11/21/2018

Սյունիքի մարզի դատախազը` միջազգային համաժողովում

Սյունիքի մարզի դատախազը` միջազգային համաժողովում

2013թ. հունիսի 20-24-ը Չինական Ժողովրդական Հանրապետության Ջինան քաղաքում տեղի է ունեցել հակակոռուպցիոն կառույցների միջազգային ասոցիացիայի 5-րդ համաժողովը` նվիրված ՄԱԿ-ի` կոռուպցիայի դեմ կոնվենցիայի 6-րդ գլխին` «Տեխնիկական օգնություն եւ տեղեկատվական փոխանակում» թեմային: Համաժողովին մասնակցում էր ՀՀ դատախազության պատվիրակությունը` գլխավորությամբ Սյունիքի մարզի դատախազ Նորայր Հակոբյանի, ով համաժողովում հանդես է եկել ելույթով:

Նկատի ունենալով հանգամանքը, որ Սյունիքի մարզի դատախազն առաջին անգամ է մասնակցում միջազգային նման համաժողովի, նպատակահարմար գտանք զրուցել Նորայր Հակոբյանի հետ եւ համաժողովին ու քննարկված թեմային առնչվող մի քանի հարց ուղղել նրան:

– Պարո՛ն Հակոբյան, նախ կուզենայինք իմանալ, թե ինչ համաժողով (սեմինար) էր ՉԺՀ-ում հրավիրվել, երբվանի՞ց է սկիզբ առել այդ ավանդույթը, վերջինը (ըստ հերթականության) 5-րդն էր:

– 2013թ. հունիսի 22-24-ը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ջինան քաղաքում հրավիրվել էր հակակոռուպցիոն կառույցների միջազգային ասոցիացիայի (IAACA) 5-րդ սեմինարը, որը նվիրված էր ՄԱԿ-ի «Կոռուպցիայի դեմ» կոնվենցիայի 6-րդ գլխով նախատեսված տեխնիկական օգնության եւ տեղեկատվության փոխանակման հիմնախնդիրներին:

Հակակոռուպցիոն կառույցների միջազգային ասոցիացիան ստեղծվել է 2006թ. հոկտեմբերի 22-ին, եւ նրա առաքելությունն է ՄԱԿ-ի «Կոռուպցիայի դեմ» կոնվենցիայի արդյունավետ կիրարկումը:

– Քանի՞ պետության պատվիրակություն էր մասնակցում համաժողովին, ովքե՞ր էին ՀՀ դատախազության պատվիրակության կազմում:

– Համաժողովին մասնակցում էին մոտ 300 պատվիրակ աշխարհի 76 պետությունից եւ մոտ մեկ տասնյակ միջազգային կազմակերպությունից: ՀՀ դատախազության պատվիրակության կազմում էինք` ես եւ ՀՀ գլխավոր դատախազության վարչության ու բաժնի երկու դատախազ:

– Դուք, որքանով տեղյակ ենք, նաեւ ելույթ եք ունեցել համաժողովում: Կուզենայինք իմանալ Ձեր ելույթի համառոտ բովանդակությունը:

– Սեմինարի մասնակից պետությունների ներկայացուցիչներին իրավունք էր վերապահված մինչեւ 15 րոպե տեւողությամբ ելույթ ներկայացնել քննարկման թեմա հանդիսացող կոնվենցիայի 6-րդ գլխով նախատեսված տեխնիկական օգնության եւ տեղեկատվության փոխանակման վերաբերյալ: Մի շարք պետությունների ներկայացուցիչներ հանդես եկան ելույթներով: Հայաստանի Հանրապետության դատախազության պատվիրակության անունից ելույթ ունեցա ես: Ելույթը նվիրված էր կոռուպցիոն արարքների կանխարգելման, բացահայտման եւ քննության ուղղությամբ ՀՀ դատախազության մարմինների գործունեության որոշ ասպեկտներին: Ներկայացվեց մեզանում կոռուպցիայի դեմ պայքար իրականացնող մարմինների գործունեության, կոռուպցիայի դեմ պայքարի ազգային ռազմավարության, ազգային մեխանիզմների, ինչպես նաեւ կոռուպցիոն հանցագործությունների վիճակագրության կառուցակարգերի վերաբերյալ տեղեկատվություն: Ելույթում ներկայացվեց նաեւ կոնվենցիայի մասնակից պետությունների եւ միջազգային կազմակերպությունների միջեւ համագործակցության մասին մեր տեսակետը:

– Համաժողովը որեւէ եզրափակիչ (ամփոփիչ) փաստաթուղթ ընդունե՞ց, թե՞ ոչ: Միջազգային համաժողովների (ոչ միայն այս) ամփոփիչ փաստաթղթերն արդյո՞ք պարտադիր կիրարկման ենթակա են մեր հանրապետությունում, թե՞ իբրեւ խորհրդատվություն կամ երաշխավորություն են դիտվում:

– Համաժողովում ընդունված փաստաթղթերը կրում են խորհրդատվական բնույթ: Բացի այդ, որոշվեց հրապարակել մասնակիցների ելույթների ժողովածու, ընդհանրացնել արված առաջարկությունները` տրամադրելով մասնակիցներին:

– Ի՞նչ ուշագրավ դրվագների, աշխատանքի նոր մեթոդների իրազեկ դարձաք (ծանոթացաք) համաժողովում` հակակոռուպցիոն պայքարի ոլորտում:

– Ուշագրավ էր Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գերագույն դատախազության կողմից վերջին տարիներին կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում առավել ընդգրկուն եւ անզիջում պայքարի մասին տեղեկատվությունը, հատկապես պաշտոնատար անձանց կողմից կատարված չարաշահումների կանխարգելման, բացահայտման եւ քննության ուղղությամբ տարվող աշխատանքները: Այնտեղ մեծ ուշադրություն է դարձվում կոռուպցիայի դեմ պայքարին ինչպես ազգային, այնպես էլ անդրազգային հարթություններում, որի վառ դրսեւորումն է հանդիսանում այն հանգամանքը, որ ՉԺՀ գերագույն դատախազության գլխավոր դատախազը միաժամանակ համատեղում է հակակոռուպցիոն կառույցների միջազգային ասոցիացիայի նախագահի պատասխանատու պաշտոնը:

– Հետաքրքիր է, հակակոռուպցիոն պայքարի առումով (ըստ Ձեր ստացած տպավորության) աշխարհի ո՞ր երկրներում է հատկապես արդյունավետ աշխատանք տարվում եւ որոնցի՞ց կարելի է ինչ-որ բան ընդօրինակել ու ներդնել Հայաստանում:

– Ըստ իմ` մասնակից-պետությունների պատվիրակությունների ներկայացուցիչների ելույթներից ստացած տպավորության, հակակոռուպցիոն պայքարի առումով արդյունավետ աշխատանքներ են տարվում Մեծ Բրիտանիայում, Հերցոգովինայում, Ֆինլանդիայում, Թայլանդում, Կանադայում եւ այլուր:Հետխորհրդային երկրներից այդ առումով ուշագրավ է Բելառուսի Հանրապետության փորձը: Ի դեպ, մանրամասն ներկայացնելով կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ տարվող աշխատանքները, Բելոռուսի Հանրապետության գլխավոր դատախազ Ալեքսանդր Կոնյուկը նշեց, որ Բելառուսի Հանրապետության դատախազությունը հանդիսանում է պետական մարմինների համակարգի այն առանցքային օղակը, որը համակարգում է ՄԱԿ-ի «Կոռուպցիայի դեմ» կոնվենցիայի արդյունավետ կիրարկումը Բելառուսում: Բելառուսի Հանրապետությունում կոռուպցիայի դեմ պայքարն իրականացվում է հանցավորության եւ կոռուպցիայի դեմ պայքարի պետական ծրագրի շրջանակներում: Նկատի ունենալով, որ կոռուպցիոն հանցագործությունները քննության առումով դասվում են առավել բարդ եւ աշխատատար հանցագործությունների շարքին, 2012թ. հունվարի 1-ից սկսել է գործել Բելառուսի Հանրապետության քննչական կոմիտեն, որի բացառիկ ենթակայությանն է վերապահված կոռուպցիոն հանցագործությունների քննությունը: Միաժամանակ նշվեց, որ կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում Բելառուսի Հանրապետության ֆինանսական հետախուզության կողմից հայտնաբերվել է ապօրինի շրջանառության մեջ գտնվող շուրջ 12.000.000 դոլար գումար, իսկ մյուս իրավապահ մարմինների կողմից` եւս 28.600.000 դոլար:

– Տեղափոխվենք Հայաստան, ի՞նչ է իրենից ներկայացնում հակակոռուպցիոն պայքարի համակարգը մեզանում:

– Կոռուպցիան իրական վտանգ է ներկայացնում իշխանության, օրենքի գերակայության, ժողովրդավարության եւ մարդու իրավունքների, սոցիալական արդարության համար: Դեռեւս հասարակության գիտակցության մեջ արմատավորված է կոռուպցիայի` որպես «սոցիալական արդարության վերականգնման» կարծրատիպ, պակաս է ընկալվում այդ երեւույթի հասարակական վտանգավորության աստիճանը: Գիտակցելով կոռուպցիայի ռեալ վտանգը եւ վերլուծելով դրա դեմ պայքարի ներկայիս վիճակը, կարելի է փաստել, որ մեր երկրում վերջին տարիներին մի շարք ուղղություններով (պետական կառավարման, հարկային, մաքսային եւ բանկային համակարգերում) իրականացված համալիր բարեփոխումների արդյունքում ձեռնարկված քայլերը նկատելի դրական տեղաշարժ են առաջացրել: 2003թ. նոյեմբերի 6-ին ՀՀ կառավարության որոշմամբ ընդունվել է «ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության եւ դրա իրականացման միջոցառումների մասին» առաջին ծրագիրը, որի նպատակը կոռուպցիայի հաղթահարումն է, այն ծնող եւ դրա տարածմանը նպաստող պատճառների ու պայմանների վերացումը: 2004թ. հունիսի 2-ին ստեղծվել է կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ, որը գլխավորում երկրի վարչապետը: Խորհրդի կազմում ընդգրկված է նաեւ ՀՀ գլխավոր դատախազը: Վերը նշված ծրագրում կոռուպցիայի կանխարգելման եւ դրա դեմ պայքարի գործում էապես կարեւորվում են հասարակության լայն խավերի շահագրգիռ մասնակցության խնդիրը եւ հասարակական կազմակերպությունների, ոչ պետական մարմինների, ինչպես նաեւ քաղաքական բոլոր ուժերի մոնիտորինգի դերակատարումը: Շատ կարեւոր է ԶԼՄ-ների դերը, եւ անհրաժեշտ է ձեւավորել կոռուպցիայի դեմ պայքարում հանրային աջակցություն` քաղաքացիական հասարակության գործուն մասնակցության եւ հանրային քարոզչության միջոցով: Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիայի դեմ պայքարի հատուկ պետական մարմիններ չկան: Սակայն երկրում գործում է հակակոռուպցիոն համակարգ, որի շրջանակներում տվյալ գործառույթներն իրականացնում են իրավապահ մարմինները` օրենսդրությամբ ամրագրված իրենց լիազորությունների սահմաններում: Մասնավորապես` ՀՀ դատախազությունը, ՀՀ ոստիկանությունը, Ազգային անվտանգության ծառայությունը եւ Հատուկ քննչական ծառայությունը ներգրավված են կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ պայքարի գործում: Համապատասխան գործառույթներ ունի նաեւ Պետական եկամուտների կոմիտեն:

– Իսկ ինչպե՞ս եք գնահատում ՀՀ դատախազության հակակոռուպցիոն պայքարի ներկայիս մակարդակը: Ունե՞նք հակակոռուպցիոն որեւէ աշխատաձեւ, գործելակերպ, որ ուշագրավ կարող է լինել այլ երկրների համար:

– Մեր երկրում, իրավական պետության եւ քաղաքացիական հասարակության կայացման, ինչպես նաեւ երկրում օրինականության եւ իրավակարգի պահպանման գործում, այդ թվում` կոռուպցիայի դեմ պայքարի գործում, էական դեր ունի դատախազությունը: Կոռուպցիայի դեմ պայքարը եղել եւ մնում է դատախազության մարմինների առաջնահերթ խնդիրը: Ելնելով այն հանգամանքից, որ Հայաստանի մասնակցությունը «Կոռուպցիայի դեմ» ՄԱԿ-ի կոնվենցիային պահանջում է ոչ միայն անհրաժեշտ իրավական, այլ նաեւ կազմակերպական նախադրյալներ, ՀՀ գլխավոր դատախազի 2008թ. հունիսի 20-ի հրամանով ՀՀ գլխավոր դատախազության կազմում ստեղծվել է նոր կառուցվածքային ստորաբաժանում` կոռուպցիոն եւ կազմակերպված հանցագործությունների գործերով վարչություն: Բացի դրանից, ՀՀ գլխավոր դատախազի հրամանով հաստատվել է կոռուպցիոն հանցագործությունների ցանկը: Ըստ այդմ` կոռուպցիոն հանցագործություններ են համարվում` խարդախությունը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով (ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1-րդ կետ), խարդախությունը, որը կատարվել է կաշառք ստանալու պատրվակով (ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետ), յուրացնելը կամ վատնելը` պաշտոնեական դիրքն օգտագործելով (ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ), առեւտրային կաշառքը (ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդված), պաշտոնեական լիազորությունները չարաշահելը կամ անցնելը (ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ եւ 309-րդ հոդվածներ), ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը (ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդված), կաշառք ստանալը (ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդված), կաշառք տալը (ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդված) եւ այլն, ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված շուրջ 30 արարք:

2011 եւ 2012թթ. ընթացքում հանրապետությունում այս ոլորտում հարուցվել է 705 քրեական գործ: 2012թ. դատարաններում քննված կոռուպցիոն բնույթի քրեական գործերով պատճառված վնասը կազմել է 2,8 մլրդ դրամ, այդ թվում` պետական գույքին պատճառված վնասը կազմել է 1,8 մլրդ դրամ, իսկ իրավաբանական անձանց եւ ֆիզիկական անձանց գույքին` 1,0 մլրդ դրամ: Ասվածը վկայում է այս ոլորտում կատարված աշխատանքների մակարդակի մասին:

ՀՀ գլխավոր դատախազության կողմից հանրապետության տարածքներում պարբերաբար կազմակերպվել են «Կոռուպցիոն հանցագործությունների կանխարգելման, բացահայտման եւ քննության առանձնահատկությունները» թեմայով փնջային խորհրդակցություններ, որոնց մասնակցել են իրավապահ մարմինների, պետական կառույցների եւ շահագրգիռ կազմակերպությունների, զանգվածային լրատվության միջոցների եւ հասարակական կազմակերպություների ներկայացուցիչներ:

Կատարված աշխատանքների ցանկը կարելի է շարունակել, բայց բավարարվենք թվարկածով:

– Ի՞նչ ասել է ՄԱԿ-ի կոնվենցիա ընդդեմ կոռուպցիայի:

– «Կոռուպցիայի դեմ» ՄԱԿ-ի կոնվենցիան ընդունվել է 2003թ. հոկտեմբերի 31-ին: Ընդհանրապես, կոռուպցիան խարխլում է ժողովրդավարական ինստիտուտներն ու արժեքները, բարոյական արժեքներն ու արդարությունը եւ վտանգում է կայուն զարգացումն ու օրենքի գերակայությունը: Կոնվենցիայի նպատակներն են` կոռուպցիան կանխարգելելը եւ դրա դեմ ավելի արդյունավետ եւ ներգործուն պայքարելուն ուղղված միջոցների խրախուսումը եւ ուժեղացումը կոռուպցիայի կանխարգելման եւ դրա դեմ պայքարում, այդ թվում` արժեքների վերադարձման ուղղությամբ միջազգային համագործակցության եւ տեխնիկական օգնության խրախուսումը, դյուրացումը եւ օժանդակումը, պետական գործերի եւ պետական սեփականության ազնիվ, պատասխանատու եւ պատշաճ կառավարման խրախուսումը:

– Եթե կարելի է` բնութագրեք, խնդրեմ, կոռուպցիա ասվածն ըստ մեր օրենսդրության: Կոռուպցիա ասվածն արդյո՞ք նույն կերպ է ընկալվում աշխարհի բոլոր պետություններում, թե՞ ամեն մի երկիր յուրովի է պատկերացնում:

– Ըստ ստուգաբանության` «Կոռուպցիա» բառն ունի լատինական ծագում, որ նշանակում է «կաշառք, փչացում, քայքայում, ծախվածություն»: Ներպետական օրենսդրությամբ կոռուպցիայի բնորոշումը դեռեւս չի տրվել: Միջազգային պրակտիկայում ձեւավորված տեսական միտքը կոռուպցիան բնորոշում է որպես վստահված իշխանության չարաշահում կամ հանրային իշխանության չարաշահում` հօգուտ մասնավոր շահի: Միջազգային իրավական կառուցակարգերով սահմանագծված են կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ մի շարք ընդհանուր չափորոշիչներ, որոնք կիրառություն են գտնում նաեւ մեզանում: Բազմաթիվ երկրներում կոռուպցիան դասվում է պետության եւ հասարակության նկատմամբ կատարվող ծանրագույն հանցագործությունների շարքին: ԱՄՆ-ի սահմանադրությամբ` կաշառակերությունն այն երկու հանցանքից մեկն է, որը կարող է առաջացնել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի հրաժարականի պահանջ, իսկ Չինաստանում կաշառակերության համար սահմանված է մահապատիժ:

– Տեսեք` ինչ է ստացվում, ունենք ՄԱԿ-ի կոնվենցիա, հանրապետությունում ունենք համապատասխան օրեսդրություն եւ այդ խնդրի լուծմանը կոչված պետական ու հասարակական կառույցներ: Բայց արդյո՞ք այդ ամենի մասին տեղյակ է հանրապետության բնակչությունը:

– Ըստ իս` հակակոռուպցիոն ծրագրերը պետք է հիմնված լինեն նաեւ հրապարակայնության եւ թափանցիկության սկզբունքի վրա: Կոռուպցիայի դեմ պայքարը հասարակական սատարման կարիք ունի: Կոռուպցիայի դեմ պայքարում անգնահատելի է նաեւ զանգվածային լրատվության միջոցների դերը: Այս գործում հաջողությունների հասնելու համար պետք է մոբիլիզացվեն ոչ միայն իրավապահ, պետական մարմինների, այլ նաեւ հասարակության ուժերը (հասարակական կազմակերպությունների, ԶԼՄ-ների եւ այլն): Զարգացած քաղաքացիական հասարակությունը կոռուպցիայի զսպման կարեւորագույն միջոց է եւ պետք է հստակ գիտակցել, որ հասարակությանն անհրաժեշտ է ընդունել որպես կոռուպցիայի դեմ պայքարի հզոր ուժ:

Կոռուպցիայի դեմ պայքարում մեզանում հանրային աջակցության պասիվությունը, ըստ իս, պայմանավորված է մի շարք գործոններով, այդ թվում` տեղեկացվածության պակասով, եւ մենք շատ անելիքներ ունենք հասարակության կողմից կոռուպցիայի եւ դրա հետեւանքների հասարակական վտանգավորության աստիճանի իրավագիտակցության արմատավորման ուղղությամբ:

– Ի՞նչ ուշագրավ շփումներ, հանդիպումներ ունեցաք համաժողովի շրջանակում (բուն սեմինարից դուրս):

– Սեմինարից դուրս շփումներ ունեցանք Չինաստանի, Թայլանդի, Պակիստանի, Մոլդովայի, Բելառուսի, Ավստրիայի եւ այլ պատվիրակությունների ներկայացուցիչների հետ:

– Որքանով տեղյակ ենք, Դուք (ոչ որպես մարզի դատախազ) քանիցս մասնակցել եք միջազգային այլ համաժողովների: Արդյո՞ք միջազգային շփումները գործնական ու կիրառական անդրադարձ են ունենում մեր հանրապետության դատախազության պրակտիկայում:

– Անկասկած, միջազգային շփումները շատ օգտակար եւ ուսանելի են: Այդ շփումների ընթացքում հայտնի դարձած դատախազական աշխատանքի ձեւերն ու մեթոդները գործնականում մեզանում կիրառություն են գտնում այնքանով, որքանով թույլ է տալիս մեր օրենսդրությունը:

– Փորձենք ինչ-որ չափով տեղայնացնել մեր զրույցը. վերջին տարիներին Սյունիքում ի՞նչ աշխատանքներ են կատարվել կոռուպցիայի դեմ պայքարի առումով եւ ի՞նչ եք նախատեսում անել հետայսու:

– Կարելի է փաստել, որ կոռուպցիայի դեմ պայքարի առումով մեր մարզում կատարված աշխատանքները դեռեւս բավարար չեն, եւ նախատեսում ենք այս ուղղությամբ ակտիվացնել մեր գործունեությունը:

– Կոռուպցիոն ռիսկերը հատկապես Սյունիքի մարզի ո՞ր ոլորտներում են մեծ:

– Կոռուպցիոն ռիսկերը բարձր են առողջապահության, կրթության, պետական միջոցներով զանազան ծրագրերի իրականացման, անտառների եւ ընդերքի պահպանության ու այլ ոլորտներում:

– Ներկայումս մարզի իրավապահ մարմինների վարույթում կա՞ն քննվող գործեր, որոնք կարելի է դիտարկել հակակոռուպցիոն պայքարի համատեքստում:

– Ներկա պահին մարզի քննչական բաժնում քննվում է կոռուպցիոն բնույթի երկու քրեական գործ:

– Եվ վերջին հարցը, որը միգուցե եւ արծարծված լինի միջազգային համաժողովում` ճի՞շտ է քաղաքական կոռուպցիա արտահայտությունը, եթե այո, ապա կուզենայինք իմանալ դրա էությունը:

– Միջազգային-իրավական կառուցակարգերով սահմանված չափորոշիչներով եւ տեսության մեջ ընդունված է կոռուպցիան դիտարկել երկու մակարդակում` քաղաքական եւ վարչական կոռուպցիա: Քաղաքական կոռուպցիան, անձնական օգուտից կամ շահից դրդված քաղաքական գործիչների եւ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից քաղաքական որոշումներ կայացնելիս իրենց վստահված քաղաքական իշխանության չարաշահումն է:

– Շնորհակալություն հարցազրույցի համար:

– Ես նույնպես շնորհակալ եմ:

Հարցազրույցը` ՆՈՒԲԱՐ ԴԱՎԹՅԱՆԻ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: