12/19/2018

Սերժ Սարգսյանի այցը Սյունիքի մարզ

Սերժ Սարգսյանի այցը Սյունիքի մարզ

Աշխատանքային այցով Սյունիքի մարզում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանն այցի շրջանակներում ծանոթացել է Սյունիքի հանքարդյունաբերական եւ էներգետիկ խոշոր արտադրական ընկերությունների կողքին իրենց զարգացման ծրագրերն իրագործող փոքր ու միջին ձեռնարկությունների աշխատանքին, ներդրումային ծրագրերին եւ հեռանկարին: Նախագահը, մասնավորապես, այցելել է Սիսիանի «Ավալ Թրեիդ» ընկերության տրիկոտաժի արտադրամաս, որը հիմնվել է 2012թ. դեկտեմբերին եւ ընթացիկ տարվա ապրիլից իրականացնում է տրիկոտաժի արտադրություն: Նախագահին ներկայացվել է, որ չորս ամսվա ընթացքում ընկերությունը կատարել է 30.0 մլն դրամի ներդրում, ներառյալ` ժամանակակից մեքենասարքավորումների ներմուծումը: Ընկերությունում աշխատում է 90 մարդ` 70-80 հազ. դրամ միջին ամսական աշխատավարձով: 2013թ. ապրիլ-օգոստոս ամիսների դրությամբ, ըստ ընկերության պատասխանատուների, թողարկվել է մոտ 70.7 մլն դրամի արտադրանք, որն ամբողջությամբ արտահանվել է ՌԴ: Ընկերությունը նախատեսում է առաջիկայում ընդլայնել արտահանման շուկան` ավելացնելով արտադրական հզորությունները, որը հնարավորություն կտա աշխատատեղերի թիվը հասցնել մինչեւ 120-ի:

Գորիս քաղաքում նախագահն այցելել է «Գորիսի Գամմա» ընկերություն, որն այժմ Զանգեզուրի պղնձամոլիբդենային ընկերության հետ համատեղ իրականացնում է միջազգային պահանջներին համապատասխան ժամանակակից հաստոցների արտադրության նոր ծրագիր: Ընկերության ներկայացուցիչները նշել են, որ արդեն ավարտվել են բանակցությունները գերմանական մատակարար կազմակերպության հետ, այժմ բանակցություններ են ընթանում հնարավոր պատվիրատու կազմակերպությունների հետ` պահանջարկի եւ տեսականու ճշտման նպատակով:

Նշվել է, որ ծրագրի հաջող իրականացման դեպքում Հայաստանում կարտադրվեն թվածրագրային կառավարման գերճշգրիտ խառատային եւ ֆրեզերային հաստոցներ, որոնք համապատասխանում են եվրոպական ստանդարտներին: Ծրագրի 1-ին փուլի ներդրումները կազմել են 1.0 մլն ԱՄՆ դոլար: Համապատասխան պահանջարկի դեպքում, արտադրական ծավալների ընդլայնմանը զուգահեռ, աշխատատեղերի քանակը հնարավոր է հասցնել մինչեւ 130-ի:

«Գորիսի Գամմա» ձեռնարկությունը հիմնադրվել է դեռեւս 1979թ. եւ մասնագիտացված էր նախկին ԽՍՀՄ պաշտպանության նախարարության ռազմաարդյունաբերական համալիրի համար հատուկ տեխնիկայի արտադրության բնագավառում: 1996թ. ձեռնարկությունը վերակազմավորվել է որպես փակ բաժնետիրական ընկերություն, որի 20% պետական բաժնեմասն անհատույց սեփականաշնորհվել է աշխատավորական կոլեկտիվին, իսկ 80%-ը` 2001թ. մասնավորեցվել է:

Ներկայում ընկերությունում գործում են մեխանիկական, հատուկ տեխնիկայի հավաքման, էլեկտրաշարժիչների հավաքման, օպտիկական արտադրամասերը եւ փորձարկումների լաբորատորիան: Ընկերության արտադրանքի իրացման հիմնական շուկան Ռուսաստանի Դաշնությունն է, պատասխանատուների հավաստմամբ, պատվերներ կան նաեւ Կանադայից: 2013թ. հունվար-օգոստոս ամիսներին ընկերությունը թողարկել է 238.0 մլն դրամի արտադրանք` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ արձանագրելով 23%-ի աճ: Նշվել է, որ բացի սերիական արտադրանքից, ընկերությունը կատարում է նաեւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պատվերները` վերջինիս համար պատրաստելով գործիքներ եւ սարքավորումներ:

Աշխատանքային այցի շրջանակներում նախագահ Սերժ Սարգսյանը եղել է նաեւ Քաջարան քաղաքում: Նա նախ այցելել է զոհված ազատամարտիկների հուշահամալիր, ծաղիկներ դրել եւ հարգանքի տուրք մատուցել հայրենիքի համար զոհված հայորդիների հիշատակին:

Այնուհետեւ հանրապետության նախագահը Քաջարանի կենտրոնական հրապարակում մասնակցել է քաղաքի 55-ամյակին նվիրված միջոցառումներին, որի շրջանակներում պետական պարգեւներ եւ շնորհակալագրեր է հանձնել տարբեր ոլորտներում իրենց հայրենանվեր գործունեությամբ աչքի ընկած մի խումբ անձանց. «Քաջարանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի պոլիկլինիկայի բաժնի վարիչ Հրաչյա Թադեւոսյանը ՀՀ նախագահի հրամանագրով պարգեւատրվել է Մխիթար Հերացու մեդալով, «Ռիվս» գիտաարտադրական միավորման գործադիր տնօրեն Միխայիլ Առուստամյանը (ՌԴ)` Անանիա Շիրակացու մեդալով: Երկարամյա եւ բարեխիղճ աշխատանքի համար Հայաստանի Հանրապետության նախագահի շնորհակալագրով են պարգեւատրվել «Քաջարան համայնքի կոմունալ տնտեսություն» ՓԲԸ-ի գլխավոր ճարտարագետ Սարո Հայրապետյանը, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի հանքաքարի ջարդման տեղափոխման արտադրամասի էլեկտրագազաեռակցող Զախար Միրզոյանը: Քաջարանում հանրապետության նախագահին հանձնել են համայնքի ավագանու որոշմամբ սահմանված «Արցախյան ազատամարտ» առաջին հուշամեդալը:

Նախագահը շնորհավորել է քաղաքի տոնի, ինչպես նաեւ պարգեւատրման կապակցությամբ, շնորհակալություն հայտնել քաջարանցիներին` քաղաքի զարգացման գործում իրենց ամենօրյա ջանքերի ու նվիրումի համար, մաղթել հաջողություններ եւ վստահեցրել, որ տարեցտարի ինչպես Քաջարանը, այնպես էլ մեր հանրապետության այլ բնակավայրերն ավելի բարեկեցիկ եւ զարգացած են լինելու: Հանրապետության նախագահը կոչ է արել տոնակատարության մասնակիցներին ինչպես իրենց քաղաքի, այնպես էլ մեր հանրապետության ապագային նայել լավատեսությամբ ու հավատով:

Տոնակատարության ավարտին Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի երկարամյա նախկին տնօրեն, լեռնահանքային արդյունաբերության հմուտ կազմակերպիչ Ֆրունզե Պետրոսյանի հուշարձանի բացմանը:

Աշխատանքային այցի շրջանակներում նախագահը մասնակցել է նաեւ վերակառուցված եւ արդիականացված Քաջարանի բժշկական կենտրոնի բացման արարողությանը, Կապանում այցելել Գարեգին Նժդեհի անվան հրապարակ, որտեղ շրջայցի ժամանակ ծանոթացել է հրապարակի արդիականացման ծրագրի իրագործման, իսկ Կապանի թիվ 2 ավագ դպրոցում` ուսումնական այդ հաստատության շինարարական աշխատանքների ընթացքին: Մարզի Սյունիք համայնքում Սերժ Սարգսյանն այցելել է մանր եղջերավոր անասունների մորթման եւ վերամշակման նորակառույց արտադրամաս:

Քաջարանի բժշկական կենտրոնը, որի արդիականացման ուղղությամբ աշխատանքներն սկսվել են 2011թ. օգոստոսին, պատասխանատուների ներկայացմամբ, հագեցած է ժամանակակից բժշկական սարքավորումներով, ամբողջովին հագեցած են վիրասրահները: Կենտրոնը հագեցած է նաեւ կահույքով եւ բժշկական պարագաներով:

Կապանի Գարեգին Նժդեհի անվան հրապարակի արդիականացման ծրագրի իրականացման վերաբերյալ հանրապետության նախագահին զեկուցվել է, որ արդեն իսկ կատարվել են հողային աշխատանքները, մշակման փուլում են նախագծահաշվային փաստաթղթերը: Ծրագրով նախատեսվում է իրականացնել մշակույթի պալատի շենքի ճակատային մասի, ջրավազանի վերակառուցման, շատրվանների` երաժշտական նվագակցությամբ համահունչ գունաձայնային էֆեկտներով համալրման եւ վերանորոգման, ջրավազանին կից տարածքում հանգստի գոտու կազմակերպման, ինչպես նաեւ զբոսայգուն հարակից Վաչագան գետի ջրային ավազանի բարեկարգման աշխատանքներ:

Կապանի թիվ 2 ավագ դպրոցի շինարարական աշխատանքները, ՀՀ կառավարության 2011թ. որոշմամբ հաստատված «Կրթական օբյեկտների շինարարություն» ծրագրի շրջանակներում, սկսվել են 2011թ. սեպտեմբերից: Նախագահին զեկուցվել է, որ մինչեւ 2013թ. դեկտեմբեր կիրականացվեն ուսումնական այդ հաստատության տանիքի, դռների եւ լուսամուտների տեղադրման, ներքին ջրագծի եւ կոյուղու մոնտաժման, հատակի նախապատրաստական շերտի կառուցման եւ ներքին հարդարման աշխատանքները: Կառույցն ավարտելու նպատակով ՀՀ 2014թ. պետական բյուջեի նախագծով նախատեսվել է 204.0 մլն դրամ: Նշվել է, որ դպրոցի ուսումնական գործընթացը ներկայումս կազմակերպվում է քաղաքի այլ դպրոցներում:

Աշխատանքային այցի շրջանակներում հանրապետության նախագահն այցելելով նաեւ Սյունիք համայնքի մանր եղջերավոր անասունների մորթման եւ վերամշակման նորակառույց արտադրամաս` ծանոթացել է իրականացված ներդրումներին եւ արտադրամասի զարգացման ծրագրերին: Արտադրամասը, որի շինարարական աշխատանքներն իրականացվել են 2012-2013թթ., պատասխանատուների հավաստմամբ, հնարավորություն կտա մանր եղջերավոր անասունների ընդունման, մորթման եւ պահման գործընթացներն իրականացնել ժամանակակից մեթոդներով: Նախատեսվում է արտահանում իրականացնել Իրանի Իսլամական Հանրապետություն: Ընկերությունում աշխատում է 43 մարդ` 180.0 հազ. դրամ միջին ամսական աշխատավարձով: Արտահանման ծավալների ընդլայնմանը զուգահեռ նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել մինչեւ 75-ի: Նշվել է, որ արտադրամասի գործարկումը կարեւոր է ոչ միայն նոր աշխատատեղերի ստեղծման տեսանկյունից, այլեւ լուրջ խթան է մարզում, ինչպես նաեւ ամբողջ հանրապետության տարածքում մանր եղջերավոր անասունների բուծման համար:

26.09.2013

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: