11/21/2018

Նելսոն Ոսկանյան. «Գորիսն ապրում է իր կյանքով, եւ քաղաքի առօրյան չի շեղվել բնականոն հունից»

Նելսոն Ոսկանյան. «Գորիսն ապրում է իր կյանքով, եւ քաղաքի առօրյան չի շեղվել բնականոն հունից»

Գորիսյան անցուդարձը շարունակում է մնալ հանրության  համակ ուշադրության ներքո: Դա` 2013թ. հունիսի 1-ից, երբ քաղաքում տեղի ունեցավ ողբերգական միջադեպ` մեկ մարդու մահվան ելքով: Ստեղծված լարված իրավիճակում, այդ բոլորով հանդերձ, կյանքը պետք է շարունակվեր: Եվ շարունակվեց… Նոր իրավիճակում ավելի մեծացավ քաղաքապետարանի դերը. նախ` հնարավորինս պետք է վերականգնվեր քաղաքացիական համերաշխությունը, ապա նորմալ հունով ընթանար քաղաքային տնտեսությունը, կյանքի կոչվեին ընթացքի մեջ գտնվող կամ մինչ այդ նախատեսված ծրագրերը:  Թե որքանով քաղաքապետարանը կարողացավ կատարել իր առաքելությունը դժվարին այդ ժամանակահատվածում` փորձեցինք պարզել քաղաքապետ Նելսոն Ոսկանյանից:


- Պարո՛ն քաղաքապետ, ինչպե՞ս եք գնահատում հունիսի 1-ի հայտնի ողբերգական միջադեպից հետո ստեղծված կացությունը համայնքում, արդյո՞ք քաղաքի բնակչության մեջ առաջացած երկփեղկությունը շարունակվում է, արդյո՞ք գորիսյան առօրյան շարունակում է շեղված մնալ բնականոն հունից:

- Տեղի է ունեցել ցավալի միջադեպ, որը, բնականաբար, որոշակի բացասական անդրադարձ ունեցավ հանրության տրամադրության վրա: Բայց տարբեր մարդկանց կողմից տեղի-անտեղի անընդհատ  մեկնաբանություններ էին հնչում, վարկածներ առաջ քաշվում, ասեկոսեներ տարածվում: Դա ոչ միայն չէր նպաստում նախաքննությանը, այլեւ, ինչ-որ չափով, խորացնում էր անհամերաշխությունը: Եղան մարդիկ, ովքեր սկսեցին ձեռքեր տաքացնել այդ ողբերգության վրա եւ այսօր էլ շարունակում են դրանով զբաղվել: Գորիսեցիների մեծագույն մասը, սակայն, սթափ ու հավասարակշռված պահվածք դրսեւորեց, ինչը թույլ տվեց, որ հանրային ընթացքը չշեղվի բնականոն հունից, ու կրքերի հետագա բորբոքում տեղի չունենա:

- Որքանով նկատել ենք` քաղաքապետարանը եւ անձամբ Դուք զուսպ էիք գնահատականներում, արտահայտություններում:

- Որոշ մարդկանց, նաեւ պաշտոնյաների, թվում էր, թե իրենք ամեն ինչ գիտեն, բայց դա այդպես չէր: Իսկ մենք, մինչդեռ, այսպիսի սկզբունք էինք որդեգրել` յուրաքանչյուր ոք թող զբաղվի իր գործով: Քաղաքապետարանը հենց այդ սկզբունքով էլ առաջնորդվում էր, երբեմն նաեւ գնահատականներ էինք տալիս` զուսպ, մթնոլորտի հետագա շիկացումը կանխող: Այս կամ այն կողմին մեղադրելն իմ իրավասություններից դուրս եմ համարել` դա իրավացիորեն դիտելով նախաքննական մարմնի գործը: Եվ ամբողջ այդ ընթացքում Գորիսն ապրեց (ու ապրում է) իր կյանքով, քաղաքային առօրյան դուրս չեկավ բնականոն հունից:  Քաղաքապետարանը, քաղաքի տարածքում գտնվող կազմակերպություններից յուրաքանչյուրն արել եւ անում են իրենց գործը: Այլ կարգի մեկնաբանություններն ու գնահատականներն իրականությանը չեն համապատասխանում:

- Ավանդական որոշ միջոցառումներ, այնուամենայնիվ, տեղի չունեցան  կամ անորոշ ժամանակով հետաձգվեցին: Օրինակ` Ակսել Բակունցի  ծննդյան օրն անցկացվող միջոցառումների շարքը…

- Միշտ չէ, եթե հիշում եք, որ Բակունցյան օրերը կամ Գորիսյան տոնը հունիսի սկզբին ենք անցկացրել: Հաճախ աշնանն ենք կազմակերպել ավանդական այդ տոնակատարությունը: Այս անգամ էլ կկազմակերպենք սեպտեմբերի 29-ին: Այդ օրը նաեւ կվերաօծվի Սբ Հռիփսիմեն. տոնակատարության ուշացումը նաեւ դրանով էր պայմանավորված:

- Գորիս քաղաքում ամբողջ ամառը, կարծեք, շինարարական եռուզեռ էր: Հաճելի էր տեսնել, որ հիմնանորոգվում է քաղաքի ամենածանրաբեռնված Շահումյան փողոցը, որ այդ փողոցում, ի վերջո, մայթեր են երեւում: Ի՞նչ կարող եք ասել Շահումյան փողոցում կատարվող աշխատանքների մասին:

- 2009թ. մեկնարկեց այդ ծրագիրը, որը միտված էր Երեւան-Գորիս-Մեղրի միջպետական ճանապարհի 6կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգմանը: Այն սկսվում է Արցախյան մայրուղու խաչմերուկից եւ ձգվում մինչեւ Քարահունջի խաչմերուկ: Ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառով ծրագրի իրագործումը ձգձգվեց: Ծրագրի արժեքը 1 մլրդ 200 հազար դրամ է:

2014-ին, կարծում եմ, այդ ծրագիրը կհասցնենք ավարտին: Աշխատանքներն իրականացնում է «Ոսմար» ՍՊԸ-ն: Դուք հավանաբար տեսաք, թե ինչ եռանդով են հիմա այնտեղ աշխատում: Այնպես որ Շահումյան փողոցը եկող տարի կունենա ամբողջապես նորոգ տեսք` բարեկարգ մայթերով:

- Երեւան-Մեղրի միջպետական ճանապարհի` Գորիսով անցնող հատվածը հիմնանորոգվում է. արդյո՞ք դա նշանակում է, որ միջպետական ճանապարհը Գորիս քաղաքից հանելու վաղեմի հիմնախնդիրն իր հրատապությունը կորցնում է:

-  Հարցը մնում է օրակարգում եւ կապ չունի ներկայումս կատարվող աշխատանքների հետ: Միջպետական ճանապարհը երբեւէ պետք է շրջանցի Գորիս քաղաքը, դա շատ կարեւոր հանգամանք է: Խնդիրը հավանաբար կլուծվի Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցման ժամանակ:

- Իսկ հստակեցվե՞լ է Հյուսիս-հարավ ավտոմայրուղու` Գորիսի տարածքով անցնող ուղին:

- Տարբերակներից մեկը, որքանով տեղյակ եմ, Կապանի Վերին Խոտանանով Տաթեւ, ապա եւ Շինուհայր ձգվող ուղին է: Կա նաեւ Կապան-Դաստակերտ-Սիսիան տարբերակը, որն ամբողջապես շրջանցում է Գորիսի շրջանը, ինչը, կարծում եմ, սխալ տարբերակ է: Միգուցե ուրիշ տարբերակներ էլ կան, չգիտեմ:

- Այս ամռանը միանգամայն նոր տեսք ստացավ Գրիգոր Տաթեւացու անունը կրող հրապարակը: Ի՞նչ կասեք այդ մասին:

- Հիանալի այդ աշխատանքը սկիզբ առավ 2012 թվականին` Սուրեն Խաչատրյանի անձնական նախաձեռնությամբ եւ «Սյունիք-Զանգեզուր» հիմնադրամի միջոցներով: Մոտ 40 մլն դրամի գործ է կատարվել: Առաջիկայում, հուսով եմ, հրապարակում կատարվող աշխատանքները կավարտվեն:

- Կարելի՞ է ենթադրել, որ հրապարակի վերակառուցմամբ քաղաքի կենտրոնական մասը վերջնական ու ավարտուն տեսք կստանա: Ժամանակին տարակարծություններ կային, մասնավորապես, Գրիգոր Տաթեւացու հուշակոթողի կառուցման տեղի շուրջ:

- Այս դեպքում ճիշտը հարաբերական հասկացություն է: Մարդիկ արդեն հարմարվել են Գրիգոր Տաթեւացու հուշակոթողի` հրապարակի կենտրոնում գտնվելու իրողության հետ, եւ չեմ կարծում, որ վերակառուցված հրապարակում պետք է վերանայվի այդ հուշարձանի տեղադրության կոնկրետ վայրը:

- Մեծ հայրենականում զոհված գորիսեցիների հիշատակը հավերժացնող հուշահամալիրում եւս վերակառուցումներ են ընթանում:

- Վաղուց հասունացած հարց էր. ջրային հայելին այնտեղ ի սկզբանե չէր գործում, այդ խնդիրը լուծվել է, ջուրը բերել ենք Շորի ձորից: Կառուցվում է հուշարձան` նվիրված Արցախյան ազատամարտում զոհված գորիսեցիների հիշատակին: Ֆունկցիոնալ տեսակետից շատ ճիշտ էր այդ հուշարձանը Մեծ հայրենականում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ կառուցելը: Այդ նախաձեռնության հեղինակը նույնպես Սուրեն Խաչատրյանն է:

- Գորիսում Ձեզ հիմա ավելի շատ քննադատում են վերջին մեկ-երկու տարում կատարված ծառահատումների համար, ոմանց կարծիքով այդ ծառահատումները հիմնավորված քայլ չէին եւ մեծ վնաս հացրին քաղաքի կոլորիտին:

- Սուբյեկտիվ ու ոչ մասնագիտական դիտարկումներ են դրանք: Մանկական զբոսայգում հատվել են բացառապես հիվանդ ծառերը: Անկախության փողոցում հատվել է յոթ ծառ, որից երկուսը` թթենի` քաղաքաշինության չափանիշներին չհամապատասխանող: «Հայփոստի» դիմացի սոսին խանգարում էր շենքին: Երեք ծառ էլ հատվել է Գուսան Աշոտի փողոցում, երեքն էլ չորացած էին: Որոշ ծառեր խանգարում էին փողոցներում տեղադրվող լուսամփոփներին: Եվ բոլոր հատումները կատարվել են մասնագետների հետ խորհրդակցելով, կան արձանագրությունները: Խորհրդակցել ենք նաեւ բնապահպանների հետ: Ու, ամենակարեւորը, հարյուրավոր ծառեր ենք տնկել քաղաքում:

- Քաղաքի սանիտարական վիճակի մասին չենք ուզում խոսել, դա քննարկման առանձին նյութ է. քիչ առաջ շրջում էինք քաղաքում եւ տեսանք, թե ինչպիսի տխուր վիճակ գոյություն ունի: Բայց դիտակետի մերձակայքում ստեղծված ուղղակի ամոթալի վիճակի վերաբերյալ կուզենայինք Ձեր բացատրությունը լսել:

- Տարեկան վեց-յոթ անգամ մաքրվում է այդ տարածքը, բայց… Խնդիրը հնարավոր չէ լուծել, եթե ամեն մի գորիսեցի իր պահվածքով ու գործելակերպով չսատարի մեզ: Միգուցեեւ վարչական տույժերի կիրառումն էլ կնպաստեր, որ մարդիկ կենցաղային, շինարարական աղբը չթափեին այնտեղ: Երեւի իրավապահների հետ էլ այդ հարցը քննարկենք:

- Դուք Գորիսի քաղաքապետ եք ընտրվել 2000թ.: Այսինքն` Նելսոն Ոսկանյանը 13-14 տարի է, ինչ ղեկավարում է Գորիս քաղաքը: Ըստ Ձեզ` ո՞րն է տասնչորս տարվա ընթացքում Ձեր թողած գլխավոր հետագիծը Գորիսում:

- Ձգտել եմ յուրաքանչյուր գորիսեցու մեջ սերմանել պատասխանատվություն իր քաղաքի համար:

- Եվ հասե՞լ եք այդ նպատակին:

- Թող ասեն գորիսեցիները:

- Իհարկե, մենք անպայման կանդրադառնանք Ձեր 13-14 տարվա գործունեությանը, բայց այսօր ուզում ենք ճշտել` հնարավո՞ր է, որ Նելսոն Ոսկանյանը 2014-ի գարնանը հինգերորդ անգամ առաջադրվի Գորիսի քաղաքապետի թեկնածու:

- Ես պատրաստ եմ վերստին առաջադրվել, եթե իմ կուսակցությունը նպատակահարմար գտնի:

- Իսկ տեղյա՞կ եք, որ Գորիսում ձեւավորվում է երիտասարդական քաղաքացիական նախաձեռնություն` Սուրեն Խաչատրյանին գարնանը Գորիսի քաղաքապետի թեկնածու առաջադրելու նպատակով: Ինչպե՞ս եք վերաբերում այդ նախաձեռնությանը:

- Դա բազմաթիվ տարբերակներից մեկն է եւ շատ ուշագրավ տարբերակ է, բայց, խոստովանեմ, Սուրեն Խաչատրյանն արժանի է ավելիին:

Հարցազրույցը` ՄԱՆԵ ԴԱՎԹՅԱՆԻ
6 սեպտեմբերի 2013թ.


ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: