09.26.2018
USD-481.66   EUR-566.58   RUB-7.32  

Երիտասարդության միջազգային օրը` 4-րդ անգամ

Երիտասարդության միջազգային օրը` 4-րդ անգամ

Օգոստոսի 12-ին՝ Երիտասարդության միջազգային օրը, Սիսիանի Սիսակ Նահապետի անվան հրապարակում հավաքված երիտասարդները հպարտությամբ կրում էին Համո Սահյանի պատկերով կրծքանշան: Երիտասարդության ուժն ու միասնությունը խորհրդանշող պաստառների շարքում նաեւ սահյանական տողերով պաստառներ էին՝ «Գնամ հովերը շնչեմ Գյազբելիս...», «Ես չեմ կարող չհավատալ
Կռունկների վերադարձին...»:

Սիսիանում արդեն ավանդական դարձած երիտասարդական արշավն այս տարի նվիրված էր Համո Սահյանին: Նախ ծաղիկներ` բանաստեղծի արձանին, այնուհետեւ այցելություն նրա ծննդավայր եւ ներշնչանքի աղբյուր Լոր գյուղ, որտեղ Հայաստանի սոցներդրումների հիմնադրամի շնորհիվ շուտով վերջնական տեսքով կավարտվի Համո Սահյանի տան վերանորոգումը:

«Դու իմ միակն էիր ինչպես Հայաստանս,
Տանս ճրագն էիր ու ծուխն էիր տանս...», - բոլոր հավաքվածների շուրթերին էլ սահյանական տողեր են, սահյանական են տրամադրությունը, բնության ընկալումն ու ապրումները:
«Յուրահատուկ զգացողություն է լինել այստեղ՝ նրա տան շրջակայքում, որովհետեւ հնարավոր է նաեւ, որ շատ հաճախ նա կանգնել է իմ կանգնած տեղում: Այստեղ ես շատ լավ զգում եմ նրա ներկայությունը, նրա շունչը: Ով չի եղել Լորում, կարդալով նրա բանաստեղծությունները՝ ամբողջովին չի կարող պատկերացնել այն, ինչ Սահյանը նկարագրել է՝ նրա Լորագետը, նրա լեռները, նրա բնությունը», - ասում է Լորետա Պետրոսյանը, ով առաջին անգամ չէ Լորում, սակայն, ինչպես ինքն է խոստովանում, այս անգամ բոլորովին այլ զգացողություն ունի:
Հարյուրավոր արշավականներից բացի Սահյանի տան բակում են նաեւ բազմաթիվ լորեցիներ, բանաստեղծի Հասմիկ եւ Պայծառ քույրերը: «Լորում ամեն ինչ սահյանոտ է, - ասում է Հասմիկ Գրիգորյանը, - այստեղից երիտասարդները մի-մի Սահյան են տանելու իրենց հոգու եւ սրտի վրա: Այսօր մանավանդ մենք՝ երկու քույրերով, հերանց ենք եկել եւ մեր հարազատների փոխարեն բազմաթիվ երիտասարդների ենք ընդունել, որոնց ես անչափ սիրում եմ, ինչպես Համոն է սիրել. երիտասարդության նվիրյալ է եղել նա»:
Մոմավառության համար ընտրվել էր հարեւան Դարբաս գյուղի նորակառույց Սուրբ Ստեփանոս եկեղեցին: Սիսիանում պատմամշակութային կոթողների, հետեւաբար եւ արշավի ուղղությունների պակաս չկա` նշում է Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը: Նրա խոսքով «Չորս տարի անընդմեջ քաղաքապետարանի նախաձեռնությամբ կազմակերպվող ճանաչողական արշավները երիտասարդությանը համախմբելու եւ հայրենի եզերքին կապելու նպատակ ունեն: Մեր նպատակն է ծանոթացնել երիտասարդությանն իր արմատներին: Շատ ուսանողներ շնորհակալություն հայտնեցին, որովհետեւ այս ենթաշրջանի գյուղեր երբեւէ չէին այցելել: Նախատեսեցինք Լոր գյուղ, որովհետեւ այստեղ ծնվել է Համո Սահյանը, այստեղ է ժամանակին աշխատել Ակսել Բակունցը, դրա համար էլ հայտարարեցինք, որ գտնվում ենք սուրբ հողի վրա: Մենք պետք է կարողանանք գնահատել մեր արժեքները»:

Շաքեի ջրվեժի տարածքում երիտասարդները վայելեցին բնության գեղեցկությունը, մասնակցեցին պարի, ասմունքի եւ սպորտային մրցույթների, մատաղի արարողության:

Արման Թաթոսյանը բոլոր արշավների ամենաակտիվ մասնակիցներից է: Սիսիանը երիտասարդական քաղաք է. ասում է եւ հույս հայտնում, որ այն հաջորդ տարի կդառնա երիտասարդության մայրաքաղաք: Նրա կարծիքով` դրա համար բոլոր նախադրյալները կան: «Ի՞նչ չունի սիսիանցին, - հպարտանում է , - ամեն ինչ էլ ունի, ունենք բազմաթիվ տեսարժան վայրեր՝ Շաքեի ջրվեժը, Դիք-դիք քարերը... Բոլորն էլ պետք է իմանան դրանց մասին»:
Մոսկվայից տատիկ-պապիկին հյուր եկած Ռադիկ Բախշյանը նույնպես ոգեւորված է: Պատմելու բան շատ կունենա. «Մոսկվայում էսպիսի բաներ որտեղի՞ց՝ սարեր, բնություն, Մոսկվայում շենքեր են... Բնությունն այստեղ լավն է էլի... Օդանավակայանում երբ վայրէջք ես կատարում, նույնիսկ Հայաստանի օդը լրիվ ուրիշ կերպ ես զգում»:

Երիտասարդներին նվիրված օրը եզրափակվեց Սիսիանի Սիսակ Նահապետի անվան հրապարակում` տոնական համերգով եւ հրավառությամբ:

Ի դեպ, Երիտասարդության միջազգային օրը կազմակերպվող արշավներին տարեցտարի ավելի շատ երիտասարդներ են մասնակցում: Այս տարի կազմակերպչական հարցերում եղել են նաեւ աջակիցներ գործարար ոլորտից:

Սիսիանցի երիտասարդներն արդեն գիտեն՝ նույնպիսի հագեցած օր անցկացնելու են նաեւ հաջորդ տարի:

ԱՆՆԱ ԱՎԵՏԻՍՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: