09.20.2018
USD-483.62   EUR-565.59   RUB-7.22  

Շվանիձորի դպրոցը տոնեց հիմնադրման 130-ամյակը

Շվանիձորի դպրոցը տոնեց հիմնադրման 130-ամյակը

19-րդ դարի երրորդ քառորդում, ավելի ստույգ` 1881թ., Շվանիձորում պատմավիպասան Րաֆֆու օժանդակությամբ եւ Ագուլիսի դպրոցի շրջանավարտ Մաթեւոս Շահինյանցի նախաձեռնությամբ սկսվեց դպրոցի շենքի կառուցումը գյուղի բարձրադիր մի տեղանքում: Կառուցումն ավարտվեց 1883-ին, եւ սկզբնավորվեց գյուղի դեռահասների կրթության եւ դաստիարակության գործը: Ի սկզբանե դպրոցն ունեցել է երկու դասարան, այնուհետեւ դարձել է ութամյա:

Սեպտեմբերի 23-ին Շվանիձորում` մեծով ու փոքրով, իշխանավորով ու հողի մշակով, նախկին շրջանավարտներով, հրավիրված հյուրերով տոնեցին համայնքի կրթօջախի հիմնադրման 130-ամյակը: Մինչ հանդիսությունը սկսվելը բացվել էր հուշերի կծիկը: Շնորհավորում էին միմյանց հոբելյանի առթիվ, հուշեր պատմում, ծանոթանում դպրոցի պատմությունն արտացոլող ցուցադրանքին: Կրթօջախի դահլիճում արդեն օրվա խորհուրդը հավուր պատշաճի արժեւորեց եւ ներկաներին ողջունեց Շվանիձորի գյուղապետ Հովհաննես Օհանյանը: Այնուհետեւ դպրոցի անցած ուղուն ընդգրկուն ակնարկով անդրադարձավ կրթօջախի տնօրեն Անահիտ Զաքարյանը: Նախ արժանին մատուցեց կրթօջախը ղեկավարած տնօրեններին` առաջինը հիշատակելով գորիսեցի Մուշեղ Խաչատրյանին: 1925-35թթ. մանկավարժական կոլեկտիվը ղեկավարել է Սարգիս Ոսկանյանը, ով զոհվել է Մեծ հայրենականում: Ի դեպ, Շվանիձորից 92 հայորդի մնաց ռազմի դաշտում` չտեսնելով հայրենի գյուղի վրա բացվող խաղաղ առավոտները…

1941-43թթ. դպրոցի տնօրենն էր Ափյանը: Այնուհետեւ դպրոցի ղեկավարման ղեկին են եղել Հենրիկ Մայիլյանը, Ծերուն Դավթյանը, Մամիկոն Հարությունյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Արսեն Վանյանը, Ցոլակ Կիրակոսյանը, Սերժիկ Պողոսյանը, Գրիշա Ալեքսանյանը, Պողոս Արզումանյանը, Սամվել Առաքելյանը: Պատերազմի տարիներին կրթօջախ է հաճախել 225 դպրոցական:

Կրթօջախի ներկայիս շենքը (երկհարկանի, մարզադահլիճով) կառուցվել է 1975թ.: Մինչեւ 2008-ի փետրվարը չէր  նորոգվել: Այդ թվականին պետբյուջեի միջոցներով երկու փուլով դպրոցի շենքը հիմնանորոգվել է եւ այժմ աչք է շոյում իր մաքրությամբ եւ կահավորանքով:

Նշելով, որ կրթօջախն ապահովված է տեղացի կադրերով, դրսից հրավիրված կադրեր չկան, բանախոսը լավագույն ուսուցիչների թվում նախ հիշատակեց զինղեկ Կարո Ոսկանյանին, ում յոթ սանն ընտրել է զինվորականի մասնագիտությունը, իսկ ֆիզկուլտուրայի ուսուցիչ Մարգար Ավետիսյանի շրջանավարտներից երեքն ավարտել է Երեւանի Ֆիզկուլտուրայի պետական ինստիտուտը: Համայնքապետ Հովհաննես Օհանյանը կենսաբանություն է դասավանդում դպրոցում, մշտապես սատար կանգնում ու աջակցում մանկավարժական կոլեկտիվին: Պատմության ուսուցիչ Ալեն Ավետիսյանը մի շարք միջոցառումների եւ ձեւավորումների հեղինակ է: Մաթեմատիկայի ուսուցիչ Տիգրան Հարությունյանի սաներն իրենց լավագույն կողմերով են դրսեւորում բուհական ընդունելության քննությունների ժամանակ:

Արժանավորների շարքում նշվեցին դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ, այժմ` դասվար Մարինե Առաքելյանի, անգլերենի ուսուցչուհի Եպրաքսիա Պարոնյանի, փոխտնօրեն, հայոց լեզվի ուսուցչուհի Սաթենիկ Ստեփանյանի, երիտասարդ ուսուցչուհիներ, հայոց լեզվի եւ գրականության մասնագետներ Մելինե Ստեփանյանի եւ Մարիամ Մարտիրոսյանի, ռուսաց լեզվի ուսուցչուհի Տանյա Հայրապետյանի, դասվարներ Ջեյն Ավետիսյանի եւ Մարգարիտա Գալստյանի անունները: Երիտասարդ ուսուցչուհիներից տնօրենն առանձնացրեց դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Անի Մախսուդյանին, ով իր մտահղացումներով եւ կազմակերպչական ունակություններով աչքի է ընկնում, սցենարներ է պատրաստում (նաեւ այս հանդիսության համար):

Անուն առ անուն նշվեցին վաստակած հանգստի անցած ուսուցիչները` Նատալյա Ոսկանյան, Գրետա Հայրապետյան, Դոնարա Թորոսյան, դասվար Անահիտ Բունիաթյան, ովքեր ցայսօր ներդրում ունեն ուսուցիչների ներկա սերնդի մասնագիտական որակների բարելավման գործում, նաեւ կրթօջախի այն մանկավարժները, ովքեր այժմ այլ վայրերում են աշխատում, բայց մասնակցում էին հանդիսությանը` Կամո Հայրապետյան, Գայանե Հարությունյան, Ռուզաննա Օհանյան, Հովհաննես Մելիքսեթյան:

Մեկ րոպե լռությամբ հարգվեց այն մանկավարժների հիշատակը, ովքեր իրենց հարուստ գիտելիքները, հոգու ջերմությունը փոխանցելով սաներին` հավերժի գիրկն են անցել. դասվար Հայկազ Ոսկանյան, պատմության ուսուցիչ Գուրգեն Խաչատրյան, մաթեմատիկայի ուսուցիչ Բաբկեն Առաքելյան, հայոց լեզվի ուսուցիչ Պողոս Արզումանյան, Ֆիզիկայի եւ մաթեմատիկայի ուսուցիչ Սամվել Առաքելյան, դասվար Էլիզա Խաչատրյան, ուրիշներ:

Առանձնահատուկ շնորհակալություն հայտնվեց դպրոցի հովանավորներին` Վահե եւ Մաքսիմ Հակոբյաններին, որոնց ֆինանսական հատկացումներով համալրվել է դպրոցի գույքը: Նաեւ հույս հայտնվեց, որ նրանք առաջիկայում եւս կօժանդակեն լաբորատոր սարքավորումներ եւ նոր սերնդի համակարգիչներ ձեռք բերելու գործում: Կրթօջախում եղած համակարգիչները հին են ու չեն բավականացնում. վեց աշակերտին բաժին է հասնում մեկ համակարգիչ:

Կրթօջախի տնօրենն արժանին մատուցեց դպրոցին եւ աշակերտներին ավելի քան տասը տարի նեցուկ եղած ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգի Սանտա Բարբարայի, Սան Դիեգոյի, Ստենֆորդի համալսարանների ամերիկահայ ուսանողությանը եւ համալսարանի արագացուցիչների կենտրոնի դասախոս, գիտնական Անահիտ Երեմյանին, ով կրթությունը ստացել է Ֆիլադելֆիայի համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում: Նրանց բարերարության շնորհիվ դպրոցականները տարիներ շարունակ անվճար դասագրքեր են ստանում, իսկ դպրոցի գրադարանը համալրվում գեղարվեստական գրականությամբ:

Դպրոցի հիմնադրման 130-ամյակի  առթիվ բարեմաղթանքի եւ շնորհավորանքի խոսքեր հնչեցրին կրթօջախի պատմության ուսուցիչ Ալեն Ավետիսյանը, երկարամյա ուսուցչուհի Գրետա Հայրապետյանը, դպրոցի նախկին ուսմասվար Դոնարա Թորոսյանը:

Շրջանավարտ Ավետիք Արիստակեսյանը հարկ համարեց հիշել Շվանիձորի երեւելի մարդկանց, ովքեր, բնականաբար, կրթություն են ստացել գյուղի դպրոցում. Աշոտ Թովմասյան, բուսաբույծ, դոկտոր-պրոֆեսոր, հայկական գյուղատնտեսական ինստիտուտի ռեկտոր, Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի դասախոսներ Ազատ Մարտիրոսյան, Արշավիր Մարտիրոսյան, նախարարի տեղակալ Նապոլեոն Ոսկանյան, ԱԺ պատգամավոր Գրիգոր Հարությունյան, կուսակցական եւ պետական մարմինների ղեկավարներ: Շվանիձորի դպրոցի շրջանավարտներն աչքի էին ընկնում բնագիտական առարկաներից, Մեղրու տարածաշրջանի դպրոցների մաթեմատիկայի ուսուցիչների մեծամասնությունն այդ դպրոցի սան էր:

Բարերար Անահիտ Երեմյանն իր խոսքում ասաց. «Շրջելով այս դպրոցում, տեսնելով մաքուր ու ճաշակով կահավորված դասասենյակներն ու հարկաբաժինները, ակամա մտածում ես, որ այստեղ միայն գիտելիքներ չեն ավանդում իրենց սաներին, այլեւ սովորեցնում են ինչպես պիտի իրենց պահեն կյանքում, մարդկություն անեն, ինչպես պիտի սիրեն հայրենիքը: Տասը տարի է, ինչ միշտ այցելում եմ այս գյուղը եւ տեսնում եմ, թե ինչպիսի սրտացավությամբ են կազմակերպում ուսման եւ դաստիարակության գործը դպրոցի տնօրեն Անահիտ Զաքարյանը եւ մանկավարժական կոլեկտիվը, որոնց հայտնում եմ երախտագիտությունս»:

Այնուհետեւ դպրոցականները հանդես եկան գրական-երաժշտական համադրույթով: Երգերի շնորհալի կատարումով առանձնացավ Հեղնար Արիստակեսյանը, ով բարերար Անահիտ Երեմյանի հովանավորությամբ ուսանում է Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայում:

Միջոցառման ավարտին բարեմաղթանքի խոսք ասաց Սյունիքի մարզպետի տեղակալ Վաչե Գրիգորյանը` մասնավորապես այն միտքը հայտնելով, որ հինավուրց Շվանիձոր համայնքում ըստ ամենայնի մանուկների կրթության եւ դաստիարակության գործը շատ ավելի վաղ է կազմակերպվել:

Բայց այսօր պատմական փաստը հուշում է, որ հիմնավորապես այդ գործը սկզբնավորվել է 130 տարի առաջ: Մարզպետի տեղակալը կրթության բնագավառում ներդրած ավանդի, մատաղ սերնդի դաստիարակության գործում ունեցած վաստակի եւ դպրոցի հիմնադրման 130-ամյակի առթիվ տնօրեն Անահիտ Զաքարյանին, մանկավարժներ Մարգար Ավետիսյանին, Մարինե Առաքելյանին, Կարո Ոսկանյանին, Ալեն Ավետիսյանին հանձնեց Սյունիքի մարզպետի շնորհակալագիր:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: