09.18.2018
USD-484.37   EUR-565.5   RUB-7.15  

Անօգուտ տվայտանք` Սյունիքին փաթաթված կլանի գոյությունը լեգիտիմացնելու համար

Անօգուտ տվայտանք`  Սյունիքին փաթաթված կլանի գոյությունը լեգիտիմացնելու համար

Այս անգամ եւս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի սյունիքյան այցը կառուցվեց Մաքսիմ Հակոբյանի բստրած սխեմային ճիշտ համապատասխան: Սեպտեմբերի 25-26-ին Սերժ Սարգսյանը եղավ այն վայրերում ու մասնակցեց այն միջոցառումներին, որոնք (բացառությամբ Կապանի N2 ավագ դպրոցի կառուցվող շենքի եւ Սիսիանի տրիկոտաժի արտադրամասի) ուղղակիորեն առնչվում են մաքսիմյան կլանին: Նախագահն, ըստ էության, շարունակում է Հայաստանի ամենաշահութաբեր ձեռնարկությանն առավելագույնս մոտ կանգնած լինելու` ի սկզբանե որդեգրած քաղաքականությունը, եւ ամբողջ Սյունիքին ու սյունեցիներին բացառապես նայում է մաքսիմյան ակնոցներով: Պատահական չէ, որ նախագահի սյունիքյան հերթական տուրնեն մարզում անմիջապես ստացել է այլ գնահատական` այց, որը կապ չունի իրական Սյունիքի ու սյունեցիների հետ, այց, որն անօգուտ տվայտանք է` մարզին փաթաթված կլանի գոյությունը լեգիտիմացնելու եւ արդարացնելու համար:

ՀՀ նախագահի այցը համապատասխանեցվել է (ժամանակի առումով) N38 ընտրատարածքում սեպտեմբերի 29-ին կայանալիք լրացուցիչ ընտրության հետ: Այս տարվա փետրվարի 18-ին Կապանը, նաեւ Քաջարանը «ոչ» էին ասել Սերժ Սարգսյանին: Կապանի որոշ տեղամասեր (օրինակ` Ձորքի երկու տեղամասում) Սերժ Սարգսյանին ավելի դաժան էին մերժել, քան հանրապետության որեւէ այլ տեղամասում: Նաեւ այդ է պատճառը, որ մաքսիմյան կլանն առաջիկա ընտրությունների առիթով խուճապի մեջ է, ինչի համար կլանի պարագլուխն անձամբ է ստանձնել ՀՀԿ-ից պատգամավորի թեկնածու Արմեն Կարապետյանի նախընտրական շտաբի պետի պաշտոնը եւ այցելում է գյուղեր` անհասկանալի հայերենով ընտրողներին նորանոր խոստումներ տալիս:

Մյուս կողմից` Մաքսիմ Հակոբյանը կամենում է ապացուցել, որ ինքն ի վիճակի է առանց Սուրեն Խաչատրյանի ՀՀԿ թեկնածուի հաղթանակն ապահովել: Նախկինում, մինչդեռ, այլ իրավիճակ էր` սյունիքյան քաղաքական դաշտի բոլոր ձախողումները Մաքսիմ Հակոբյանը, 30 արծաթի զորությամբ, հեշտությամբ բարդում էր մարզպետի վրա: Հիմա մարզպետ չկա եւ, բնականաբար, ձախողման պատասխանատվությունը, եթե դա տեղի ունենա, ընկնելու է միայն ու միայն իր վրա: Եվ նախագահի սույն այցը Մաքսիմ Հակոբյանին` վերջնականապես քաղաքական դիակ դառնալուց փրկելու առաքելություն ուներ նաեւ…

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ


Լուսանկարները՝ ՆՈՒԲԱՐ ԴԱՎԹՅԱՆԻ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: