ազդել ազդակիր տարածքի բնական բուսածածկի վրա, վտանգել կենդանիների, այդ թվում` թռչունների բնադրման եւ ձվադրման վայրերը, միգրացիոն եւ ջրարբի ուղիները: Բնապահպանական կառավարման պլանով (ԲԿՊ) կնախատեսվեն մեղմացնող միջոցառումներ` այդ ազդեցությունները նվազագույնի հասցնելու համար»,  մասնավորապես նշված է նախագծում:

Մեղրու ինքնահոս ոռոգման համակարգի բարելավման ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության կողմից իրականացվող  «Ոռոգման համակարգերի վերականգնման հրատապ ծրագրերի լրացուցիչ ֆինանսավորում»:  (ՈՀՎՀԾԼՖ) ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորում է Համաշխարհային բանկը: ՈՀՎՀԾԼՖ ծրագրի հաշվարկային արժեքը կազմում է մոտավորապես 8.0 միլիոն ԱՄՆ դոլար»:

Եվ այդ ամենից հետո բնապահպանության նախարարությունը հանրային լսումներ է կազմակերպում բազմաթիվ համայնքներում, բացի Մեղրուց` շատ լավ հասկանալով, որ Մեղրու բնակչությունը տարածաշրջանի համար խիստ վտանգավոր է համարում այդ ծրագրի իրագործումը:

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: