09.20.2018
USD-483.62   EUR-565.59   RUB-7.22  

Նորակառույց կրթօջախը` հուսալի ապագայի երաշխիք

Նորակառույց կրթօջախը` հուսալի ապագայի երաշխիք

Գորիսի շրջանի Տեղ համայնքում գործարկվեց դպրոցի նորակառույց շենքը

Տեղ գյուղը պատմամշակութային եւ հերոսական կենսագրություն ունի, հիմնադրվել է 10-րդ դարում Սյունյաց թագուհի Շահանդուխտի կողմից: 13-րդ դարում համարվում էր գյուղաքաղաք:

Գյուղն այսօր էլ Գորիսի շրջանի ամենամեծ համայնքն է` 2845 բնակչությամբ:
Բոլոր ժամանակներում էլ հայտնի է եղել իր քաջարի զորականներով, ստեղծագործ եւ շինարար մարդկանցով:

Արցախյան պատերազմի տարիներին ողջ գյուղը մեկ մարդու պես կանգնել էր թշնամու դեմ. այն դարձել էր հերոսության դարբնոց: Այսօր նրա ընտրյալները գեներալներ եւ գնդապետներ են, հայոց բանակաշինության ու ազգային բանակի նվիրյալներ:

Տեղ գյուղի N1 միջնակարգ դպրոցի նոր համալիրի շինարարական աշխատանքները սկսվել են 2009թ.: Մասնագիտական եզրակացության արդյունքում պարզվել էր, որ շենքը պիտանի չէ հետագա շահագործման, կառույցը գտնվել է վթարավտանգ վիճակում եւ` ենթակա կազմաքանդման, ուստի անհրաժեշտություն է առաջացել նոր շենքի կառուցման:
Նոր շենքի ընդհանուր մակերեսն ավելի քան 2200 քմ է, դպրոցը նախատեսված է 250 աշակերտի համար:

Դպրոցի կառուցապատողն «Առվա երկիր» ՍՊԸ-ն է: Շենքի շինարարությունը մեկնարկել է թվով չորս մասնաշենքի հողային աշխատանքներով, հիմքերի, պատերի, ծածկերի, միջնորմների, տանիքի կառուցմամբ:

Շենքը շահագործման է հանձնվել մետաղապլաստե պատուհանների եւ դռների տեղադրմամբ, ներքին եւ արտաքին հարդարման աշխատանքներով, էլեկտրական մատակարարմամբ, ջրամատակարարման, ջեռուցման եւ կոյուղու համակարգերով, գազամատակարարմամբ: Ամբողջությամբ բարեկարգվել է դպրոցի տարածքը: Դպրոցն ապահովվել է աշակերտական եւ ուսուցչական գույքով:

2009-2013թթ. դպրոցի կառուցման վրա ծախսվել է 480 մլն դրամ:

Նոր ուսումնական տարվա շեմին` օգոստոսի 31-ին, Գորիսի շրջանի Տեղ գյուղում բացվեց N1 միջնակարգ դպրոցի նորակառույց շենքը, որն իր տեսակի մեջ բացառիկ է:

Միաժամանակ նշվում էր երեք տոն` դպրոցի հիմնադրման 140-ամյակը, Գիտելիքի օրը եւ դպրոցական նորակառույց հոյակերտ շենքի բացումը:

Արարողությանը մասնակցում էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, քաղաքաշինության, սփյուռքի, գյուղատնտեսության նախարարները, հանրապետության եւ մարզի այլ պաշտոնյաներ:

Տեղ գյուղում 1873 թվականին է բացվել առաջին դպրոցը` 21 աշակերտով, որտեղ դասավանդել են հայոց կրոն, տառաճանաչություն եւ ընթերցանություն, վայելչագրություն, եկեղեցական երգեցողություն եւ թվագրություն:

Անապահով կյանքի, դժվարությունների հաղթահարման, բայց եւ ապագայի հանդեպ լուսավոր հույսի պայմաններում հիմնադրվեց գյուղի առաջին դպրոցը` տների կավաշեն սենյակներում:
1893թ. «Ղաշար» թաղամասում կառուցված դպրոցական շենքում սովորում էին Տեղ, հարեւան Կոռնիձոր, Քարաշեն եւ Արավուս գյուղերի երեխաները` թվով 50-100 հոգի:

Աշակերտների ամենամեծ թիվը, որ գրանցվել է, 1963 թվականին էր. այն կազմել է շուրջ 700 սովորող:

Դպրոցը 1966թ. անվանակոչվել է նախկին ԽՍՀՄ հերոս Արամայիս Սարգսյանի անունով:
1977թ. գյուղում բացվել է 2-րդ միջնակարգ դպրոցը:

140-ամյա դպրոցն անցել է դժվարին, բայց փառավոր ուղի:

Տեղ գյուղում 1960թ. կառուցված N1 դպրոցն առաջին անգամ լրջորեն ավերվել է Արցախյան պատերազմի ժամանակ` թշնամու հրետակոծություններից, որի ժամանակ հրաշքով եւ բարեբախտաբար, ուսուցիչների խիզախ կողմնորոշմամբ, զոհեր չեն եղել: Այնուհետ, արդեն իսկ վթարված դպրոցը վերջնական փլվել է 2011թ. հունիսի 9-ին, որտեղ աշակերտները 10 րոպե առաջ մաթեմատիկայից քննություն էին հանձնել եւ դուրս եկել դպրոցից:

Փլուզումից հետո աշակերտների մի մասը հիվանդանոցի հին մասնաշենքում էր դասերն անցկացնում, մյուս մասը` Տեղ գյուղի N2 դպրոցի դասասենյակներում:

Այս տարի սեպտեմբերի 1-ին դպրոց կհաճախի 237 աշակերտ, որից 20-ը` առաջին դասարան: Նոր ուսումնական տարում 2 հոգով ավելացել է առաջին դասարանցիների թիվը, որոնց անվճար պայուսակներ են տրամադրել գյուղնախարարության աշխատակիցները: Անցած տարի դպրոցը 24 շրջանավարտ ուներ, որից ինը հոգի արդեն բուհական է:

Դպրոցն իր ողջ պատմության ընթացքում նշանավոր շրջանավարտներ է տվել. 52-ից ավելի գիտությունների թեկնածու եւ դոկտոր, հանրաճանաչ մարդիկ արվեստի բնագավառում, երկրի տնտեսության, արդյունաբերության, կրթության եւ մշակույթի ոլորտներում:

Գյուղի 140-ամյա N1 միջնակարգ դպրոցի ջահակիրները եղել եւ մնում են նրա հոգեւոր սերմնացանները` մանկավարժները, որ տասնամյակների ընթացքում, անգամ պատերազմական թեժ օրերին, մղվող մարտերի ու կռիվների ժամանակ, խավար, կիսաքաղց եւ դաժան պայմաններում միշտ վառ են պահել կրթօջախի կրակը, մատաղ սերնդի կրթության եւ դաստիարակության գործին նվիրվել անձնուրաց եւ անմնացորդ:

Վաստակավոր մանկավարժների թիվն անցնում է երեք տասնյակից: Նրանց բարի ավանդույթներն էլ հենց այն ուղեցույց ջահն է, որով այսօր առաջնորդվում են դպրոցի մանկավարժական լուսավոր բույլը համալրած երիտասարդ մանկավարժները:

Նորակառույց դպրոցի եռատոնի բացման խոսքով հանդես եկավ դպրոցի տնօրեն Սլավիկ Գրիգորյանը: Նա մասնավորապես ասաց. «Ցանկանում եմ երախտիքի խոսք հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ում ազգանպաստ նախաձեռնությամբ փլատակներից փյունիկի պես հառնեց դպրոցական այս նորակառույցը` ժամանակակից բոլոր հարմարություններով, սեյսմակայունությամբ: Վերջին հաշվով, փլուզված դպրոցի շենքի տեղում նոր կրթօջախ կառուցելն արտահայտում է պատմական եւ հերոսական համայնքի ապագայի հանդեպ բոլոր նրանց լավատեսությունն ու լուսավոր հավատը, ովքեր նախաձեռնել եւ ընդգրկված են եղել այս պայծառ գործում: Այսօրվա այս հոյակերտ կրթօջախը երաշխիքն է մեր երկրի հուսալի ապագայի ու Հայաստան աշխարհի հարատեւման, մեր բոլորիս հույսերի ու իրականացվող երազանքների… Վստահ եմ, որ հիացմունք, մաքրություն եւ կոկիկություն ներշնչող մեր նորակառույցն ուսումնական եւ ստեղծագործական նոր լիցքեր կհաղորդի բոլորիս, կհանդիսանա այն հոգեւոր լավագույնի աղբյուրը, որ իմացության լույս է կոչվում…»:

Դպրոցական եւ ուսուցչական կազմին շնորհավորանքի եւ ՀՀ կառավարությանն ու մարզային իշխանություններին` շնորհակալության խոսք ասաց Տեղի գյուղապետ Սաղաթել Գալստյանը:
Հնչեցին նաեւ աշակերտների շնորհակալական ջերմ խոսքեր:

Տոնական արարողության վերջում նորակառույց դպրոցի բացման առթիվ շնորհավորանքի եւ կրթական ոլորտում հետագա ձեռքբերումների բարեմաղթանքի խոսք ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Բացման հանդիսավոր արարողությունից հետո առաջին դասարանցիները կտրեցին նորակառույցի կարմիր ժապավենը, եւ, միանգամից, ծափողջույնների եւ ուրախ երաժշտության ներքո, երկինք ելան ու խաղաղությամբ թեւածեցին աղավնիները, որոնց ճախրանքն ասես լույսի ու հավատի, խաղաղության պատգամն էր…

…Մեկ ժամ եւ ավելի ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, քաղաքաշինության, սփյուռքի եւ գյուղատնտեսության նախարարների, Սյունիքի մարզպետի, կառավարության եւ տեղական ինքնակառավարման մարմինների այլ պաշտոնյաների ուղեկցությամբ շրջում էր ուսումնական հաստատությունում, ծանոթանում կատարված աշխատանքներին, ստեղծված ուսումնական պայմաններին:

Տեղ համայնքի նորակառույց դպրոցը ոչ միայն կրթական, նաեւ ռազմավարական նշանակության հզոր երեւույթ է, որի օրինակը լեռնային բնակավայրերում պետք է միակը եւ եզակին չլինի…

ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: