11/20/2018

Թափթփվածության հանդես

Թափթփվածության հանդես

Ինչո՞ւ  է պաշտոնանկ արվել «Մանկական գեղագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի Գորիսի մասնաճյուղի տնօրենը

Ինչպես արդեն հաղորդել ենք «Սյունյաց երկրի» 2013թ. սեպտեմբերի 3-ի համարում` Մարտուն Զաքարյանն ազատվել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության «Մանակական գեղագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի Գորիսի մասնաճյուղի տնօրենի պարտականությունից: Այդ առիթով օգոստոսի 22-ին Գորիս էր ժամանել ՊՈԱԿ-ի տնօրեն Լեւոն Իգիթյանը, ով Գորիսի քաղաքապետ Նելսոն Ոսկանյանի հետ քննարկել է Գորիսի մասնաճյուղում ստեղծված անմխիթար վիճակը: Մասնաճյուղի նոր տնօրեն է նշանակվել Արամ Մաշուրյանը, սակայն, այդ հրամանի կիրարկումը ժամանակավորապես (մեզ համար անհասկանալի պատճառներով) դադարեցվել է:

Մարտուն Զաքարյանի պաշտոնանակությունը տարաբնույթ արձագանքների տեղիք է տվել Գորիսում: Ինքը` Մարտուն Զաքարյանը, դա համարում է մասնաճյուղի շենքն օտարելուն միտված քայլ, անհիմն որոշում եւ այլն: Գեղագիտական կենտրոնի ղեկավարությունը, մինչդեռ, հայտարարում է, որ Մարտուն Զաքարյանն ինքնամեկուսացվել է իր պարտականություններից, եղած հաստիքներում նշանակել է իր հարազատներին եւ, ընդհանուր առմամբ, կազմալուծել է մասնաճյուղի գործունեությունը: Տարակարծությունները հասել էին այնպիսի հանգրվան, որ Մարտուն Զաքարյանի կողմնակիցները փորձում էին հանրահավաքի միջոցով բողոքել տնօրենի որոշման ու պահվածքի դեմ, ով, ըստ Մարտուն Զաքարյանի, սոցիալական ցանցերից մեկով անձնական վիրավորանք է հասցրել մասնաճյուղի տնօրենին:

Մանկական գեղագիտական կենտրոնի մասնաճյուղի շուրջ տեղի ունեցող զարգացումներին ծանոթանալու համար «Սյունյաց երկրի» ստեղծագործական խումբը սեպտեմբերի 6-ին այցելեց Գորիս: Օրը պատահական չէր ընտրված. «Մանկական գեղագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչներն այցելել էին մասնաճյուղ` գույքի եւ փաստաթղթերի հանձնում-ընդունում կատարելու համար: Եվ մենք, օգտվելով առիթից, լսեցինք կողմերի կարծիքը ստեղծված իրավիճակի շուրջ:

Էմմա Ասատրյան, կենտրոնի ուսումնամեթոդական բաժնի վարիչ. «Վերջին չորս տարում Մարտուն Զաքարյանը ոչինչ չի արել մասնաճյուղի գործերը վարելու,  մասնաճյուղը զարգացնելու ուղղությամբ: Քանիցս այստեղ են եկել կրթության եւ գիտության նախարարությունից ու տեսել, որ մասնաճյուղի դուռը փակ է, մուտքից սկսած` շենքը կեղտի մեջ է: Եկել ենք որոշելու` թե ինչպես կարող ենք մասնաճյուղը հանել ամոթալի վիճակից: Հավատացեք, տարրական հարցերն անգամ այս մասնաճյուղում չեն լուծվում, վեց հաստիքից մեկը հավաքարար է, իսկ շենքն ամբողջապես խարխափում է կեղտի մեջ: Մարտուն Զաքարյանը ժամանակին վատ չի աշխատել: Երբ 1980-ականներին աշխատանքի անցավ` շատ լավ գործեր արեց, եւ ոչ ոք չի կարող դա հերքել:

Վերջին չորս տարում մասնաճյուղը բարձիթողի վիճակում է: Ինքն ընդամենը դպրոցներ է հաճախում ու այնտեղ աշխատում: Եվ այն, ինչ կապված է մասնաճյուղի ուսումնական գործունեության հետ, ձախողված է: Վերջին տարիներին մասնաճյուղը չի մասնակցել որեւէ ցուցահանդեսի: Մարտունն այս մասնաճյուղում մանկավարժ կարող է աշխատել այլեւս, ինչը եւ նրան առաջարկել ենք: Թո՛ղ աշխատի, խումբ պահի, բայց հրաժարվում է մեր առաջարկից` չցանկանալով պատասխանատվություն վերցնել: Հարցին, թե ինչ է արվել կենտրոնի կողմից, որ մասնաճյուղի տապալումը չկայանա, այսպես կարող եմ պատասխանել` Մարտունը տարիներ շարունակ եկել ու ներկայացրել է, որ ամեն ինչ հրաշալի է, աշխատանքներ են տարվում, երեխաները կանոնավոր  հաճախում են, ցուցահանդեսներ են կազմակերպում եւ այլն: Նա մեր վաղեմի աշխատողն է, եւ չէինք կարող չհավատալ, չվստահել: Ինչ է, անընդհատ պիտի գայինք Գորի՞ս, իսկ վստահությունը: Դուք հարցնում եք, թե ինչ ենք մենք արել. տարածք ենք տվել, նյութեր ենք տվել, վեց հաստիք ենք տվել, որից մեկը նրա կինն է զբաղեցրել, մյուսը` քենին, մյուսը` բաջանաղը… իսկ կատարված աշխատանքը չի երեւում: Ինչ վերաբերում է շենքը վաճառելու մասին խոսակցություններին, ապա դա զրպարտություն է»:

Մարտուն Զաքարյան, մասնաճյուղի նախկին տնօրեն. «Վերջին շրջանում, ընդհակառակը, իմ աշխատանքներն ավելի էին ակտիվացել: Ես երեսին ասող մարդ եմ, ճիշտն ասող. գուցե դա չէ իրենց դուր գալիս: Ամբողջ քաղաքը ծանր է տանում իմ պաշտոնաթողությունը: Ինձ համար էլ դժվար է` 30 տարի երեխաների հետ աշխատելուց հետո չեմ կարող ուրիշ գործով զբաղվել: Իսկ ինձ անձնական վիրավորանք հասցնելու համար (պարոն Իգիթյանն է ինձ վիրավորել) մի խումբ ակտիվիստներ պատրաստվում են բողոքի ակցիայի»:

Կառլեն Կարապետյան, ՊՈԱԿ-ի փոխտնօրեն. «Շենքը կենտրոնի սեփականությունն է, շենքի օտարման մասին խոսք լինել չի կարող: Ինքներդ տեսեք, թե ինչ կեղտի մեջ է խրված մասնաճյուղի ամբողջ տարածքը: Պատկերացնո՞ւմ եք, շենքում նույնիսկ զուգարան չկա, Դուք Ձեր երեխան կբերե՞ք նման հաստատություն: Գորիսում, հատկապես ամռանը, հազարավոր զբոսաշրջիկներ են լինում, ինչո՞ւ նրանք չպետք է այցելեն նաեւ մեր մասնաճյուղի պատկերասրահ: Մենք ընդամենն ուզում ենք մասնաճյուղը կարգի բերել, ժամանակակից արվեստի գործերի մի մասը Կապանից տեղափոխել այստեղ: Հանրապետության նմանատիպ մասնաճյուղ ամեն մի ուսումնական տարում ունենում է 150-300, աշակերտ: Հարցրեք Մարտուն Զաքարյանին` այստեղ քանի՞ աշակերտ է հաճախում: Կարճ ժամանակ անց ինքներդ կտեսնեք, թե ինչպես է վերականգնվել եւ ինչպիսի տեսք է ստացել Գորիսի մասնաճյուղը»:

….Կենտրոնի եւ մասնաճյուղի ներկայացուցիչների հետ մեր զրույցը շարունակվեց մոտ երկու ժամ: Հնչեցին, ինչպես տեսնում եք, իրարամերժ փաստարկներ ու հիմնավորումներ, որոնցից յուրաքանչյուրը լրացրեց եւ ամբողջացրեց գեղագիտական կենտրոնի Գորիսի մասնաճյուղում ստեղծված վիճակի մասին մեր պատկերացումը: Եվ, առանց վերապահումի, կարող ենք արձանագրել, որ մասնաճյուղի գործունեությունը, հիրավի, տապալված է լիովին: Մասնաճյուղի ե՛ւ պատկերասրահը, ե՛ւ կից սենյակները կորած են կեղտի ու փոշու մեջ: Գեղագիտական կոչված այդ հաստատությունում գեղեցիկի ոչ մի նշույլ Այդպես էլ չկարողացանք ճշտել, թե ովքեր են մասնաճյուղի վեց աշխատողը: Մարտուն Զաքարյանի` նախորդ տարիների ակտիվ գործունեության մասին խոսակցությունները, անշուշտ, չենք կարող հերքել, բայց փաստը, որ նա այլեւս չի կարող մասնաճյուղի` շատ թե քիչ նորմալ տնօրեն լինել, հաստատվեց մասնաճյուղի գործունեության ամեն մի ոլորտի առնչվելիս:

Որքան զարմանալի է Մարտուն Զաքարյանի գործունեությունը, այնքան էլ (գուցե եւ ավելի) տարօրինակ է կենտրոնի անտարբերությունը: Ասում են` չորս տարի է, ինչ Մարտուն Զաքարյանը չի աշխատում, բայց չորս տարի շարունակ նրա անգործությունը հանդուրժվել է: Չորս տարի շարունակ նրանք մասնաճյուղի մասին պատկերացում են կազմել Մարտուն Զաքարյանի հավաստիացումներով:

Կենտրոնի պատասխանատուներն անգամ ստույգ պատասխան չունեն կարեւոր հարցին, թե քանի աշակերտ է ունեցել մասնաճյուղը` ըստ ուսումնական տարիների, աշակերտներից քանի՞սն են պետպատվերով սովորել, քանիսը` վարձավճարով, որքա՞ն  վարձավճար է հավաքվել, ի՞նչ է արվել հավաքված վարձավճարը: Մի խոսքով` «Մանկական գեղագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի Գորիսի մասնաճյուղում մենք բախվեցինք թափթփվածության, տնավարության, կամայականության հաստատուն շքահանդեսի: Եվ, այդուամենայնիվ, ուզում ենք հավատալ կենտրոնի ներկայացուցիչների հավաստիացումներին, որ կարճ ժամանակ անց մասնաճյուղը նոր տեսքով, նոր գործերով ու աշխատանքային նոր ռիթմով կներկայանա Գորիսի հանրությանը: Տեսնենք:

ՆՈՒԲԱՐ ԴԱՎԹՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: