11/18/2018

Առաջնեկ սոփեր մերօրյա ծաղկողի

Առաջնեկ սոփեր մերօրյա ծաղկողի

Ռոբերտ Կամոյանի ընտրանու առաջաբան

Այրն այս` առինքնող ոսկեծղի ձեռամբ, տունուտեղ ունի Կովսալեռ-Խուստուփին առընթեր եւ իր մերձծերունազարդ պահվածքին վայել, անժամ օրակարգով իմաստախոսության հաղորդություններ է տալիս Կապանա տան ներկա սերունդներին…

Տոհմարմատներով աղերսվում է կորուսյալ Հայքի տարբեր ծագերին, բայց հայրական բնօրրանի քաղցրալուր վկայություններով շառավիղված է Հաբանդա տնից եւ ըստ այդմ դույզն-ինչ Կամունց է, թեպետ եւ` հանրածանոթ Կամոյան:

Երկուստեք համանուն ենք եւ, համոզված եմ, ֆռանկի անձնանունը հոգեհարազատացրել ենք մեր շրջապատին, սակայն մեր միջեւ տարածություն կա` նա ոսկե պատվանդանին է ծաղկողի նվիրական շնորհներով, ինքս զմայլվողի գերության մեջ հայտնված երկրպագու եմ:

Մտորելու է, որ մեր հեռավոր ու մոտ անցյալներին սիրահարվածի, արհեստներին հարազատացածի, մի քանի բուհում ուսանածի, վիրաբուժությանը ձեռք զարկածի, էլեկտրական լիցքի ու մետաղի գաղտնիքներին տիրապետածի, ռուսաց տափաստաններում ու մինչեւ էսկիմոսների սառնաշունչ երկիր գնացքներով վագոնակտուր ճամփորդածի կենսափորձով նա ի վերջո ծաղկող-արվեստագետի հանգրվան-խոհանոցում է:

Ավարտուն կամ շարունակելի, շրջանակված կամ աներիզ մոտ յոթ հազար վրձնահետք միավոր ունի, հետեւաբար` ավելի շատ հազարներով բնորդ ու կերպար: Կամունցյան գունագեղ վրձնահարվածը պատմական ժամանակի ակնթարթի հավերժացումն է` վաղմիջնադարյան Սյունիքից առ մերօրյա նորացող հայրենիքը: Այն քանքարը, որով պետք է օժտված լինեն միջնադարը քննող-լուսաբանող հնագետը, պատմաբանն ու վիպասանը, Կամունցը բացահայտում-ցուցաբերում է յուրովի` գուներանգների նրբահյուս երեւակումներով, անհատականությունների խառնվածքի ու բնավորության սեփական համոզիչ ընկալումներով: Դարերի տողագիր անցուդարձերը յուրովսանն պեղելով` արվեստագետը դիտողին իր վրձնած տեսարաններով ստիպում-համոզում է ճանաչել պատմական ճշմարտությունը, դասեր առնել ու զորանալ մեր նախնյաց ոգեղեն վարք ու բարքից…

Կամունցյան գործատունը դարսակույտ կամ երկրով մեկ ցանուցիր մի ամբողջություն է, որի մի զգալի չափաբաժինը տեղ է գտել ցուցասրահներում, երկրպագուներին սրտամոտ հարկերում ու տպագիր կամ էլեկտրոնային մամուլում:

Այս ժողովածուն մերօրյա ծաղկողի նշխարատան անդրանիկ սոփեր-ընտրանին է, որ, ի մեծարում, բարյացակամ նախաձեռնել է Կապան մարզոստանի քաղաքապետարանը:

ՌՈԲԵՐՏ ԷՋԱՆԱՆՑԻ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: