11/18/2018

Արժանացան երկրորդ մրցանակի

Արժանացան երկրորդ մրցանակի

Օգոստոսի 25-ին Ծաղկաձորի օլիմպիական գլխավոր մարզահամալիրում ամփոփվեցին ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք-2013» ամենամյա մրցույթի արդյունքները, որն այս տարի անցկացվեց տասներորդ անգամ:

Մրցութային ծրագիրը չորս տարիքային խմբում երեք փուլով անցկացվեց Հայաստանի Հանրապետությունում ու Արցախում եւ ընդգրկում էր վեց մարզաձեւ` խաղային փոխանցումավազք 80մ, խաղային փոխանցումավազք 30մ, խաղային փոխանցումավազք մարմնամարզական օղակներով, պարանի ձգում, բասկետբոլի գնդակի նետում զամբյուղի մեջ, հեռացատկ (տեղից): 6123 մասնակցից նախնական փուլերը հաջողությամբ հաղթահարեց 144 ընտանիք: Կրտսեր տարիքային խմբում իրեն լավագույն կողմերով դրսեւորեց կապանցի Էրիկ Նուրիջանյանի ընտանիքը`186 միավորով գրավելով երկրորդ տեղը: Նուրիջանյաններն արժանացան երկրորդ մրցանակի` 400 հազար դրամ, բացի այդ նրանք առանձին մրցաձեւերում երեք անգամ լավագույնը ճանաչվեցին, մի անգամ երկրորդ տեղ գրավեցին` դրամական պարգեւով խրախուսվելով նաեւ դրանց համար:

Մինչ այժմ անցկացված «Լավագույն մարզական ընտանիք» բոլոր մրցույթներին մասնակցել է Կապանի N1 հիմնական դպրոցի փոխտնօրեն Արշամ Սարգսյանի ընտանիքը` արժանանալով մրցանակների: Այս անգամ Սարգսյանները երրորդ տարիքային խմբում կիսեցին 5-7-րդ տեղերը (յուրաքանչյուր խմբում մրցում էր 36 ընտանիք): Նրանք հինգ ընտանիքի հետ արժանացան հուշանվերի` մինչ այժմ անցկացված մրցույթներին անընդմեջ մասնակցելու համար:

Զանգվածային սպորտի զարգացմանը եւ առողջ ապրելակերպի արմատավորմանը միտված մրցույթի հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը, մարզպետներ: «Լավագույն մարզական ընտանիք-2013» մրցույթի եզրափակիչ փուլում մրցանակային տեղեր գրաված ընտանիքները խրախուսվեցին դրամական պարգեւներով, մրցույթի եզրափակիչ փուլ անցած 144 ընտանիքի երեխաները հանրապետության նախագահի կողմից ստացան մրցանակներ եւ հուշանվերներ: Ընդհանուր թիմային հաշվարկով Սյունիքի մարզը գրավեց վեցերորդ տեղը: Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք-2013» հանրապետական մրցույթը պատշաճ մակարդակով կազմակերպել էր եւ անցկացրեց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը` Երեւանի քաղաքապետարանի, ՀՀ մարզպետարանների եւ ԼՂՀ կառավարությանն առընթեր սպորտի պետական կոմիտեի համագործակցությամբ:

Հոբելյանական մրցույթին մասնակցում էր 2041 ընտանիք նախորդ տարվա 1475-ի փոխարեն, բայց հանրապետության նախագահն իր խոսքում դա քիչ համարեց. «Մենք պետք է ունենանք տասնյակ հազարավոր ընտանիքներ, բայց պետք է այդ շրջանակը եւս ընդլայնենք եւ հնարավորություն տանք, որ այդ մրցույթին մասնակցեն նաեւ հաշմանդամություն ունեցող ընտանիքներ: Սա չափազանց կարեւոր է, նրանց էլ է պետք հնարավորություն տալ իրենց կարողությունները ցուցաբերել, մասնակցություն ունենալ այս կարեւոր միջոցառմանը»:

Մեկուկես ժամ տեւած հանդիսավոր արարողությունից հետո միջոցառման մասնակիցները շուրջպարով եզրափակեցին «Մարզական լավագույն ընտանիք-2013» հանրապետական մրցույթը` մեկ տարի հետո կրկին հանդիպելու ակնկալիքով:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: