09.26.2018
USD-481.66   EUR-566.58   RUB-7.32  

Հացն է ամեն բարիքի սկիզբը

Հացն է ամեն բարիքի սկիզբը

Տոնակատարությունների եւ տոնահանդեսի հայկական մշակույթն ունի հազարամյակների ավանդույթ, եւ ընդամենը մոտ հարյուր տարի առաջ դեռ կարելի էր ականատես լինել ավանդական տոնահանդեսի հարուստ ու բազմազան դրսեւորումների: Ձեւավորված լինելով երկրագործական-անասնապահական համակցված տնտեսական մշակույթի ավանդույթներով եւ համապատասխանելով Հայկական լեռնաշխարհի կլիմայական ու սեզոնային առանձնահատկություններին` այն մեծ չափով հագեցած էր գյուղատնտեսական պաշտամունքի բազմաբնույթ դրսեւորումներով: Տոնակատարությունները հիմնականում ձեւավորվում էին ժամանակի կրոնական պատկերացումների ու հասարակական նորմերի համաձայն, որոնց փոփոխություններին համընթաց, բնականաբար, փոխվում էին նաեւ տոների բնույթը, տոնահանդեսը եւ տոնական ծեսերը, մի խոսքով` տոնական մշակույթը: Ներկայումս, երբ համաշխարհային քաղաքակրթության մեջ նկատվում են գլոբալացման երեւույթներ, եւ, կարծեք թե, դուրս են մղվում ազգային ավանդույթները, դժվարանում է դրանց պահպանման գործընթացը:

Ժողովրդական հետաքրքիր տոներից մեկի` Հացի տոնի ավանդույթների վերականգնման առաքելությունն արդեն ութ տարի է` իրականացնում է Նիկողայոս Ադոնցի անվան Սիսիանի պատմության թանգարանը (տնօրեն` Ծովինար Պետրոսյան) «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի շրջանակում: Օգոստոսի 31-ին կազմակերպված տոնը` «Ժառանգությունը ժառանգողներին» խորագրով, թանգարան էր հրավիրել բազում սիսիանցիների եւ այլ վայրերից ժամանած մարդկանց` ջանալով նշել դարերով ստեղծված մեր տոնն այնպես, որ դրանից շահեն ե՛ւ մշակույթը, ե՛ւ ժողովուրդը: Հացի տոնն սկսվեց Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ տեր Մակար վարդապետի կողմից անցկացված մատաղի օրհնության արարողակարգով: Վերջինս նշեց, որ հացը նույնպես Քրիստոսի չարչարանքներն է կրում նախքան հաց դառնալը, այդ է պատճառը, որ այն Աստծո կողմից սրբություն է համարվել: Նա կոչ արեց գյուղացիներին` նախքան ցորեն ցանելը սերմն օրհնել, որպեսզի բերքն առատ լինի, քանզի այնտեղ, որտեղ չկա Աստծո օրհնություն, չի կարող առատություն լինել:

Ողջույնի խոսքում Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը մասնավորապես նշեց. «Ժամանակն է, որ մենք շրջվենք դեպի մեր արմատները եւ կարողանանք միջոցառումները համատեղ տոնել, արժեւորել դարերից եկող ազգային ավանդույթները` դրանք սերնդեսերունդ փոխանցելով: Երախտագիտությունս եմ հայտնում Սիսիանի պատմության թանգարանի տնօրեն Ծովինար Պետրոսյանին ու նրա աշխատակազմին` տոնն ավանդական դարձնելու համար»: Միջոցառման ընթացքում հացի սեղանների շուրջ չէին տարբերվում մեծ ու փոքր, ահել ու ջահել, պաշտոնյա ու հպատակ. չէ՞ որ հացն ամենքինն է եւ արարվում է բոլորի համար համահավասար: Թերեւս, այս մտայնությամբ էր տոնին մասնակցում Սիսիանի քաղաքապետը, ով, սեղանից սեղան անցնելով, հավերժություն ու խաղաղություն էր մաղթում մեր ժողովրդին ու երկրին:

Հացի տոնի ամենապատվելի ճաշատեսակի` կորկոտ-հարիսայի հաճելի բուրմունքը եւս մեկ անգամ հյուրերին հիշեցրեց հազարամյակների պատմություն ունեցող մեր ժողովրդի` հացի նկատմամբ ունեցած առանձնահատուկ վերաբերմունքը: Զուռնա-դհոլի հնչյունների ներքո ներկաները ճաշակեցին մատաղը, ավանդական ճաշատեսակները, օրհնված գինին` միմյանց բարեմաղթանքներ հղելով:

Տոնի սովորույթներից է եղել նաեւ միմյանց նվերներ տալը, հատկապես աղջիկներն իբրեւ նվեր ստանում էին հացաթխման մեջ կիրառվող գործիքներ, իսկ տղամարդիկ այդ օրը միմյանց խոստանում էին օգնել թոնրի պատը շարել կամ էլ տաշտ պատրաստել: Քանի որ ժամանակի հետ փոխվում է նաեւ նվերի տեսակը` շատ հաճախ վերածվելով մեր օրերում այնքան հարգի դարձած պատվոգրերի ու շնորհակալագրերի, ուստի թանգարանի տնօրենը հացի տոնը լավագույն առիթը համարեց` իր շնորհակալությունը հայտնելու թանգարանին աջակցություն ցուցաբերած մարդկանց: Թանգարանի կողմից պատվոգրերի արժանացան Սյունիքի մարզի սերմ արտադրողների միության նախագահ, տոնի հովանավոր Գագիկ Խաչատրյանը, Սյունիքի տարածաշրջանային մաքսատան պետ Աշոտ Մինասյանը, Սիսիանի N1 ՆՈՒՀ-ի (նախադպրոցական ուսումնական հաստատություն) տնօրեն Նարինե Գասպարյանը, հասարակական ու մշակութային գործիչ Հասմիկ Ասատրյանը, թանգարանի երկարամյա աշխատակից Նորա Սաֆրազյանը: Իսկ ամերիկահայ բարերար Պերճ Ջոլոլյանը, 2012թ. թանգարանին ցուցաբերած նվիրատվության համար (1մլն դրամ), արժանացավ շնորհակալագրի` ճանաչվելով 2012թ. թանգարանի լավագույն բարեկամ: Վերջինս մասնավորապես նշեց. «Շատ եմ կարեւորում հացի տոնը, քանի որ այն, հատկապես հայ ժողովրդի համար, ունի մեծ արժեք: Մեր պարտքն է հետագա սերունդներին սովորեցնել հացն արարելու սրբազան գործը, այն աչքի լույսի պես պահելու եւ պահպանելու խորհուրդը»: Պատվոգրերի ու շնորհակալագրի արժանացած հյուրերը նաեւ փոքրիկ հուշանվերներ ստացան թանգարանի կողմից:
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ թանգարանի ցուցասրահներից մեկում ներկաների ուշադրությանն էին ներկայացվել գյուղական, հատկապես հացաթխման պատկերներով նկարներ, կազմակերպվել էր «Հացին երգը» խորագրով պոեզիայի ժամ Սիսիանի N1 ՆՈւՀ-ի սաների, ինչպես նաեւ մեծահասակների մասնակցությամբ: Թանգարանի տնօրենի հավաստմամբ. «Հացն է մարդկության ու բնության երաշխիքը, որքան հացը մարդուն ու հողին է պատկանում, այնքան մնում է հողեղեն, որքան հացն Աստծո ուղարկած բարիքն է եւ հարատեւելու, հավերժելու միջոց, այնքան հացը ոգեղեն է: Աստված ինքը որոշեց, որ երկնային մանանան` աստվածային կերակուրը, մի որոշ ժամանակ երկիր ուղարկի, իսկ այն օրը, երբ հացը դրվեց սեղանին` որպես կերակուր, մարդն այլեւս Աստծո ուղարկած մանանան չգտավ: Հայ ժողովուրդը դարեր ի վեր հացն ընտրել է իբրեւ զենք, վտանգի պահին հացը թաքցրել իբրեւ գանձ եւ այժմ իր սերունդներին կտակում է մի ամբողջ աշխարհ, որի բնակիչը պիտի հացի պես ուժեղ, հացի պես խոնարհ ու հարատեւ լինի»:

Ցորենշաղիկին` որպես առատության եւ լիության խորհրդանիշի, եկավ հաջորդելու երիտասարդներին ցորենի հասկով զարդարված կարմիր խնձոր բաժանելու արարողությունը, քանզի բոլոր տոների ամենաօրհնված պահը նոր ընտանիք ստեղծելու համար ճանապարհ բացելն է…

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: